HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ինչո՞ւ է Մեդվեդեւը գնում Ադրբեջան

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Ադրբեջան կատարելիք այցից երկու օր առաջ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Վերին Չայլու գյուղի հատվածում դիվերսիոն  հարձակում է տեղի ունենում հայկական դիրքերի ուղղությամբ:

Տարօրինակ զուգադիպությամբ երկու ամիս առաջ ադրբեջանական կողմը նման սադրանքի դիմեց հենց այն ժամանակ, երբ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը դեռեւս չէր հասցրել վերադառնալ Սանկտ-Պետերբուրգից, որտեղ հենց Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի նախագահների եռակողմ հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում: Փաստորեն, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սանձազերծվող դեմարշներն իրականում ոչ թե հայկական կողմի դեմ են ուղղված, այլ Ռուսաստանի: Դրանցով Բաքուն հստակ ուղերձներ է հղում ոչ թե Երեւանին կամ Ստեփանակերտին, այլ կոնկրետ Մոսկվային: Մեդվեդեւի` Բաքու կատարելիք այցի նախօրյակին` օգոստոսի 27-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տված հարցազրույցում հստակ հայտարարում է, որ բանակցային սեղանին շարունակում են մնալ հենց սանկտպետերբուրգյան առաջարկները, որոնք հավանության են արժանացել Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից: Ավելին, խոսելով այն մասին, որ բանակցությունները շարունակվում են գաղտնիության ռեժիմով, եւ որ դրանցում առաջընթաց է նկատվում, Լավրովը, փաստորեն, հասկացնում է, որ չնայած փորձերին` Բաքուն, միեւնույն է, ոչ միայն սանկտպետերբուրգյան առաջարկներից փախչելու տեղ այս պահին չունի, այլեւ չի կարող չհամակերպվել այն փաստի հետ, որ մյուս միջնորդ երկրների լուռ համաձայնության պայմաններում բանակցային գործընթացը գտնվում է հենց Ռուսաստանի նախաձեռնողականության տիրույթում: Ստեղծված իրավիճակին հակազդելու դիվանագիտական որեւէ ռեսուրս Բաքուն առայժմ չի կարողանում գտնել եւ համարձակվում է իր անհամաձայնությունը հայտնել միայն սահմանային դեմարշների հրահրմամբ: Մոսկվան իսկապես Բաքվին առել է աքցանների մեջ: Դրա վերջին շտրիխը դրվեց Երեւանում, ընդամենը 10 օր առաջ` Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Գյումրու ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին արձանագրության ստորագրմամբ: Ադրբեջանի համար խնդրահարույց է ոչ թե տեղակայման ժամկետների երկարաձգման փաստը, այլ որ դրանով Ռուսաստանն իրեն նաեւ Հայաստանի անվտանգության երաշխավոր ճանաչեց: Ադրբեջանին, սակայն, նյարդայնացնում է ոչ այնքան սույն իրողությունը, որքան այն փաստը, որ Մոսկվան առաջին անգամ գրավոր տեքստով է նման երաշխավորություն ստանձնում: Դա ստրատեգիական քարտ բլանշ է տալիս Մոսկվային` առնվազն 50 տարվա կտրվածքով, տակտիկական առավելություն Հայաստանին` չկորցնելու թելը ԼՂ բանակցային գործընթացում եւ չհայտնվելու թուրք-ադրբեջանական դիվանագիտական աքցանում: Այս իրողությունը Մեդվեդեւին հնարավորություն է տալիս Բաքու մեկնել որպես տարածաշրջանային լիդերի կարգավիճակը վերականգնած երկրի ղեկավար: Մեդվեդեւի այցը սկզբունքային որեւէ նշանակություն չունի: Այն պարզապես  հարավկովկասյան երկու երկրներին հավասարապես մոտենալու ձեւական քայլ է: Այցի հիմնական թեման երկու երկրների միջեւ պետական սահմանների մասին պայմանագրի ստորագրման շուրջ բանակցություններն են, ինչպես նաեւ Սամուր գետի ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման մասին համաձայնությունը: Չնայած այս խնդիրների կարգավորման գործում երկու երկրների ղեկավարների անմիջական ներդրումը բավականին մեծ է, սակայն ակնհայտ  է, որ այն նաեւ ոչ առաջին դեմքերի մակարդակով լուծվելիք հարց է: Այնպիսի տպավորություն է, թե այս հարցերն ընդգրկվել են` գոնե ինչ-որ օրակարգ ունենալու համար: Իրականում Մեդվեդեւը ժամանում է Բաքու` հայաստանյան այցից հետո տիրող տրամադրություններն ըմբռնելու եւ ստեղծված պատային իրավիճակը ճեղքելու նպատակով Ալիեւի կողմից արվելիք հնարավոր առաջարկներին ծանոթանալու համար: Ընդ որում, Մոսկվան նման ակնկալիքներ է հայտնում առանց սեթեւեթանքների` հստակ ցուցադրելով հավակնությունները: Մասնավորապես, իր հարցազրույցում Սերգեյ Լավրովը թափանցիկ կերպով հասկացնում է, որ Մոսկվան ըմբռնում է ակնկալում Բաքվից Կասպից ծովի հատակը բաժանելու հարցում. խնդիր, որի շուրջ լիճը պարուրող հինգ երկրների միջեւ համաձայնություն ձեռք չի բերվում արդեն մոտ երկու տասնամյակ: Երկու երկրների միջեւ կա եւս մեկ կնճռոտ հարց, որն, ըստ էության, սկզբունքային նշանակություն ունեցավ Ռուսաստանի համար` գոնե առերեւույթ պրոհայկական դիրքորոշում ընդունելու համար: Խոսքը վերաբերում է մեկ տարի առաջ Մեդվեդեւի` Բաքու կատարած այցի շրջանակներում ռուսաստանյան «Գազպրոմի» եւ «Ադրբեջանի նավթային պետական ընկերության» միջեւ ստորագրված համաձայնագրին, ըստ որի` Ադրբեջանը 2010 թ. հունվարի 1-ից պետք է տարեկան 500 մլն խ/մ գազ վաճառեր «Գազպրոմին»: Թե ինչ արդյունք է ունեցել այս համաձայնագիրը, հայտնի չէ: Ըստ երեւույթին, այն մնացել է թղթի վրա, որովհետեւ Մեդվեդեւի այս այցի հրապարակված օրակարգում էներգետիկ ոլորտն ընդգրկված չէ: Այդ նախագիծը Մոսկվային անհրաժեշտ էր ՆԱԲՈՒԿՈ-ն տապալելու գերխնդրի շրջանակներում: Ըստ էության, Մոսկվան փորձում է ստիպել Ադրբեջանին արտահանվող էներգետիկ ռեսուրսներն ուղղել դեպի Ռուսաստան: Ընդ որում, Մոսկվան պատրաստ էր այդ ռեսուրսները ձեռք բերել շատ որոշակի ֆինանսական կորուստների գնով, ինչն ընդգծում էր այս նախագծի քաղաքական բնույթը: Կարելի է սպասել, որ Մեդվեդեւը Բաքվում կբարձրացնի այս հարցը: Ամեն դեպքում, Մեդվեդեւի այցը Ադրբեջան կարեւոր նշանակություն ունի հատկապես Հայաստանի համար: Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման արդյունքները ցույց կտան, թե ինչքանով են լուրջ Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները: Ակնհայտ է, որ Մոսկվայի համար դրանք ընդամենը գործիք են տարածաշրջանային իր հավակնությունները բավարարելու համար: Պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փորձելով նվազեցնել Հայաստանում ստորագրված արձանագրության քաղաքական նշանակությունը, հատուկ ընդգծում է. «Ռուսական բազայի հիմնական նպատակը Ռուսաստանի Դաշնության հետաքրքրությունների բավարարումն է: Այդ հետաքրքրությունների շրջանակում է, անկասկած, Հարավային Կովկասում եւ կասպյան տարածաշրջանում կայունության ապահովումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter