HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Կիվի թռչունը

Ամեն ինչից կարելի է զրկել կենդանի արարածին, բացի ազատության նրա բնածին իրավունքից: Կիվի թռչուն

«Որպեսզի ենթարկվեն քեզ, դու ինքդ պետք է ենթարկվես»: Այս կարգախոսով ՀՀ երրորդ նախագահը եկավ իշխանության: Այդ կարգախոսի տակ արդեն երեք տարի է` ենթարկելու ու ենթարկվելու հակումներով տասնյակ հազարավոր մարդիկ խտացնում են ՕԵԿ, ԲՀԿ ու ՀՀԿ շարքերը:

Եվ կարծես թե գտնվել է շատերին բավարարող ու հայ մարդու ներքինին հարիր հայրենաշինության մեթոդիկան: Ինձ համար զարմանալի է, երբ բացարձակ ստրկաբարո նման մի վայրում, որտեղ վանդակաճաղերի հետեւում փակված քաղաքական կալանավորը ռեժիմով իր «բալանդան» է ստանում, իսկ առյուծը` իր 12 կգ թարմ միսը, ընդդիմադիր հրապարակախոսական բանահյուսությունը կարողանում է դինամիկա, զարգացումներ ու առաջընթաց տեսնել: Որտե՞ղ են տեսնում այդ հեղափոխության ալիքը մեր հեղափոխականները, երբ հանրային կյանքն առաջ տանող լոկոմոտիվի եւ ավանգարդում, եւ արերգարդում նույն ուժերն են` առաջատարում`  իրենց քարթու ազատականությամբ, հետնապահում` ուլտրաձախ նեոբոլշեւիզմով, իսկ միջնամասում` աներեր նստած, հայացքն այս ու այն կողմ տարուբերող, իր չեզոքությունը փայփայող քաղքենիով: Սա է հայաստանյան նախահեղափոխական կոչվող իրավիճակի գեղարվեստականացված նկարագիրը: Գուցե պարապ հանրահավաքնե՞րն են նախահեղափոխական վիճակի պատրանք ստեղծում: Չգիտեմ: Փողոց հանող կոչերով մեր առաջնորդներն ուզում են հավատացնել մեզ` շարքային շահագործվողներիս, որ եւ իրենք, եւ մենք նույն տեսակից ենք, ու փոխվել է միմյանց նկատմամբ մեր վերաբերմունքը: Ունեցվածքի հայտարարագրում են առաջարկում քսան տարի անց: Ներկա աշխարհակարգն իր սակրալ էությամբ հարմարեցված է շահագործողին. հետեւաբար, այն չի կարող մեր երկրում լինել այլ, քան ամենուր է: Աստծո փոխանորդ հայ բարձր հոգեւորականն ինքն իր վարքով մետաֆիզիկական հնչեղության հասցրեց ունեւոր-չունեւոր տարանջատումը: Ես հավատացյալ չեմ այդ բառի կիրառական իմաստով, ոչ էլ փորձել եմ աստվածաշնչյան պատվիրաններով ուղղորդվել` ի սկզբանե դա համարելով անհնարին: Հիշել Բարձրյալին ինձ ստիպում է սահմանային վիճակը, իմ հոտի հովվի վարքը նաեւ: Եթե հոգեւոր առաջնորդը որոշել է «Բենթլի»-ով բռնել երկնքին տանող ճանապարհը, ապա մենք` նրան հավատացողներս, նախքան փողոց դուրս գալը պետք է ճանապարհի անցման փոխադրամիջոցի մեր ճարը տեսնենք: Չունեւորներ, երկինք տանող ճանապարհից առաջ մտածեք շքեղ մեքենա ունենալու մասին: Այ ձեզ կարգախոս, հեղափոխականներ: Քաղաքացիական ֆորում ստեղծելու մասին ես գրել եմ դեռ 2008 թ. փետրվարին: Հիմա նոր են ասում. «Ֆորում»... Երեք տարի հետո, երեք տարի ուշացած, երեք տարի մաշված ու հոգնած: Իմ պատկերացրած ֆորումը «հայտարարագրությունով» չէր զբաղվելու: Շատ ավելի արմատական գույքագրում էի նախատեսում ես երեք տարի առաջ: Ցավոտ: Միտինգային պրակտիկան ոչ մի արդյունքի չի բերելու: Եթե ուզում են նոր բախմամբ վարկաբեկել այս իշխանություններին` նրանց հերթական բռնություններ պարտադրելով, ապա դրա կարիքը չունի քաղաքացին: Նրա համար լիովին պարզ են նորանկախ Հայաստանի իշխանավորի նկարագիրն ու նպատակները: Նա կմտնի շարժման մեջ միայն այն ժամանակ, երբ կհասունանա քաղաքացիական համաձայնություն կնքելու պահը. երբ մարդը մարդու հետ, հրապարակախոսը հրապարակախոսի հետ, սեփականատերը սեփականատիրոջ հետ կենսակերպի համընդհանուր նորմերի շարադրման խնդիր կառաջադրեն: Այդպիսի մի ձախողված փորձ մենք ունեցանք անցած դարի իննսունականների սկզբին` նորանկախության մեր առաջին տարիներին, երբ չարաչար ձեւով շահագործվեց շարքային մարդու վստահության քվեն: Նման խաբկանք ու հիասթափություն մարդն իրեն կարող է թույլ տալ կյանքում մեկ անգամ: Մի անգամ խաբված մարդու համար ավելի ընդունելի է ստրկացնող սուտը, քան ազատության կոչ անող սուտ մարգարեն: Հարցադրում են անում, թե ինչ կասի կամ կանի ԼՏՊ-ն մարտի 17-ին: Անձամբ ինձ` որպես մենեջերական աշխատանքով ապրող մարդու, դա չի հետաքրքրում: Մի փոքր հետաքրքրում է միայն այն, թե երբ առաջնորդական հարթակ կբարձրանա աշխատանքով զբաղված շարքային մարդը եւ իր ձեռքը կվերցնի համաժողովրդական շարժման հեգեմոնիան: Եվ այդ հեգեմոնի դասային որակներով մենք վերջապես կկարողանանք անուն տալ 2008 թ. փետրվարին սկսված հեղափոխությանը: Սպասում եմ, որ գուցե մենք ականատեսը դառնանք զարմանալի մետամորֆոզների, ու թռչել չիմացողը սկսի թռչել: Հենց այնպես չեմ հիշատակում թեւավորներին: Աննախադեպ կերպարանափոխության օրինակ է կիվի թռչունը: Նա չունի թեւեր: Թռչելու բնածին հատկության այդ կորուստն է, որ նրան բարձրացրել ու հասցրել է կաթնասունների պատվավոր դասին: Բնօրինակից այդ շեղումն է, որ ընդհանրապես մղում է կենդանի արարածին հուսահատ ու վերջին քայլի:

Դոնի Պերմեդիի անիմացիոն ֆիլմը կիվի թռչունի մասին է, որը երազում է թռչել: Իր ծննդյան օրը կիվին որոշում է իրականացնել իր երազանքը: Նա ծառերը տեղադրում է բարձր ուղղահայաց ժայռի վրա եւ ամրացնում դրանք մեխերով: Նայում է բարձունքից ու հրճվանքից ծափ է տալիս ոտնաթաթերով: Դրանից հետո նա ցած է նետվում ու թռչում է ծառերի կատարների վրայով, ինչպես թռչող թռչունը: Նրա աչքերը լցվում են արտասուքով, ոչ այն է` սլացքից, ոչ այն է` երջանկությունից: Իր ազատ անկման մեջ նա անհետանում է անդունդի խորքում, մշուշի մեջ:

Հ.Գ. Լավատեսական այս պատմության մեջ տխուրը, թերեւս, միայն այն է, որ կիվի թռչունը թեւեր չունի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter