HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշտեցման եւ թշնամանքի «երկրորդ շնչառության» ջրբաժանում

«Հիշողության պատերազմի» խնդիրներով զբաղվող արտասահմանցի հայտնի մասնագետները նույնիսկ հիմա են շարունակում ընդգծել, թե թուրքատյացությունը հայերի ազգային ինքնության շոշափելի մասն է, իսկ հայ-թուրքական թշնամանքը` դասագրքային օրինակ:

Մինչդեռ Թուրքիայի հետ «հենց հիմա եւ հենց այստեղ» հարաբերվելու գաղափարը (առանց թուրքական պետության կողմից Ցեղասպանության ճանաչման ծանրակշիռ երաշխիքների) հայության մեջ առաջ բերեց որոշ լեգիտիմ վերաբերմունք, իսկ այն ընդունողների ու կտրուկ մերժողների միջեւ գիծն ուղիղ չանցավ հայաստանցիների ու սփյուռքահայերի արանքով:

Տարածված կարծիք կար, թե տասնամյակների ընթացքում «թշնամի թուրքի» կերպարի սերնդեսերունդ «տաք վիճակում» պահելն ավելի մեծ հետեւանքներ է թողել հայության մտածելակեպի վրա, քան կարելի է պատկերացնել:

Այն աստիճան, որ թուրքատյացությունը դարձել է ազգային ինքնության զգալի բաղկացուցիչը, իսկ թուրքերի դեմ պայքարը մնացել հայկական Սփյուռքի աշխարհում ամենակազմակերպված ու ազդեցիկներից մեկը լինելու շարժիչ ուժը:

Մինչդեռ, «լավ հայի» եւ «վատ հայի» տարբերանշանները թուրքերի հասցեին ասված ամենախիստ արտահայտությունները չեն: Թուրքիայում կա հայկական սփյուռք, որը միանշանակ կողմ է հայ-թուրքական կարգավորմանը, Թուրքիա հանգստանալու մեկնած հայերին տանը դրա համար անարգանքի սյունին չեն գամում:

Չնայած` «վարվեց թուրքից էլ վատ», «թուրքը չի փոխվի», «թուրքը թուրք է մնում» ձեւակերպումները հիմա էլ չեն «սղոցում» ժամանակակից հայի ականջը, բայց դրանց կողքին կան պատկերացումներ եւ կարծիքներ, որոնք թույլ են տալիս գործածության մեջ ունենալու «թուրք էլ կա, թուրք էլ» պնդումը:

Առհասարակ, «առանց նախապայմանների» պաշտոնական բանաձեւը, որ ընդունվեց նոր անկախացած Հայաստանի կողմից ազգամիջյան եւ միջազգային բոլորովին այլ իրադրության պայմաններում եւ միանգամայն այլ նպատակով, ինքնըստինքյան հայ հասարակությանը տալիս էր թուրքերի հետ հարաբերվելու որոշ ազատություններ` առանց արժանանալու հայրենիքի դավաճանի կամ ազգային ինքնասիրությունը ոտնակոխ անողի խարազներին:

Արդյունքում, չնայած հայերի համար արտաքին թշնամին առաջին հերթին թուրքերն ու ադրբեջանցիներն են, այնուամենայնիվ, հասարակական տարածված կարծիքով` Թուրքիայի եւ նույնիսկ Ադրբեջանի հետ տնտեսական եւ այլ բնագավառներում համագործակցությունը դեռ չլուծված ազգամիջյան խնդիրների առկայության պարագայում համարվում է ոչ միայն հնարավոր, այլեւ օգտակար:

Դեռ հինգ տարի առաջ, երբ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարթության վրա ամեն ինչ ընթանում էր «սովորական թշնամության» օրենքներով, եւ ոչինչ չէր նախանշում որեւէ փոփոխություն, մեր («Ռեգիոն» հետազոտական կենտրոն) ուսումնասիրությունները ակնհայտ դարձրին ոչ միայն վերը նշված դիֆերենցված մտածելակերպը հայ հասարակության մեջ, այլեւ այն, որ այս երեք կողմերի հասարակական ընկալումների միջեւ կա սկզբունքային տարբերություն:

Դա Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնական «բանաձեւերն» էին հակառակ կողմի ներկայացուցիչների հետ շփումների մասին: Ի տարբերություն Հայաստանի եւ Թուրքիայի պետական դիրքորոշումների, Ադրբեջանն ավելի կարծր պահվածք էր պահանջում իր քաղաքացիներից հայերի հետ առնչությունների հարցում` «ոչ մի համագործակություն, քանի դեռ հայերը չեն վերադարձրել մեր հողերը»: Իսկ պաշտոնական բանաձեւից «քայլ` աջ, քայլ` ձախ» անողներն արժանանում էին իրենց պատժին (ոմանք հոգեբանական, մյուսները` քրեական):

Այս դիրքորոշումը որեւէ կերպ փոխելու ազդակներ Բաքուն հիմա էլ չի տալիս: Անցած տարի Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների մասնակցությամբ Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու այցելեց հայ-ադրբեջանական մտավորականների մի փոքրիկ խումբ, եւ միայն այդ փաստը Բաքվում թողեց պայթած ռումբի ազդեցություն:

«Շոկ». հենց այս վերնագրերով հաջորդ օրը լույս տեսան մի շարք ադրբեջանական թերթեր: Հետո, երբ ամեն ինչ ընկավ իր տեղը, Ադրբեջանի դեսպանի հասցեին հնչեցին ու գրվեցին այնքան կշտամբանքներ ու մեղադրանքներ, որ վերջինս ստիպված էր «որոշ շտկումներ մտցնել» Երեւանում եւ հատկապես Ստեփանակերտում իր արտասանած ոչ այնքան ագրեսիվ խոսքում:

Ադրբեջանում հիմնավոր կերպով են նախապատրաստվել երկարատեւ թշնամությանը եւ հայ «զավթիչների մասին» ողջ ճշմարտությունը պատմում են երեխաներին` սկսած ցածր դասարաններից:

Պատմության դպրոցական դասագրքերի վերջին էջում ադրբեջանցի երեխայի համար ի հիշեցում գրված է. «Հիշիր. հունվարի 20-ը Սգո համաժողովրդական օրն է, մարտի 31-ը` Ադրբեջանցիների ցեղասպանության օրը, Խոջավենդը, Խոջալուն, Շուշին, Լաչինը, Քելբաջարը, Աղդերեն, Աղդամը, Ջաբրաիլը, Ֆիզուլին, Կուբաթլին, Զանգելանն օկուպացրել են հայ զավթիչները»:

Անկասկած, հայ-թուրքական փոխադարձ մերժման հիմքն այսօր էլ ոչ թե Ղարաբաղյան հակամարտության մեջ ադրբեջանական շահերի պաշտպանությունն է, այլ թուրքական պետության կողմից 1915-ի ջարդերն Առաջին համաշխարհային պատերազմի «հանգամանքներով» արդարացնելու դիրքորոշումը:

Անցած մոտ հարյուր տարիների ընթացքում Թուրքիայի հասարակությունը կազմած մի քանի սերունդներ դաստիարակվել են հենց այս պաշտոնական բանաձեւի ազդեցությամբ: Ուստի, ամենեւին էլ զարմանալի չէ, թե ինչու պատմական իրողությունների չիմացության մեջ ապրած ժամանակակից թուրքական սերունդները հայկական պահանջատիրությունն ընկալում են կամ որպես իրենց պետության նկատմամբ չափազանց մեծ ու չարդարացված նկրտումներ, կամ էլ որպես բացահայտ թշնամական վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ:

Առանձնակի բացասական վերաբերմունք ունեն հայկական Սփյուռքի նկատմամբ, որին ընկալում են որպես Թուրքիայի հանդեպ թշնամական քայլեր կատարող ազդեցիկ մեկ մարմին: Բայց մյուս կողմից` Թուրքիայում Ադրբեջանից ավելի հանգիստ են վերաբերվում հայերի հետ իրենց քաղաքացիների ունեցած առնչություններին: Եվ ոչ այն պատճառով, որ Թուրքիայում էլ հայեր են ապրում:

Ավելին, անցած երկու տարիների ընթացքում Թուրքիայում տեղի ունեցան հասարակական երկու զանգվածային ընդվզումներ հայերի նկատմամբ նախկին վարվեցողության դեմ, ինչն, անկասկած, գրգռիչ ազդեցություն ունեցավ նաեւ հայ հասարակության վրա:

Իհարկե, 2007-ի հունվարին «Ես հայ եմ», «Ես Հրանտն եմ» կարգախոսներով Ստամբուլի, Անկարայի եւ Իզմիրի փողոցներ դուրս եկած բազմության համար որոշիչ նշանակություն ուներ հենց Հրանտ Դինքի անձը, նրա հայացքների էական տարբերությունը Ցեղասպանության ճանաչման համար պայքարող մյուս հայերի մոտեցումներից:

Դինքն, ինչպես եւ Թուրքիայի բազմաթիվ այլ, ազգությամբ թուրք մտավորականներ վստահ էր, որ կարեւորը Թուրքիայի ժողովրդավարացման անշրջելիությունն է, նույնիսկ, ի զարմանս շատ ու շատ այլ հայերի, գտնում էր, որ Ցեղասպանության ժխտման համար Ֆրանսիայում քրեական պատասխանատվության մասին օրենքը չի կարող նպաստել Թուրքիայի կողմից ճանաչմանը, եւ որ դա պարզապես խոսքի ազատութան ոտնահարում է:

Սակայն, հայ լրագրողի թաղման օրը տեղի ունեցած ցույցը մի կողմից վկայեց, որ Թուրքիայում արդեն հասարակական շոշափելի հատված հանդես է գալիս երկրում առկա էթնոքաղաքական լուրջ սահմանափակումների դեմ, իսկ մյուս կողմից` որ գոնե այդքան մարդկանց պատկերացումներում «Ես»-ը եւ «Ուրիշը» նույնական են: Իսկ սա թշնամության փոխակերպման առաջին աստիճանն է:

2008 թ.դեկտեմբեր- 2009 թ. մարտ ընկած ժամանակահատվածում «Հայեր, ներեցեք մեզ» ինտերնետային ակցիայի ընթացքում թուրք մտավորականների ստորագրությունների առկայությունը դարձյալ նախեւառաջ ցույց տվեց կարեւոր մի հանգամանք:

Այն, որ խոսքն այլեւս Ցեղասպանության մասին պաշտոնական Թուրքիայի բանաձեւը կասկածի ենթարկող առանձին թուրք դիսիդենտների մասին չէ (պատմաբաններ, գրողներ, հրատարակիչներ), այլ ավելի մեծ հատվածի (շուրջ 340 000), հասարակության մեջ կարծիք ձեւավորողների մասին:

Նույնիսկ եթե «հայ քույրերին ու եղբայրներին» դիմելիս ներողություն խնդրողներն իրերը դեռ իրենց անուններով չեն կոչում (օգտագործված է «Մեծ ողբերգություն» արտահայտությունը), էական փոփոխություն է այն, որ ոչ այդքան հոգին, ոչ էլ ստորագրահավաքը նախաձեռնած 200 մտավորականները 301 հոդվածով քրեական պատասխանատվության չենթարկվեցին:

Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական միջհասարակական շփումների այս ասիմետրիան եւս մեկ հանգամանք է, որը հնարավոր չի դարձնում այն, ինչը պահանջում են Ադրբեջանում. եթե ոչ համատեղ կարգավորում, ապա գոնե գործընթացների զուգահեռացում: Ի դեպ, հոկտեմբերի 22-ին ՌԴ Պետդումայում կազմակերպվեց հայ եւ ադրբեջանական պատվիրակությունների հանդիպում:

Դարձյալ Ռուսաստանի միջնորդությամբ եւ ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների մասնակցությամբ: Հանդիպման արդյունքում երկուստեք ընդունեցին, որ հանդիպելն ավելի օգտակար է, քան չհանդիպելը եւ պայմանավորվեցին հաջորդի մասին:

Հայ-թուրքական գործընթացի անսպասելի արագ տեմպերի համատեքստում այսօր միանգամայն այլ տեսանկյունից է պատկերվում 2008-ի տարեվերջին կնքված Մայնդորֆյան հռչակագիրը: Այն, կարծես թե, հայ-ադրբեջանականը հայ-թուրքականին ձեւականորեն զուգահեռացնելու առաջին քայլն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter