HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Բրենֆորդ Մարսալիսի երաժշտությունը լսելով չես ուզում ոչ առաջնորդել, ոչ էլ առաջնորդվել

Բրենֆորդ Մարսալիսի անունը մի առիթով տվել եմ, և նրան վերստին հիշելու ցանկություն առաջացավ Ջոն Քոլթրեյնին նվիրված նրա համերգի տեսագրությունը նայելուց հետո: Ստեղծագործողի խնդիրը Մարսալիսը ըմբռնել է հիմնովին: Քայլ առ քայլ մարդը գնում է առաջ, որոնման իր ճանապարհով: Երաժշտական գործիքը, գրիչը, վրձինը միջոց է մարդու համար այդ ճանապարհին:

Եվ գնալով ստեղծագործող անհատից դեպի մեր առաջնորդները` պիտի ասեմ, որ առաջնորդելն էլ լուրջ ստեղծագործական խնդիր է: Այդ տրամաբանությամբ էլ ուզում եմ հուսալ, որ ինչպես նկարչին ծառայում է ներկը, երաժշտին` նոտատետրն ու գործիքը, մեր  առաջնորդների համար էլ հանրային կյանքի կառուցման միջոց կծառայի մարդը: Այդ նույն մարդուն հանրությունը կկարողանա օգտագործել որպես կառուցանյութ: 

Դասագրքային, սերտած բանաձևերով կառավարումը, ըստ երևույթին, ի նկատի ունի շահագործող մեքենայի մաս հանդիսացող մարդուն, ընդհանրապես: Ես ի նկատի ունեմ իր տուն-տեղը ամենօրյա քրտինքով պահող կոնկրետ մարդուն: Քափ-քրտինքի  մեջ են  իրենց առաջընթաց ուղին հարթում ստեղծագործող մարդիկ` Բրենֆորդ Մարսալիսն ու նրա քառյակի տղաները: Մեր առաջնորդները այդպիսին չեն: Այդպիսին չէ մեր էլիտան ընդհանրապես: Աշխատանքով չի ստեղծվել հայաստանաբնակ հայ ունևորի ունեցվածքը: Պատմական դասը, որը առել է հայ ունևորը, նրան չի սովորեցրել աշխատանքի: Անաշխատ ձեռք բերածը մարսելով` նա դարձավ անպիտան հանրային կյանքի համար: 

Մարդը վերցրել է իրեն հասանելիքից շատ ու նայում  է չորս բոլորը: Նա սպասում է մեղավոր երեխայի պես, որ իրենից հետ են պահանջելու անիրավ վերցրածը: Նա ապրում է վախեցած ու անազատ: Հարուստին է պետք ավել վերցրածը հանրությանը հետ վերադարձնելը: Հարուստին է պետք ազատագրվել: Չունևորն ազատ է: Աշխատանքն ու ստեղծագործությունը փոխկապակցված են: Չկա ավելի միաձույլ բան, քան ստեղծագործությունն ու տառապանքը: Մեր նորանկախ կյանքի արժևորման սանդղակը սահմանված չի դեռևս: Արժեքի չափման գործիքի անունը գտնված չի նույնիսկ: Դա կամ դրա նման բան գտնելն էր պահանջվում առաջնորդներից: Սկսեցին ազատ ստեղծագործաբար, կուլ գնացին նյութին ու դարձան անազատ: Ես վստահ կարող եմ ասել, որ ապագայի հեռանկար կարող է նախագծել ազատ մարդը: Մարդը սովորաբար գտնում է այն, ինչ փնտրում է: Նյութականի ձգտող մարդը կարող է գտնել նյութական: Ամենամոտ վաղվա օրն է պահանջում հոգևոր հենք: Այդպիսին է հեռավոր ապագայի պահանջն առավել ևս: Ես զարմանում եմ, երբ այսօրվա իշխանավորներն ասում են, ընդ որում` փորձելով հավատացնել բոլորին, թե իրենք ապագայի հեռանկարով այս ու այն բանն են անում: Թյուրիմացության մեջ են իրենք ու թյուրիմացության մեջ գցում են նաև մյուսներին: 

Գուցե չիմացական է այդ մոլորյալ վիճակը հայ առաջնորդակազմի մոտ: Ինչպե՞ս կարող է ուրիշի համար ապագայի հեռանկար տեսնել սեփական գրպանի հոգսով ապրող մարդը: Նորանկախ տարիների առաջին իսկ օրվանից հայ իշխանավորը մտածում է հնարավորինս շատ տանել իր բունը: Կուտակման բնազդը թույլ չի տալիս ունևորին հոգևորի մասին մտածել: 

Եթե առաջնորդը ինքն իրեն չի տեսնում իր իսկ նկարագրած ապագայի մեջ, կամ հեռանկարի մասին սուտ պատմություններ անողը չի տեսնում այդ հեռանկարում իր անելիքը, ինչպե՞ս է ուզում, որ դրան հավատան մյուսները: Մոլորակի ապագան այդ բառի ամենալայն իմաստով ինձ համար պարզ ուրվագծվում է մարսյան անջուր բնապատկերի վրա, որտեղ միկրոբներ է փնտրում այսօր երկրաբնակը: Միկրոբն է նյութի հեռանկարը, խոշոր հաշվով: Նմանատիպ հեռանկարային ծրագրերով առաջնորդվող ինձ նման լիդերներ ազգին պետք չեն, իհարկե, նույնիսկ վտանգավոր է նմանակի համար նման խիստ իրատեսական հեռանկարներով առաջնորդվելը: Ցանկացած հավաքականության հոգևոր ամենապատրաստված առաջնորդի համար նույնիսկ իմ նկարագրած ապագայի մարսյան լանդշաֆտը անտանելի կլինի, թերևս: 

Ես զարմանքով եմ նայում նրանց վրա, ովքեր պլանավորում են իմ վաղվա կյանքը: Պարսպապատերի ներսում ապրող վախեցած մարդը ի՞նչ սպասելիք կարող է ունենալ վաղվա օրվանից: Դողալ ու պահել ունեցածը, թերևս այս խնդիրն է նրան տանջելու պարբերաբար: Ունեցվածքը, մի կարճ խոսքով ասած, խանգարելու է առաջնորդին նմանին առաջնորդելու համար: Մեզ արդեն առաջնորդած մարդկանց արվածը, լինելով ակնառու, վերծանման կարիք չունի: Պարզապես ևս մի անգամ սխալված չլինելու համար հանրությունը պիտի լինի այնքան առողջ, որ ունենա գոնե ոչ շատ վաղ անցածը հիշելու կարողություն: 

Մենք մեղադրում ենք մեզ խաբողներին անազնվության մեջ: Լինելով վկան անարդարության` լռում ենք` դա բացատրելով մեր դաստիարակվածությամբ: Ազնվությունը հարաբերական է: Ես էլ ինձ թույլ եմ տալիս կասկածել դաստիարակվածության քողի տակ թաքնվողի ազնվության մեջ: Երբ հանրաքվեները իմի են բերվում, պարզվում է շատ բաների մեղավորը հիերարխիայի ոչ բարձր շերտերում կանգնած մարդն է` իր մանր - մունր հաշիվներով, իր մանր - մունր խաբեբայություններով: Շատ ավելի վտանգավոր է ձայնավաճառը, քան ձայն գնողը, իմ համոզմամբ: Սուտը շատ տարատեսակներ ունի: Եվ այդ սուտը դե - ֆակտո մեր մեջ է: Առաջնորդել` նշանակում է ստեղծագործել, նշանակում է լինել անկեղծ: Առաջնորդել` նշանակում է կարողանալ անել հնարավորից մի փոքր ավելին: Այդպիսին է Բրենֆորդ Մարսալիսը, որի երաժշտությունը լսելով` չես ուզում ոչ առաջնորդել, ոչ էլ առաջնորդվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter