HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

«Sketches of Armenia»

Մի շատ կարեւոր ու մեծ գործ ավարտելուց հետո գրողը, երաժիշտը, նկարիչը, ստեղծագործող մարդն ընդհանրապես, հոգնած ու վաստակած` մի առ ժամանակ ոչինչ չի ուզում անել:

Առաջանում է ներքին մի վակուում, առաջանում է գործից կտրվելու ու ոչինչ չանելու ցանկություն: Այդպիսին է մարդու բնությունը, այդպիսին է նաեւ մարդկանցից կազմված հանրությունը: Հեղափոխություն անելու ցանկություն հեղափոխությունից հետո չի առաջանում, պատերազմից հետո մարդը պատերազմել չի ուզում: Առաջ է գալիս է հանգստանալու ցանկություն, առաջանում է դադար` ինչպես երաժշտության մեջ: 

Լեւոն Տեր-Պետրոսյանի երիտասարդ մամլո խոսնակը ոգեւորված ու աննկուն պայքարի կոչ էր անում հեռուստաեթերից:

Լսելով նրան` հիշեցի Մայլս Դեւիսի ինքնակենսագրականից մի դիպված: Մայլսը գրում է, թե իսպանական թեմաներով մի ձայնասկավառակի վրա աշխատանքն ավարտելուց հետո ինչ սրտխառնուք էր ապրում նույնիսկ երաժշտություն բառը լսելիս:

Ցանկացած համաժողովրդական բռնկում հանճարեղ է իր պաթոսի մեջ` անկախ արդյունքից: Ցանկացած հանճարեղ ավարտ պիտի ընդմիջվի նաեւ ինչ-որ լռությամբ: Հանճարեղ երաժշտություն ստեղծողն ինքը կարիք ունի լռելու եւ լսելու: Շարժման առաջնորդն ինքը կարիք ունի իմաստավորելու իր արարքն ու քայլը:

Հին ցլամարտիկը, լսելով Մայլսի ստեղծագործությունը, ջահել օրերի պես մտել է ցուլի հետ պայքարի մեջ ու տապալել նրան: Ստեղծագործողը պիտի թույլ տա, որ ստեղծածը տեղ հասնի:

Երբ եղել է ժամանակի հագեցած ինչ-որ մի հատված, ապա պետք է թողնել, որ այն ամբողջականանա: Արվեստի լավ գործի մեջ ժամանակի խտացում կա, դրսեւորված է դրա ամբողջական ըմբռնումը: Հասնելով երաժշտական թեմայի ակունքին, արարման կամ ընդվզման նախապատճառին` մարդն ու հանրությունը կորցնում են մեծ ուժ ու էներգիա: Ճանաչումն ու ճանաչածը վերարտադրելը մեծ աշխատանք են պահանջում: Եվ երբ գործը կատարված է, գալիս է թուլացումն ու արածը հանգիստ իմաստավորելու պահը:

Մենք այս ամենն ասում ենք հաջող կատարվածի մասին: Գուցե արժե այս միտքն ընդարձակել ու տարածել նաեւ չստացվածի վրա: Չգիտեմ` ով ինչպես, սակայն ես 2008 թվականի փետրվարյան շարժումը համարում եմ աննախադեպ ու հանճարեղ երեւույթ հայոց պատմության տարեգրության մեջ: Դա հեղափոխություն էր, իսկական հեղափոխություն:

Եվ ինչ-որ իմաստով` նաեւ հաջողված: Մի կարճ վերլուծականով ուզում եմ այս վերջին շարժման գնահատականը տալ: Ցավալի զոհերի հետ միասին հանրությունն ինչ-որ բան նաեւ շահեց:  Զոհաբերությունը հանրօգուտ բան տվեց: Կատարվեց շահերի բախում: Եվ մենք հասկացանք, որ կատարվել է շահերի բախում: Իշխանությունը կռվեց ու պահպանեց կառույցը` իրեն շահ բերող կառույցը:

Իշխանության կողքին կանգնած ցանկացած անհատ, հասկանալով առկա կառույցի մեջ իր շահը, պահպանեց այդ կառույցը: Քաղաքացին գնաց ընտրության ու պահպանեց գոյություն ունեցող կառույցը` հաստատ համոզված, որ դա այն հնարավոր ձեռնտու վիճակն է, որն ինքը կարող է ունենալ տվյալ պահին:

Հանրության մի մասը չմասնակցեց կառույցի կազմաքանդման գործին: Առավել եւս թույլ չտվեց, որ կազմաքանդողները այն կազմաքանդեն: Իսկ ինչու՞ կազմաքանդողները չկարողացան կազմաքանդել կառույցը:

Քանդելուց բխող շահը վերջին պահին շատերը չտեսան: Հիմնական զանգվածը գրոհի չգնաց զուտ այն պատճառով, որ չտեսավ իր շահը: Կառույցը պահպանող ոստիկանն իր աշխատատեղն էր պահում, նա իր կենսական շահն էր պաշտպանում:  Հեղափոխություն անողները չտեսան ո’չ վաղվա օրը, ո’չ էլ վաղվա օրվա անելիքը:

Այդպիսին էր շարժման հեռանկարը: Շարժումն իրեն լավ էր զգում այդ պահին: Հեղափոխությունը յուրաքանչյուր ներկա պահի իրեն վստահ էր զգում, բայց ապագայի, գալիքի մեջ անելիք ու գործ չէր տեսնում:

Մյուս օրվա մեջ անելիք չուներ շարժումը, դրա համար էր տեւական ու ձգված: Շարժումը տեւել է մի շատ երկար, ձգված օր: Ամիսները մի երկար, ձգված օր էին: Եվ հիմա էլ ձգվում է այդ նույն օրը: Շատ բան չի փոխվել: Ամեն ինչ մնացել է իր տեղում: Ժամանակը չի փոխվել: Այն իր ամբողջականության մեջ է, պարզապես` ավելի լավ ըմբռնված: Շարժումը սկսած հանրությունն էլ համարյա իր նույն տեղում է` քաղաքական զբոսանքի մեջ: Պարզապես քաղաքական զբոսանքը չի սպառնում ոստիկանի աշխատատեղին: Երբ այդ զբոսանքը դառնա սպառնալից, ոստիկանը նորից է պաշտպանելու իր տեղը: Ինչ սերունդ էլ գա, կրկնվելու է նույն պատմությունը: Բողոքողները հավաքելու են վստահության իրենց պաշարը, շարժումը համախոհներ է հավաքելու, հաստատելու է հավատը ու գնա առաջ: Այդ առաջ գնացողներին դեմ- դիմաց կանգնելու է ոստիկանն ու պաշտպանելու է իր տեղը:

Համակարգը պահպանվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանի ու կազմաքանդողի շահերը չեն ընդհանրացվել: Իսկ այդպիսի ընդհանրություն կա: Շատ ընդհանրություններ կան: Կան ոստիկանին ու հանրությանը կապող կենսական շահեր: Կան հանրությանը կապող մարդկային շահեր: Այդ շահերի ըմբռնմանը պիտի ծառայի այն դադարը, որի անհրաժեշտության մասին ես հիշատակեցի:

Իշխանական կառուցվածքի հիմքում դրված մարդը եւ հեղափոխական ուժերի շարժիչ հանդիսացող մարդն ունեն նույն շահը: Դրանք նույն մարդն են: Այդ շահերը նույն մարդու մեջ են: Այս տարրական ճշմարտությունը հասկանալու համար հավաքականությունները պատերազմելով ու հեղաշրջելով` անցնում են պատմության միջով:

Այդպիսին է մարդը: Նա դասեր առնում է սեփական սխալներից: Հանրահավաք ցրող սաղավարտ հագածը նույն հողի մշակն է: Նա պիտի տեսնի իր շահը ոչ թե հեղափոխության մեջ, այլ հեղափոխությունից հետո:

Պարզ, շատ պարզ բաներ հասկանալու համար, ավա~ղ, ազգերը կորցնում են ժամանակ ու տալիս են զոհեր: Հեղափոխության առաջնորդները լավ չեն բացատրում հեղափոխություն անողին վաղվա նրա անելիքը, կամ էլ իրենք լավ չեն հասկացել այդ անելիքը: Դրա համար էլ նրանք պիտի օգտագործեն ետհեղափոխական այս դադարը: Ջահել մամլո խոսնակը պիտի լռի մի առ ժամանակ: Մենք պիտի տանք մի կարճ դադար` նոր ձեռնարկից առաջ:

Ես էլ, հողից կտրված ու սաղավարտ հագած իմ հայրենակցի հետ միասին, ունեմ դադարի կարիքը, որն այնքան անհրաժեշտ է ցանկացած նոր ստեղծագործական ձեռնարկից առաջ: Լուռ խորհելու այդ պահանջը ես ավելի սուր զգացի` եւս մի անգամ լսելով Մայլս Դեւիսի հանճարեղ ստեղծագործությունը, որը կոչվում է  «Sketches of Spain»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter