HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Որոգայթում

Այսօր բոլորը խոսում են օրենքի ու իրավունքների մասին, ճիշտ ու սխալ քաղաքականության մասին, սոցիալական կյանքի արդարության ու անարդարության մասին: Խոսում են ընկերական հավաքներում, սրճարաններում եւ այլուր:

Ինքնատիրապետման պակասն այդ խոսակցություններն ի վերջո վերածեցին գոտեմարտի ու բախումների: Այդպես լինում է, եւ երբեմն, ցավոք, դա լինում է նաեւ անխուսափելի: Մի բան լավ է, որ ժողովուրդը, լինելով հանճարեղ, կարողանում է կորուստները հասցնել մինիմումի: Դրա համար պահանջվում են զգուշավորություն ու արիություն: Ժողովուրդը զգուշավորություն հանդես բերում է այն ժամանակ, երբ հասկանում է, որ բախումներ ու կրքեր առաջացնող գաղափարները լողացող ու խճճված են: Երբ խոսակցությունները շատ են ու անընդհատ, ապա դա բերում է անպայման լուրջ հետեւանքների: 

Մեր դժբախտությունն այն էր, որ կարեւոր հարցերի մասին խոսակցությունները կոպիտ ձեւով խճճվեցին: Հասարակական, սոցիալական կարեւորագույն հարցերը կոծկվեցին, ինչը խմորվեց ու բերեց նման հնչեղության: Սոցհարցումների սիստեմատիկ կեղծումների պատճառով, ի վերջո, ջրի երես դուրս եկավ գերխնդիրների ողջ համախումբը: Հայկական սոցիոլոգիական միտքը հայտնվեց հոգեվարքի մեջ: Սկսած արեւմտյան սոցիոլոգներից, վերջացրած հայրենական սուտիբեկյաններով` չկարողացան ներկայացնել, տալ հասարակական-սոցիալական կյանքի ամենահեռավոր նկարագիրն անգամ: Խեղաթյուրումը բերեց բախման ու չհասկացված, չարդարացված գնահատականների: Եթե կա էլ սոցիոլոգիա կոչված այդպիսի գիտություն, ապա այս վերջին շրջանի մեր տեսածը հերքեց գիտության այդ ճյուղի անձանց ողջ իմացականությունը: Կույրի ու կաղի պատմությունը հիշեցրին մեր սոցիոլոգների հետազոտությունները.

-    Ինչպե՞ս ես ապրում, այ մարդուկ,- հարցնում է կույրը կաղին:
-    Ինչպես տեսնում ես, ախպերս,- պատասխանում է կաղը:

Այս կերպ զրույցից սկսվեց աղմուկն ու գոռգոռոցը: Ու գոռգոռոցի մեջ էլ կորավ ճշմարտությունը: Սոցիոլոգիան դարձավ մեր ժամանակի խոցը: Սոցիոլոգիական միտքն անպիտան դուրս եկավ հանրության համար: Եվ մենք` խաբվածներս, պետք է միացնենք մեր կարճ մտքերն ու փորձենք հասնել պարզության: Եվ մի գուցե կարողանանք անգրագետ մտքերի մեր ունեցած կապիտալով բացահայտել ամենաակնհայտ ճշմարտությունները:

Ազգը հայտնվել է պաշարման մեջ, հետեւաբար` նաեւ շփոթության մեջ: Տարածքային ու գործողությունների սահմանափակման պայմաններում հայտնված կենդանու բնազդով մարդը ձեռք է բերում շրջապատի առարկաների ու հարաբերությունների նկատմամբ սուր ընկալում, ինչը տեւականության մեջ դառնում է ներուղղված-սեւեռված մտածողություն: Այդ լարվածության մեջ էլ անհատը բացահայտում է ճշմարիտ քայլի ուղղությունը: Ըստ իս` ինքնախորացման մի քանի ակտն է, որ մարդկությանը տվել են գիտական հայտնագործություններ ու կրոններ:

Հայ ժողովուրդը հիմա կանգնած է ճշմարտության բացահայտման անհրաժեշտության առաջ: Ծայրահեղ հանգիստ ինքնախորացումն է այն միակ ճանապարհը, որը հանելու է մեզ որոգայթից:

Հաստատված արտակարգ իրավիճակը յուրաքանչյուրիս տալիս է մտածելու ու հասկանալու այդ եզակի հնարավորությունը: Սկզբում ցանկություն առաջացավ վերլուծել իրավիճակը Գրամշիի, Ալտյուսերի, Մարքսի ու Մաոյի ապրած կյանքի փորձն ուսումնասիրելով: Սակայն, ժամանակի հետ, իմ մեջ սառեց տեսական դատողություն ու հետեւություն անելու միտքը: Որերորդ անգամ ինձ ուղղորդեց առողջ էգոիզմը: Լինելով ասոցիալ երեւույթ` ես գիտեմ, որ կա հասարակականից շատ ավելի կարևոր մի իրականություն ու կյանք: Դա մեր յուրաքանչյուրի անձնականն է: Եթե կա մի պարտականություն, ապա դա սեփական անձի նկատմամբ ունեցած պարտավորությունն է, եթե կա ծրագիր, ապա դա սեփական անձի նախագծի իրացման ծրագիրն է: Բնորոշ մի քանի դիտարկում ինձ ետ է պահում հավաքականությանը ճանապարհներ թելադրելուց ու զերծ է պահում ավելորդ խրատաբանությունից:

Երբ հավաքականության մի կեսն իր առաջնորդի գլխավորությամբ փորձում էր պոկել մյուս առաջնորդի նկարապաստառը շենքի պատից, այդ շենքի տերը բողոքում էր, թե իրեն նյութական վնաս են պատճառում զանգվածները:

Այն ժամանակ, երբ «ամբոխները խելագարված» ելել են պայքարի հանուն արդար գործի, նա՝ այդ նորօրյա «խանութպան Համոն», բողոքում էր, որ մի քանի տասնյակ հարսանիքի օգուտներ է ինքը կորցնում:

Համբուրգեր վաճառելուց սկսած ու տասը հարկանի ռեստորանի տեր դարձած նորահարուստի բարոյականության գենետիկ ողջ ժառանգությունը հերիքեց իր օգուտն ու վնասը հաշվելուն: Սա էր հեգեմոնի բարոյական նկարագիրը, սա էր առաջնորդող դասի հոգեկան ապրումը:

Քաղաքական երիտասարդ մի առաջնորդ էլ ասում էր. «Ընտրությունը կոկա-կոլա չի, որ մի անգամ էլ բացես ու խմես: Մի անգամ բացեցինք, խմեցինք, վերջացավ գնաց»: Ցինիզմ՝ բարձրացված հեգեմոնիայի մակարդակի, ընդամենը: Համրացնող է իշխողի նման աննախադեպ ինքնագոհությունը: Ինչևէ…

Հեգեմոնը կայացրեց իր վերդիկտը, հայտարարեց միակողմանի խաղաղություն, ու կյանքը մտավ իր բնականոն հունի մեջ: Պետության խաթարված կյանքը մտավ իր առօրյայի մեջ: Հաղթողն անցավ հաղթողի իր պարտականությունների կատարմանը:

Արտակարգ իրավիճակը թելադրեց ավտոճանապարհային տեսուչին ամրագոտի չկապող վարոդներին «տուգանել տեղում» 5000 դրամով, հարկային տեսուչը թափ տվեց տասներկուամյա մեռած անհատ-ձեռնարկությունների թղթապանակների վրայի փոշին: Պետական մամլիչը դրվեց գործի: Այս ամենին վրադիր էլ` մեզ սպասվում է մի ահռելի հոգեբանական ու բարոյախոսական հեղեղ:

Հնչելու են անուններ ու վկայակոչվելու են տարբեր իզմեր: Մորալիստը, քարոզիչը բարձրանալու է տրիբունա: Մեզ սպասվում է աննախադեպ ռեզոնյերականություն: Քարոզասացությունը դառնալու է օրվա նորմ: Հայ հավաքականությունը մտնելու է խրատաբանության փուլ: Ես թվարկում եմ անուններ, որոնք հոլովվելու են այդ բարոյաքարոզասացության ընթացքում` Ադորնո, Հորկհայմեր, Լուկաչ, Գրամշի, Մարկուզե, Ֆրոմ, Ալտյուսեր, Հաբերմաս: Բոլորը սկսելու են արդար հասարակարգի մոդելներ ներկայացնել բոլորին: Հասարակական կյանքի բոլոր ոլորտները խցկված սոցիոլոգիան հանգիստ չի թողնելու մեզ: Այդ մակընթացության սպասման հետ ես մի կարճ ժամանակ թերթեցի սոցիոլոգներին և եկա այն համոզման, որ սոցիոլոգիան ունեւորի հնարած սուտն է` բարձրացված ինստիտուցիոնալ մակարդակի:

Իմ կարծիքով` արտակարգ իրավիճակից մեր ելքը սցիոլոգիական խնդիր չի: Հանրային կյանքի այս վերջին արարը տոկոսահաշվարկ չէր արծարծում: Ուստի եւ` թվաբանական չի ելքը: Բանալին այլ իզմի մեջ է: Եթե ուզում ենք ճիշտն իմանալ, ելքն իզմով էլ չի: Այստեղ մարդու խնդիր է:

Սոցիոլոգիական սուտը մարդուն մտցրեց փակուղի: Եվ ելքի որոնման փնտրտուքի մեջ անկյուն մղված կենդանու հոգում արթնացած ինքնապաշտպանական բնազդը նրան ասում է՝ փախիր…

Իմ խոսքին ոչ անտարբեր ընթերցողը կասի, որ փախուստը չի վերացնում հոգսը: Մարդը, վերջիվերջո, սոցիալական էակ է, ու սոցիոլոգիան էլ ասելու է իր ասելիքը` անկախ սոցիումի կամքից:

Անշուշտ, ահավասիկ եւ ավաղ...

Մեկուսացման, փախուստի, օտարացման դեմը պետք է առնի հանրային ճակատագրի համար պատասխանատու մարդը: Կրկնելով` ասեմ, որ սա, իհարկե, հեգեմոնի խնդիրն է: Քաղաքացուն մեկուսացումից ետ պահելու խնդիրը էլիտայի պարտքն ու պարտականությունն է: Հեգեմոնին ծառայող քաղաքացիական ինստիտուտներ կան, մշակույթ ու կրոն կա: Պետությունից վարձատրվող ահռելի ապարատ կա: Վերնաշենքը զբաղեցրած մտավոր համակարգի պարտականությունն է հանրային բնականոն կյանքի գործունեությունն ապահովելը:

Փաստը մնում է փաստ, որ այդ բնականոն կյանքը չապահովվեց, ու մարդը մղվեց անկյուն: Այսօր պետությունը լուծում է իշխանության հարցը: Պետության հոգսը կրողն այդ պետության մեջ իշխանությանը տիրապետող հեգեմոնն է: Ես սոցիոլոգ չեմ ու չեմ կարող ասել, թե ինչ կարգեր են Հայաստանում: Եթե ֆեոդալիզմ է, որը պնդում էր առաջնորդներից մեկը, ապա այդ հեգեմոնը եկեղեցին ու ավատատերն են, եթե կապիտալիզմ է, ապա այդ հեգեմոնը բուրժուազիան է: Ինչ կարգ էլ լինի, կա հեգեմոն, ու կա էլիտա: Նրանք են պատասխանատուները: Շարքային մարդուց պահանջվում է դրված կարգի օրինապաշտություն, ընդամենը: Հպատակից պահանջվում է հպատակություն: Քվե էր պահանջվում քաղաքացուց, գնաց տվեց իր քվեն շարքային քաղաքացին:

Էլիտան է տիրում բազիսային նյութական հարստությանը, վերնաշենքն էլ, դրան վրադիր, իրենն է:

Թող կառուցի, թող ընտելացնի մարդուն իր ստեղծած միջավայրին, ինչպես կուզի ու ինչպես պատկերացնում է: Արտակարգ իրավիճակների մեղավորը կառավարող հարուստն է ու այդ կառավարման դեմ բողոքող մյուս հարուստը: Զոհվածի, ոտքի տակ ընկածի մեղքը նրանց վրա է: Գուցե սխա՞լ եմ հասկացել, չեմ պնդում: Մի բան գիտեմ, որ անհատն ունի մի խնդիր: Գոյատեւել: Գոյատեւման խնդիր ունի անհատ քաղաքացին` անհատ տնտեսվարող սուբյեկտը:

Անհատ ձեռներեցի կյանքում ոչինչ չփոխվեց այս թոհուբոհի մեջ: Ավելի ճիշտ` փոխվեց: Հարկահանը դարձավ ավելի պահանջկոտ «տանիքազուրկ» շարքային անհատ ձեռներեցի նկատմամբ: Եվ նա` այդ անհատ ձեռներեցը, մտավ իր խոր պատյանի մեջ: Մտավ, որ պաշտպանվի: Անհատի խնդիրը բարդացավ:

Պետությունը մոռացավ անհատի առաջ ունեցած իր չնչին պարտավորութան մասին անգամ: Ավտոտեսուչի` ինձ ուղղված ատելի հայացքից ես հասկացա, որ «յուրաքանչյուրի նախագահը» այնքան էլ յուրաքանչյուրինը չի լինելու:

Կապիտալիստական համակարգերում սոցիալական կյանքի համամասն զարգացումը պարտավոր է ապահովել հեգեմոնի ֆունկցիան ստանձնած կապիտալիստը: Սոցիումն ունի սոցիալական պահանջ: Սոցիումի խնդիրը աշխատանք, բժշկական ապահովագրություն, հարկային արդար ու տանելի համակարգ, պաշտպանվածություն ու էլի ինչ-որ բաներ պահանջելն է: Իշխող հեգեմոն դասակարգը պարտավոր է համակարգել ու ապահովել հավաքականության առողջ ու նորմալ կենսակերպը:

Թվեր պետք չեն շարքային քաղաքացուն: Նախընտրական ու հետընտրական տոկոսներով չի ապրում մարդը: Դրությունն անապահով կյանքով ապրող չքավորի համար միշտ էլ արտակարգ է:

«Ուկազներով» չի փոխվում նրա վիճակը: Ավտոտեսուչի համար է արտակարգ իրավիճակը նպաստավոր, քանի որ այդ վիճակը պարարտ հող է ստեղծում նրա համար: Արտակարգ իրավիճակը թեթեւացրեց ավտոտեսուչի հոգսը:

Խեղդվողների փրկության գործը մնաց նույն խեղդվողների ձեռքին

Ժողովուրդը հիմա հայտնվել է որոգայթում: Մենք գտնվում ենք փակուղու մեջ:

Սա է իրավիճակի իմ գնահատականը: Այդ իրավիճակից ելք պարտավոր է գտնել նաեւ իշխող դասը: Ինքն էլ փակուղում է, ի դեպ: Ես հենց այնպես օրինակ չբերեցի ասպատակության ելած ավտոտեսուչի պատմությունը: Խանութ քանդողն ու այդ տեսուչը նույն հավաքականության մասն են կազմում, դրանք անքակտելի մի ամբողջություն են, ինչը որակավորում է մեր էությունը: Հենց սա եմ անվանում ես փակուղի: Փակուղում հայտնված մարդն ապրելու է իր փախուստի երազով:

Փակուղում ապրող մարդու համար հանրային կյանք չկա:

Փակուղում ամեն ինչ կա, բացի` հանրություն ու հանրային կյանք: Փակուղին անընդգրկելի ու անժամանակ է նաեւ: Փակուղում այլ օրենքներ են գործում: Փակուղում ապրած ու ապրող մարդու մտահորիզոնն է ուրիշ: Այնտեղի էներգետիկան է այլ, արժեքների համակարգն է տարբեր:

Փակուղում գտնվող մարդու համար տունն ու Հայրենիքը թվաբանական մեծություն չեն: Ջահել հեգեմոնի բնորոշմամբ եթե ասենք, որոգայթը կոկա-կոլայի շիշ չի, որ բացի կամ էլ չբացի այնտեղ հայտնվածը:

Անդուռ ու անխցան է փակուղին:

10.03.2008

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter