HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Կոնգրեսականությունն իր ներկա առաջնորդակազմով ընդգրկուն շարժում դառնալու հեռանկար չունի

1988 թվականին սկիզբ առած ու մինչև մեր օրերը դեռևս շարունակվող հայ ազատագրական շարժումը փորձում է տալ նոր գալար: Խնդիրը նորացման պահանջ ունի այն իմաստով, որ  լուծը, ինչից փորձում էր ազատագրվել ժողովուրդը 1988-ին օտար էր, իսկ արդի փուլում այն հայրենական է: Ես ենթադրում եմ, որ աշխատավարձով ապրող քաղաքացու բողոքն ու ընդվզումը իր խորքային դրվածքով պիտի որ լինի անարդար ճանապարհով հարստացած ունևորի դեմ: Կոնգրեսական առաջնորդները փորձեցին պրոֆանացնել հարցադրումը ու խույս  տալ շարժման նպատակի հստակ ձևակերպումից, ինչն էլ դարձավ շարժման տեղատվության բուն պատճառը:

Ընդդիմադիր սեկտորի գաղափարախոսության էմոցիոնալ ֆոնն ապահովող բազմաթիվ գրող-հրապարակախոսներն ու կոնգրեսական հիերարխիայի վերին էշելոններում հանգրվանած ագիտատորները, երևի թե առանց բացառության բոլորը, ընկճվելով ՀԱԿ առաջնորդի հեղինակությունից վախեցան խնդրի սոցիալական թեման արծարծել: Ըստ իս, ՀԱԿ լիդերները ունևոր դասի ներկայացուցիչներ են, իսկ նրանցից մի մասն էլ ներկա կեղեքող համակարգի հիմնադիրները: Ղարաբաղյան շարժման շարքային անդամը շատ լավ է հիշում, թե ինչ էին իրենց առաջնորդները ու ինչ դարձան:

Մի կողմից ԼՏՊ-ին, արդեն մի անգամ փորձարկված ազատականությամբ 2008 թվականի փետրվարյան ապստամբության մեջ վարձու աշխատանքով ապրող մարդուն ներքաշել չհաջողվեց, մյուս կողմից էլ այսօր օրահացը քրտինքով վաստակող շարքային մարդը  վերջնականապես հիասթափված երկրորդ սերնդի բարեփոխումներից իր հեռանկարը  որոնում է  իշխանականից դուրս դաշտում:

Տանջանքով իր գոյությունը պահող մարդու համար նրա հոգսը թեթևացնող քայլ չի ձեռնարկում, ոչ կոնգրեսը, ոչ էլ իշխանությունը: Այս հարցում նրանք երկուսն էլ միակամ են: Փակուղային վիճակում գտնվող հայ մարդու ներկայի ու ապագայի հաշվին նրանք երկուսն էլ լուծեցին ու լուծում են իրենց ընթացիկ հարցերը: Շատ կարճ ինտերվալում ՀՀ երրորդ նախագահն ու նրա վարչախումբը ապացուցեցին հիերարխիկ բուրգի վերնաշենքում հանրօգուտ որևէ փոփոխություն անելու իրենց անկարողությունը:

Ըստ իս ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի ընտրողի հույսը նրանում էր, որ նա լինելով վերնախավային անողոք պայքարի ակունքներում, որպես իրազեկ ու ուժեղ մարդ պիտի կարողանար ջարդել կարծրատիպերը: Նա ի դեպ այդ ուժեղ մարդու խարիզմայով էլ նվաճեց ընտրողի համակրանքը: Սակայն, ավաղ մենք ստացանք շատ ավելի աննախադեպ  բարձիթողի ու անկառավարելի վիճակ քան կարելի էր ենթադրել: Առաջացել է մի միջավայր, որում վերնախավում ծվարած նոր մուտանտը ավելի տոլերանտ է ու իր ոչնչացնող բնազդով առավել վտանգավոր:

Ոչ մարդկային օրենքներով գործող հայրենական վերնախավի կողմից չխժռվելու համար քաղաքացին  կենսապահպանման բնազդով հասկանում է, որ պետք է ձեռնարկի կազմակերպված դիմակայում ու գնա արմատական փոփոխությունների, սակայն պրծնել մի շահագործումից ու ընկնել մի այլ գուցե ավելի դաժան շահագործման տակ նա չի ուզում:

Կոնգրեսականության ներսում  հիերարխիկ դասակարգվածությունը շատ ավելի ցցուն է ընդգծված քան իշխանականում: Նախկին նախագահ, նախկին վարչապետեր, նախկին դատախազներ ու գեներալներ, նախկին ուժային  նախարարներ, հաջողված ու չհաջողված  կուսակցապետեր:

Սա է կոնգրեսի առաջնորդակազմի ռազնոչին նոմենկլատուրան: Ակնածանք առաջացնում է,  իհարկե, այս կազմը շարքային մարդու մոտ, վախախառն ակնածանք: Ես մոռացա հիշատակել նախկին բանտապետերին ու կգբեշնիկներին, որոնք մերթ ընդ մերթ առկայծում են «նոր համաժողովրդական» շարժման էլիտար բարձրունքում:

Ազգային ազատագրական շարժման շարքային անդամն անուն առ անուն լավ էլ գիտի ում մասին է խոսքը: Եվ կլիներ զարմանալի, որ կոնգրեսական լիդերները ցած իջնեին իրենց նոմենկլատուրային բարձրունքից ու մի օգտակար բան փորձեին անել շարքային մարդու համար: Կոնգրեսականության քայլերի մեջ սոցիալական միտում իսպառ չկա և չի էլ կարող լինել: Բագրատյանական պոպուլիզմ, որքան ուզես կարող է լինել:

Այն նույն փչոցը, որ անցած դարի  իննսունականների առաջին կեսին փոշիացրեց մի քանի սերունդի կողմից ստեղծված ողջ արժեհամակարգը: Ապշում ես, երբ լսում ես, որ կեղեքումով հարստացած մարդը ներկայանում է որպես այդ նույն կեղեքվածներից կազմված հանրության զավակ և իդիոտացման աստիճանի դեգրադացված այդ հանրության մի որոշակի հատվածի կողմից արժանանում է ծափերի: Ի՞նչ խղճով հավատաս այդ ծափերի անկեղծությանը: Հավատալ  կեղեքվածի սիրուն դեպի կեղեքողը դժվար է:  Չգիտեմ:

Գուցե ստորացված մարդը, միամիտ-միամիտ ուզում է տեսնել իրեն օլիգարխի կամ գեներալի հետ նույն հարթության վրա: Բայց երբ անցնում է երազային խաբկանքը ու սկսում է գործել ռեալ ժամանակը, չունևորը հասկանում է, որ իր պրոբլեմը իր պրոբլեմն է: Եվ հենց այդտեղ է, որ մարում է պայքարի գնալու կիրք-ցանկությունը: Երբ ղեկավարն ու շարքային կոնգրեսականը միտինգից հետո, մթան հետ վերադառնում են ամեն մեկն իր կացարանը, նրանցից յուրաքանչյուրը հասկանում է, որ նրանց իրար կապող ոչինչ չկա:

Բուրժուային ու դեմոսին կարող է կապել թերևս միայն դասակարգային թշնամանքը: Տարբեր են հոգսերը: Իրերը միշտ էլ հանգրվանում են այնտեղ ուր իրենց բնօրինակն է: Չինովնիկը մնում է չինովնիկ, ԿԳԲ-ի գործակալը մնում  ԿԳԲ-ի գործակալ, անկախ ապրելու տեղից ու համակարգից: Եվ նրանց արարքն էլ  իր էությամբ մնում է նույնը անկախ տեղից ու ժամանակից: Այդ օրինաչափությանը համապատասխան էլ, դե ֆակտո, կոնգերասականությունը 2008 թվականի քաղաքական խժդժություններում ծառայեց որպես գործիք:

Ես առ այսօր մնացել եմ իմ այն կասկածների մեջ, որ 2008 թվականի փետրվարյան ավանտյուրան ղեկավարվել է դրսից նույն տիրոջ կողմից: Եվ ընդիմության և իշխանությունների վարժուսույցը եղել է նույն մարդը, գլոբալ մասշտաբի շահագործող այն կորիֆեյներից մեկը, որը տնօրինում է իր արբանյակ մանր մունր առաջնոդների ու նրանց հպատակ ժողովուրդների ճակատագիրը: Որքան էլ խուսանավեն կոնգրեսական լիդերները ու ձևացնեն իրենց ժողովրդավար, միևնույնն է նրանք պատկանում են շահագործող հեգեմոնի տեսակին ու հանդիսանում  են իրենց էթնոխմբի շահագործողը:

Կոնգրեսական էլիտան հարստահարվող սոցիումի վրա հիմնավորված հակազդող ուժի առաջնորդող դառնալ չի կարող: Եվ նրանք ուղղորդվելով իրենց դասակարգային բնազդներով միշտ էլ խաղալու են այդ սոցիումի բունտը մարողի դեր:

ԼՏՊ-ն ստանձնելով 2008 թվականի փետրվարյան ավանտյուրայի ընդդիմադիր թևի ֆունկցիան սոցիալական կազմակերպված ռեալ պայքարը հետ գցեց ժամանակի մեջ և  խաղալով իրեն հատկացված մեղմիչի դերը ռեաբիլիտացվեց երկկողմ: Նա մարեց մուրհակները իննսունականներին հավաքականության դեմ գործած հանցանքների համար և իշխանական մուրհակները` նրան այդ հնարավորությունը տալու համար: Ընդամենը: Ինձ այդ համոզման բերում է, իշխող հեգեմոնին ուղղված Լևոն Տեր Պետրոսյանի մեսիջը բախման ամենակրիտիկական պահին, երբ հայտարարեց, որ իր արածը բուրժուադեմոկրատական հեղափոխություն է:

«Ես ինքս բուրժուա եմ ու գաղափարապես ձեզ հետ եմ իշխող բուրժուաներ»: Սա էր նշանակում նրա ասածը: Եվ ինչպես բոլոր բուրժուադեմոկրատական հեղափոխությունների ժամանակ, բուրժուազիան փախավ, դեմոսն ընկավ բանտ: Եթե բանտ նստելու հրավերքն են անում կոնգրեսական ակտիվիստները նորից, ապա հայ դեմոսին պիտի շատ հանգամանորեն բացատրեն, թե բանտում կամ դրանից հետո ինչ կյանք է սպասում նրան: Եթե խոստանում են , որ իրենք ավելի բարի շահագործողներ են լինելու քան ներկայիներն են, ապա դա լուրջ չի, իհարկե:

Կոնգրեսական կոչերի մեջ առայժմ երևում է կոչ անողի դասակարգային շահը, կոչ արվողինը` չի երևում: Ավելի ճիշտ դա  երևում է բանտախցի վանդակաճաղի հետևից: Իսկ եթե այդպես է, ապա, ահավասիկ, շարքային շահագործվողն էլ նախընտրում է  առայժմ գոյատևել ավելի ընդարձակ տարածքով վանդակում:

Հ.Գ. Խոսակցություններ են շրջանառվում, որ իբրև թե կոնգրեսի առաջնորդը հետնորդ է պատրաստում կամ փնտրում: Ով էլ լինի փոխարինողը, նա անպայմանորեն պաշտպանելու ու առաջ է քաշելու շահագործող դասակարգի շահերը: Կոնգրեսականությունը իր ներկա առաջնորդակազմով ընդգրկուն շարժում դառնալու հեռանկար չունի: Եվ գնալով այն կսահմանափակվի նեղ կաստայական գաղափարախոսության շրջանակում:

14  նոյեմբերի 2009 թվական

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter