HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վ. Կարապետյան. «Հայկական կողմը պետք է համարժեք պատասխան տա»

17_03-v_karapetyan«Հայացք» ակումբի հյուրն այսօր ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն էր։ Վերջինն անդրադարձավ հայ-թուրքական արդեն ստորագրված արձանագրություններին` նշելով, որ դրանք վատ են բանակցված ու կազմված և բազմաթիվ մարտահրավերներ են առաջացնում: Ինչ վերաբերում է արձանագրությունների ստորագրմանը, ապա Վ. Կարապետյանն ասաց, որ որևէ միջոց չկար`այդ արձանագրությունների ստորագրումը կանխելու համար: Նրա կարծիքով` Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի արձանագրությունները, հետևաբար սահմանի բացում ևս չի լինի: «Կոնգրեսում դեռ չեն քննարկել Կարսի պայմանագրից դուրս գալու վերաբերյալ հարցը: Սակայն մենք անընդունելի ենք համարում դրանց որոշ դրույթներ, մասնավորապես` Հայոց ցեղասպանության ուրացմանը բերող հանձնաժողովի ստեղծումը»,- ասաց նա: Անդրադառնալով նախօրեին Թուրքիայի խորհրդարանում արտգործնախարար Դավութօղլուի ելույթին` ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ իրենց համար շատ վիրավորական է, որ հարևան պետության արտգործնախարարը ստորագրում է փաստաթուղթ, որտեղ խոսվում է բարիդրացիական հարաբերությունների ստեղծման մասին, պատրաստվում է սահման բացել, իսկ հաջորդ օրը հարևան երկրին պիտակավորում է և որակումներ կպցնում: «Ես կարծում եմ, որ դա հարիր չէ հարևան պետությանը»,-ասաց նա` նշելով, որ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարություններին հայկական կողմը պետք է համարժեք պատասխան տա: «Հարևան երկրի պաշտոնյաներին նման կերպ խոսելու հնարավորություն են ընձեռել այդ արձանագրությունները, որոնցում խութեր կան: Եթե դրանք լինեին նորմալ փաստաթղթեր, ապա նման հայտարարություններ, նման գործելաոճ չէր լինի: Մենք ենք տվել այդ հնարավորությունը Թուրքիային»,-ասաց ՀԱԿ ներկայացուցիչը: Իսկ թե ինչու արձանագրությունների վավերացման դեմ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն չեն համագործակցում, Վ. Կարապետյանի խոսքով, այդ հարցի պատասխանը սեղանի վրա է: «Այն պայմանավորված է ՀԱԿ-ի ու Դաշնակցության դիրքորոշումների հակասությամբ: Մենք չենք տեսնում այլ տարբերակ` ազատվելու այս շատ վտանգավոր զարգացումներից, քան Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Իսկ Դաշնակցությունը նման պահանջ չի դնում, նրանց մոտեցումն այլ է»,- ասաց նա: Ե՞րբ է լինելու Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը: Ի պատասխան` Վ. Կարապետյանը նշեց, որ Կոնգրեսում մշտապես քննարկվում է այդ հարցը, սակայն առայժմ իրենք չեն տեսնում, որ ժամանակն է ապահովել տեղեկատվության տրամադրումը հանրահավաքի միջոցով: Նրա խոսքով` թեև հեռուստաընկերություններն իրենց բլոկադայի են ենթարկել, սակայն իրենք կարողանում են հանրությանը փոխանցել իրենց տեղեկատվությունն ու մոտեցումները։ «Որոշում կոնկրետ հանրահավաքի օրվա վերաբերյալ դեռևս չի կայացվել: Դրանք կլինեն, երբ լինի դրանց անհրաժեշտությունն ու ճիշտ ժամանակը»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter