HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանապետը վրե՞ժ է լուծում լրագրողից

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ օրաթերթի տնօրեն Աննա Հակոբյանն ու թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը ասուլիս էին հրավիրել: Աննա Հակոբյանը դեպքի առթիվ իրենց տեսակետը ներկայացրեց. նրա կարծիքով` 22-ամյա Անիին ձերբակալել են  անձնական-քաղաքական դրդապատճառներով. «Ոստիկանապետը եթե անձնական վրեժխնդությունից դրդված` կարող է հրահանգել երիտասարդ լրագրողի ձերբակալել, դա նաև քաղաքական համատեքստ ունի: Ամեն երկրում չէ, որ երբ ոստիկանապետի քիմքին տհաճ հոդված է տպագրում, նա կարող է այդպիսի օպերացիա կազմակերպել, ինչի հետևանքով լրագրողը հայտնվի ճաղերի հետևում»: Տեղի ունեցածը «Հայկական ժամանակի» խմբագրությունը գնահատում է որպես Ալիկ Սարգսյանի վրեժխնդությունը Անիից` նրա վերջին երկու հրապարակումների կապակցությամբ: Այս հրապարակումներում լրագրողն անդրադարձել էր ոստիկանության «օրհներգին»`  ասելով, որ այն վրացական նմանատիպ երգի կրկնօրինակում է: Անիին, Ա. Հակոբյանի մեկնաբանմամբ, ոստիկանները դեռևս նախորդ օրն են ճանաչել, և ձերբակալության պահին մեկը մյուսին ասել է` «էս էն լրագրողն ա...»: «Մեր ոստիկանությունն, ինչպես միշտ, ակնհայտ կեղծ գործերը չի կարողանում գոնե մի քիչ ավելի շնորհքով սարքել, որպեսզի անտրամաբանական պահեր չլինեն»: Ա. Հակոբյանը համոզված է, որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շատ սխալ ուղու վրա է և մոլորության մեջ, և «եթե նրան թվում է, թե կարող է այդպիսով անձնական վրեժ լուծել թերթից ու լրագրողից` հոդվածի համար, ապա նրան ծանր օրեր են սպասվում այդ քայլի համար: Նրան խորհուրդ ենք տալիս ընդհանրապես չմտնել խաղի մեջ «Հայկական ժամանակի հետ»: Հայկ Գևորգյանն էլ գտնում է, որ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե ոստիկանության, այլ օրենքներից դուրս գործող մի հրոսակախմբի հետ, որն «իրեն վերագրել է ոստիկանություն անվանումը»: «Ձերբակալության երեք ժամվա ընթացքում ոստիկանությունը ոչ Անի Գևորգյանի, ոչ նույնպես ձերբակալված Սյուզանա Պողոսյանի, «Հայքի» լրագրող Լիլիթ Թադևորսյանի և ոչ էլ մյուս երկու երիտասարդների դեպքում չի տեղեկացրել նրանց հարազատներին ձերբակալության մասին, թեև դա նախատեսված է օրենքով»: Հ. Գևորգյանը դեպքը բնորոշում է իբրև ոստիկանութան վախի դրսևորում: Ա. Հակոբյանն էլ նշում է, որ եթե ոստիկանությունը կիրառում է իրենց այս անօրինական գործիքը, ապա իրենց գործիքն էլ գրիչն է. «Ու կտեսնենք, թե այս պայքարում ում գործիքն ավելի ուժեղ կլինի»: «Հայկական ժամանակի» լրագրող Սյուզաննա Պողոսյանը, ում նախօրեին նույնպես բերման էին ենթարկել ոստիկանություն, սակայն հետո ազատ էին արձակել, պատմեց, որ մինչև իրենց բերման ենթարկելն ինքն ու «Հայքի» լրագրող Լիլիթ Թադևոսյանն ընդամենը ձայնագրել են: «Մենք Ազատության հրապարակում էինք: Տեսանք, որ ՍԴՀԿ անդամ Գարիկ Մանուկյանին և Լյուդմիլա Սարգսյանին մի 50-60 ոստիկան մի անկյուն են մտցրել, մոտեցանք իրենց և միայն ձայնագրում էինք խոսակցություները: Եվ երբ նրանց մոտեցրին ոստիկանական մեքենային, անձամբ Օսիպյանը, եթե չեմ սխալվում` ՊՊԾ գնդի հրամանատար, հրահանգեց նրանց մեքենան մտցնել: Շատ կոպիտ էին, հրեցին կնոջը, նույնիսկ ձեռքը մնաց դռան տակ: Հետո, երբ փորձեցինք մենք էլ առաջ գնալ, մեզ նույնպես մեքենան մտցնելու հրահանգ եղավ»: Լրագրողներին ոստիկանություն են բերման ենթարկել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով: Այդ բռնությունն էլ ձայնագրիչով ձայնագրելն է եղել: «Ոստիկանությունում ոստիկաններին մի քանի անգամ ստիպեցինք նոր արձանագրություններ գրել, քանի որ տառասխալներով էին գրում: Մարդիկ գրել չգիտեին: Օսիպյանին հարցրի` շատ ե՞ք տուժել, չպատասխանեց, ծիծաղեց»,- պատմում է Սյուզաննան: Ա. Հակոբյանն էլ ավելացրեց, որ երեկվանից խմբագրության դիմաց բազմաթիվ ոստիկաններ են կուտակվել: Անգամ Հայկ Գևորգյանին են «ուղեկցել»: Ներկայումս Անի Գևորգյանը գտնվում է առանձին սենյակում, խմբագրությունը նրան վարդեր է ուղարկել: Աննա Հակոբյանը վստահեցրեց, որ իրենք բոլորը Անիի «մեջքին կանգնած են» և ոչ մի րոպե մենակ չեն թողնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter