HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Ո՞վ է փորձում ձուկ բռնել սողանքի պղտոր ջրերում

Ապրիլի 14-ին Հովք գյուղի տարածքում` Երեւան-Իջեւան մայրուղու 114 կմ-ում, սողանքից փլվել է ճանապարհը: Այստեղ վաղուց սողանքի գոտի է, եւ կատարվածն անակնկալ չի կարելի համարել: Տողերիս հեղինակը վտանգի մասին սողանքից կես ամիս առաջ հանրապետական մամուլում ահազանգել է: Փետրվարի 26-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի Տավուշ կատարած աշխատանքային այցի ժամանակ Տավուշի մարզպետարանում քննարկվել էր մարզի սողանքների հարցը: Ա. Գեւորգյանի հանձնարարականով, տրանսպորտի եւ կապի նախարարության առաջարկով «Ճաննախագիծ» նախագծային ինստիտուտը կատարել էր Հովքի սողանքի նախնական ուսումնասիրություն, ըստ որի` նախնական հաշվարկներով ճանապարհի այդ հատվածի վերանորոգման համար կպահանջվեր 125,9 մլն դրամ: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը նշված գումարի հատկացման համար նամակով դիմել էր Կառավարություն: Ակնկալվում էր, որ այդ գումարը ստանալուց հետո, մեկ ամսվա ընթացքում, ճանապարհն ամբողջությամբ կվերանորոգվեր: Սակայն գումարը դեռ չհատկացված` Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այդ հատվածը փլվեց: Դրանից ընդամենը 5 օր առաջ աշխատանքային այցով այդ ճանապարհով Տավուշի մարզ էր ժամանել նախագահ Սերժ Սարգսյանը` բազում ուղեկցողներով: Ակնհայտ է, որ երկրի ղեկավարը ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները «մազե կամուրջով» են անցել: Իսկ Իջեւան քաղաքի բնակիչ Տիգրան Պապյանի բախտն այնքան էլ չի բերել: Նա գիշերով իր «Գազ-31» ավտոմեքենայով, մոր հետ անցնում էր այդ հատվածով, երբ սողանքն ակտիվացել է: Նրանք կարողացել են մի կերպ դուրս գալ մեքենայից, փրկվել, իսկ ավտոմեքենան սողանքը գցել էր ձորը: Ապրիլի 16-ին լինելով սողանքի վայրում` ականատես եղա, թե ինչպես են իջեւանցի փրկարարները գետից հանում սողանքի վայրից մոտ 500-600 մ հեռավորությամբ գտնվող, Աղստեւի հոսանքից քշված մեքենան: Իջեւանցի փրկարար Արտակ Էվանիսյանը եւ նրա ընկերները մտել էին գետը, մեքենայից ճոպան կապել եւ փորձում էին վարարած Աղստեւից դուրս բերել մեքենան: Փրկարարներին հաջողվեց, ի վերջո, մեքենան գետից դուրս բերել: Սողանքը սկզբում փակել էր գետի հունը, սակայն Աղստեւը իր համար նոր հուն է բացել: Սողանքի վայրը մռայլ տպավորություն է թողնում: Սողանքը ճանապարհի ասֆալտե ծածկը քշել-հասցրել է ձորի պռունկը: Հողի կանաչապատ խոշոր կտորներ են թափված, որոնց շուրջը մեծ ճեղքեր են: Պաշտոնապես հայտարարվեց, որ դեպքից հետո Իջեւանի տրանսպորտային կապը մայրաքաղաքի հետ իրականացվում է Իջեւան-Նոյեմբերյան-Ալավերդի-Վանաձոր ճանապարհով: Ապրիլի 16-ի կեսօրին ականատես եղա հետաքրքիր պատկերի: Չնայած սողանքի գոտին արգելափակված էր ժապավենով, սակայն այդ արգելքը բառիս բուն իմաստով ոտնահարվում էր. մեքենաները քշում-անցնում էին դրա վրայով` ընդհուպ մոտենալով սողանքի օջախին: Այստեղ կայանած էին բազմաթիվ տաքսիներ: Մոտեցավ Իջեւան-Երեւան ուղերթի «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը: Ուղեւորները, իջնելով մեքենայից, ոտքով հաղթահարում էին բարձունքը` այդ կերպ շրջանցելով սողանքի գոտին: Շրջանցիկ այդ ուղին նման է «չարչարանաց ճանապարհի»: Տարեց կինը թեքության վրա անընդհատ սայթաքում-ընկնում էր, նրան օգնության հասավ, գետնից բարձրացրեց մի զինվոր: Քիչ անց հայտնվեց Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը իր տեղակալ Կարեն Օթարյանի հետ: Նրանք հյուրերի էին ճանապարհում եւ նրանց հետ սկսեցին վեր բարձրանալ նեղ արահետով: Շրջանցիկ, հետիոտնի ճանապարհը մոտ 400-500 մ է, այն սկզբից բարձրանում, ապա իջնում է սողանքի «մյուս ափ»: Այնտեղ Տավուշի մարզկենտրոնից Երեւան մեկնողներին սպասում էր երթուղին սպասարկող ընկերության մեկ այլ «Գազել»: Սողանքի գոտու երկու ծայրերին կայանած էին բազմաթիվ տաքսիներ, որոնք սպասում են մյուս «ափից» ժամանողներին: Նշենք, որ սողանքը շրջանցող «ճանապարհը» վերեւի հատվածում խոր ճեղքեր ունի, դրանք այնքան խորն են, որ «հատակը» չի երեւում: Բավական է մի անզգույշ շարժում, եւ դժբախտ պատահարը «երաշխավորված է»: Մի քանի օր առաջ գործարկվեց Հովք գյուղի վերին հատվածով շրջանցիկ ճանապարհը, որը Տավուշի մարզպետարանի տրանսպորտի բաժնի վարիչ Արտակ Սարգսյանի խոսքերով` Հովք գյուղից վերեւ է 2.5 կմ: Այդ ճանապարհի կառուցումը իջեւանցիները կապում են ծագումով Ենոքավան գյուղից գործարար, հիմնականում Ռուսաստանում բնակվող Արտակ Չիբուխչյանի հետ: Վերջինս Ենոքավանի տարածքում, գյուղից վերեւ տուրիստական քեմպինգներ է կառուցել: Փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գագիկ Մատինյանը ասաց, որ այն դժվարանցանելի է, այդ ճամփան կարող են հաղթահարել միայն բարձր անցողունակությամբ մեքենաները: «Երեկ անձրեւ էր եկել, այդ ճանապարհին մեքենաների մեծ խցանումներ են առաջացել»,- ասաց Գագիկ Մատինյանը: Իջեւանի Ճանապարհների շինարարության եւ շահագործման ընկերության ղեկավար Արծրունի Ղալումյանը, ով մարզում հմուտ ճանապարհաշինարարի համբավ ունի, ասաց, որ նման որակի ճանապարհ իր ընկերությունը 3 օրում կարող է կառուցել: Ապրիլի 20-ին տրանսպորտի եւ կապի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ շրջանցիկ, ժամանակավոր ճանապարհը կառուցում է «Ամարասշին» ընկերությունը` «եվրոպական տեխնոլոգիաների կիրառմամբ»: Թե ինչ են նշանակում հողե եւ խճաքարե ճանապարհի շինարարության մեջ «եվրոպական տեխնոլոգիաները»` տրանսպորտի եւ կապի նախարարությունում կիմանան: Մինչդեռ այս ճանապարհի հետ կապված շատ հարցեր են ծագում: Օրինակ` ինչպե՞ս է որպես կառուցապատող ընտրվել «Ամարասշին» ընկերությունը: Մեր ունեցած տեղեկություններով` այս ընկերության ղեկավարը նախկին ազատամարտիկ է` «Ամարասի Արթուրը», հայտնի սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանի փեսան: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտարարել է, որ շրջանցիկ այդ ճանապարհի կառուցման համար ծախսվելու է 80 մլն դրամ, աշխատանքները կավարտվեն երկու շաբաթից: Մի՞թե 80 մլն դրամի գործն առանց մրցույթի է տրվել այդ ընկերությանը: Ի՞նչ կապ ունի Արտակ Չիբուխչյանն այդ ընկերության հետ: Ապրիլի 20-ի երեկոյան Իջեւանի «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվել է ժամանակավոր այդ ճանապարհի վերաբերյալ ռեպորտաժ, եւ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը ճանապարհի կառուցման համար հ/ը եթերում շնորհակալություն է հայտնել Արտակ Չիբուխչյանին, Վաչիկ Մատինյանին, Անդրանիկ Քոչինյանին եւ իջեւանցի մեխանիզատորներին, ովքեր ջանք չեն խնայել այս ճանապարհը գործարկելու համար: Ի դեպ, նույն ռեպորտաժի հեղինակի խոսքում նշվել է, որ ճանապարհի կառուցման համար Իջեւանի քաղաքապետարանը վառելիքով օգնել է: Մի՞թե 80 մլն-ը չի բավարարել այդ ճանապարհի համար: Տրանսպորտի եւ կապի նախարարության հաղորդագրության համաձայն` ժամանակավոր ճանապարհի կառուցմանը զուգահեռ իրականացվել են նաեւ հիմնական` նոր ճանապահի կառուցման նախագծային աշխատանքները, որոնց արդյունքում առաջարկվել է 4 տարբերակ: Դրանցից մեկի ընտրությունից հետո կսկսվեն հիմնական ճանապարհի կառուցման աշխատանքները եւ կավարտվեն առաջիկա մեկ տարվա ընթացքում: Հարց է ծագում` եթե դեռ չի ընտրվել 4 տարբերակներից մեկը, ի՞նչ հիմքով է նախարար Մանուկ Վարդանյանը հայտարարում, որ հիմնական ճանապարհի կառուցումը կտեւի մեկ տարի եւ կարժենա 10-12 մլն դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter