HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Underground

Ինձ զարմացնում է, երբ ասում են, «չենք հասկանում ձեր դիրքորոշումը»: Երկոտանին ունի մի դիրքորոշում: Բոլորն են այդ դիրքորոշմամբ ապրում: Ու ես էլ մնացածի նման աշխատում եմ պահպանել իմ անձի սուվերենությունը: Միակ բանը, որ կարող է մնալ դուրս տոտալ հասարակայնացումից դա մարդու մի բուռ եսն է:

Հարուստն իր մի բուռ եսը պահպանում է բարձր պարսպապատի հետևում, չունևորն էլ Ֆրեյդի ասած «մահվան հիվանդությամբ» վարակված փակվում է իր կաղապարի մեջ ու այդ կերպ է պահպանում իր անձնական տարածքը: Հոգեվերլուծությունն ասում է, թե ասկետությունը, մարտիրոսությունը հիվանդություն է: Ես այլ կարծիքի եմ: Մարդը պետք է լինի զուսպ ու նյութին նայի որպես նյութի. ընդամենը: Ոչ նյութամոլ մարդը մի քիչ ասոցիալ է, ինչը համարվում է շեղում, հիվանդություն: Եթե հիվանդություն է համարվում ասոցիալությունը, ապա ցանկացած քիչ թե շատ ստեղծագործ անձ, լինելով ասոցիալ, ինչ որ չափով հիվանդ է: Այդ տիպի անհատը վտանգ չի ներկայացնում «առողջ, բուրժուական» կյանք կառուցող ճարտարապետների համար: Այդ կառուցողների բիխեվիրոիստական լեզվով ասած, «ինքն իր մեջ ամփոփ մարդու վարքը» հանրային վտանգ չի պարունակում: Արդի սատրապը, գաղութային իշխանությունը վտանգ չի տեսնում ինդիվիդուալիզմի մեջ մի պարզ պատճառով, որ այդ դասին այլևս չեն հարում լայն մասսաները: Մասսաններն արդեն ձգտում են առողջ, մանր բուրժուական կյանքի ու միշտ ենթակա են մանիպուլյացիաների: Իսկ ինդիվիդուալիստը մերժում է դա ու ղեկավարելի չի` ըստ իս: Հենց նոր հնչեց ինքն իրեն հակասող երկու միտք: Հնչեց պարադոքս: Ինդիվիդուալիստը մի կողմից ղեկավարելի չէ, մյուս կողմից այդ անկառավարելի տարրը հանրային վտանգ չի ներկայացնում: Հայ իրականության մեջ առավել ևս չի ներկայացնում: Դա ապացուցեց մեր վերջին եվրոպականից երկու հարյուր տարի ուշացած բուրժուադեմոկրատական հեղափոխությունը: Հեղափոխության առաջնորդին ինդիվիդուալիզմի պակասի մեջ չես մեղադրի, սակայն կրիտիկական պահին բարիկադավորվելու փոխարեն առաջարկեց թևերն ոլորել ու տանել: Ահա ձեզ պարադոքսի լուծում ու պատասխան: Հեղափոխության առաջնորդն առաջարկում է կալանավորել իրեն: «Եղիազար Այնթափցին», եթե նստած է մարդու մեջ, ապա անպայմանորեն դա դուրս է գալիս ջրի երես սահմանային վիճակում: Վերջին հայ հեղափոխության ու հեղափոխականի մասին է խոսքս: Հեղափոխությունը  հակադրություն է առաջին հերթին: Ես այն ժամանակ ապստամբության ամենաթեժ պահին գրեցի, որ շարժումն առաջնորդող հարթակի վրայի մարդու տեսակը չի տարբերվում գործող հանցախմբից իր  բովանդակությամբ: Չկա դիմադիր ու ընդդիմադիր օլիգարխ, չկա լավ ու վատ դատախազ, չկա պատերազմի չար ու բարի հանցագործ: Հակադրությունն էլ 2008 թվականի փետրվարին շինծու էր, բուտաֆորիկ: Դատախազը դատախազի դեմ, օլիգարխը օլիգարխի դեմ, պատերազմի հանցագործը պատերազմի հանցագործի դեմ, մինչև վերջ չի գնա: Տեսակը տեսակ է: Իսկ այն տեսակի, որի մասին գրում եմ հիմա` անդերգրաունդի մարդու տեսակի, որը դեմ է վերոնշյալ բոլորին էլ ու որը կգնար մինչև վերջ, պարզվեց` չկա մեր մեջ: Էռնեստո Չէ Գևարա չծնեց հայ հեղափոխությունը: Անդերգրաունդից դուրս բնակչությունը ենթակա է ուղղորդման, կանխատեսելի ու կառավարելի է այդ զանգվածի վարքը: Ինստիտուցիոնալ ողջ համակարգը, ողջ հանրային բուրգը, գագաթին թառած էլիտայով ու դեպի ներքև ձգվող բազմաշերտ դասակարգված հանրային խմբերով ու դասերով բոլորն էլ կառավարելի են: Կհարցնեք, «անկառավարելի'ն որն է»: Անկառավարելի էին 1968 թվականի ֆրանսիական հեղափոխությունը, 1969 թվականի ամերիկյան հիպիական շարժումը իր Վուդ Ստոկի կուլմինացիայով, անկառավարելի էին  անցած դարի վաթսունականններին ֆրի ջազն ստեղծող Օրնետ Քոուլմենի ու Էրիկ Դոլֆիի կատարումները, Մարտին Լյութեր Քինգն ու Ֆրանց Ֆանոնն էին անկառավարելի: Մեր էլիտայի ստրկահենության ու թերզարգացածության մասին գրել եմ, այստեղ կարևոր եմ համարում շեշտել այդ էլիտայի տված սերնդի թյուր արժեհամակարգի մասին: Եվ ֆրանսիական, և ամերիկյան ուսանողական շարժումների կոնտինգենտը աղքատ շերտերից կազմված չէր: Սորբոնում սովորողները աղքատ խավից չէին, Նյու Յորքի կենտրոնական զբոսայգում  հավաքվածներն էլ ունևորի ժառանգներ էին: Սակայն այդ երիտասարդությունը գնաց հայրերի դրած կարգ ու կանոնի դեմ: Իսկ, այ, հայ ունևորի ժառանգը գերադասում է ապրել ծնողի դրած հակամարդկային արժեհամակարգում: Անմարդկայինը հետո ենք տեսնելու մենք, երբ հայ նորահարուստների ժառանգները մեծանան: Չբարիկադավորվեց ուսանողությունը ազատության հրապարակում 2008 թվականի փետրվարին, կքաղի ստրկության իր բաժին պտուղները հետո: Ջահելի երևակայությունն է պակաս, ջահելին առաջնորդող առաջնորդի երևակայությունն է պակաս, հոգևորն է պակաս ու այդ հոգևոր սնանակության մեջ բուն դրած տկար միտքն է պակաս: Այն ժամանակ ու մինչև հիմա էլ հաշվարկներ է անում  կոնգրեսականությունը: Հեղափոխությունը չունի որոշակիություն, հաշվարկ ու էլի նման որակներ: Հեղափոխությունը լինում է մի տեսակի: Խմորվում, խմորվում ու պայթում է: Ըմբոստանում է մարդը չգիտակցվող մի բնազդով: Ու այդ անգիտակցականի անիմացությունն է, որ թույլ չի տալիս բացատրել ու հասկանալ հեղափոխությունների դրդապատճառը մինչև վերջ: Խմորումը չկա մեր մեջ: Հատակի մարդու տեսակը չկա, որ հատակում խմորի մի բան: Մարդու այն տեսակը չունենք, որ ուրբանը դարձնում է ուրբան: Չարլի Փարքեր, Դիզի Գիլեսպի, Մայլս Դևիս, Ջոն Քոլթրեյն: 52-րդ ավենյուի հատակն է Նյու- Յորքին դարձրել քաղաք ոչ թե երկնաքերներում տեր- տիրություն անող օսլայած շապիկով մեծ ու մանր բուրժուան: Առանց անդերգրաունդի քաղաք չի լինում: Նույնիսկ ստանիցան ունի իր հատակային կյանքը, էլ ուր մնաց որ քաղաքը չունենա: Երևանը չունի: Երևանը նույնիսկ ռուսական ամենախուլ ստանիցայի բնակչի ինտելեկտուալ բունտի շնորհը չունի: Բեմի վրա բունտ է բարձրացնում հայազգի արվեստագետը, կուլիսներում իր մեկենասի կերակրող ձեռքն է լիզում: Ապրում է ստրուկի հոգեբանությամբ, ստեղծածն էլ սուտ հոգևոր կերակրանյութ, հոլիվուդյան լայն սպառման կինոնյութի երևանյան սուրրոգատ: Սա է առայժմ Երևան քաղաքատիպ ավանում սարքվող մշակույթը: -    Յան Անդերսոնն է եկել, Ջո Կոկերն է եկել, հայ հարայ, մենք էլ ենք քաղաք, եկեք տեսեք: Հատակի բնակիչը քառասուն հազար դրամ չունի տալու թամաշային, ճիշտը որ ասեմ, ունենա էլ չի տա: Իսկ եթե լինենք ազնիվ, ապա մարդու համար չկա ավելի վիրավորական բան, քան ուշացած երջանկությունը: Ինտերնետը սպանել է այնկողմնային կուռքերի մասին միֆը: Աշխարհը մի կողմում է արդեն, այս կողմում է այն վաղուց իր միաչափության մեջ: Հայաստանաբնակ հայի կրոնն էլ աշխարհի նման միակն է ու միաչափ`փողը: Սպառող մարդը չի հասկանում, որ ինքն առաջ է տանում էլի ինչ որ մի բան, քան հաճույքներ որոնող մարմինն է: Ապրելը միջոց է, ոչ թե նպատակ հայեր: Բանական արարածի քայլքն այն կողմ է ուղղված: «Ինքն իր մեջ կեցությունը» միտված է այն կողմ, արտուղղված է մարդը. միշտ: Մարդու ամենաֆունդամենտալ պահանջմունքը, ամենահիմնավոր իրավունքը դա տրանսցենդենտվելու իրավունքն է: Խրեստոմատիկ, այս փաստը որքան ու ինչ կերպ  պետք է կպչի հայազգի մանր բուրժուայի ու երևանյան քաղքենու քթին, որպեսզի նրանք հասկանան իրենց ապրելակերպի ողջ սնանակությունը: Ցանկացած ռացիոնալիզմ դատապարտված է փոշիացման տևականության մեջ, ժամանակի խոր ձգվածքում, ռացիոնալ է առարկան, բայց ոչ մարդը: Ելքը միակն է, ճանապարհը, եթե ունի հանգրվան ապա այդ վայրի կանոնն ու կարգը, անպայմանորեն իռացիոնալ է, այսինք  հաշվարկների չենթարկվող է` ոչ տրամաբանական: Ոչ մի մարդ նույնիսկ  ամենահարուստները չեն կարող իրենց ուզածով դասավորել իրենց այնկողմնային կյանքը: Նույնիսկ գերհարուստ կապիտալիստն էլ ստրուկ է, սուբլիմացված նույն ստրուկը, քանզի ստրուկությունը որոշվում է ոչ թե հպատակության կամ էլ աշխատանքի ծանրության չափով, այլ կեցության հասարակ գործիքի կարգավիճակի հասցված ստատուսով, որին բերում է մարդուն իրի վիճակը: Եվ այդ վիճակին հասած հայ իշխանավորը պետականի անվան տակ մյուսների վզին է փաթաթում այսօր գաղութաբնակի իր հիվանդ կենսակերպը: Եթե մարդկային մի խումբ իրավունք է վերապահում իրեն ապրել ուրիշի շահագործման ու թալանի հաշվին և դա դնում է հանրային հարաբերությունների հիմքում ու օրինականացնում է, ապա այդ ուրիշի անքակտելի իրավունքն է ըմբոստանալ իր անձի արժանապատվությունը ոտնահարող ստրկացնողի դեմ: Եվ հենց այդ տեղում է, որ ծնվում է քաղաքացիական անհնազանդության կոչ անողի կոչի լեգիտիմությունը:

11 նոյեմբերի 2010 թվական

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter