HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Շուկայի տնօրենն ու տեսչության պետը հերքում են

Մի քանի օր առաջ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ոմն Արմեն Ն. 2010 թվականի նոյեմբերի վերջերից մինչեւ դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի տարբեր գյուղերից գնել է 15 ձի, մորթել ու տավարի մսի փոխարեն Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ փողոցում կիլոգրամը 1500-2000 դրամով վաճառել տարբեր անձանց: Ըստ նույն հաղորդագրության` հիշյալ անձը մի քանի անգամ կգ-ն 1500 դրամով ձիու միս է վաճառել Վանաձորի կենտրոնական շուկայի մսավաճառներից մեկին, որն էլ իր հերթին կգ-ն 1500-2500 դրամով այն վերավաճառել է տարբեր քաղաքացիների: Չսպասելով քննության ավարտին` Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կետրոնի պետ Համլետ Վիրաբյանն ու «Վանաձոր-շուկա» ՍՊԸ-ի տնօրեն Գեւորգ Շահինյանը, երեկ հանդիպելով լրագրողների հետ, հերքեցին Վանաձոր քաղաքում ձիու մսի հնարավոր վաճառքը: «Հերքում եմ, որ շուկայի տարածքում ձիու միս ա վաճառվել,- ասաց շուկայի տնօրեն Գեւորգ Շահինյանը, ապա շարունակեց,- մի կիլո, երկու կիլո ինչ-որ մեկը կարող ա վաճառած ըլնի, բայց, ասենք, մի կես ջանդակ հնարավոր չի: Եթե գլխաքանակի տեսքով լինի, բնական է` աչքից չի վրիպի: Ինչ վերաբերում է կտորներին, այս երկրում ոչինչ բացառել չի կարելի, կարող ա զարտուղի ճանապարհներով մի կտոր վաճառած լինեն»: «15 ձի բացառվում ա շուկայի տարածք մտնի. միանշանակ եմ հերքում: Թե հիմի փողոցի որ անկյունում ա վաճառվել, չգիտեմ»,- ավելացրեց շուկայի տնօրենը: Գեւորգ Շահինյանն օգնության «ձեռք մեկնեց» նաեւ տեսչության պետին. «Շուկայում չի կարող նման բան լինել: Էս մարդիկ էլ ամբողջ քաղաքի տարածքը ոնց վերահսկեն, որ ամեն անկյունը կարողանան իրանց աչքի տակ պահեն»: Համլետ Վիրաբյանն էլ բացառեց ամբողջ քաղաքում ձիու մսի վաճառքը. «Ես հերքում եմ, որ պարբերաբար նոյեմբեր-դեկտեմբերին վաճառել ա: Դեկտեմբերի 23-ից քաղաքապետարանի կողմից եղել ա մսամթերքի բաց վաճառք, տեղ ա հատկացվել առեւտրի համար, բայց վերահսկողություն ենք իրականացրել: Ստուգման արդյունքում ձիու միս չի հայտնաբերվել: Թե քաղաքի տարբեր անկյուններում հաջողացրած լինի… »: Հ. Վիրաբյանը մասնակիորեն հերքեց նաեւ դեպքի վերաբերյալ ոստիկանության պաշտոնական տեղեկատվությունը. «Հնարավոր չի` նրա ասած քանակի միսն էդ օրերի ընթացքում վաճառվեր: Նաղդի նշել են 15 ձի, 13-ն ա մորթվել, 2-ը ժիվոյ են, կենդանի կանգնած են»: Նաեւ հայտնեց. «Ըստ ինձ հայտնի տվյալների` միսն իրացվել ա ոսկրազատված վիճակում»: Շուկայի տնօրենի փոխանցմամբ` շուկայում մսամթերք վաճառողները հաստիքային աշխատողներ են. կայուն աշխատավարձ են ստանում` անկախ վաճառած մսամթերքի քանակից: Գեւորգ Շահինյանը չի ուզում հավատալ, որ ձիու միսն իր աշխատակիցների միջոցով է իրացվել: Հաստատում է, որ խոսել է շուկայի մսավաճառների եւ մյուս աշխատակիցների հետ` անասնաբույժի, տեսուչի եւ, նրա խոսքով, աշխատակիցները բոլորն էլ ժխտում են, որ շուկայի տարածքում ձիու միս է վաճառվել: Սակայն Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Սասուն Մխիթարյանը, ով այժմ զբաղվում է դեպքի քննությամբ, հաստատեց, որ ձիու մսի վաճառքով զբաղված անձը` Արմեն Ն.-ն, տվել է կենտրոնական շուկայի մսավաճառի անունը: Նախաքննության ավարտին նրա անունը հայտնի կդառնա նաեւ շուկայի տնօրենին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter