HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Ազատությունների մեծ խարտիան

Նախորդ հոդվածում մենք ճշտեցինք մարդու տեղն իրավիճակում: Դրա հետ միասին էլ պարզեցինք, որ մեզանից յուրաքանչյուրը հայտնվել է որոգայթում:

Այդ կերպ մենք հասանք մի ճանաչման, ինչը հնարավորություն ընձեռեց տեսնել նախնական ռեալականությունը, քանի որ դրանից են սկիզբ առնում ու ծագում մնացած բոլոր ռեալականությունները:


Փակուղում գտնվող մարդը բացում է իր համար այն ճշմարտությունը, որ ինքը միայնակ է: Միայնակ անձանց համախումբն էլ կազմում է շրջակա միջավայրն ու աշխարհը: Միայնակությունը եզակիությունը չի, մեկուսացված ինդիվիդումը չի: Միայնակն ակնկալում է երկրորդի առկայությունը, որն էլ շատ միայնակների առկայության պայմաններում դառնում է հավաքականություն: Այդ միայնակ անհատների առաջ փակուղային վիճակը դնում է գնահատման ու ճանաչողության խնդիրներ:
Իրապես, ամենավերջին պարզ հաշվով` մարդկային կյանքը ներքին մասնավոր կյանքն է, հետևաբար նաև անձնական կյանքն է:

Կյանքի էությունն այն է, որ մարդն իր համար անհասկանալի կերպով ստիպված է անել բաներ, ինչը նրան փրկում է ոչնչացումից: Որոշակի հանգամանքներում նա պիտի անընդհատ գործի` հաշվի առնելով այդ հանգամանքները:

Հանգամանքները ստիպում են գործել. փակուղային վիճակը ստիպում է ելքեր փնտրել: Այդ իմաստով փակուղային վիճակը հավերժական խաչմերուկ է, անընդհատ ընտրանք ու կասկած է: Ամեն պահ մենք ստիպված ենք ընտրել ու հաջորդ վայրկյանի անելիքը պարզել: Այս իմաստով յուրաքանչյուրը կանգնում է քայլի ընտրության առաջ, ինչն էլ լարված սահմանային կազմակերպվածություն ու ճշգրտություն է պահանջում:

Եվ ամենից կարևորը` այդ քայլը յուրաքանչյուր մարդ պիտի ինքը կատարի, յուրաքանչյուրն ինքն է տանում վերահաս ցավն ու դառնությունը: Դրա համար էլ բարձր է պատասխանատվության զգացումն ինքն իր նկատմամբ: Այս իմաստով յուրաքանչյուրն ուզում է տեսնել իր արարքի պարզ իմաստը` դա լինի սիրո մեջ, պայքարի մեջ, մտքերում կամ էլ զգացմունքներում: Կարճ խոսքով` անհատից պահանջվում է ծայրահեղ ճշմարտացիություն ու պատասխանատվություն առաջին հերթին սեփական անձի նկատմամբ: Մի կարեւոր հանգամանք էլ ճշտենք մեր հետագա ասելիքն օգտակար դարձնելու համար: Միջավայրը, որում հայտնվել ենք մենք (այստեղ մենք ասելով` ես նկատի ունեմ անձերից կազմված հավաքականությունը), կարող է լինել մարդկային կամ էլ հակամարդկային: Միջավայրի այս երկու վիճակները գոնե ենթադրենք առայժմ: Վիճակի գնահատման նման դրվածքը հետագայում մեզ պետք է գալու քայլի ճշմարտացիությունը մեկնաբանելու իմաստով: Քանի դեռ միջավայրի գնահատականն անպարզ է, մտքի մեջ պահենք դրա հակամարդկային լինելու վարկածը նաև: Եվ որպես առկա փաստ ընդունենք, որ իրականություն է եւ' մեր ներուղղված փակ գոյությունը, եւ' արտաքին աշխարհի գոյությունը: Իսկ այդ առկա գոյերը առայժմ չանվանենք թշնամի:

Մենք գտնվում ենք փակ սֆերայում, որն իր փակության մեջ ինքնըստինքյան անընդհատ է նաև: Այս փակ անընդհատությունն էլ առաջիկայում դառնալու է մեր բնակատեղին, ինչն ավելի լայն իմաստով կոչվում է Հայրենիք: Անցյալ հոդվածում մենք տեսանք, որ փակուղում հայտնված առաջին միտքն իրականությունից դեպի սեփական ներաշխարհ փախչելն էր: Կարճ տեւականության մեջ հաջորդ միտքը լինում է փախուստ տվյալ աշխարհագրական տարածքից: 

Սկզբից թվում է, թե փախուստի դուռը բացվում է դեպի անէություն, բացվում է դեպի «ոչ մի տեղ»: Նման միտքն առաջացնում է շոկային վիճակ: Շոկային վիճակից թելադրվում է երկու ելք` ետդարձ դեպի փակ սֆերա, որ նույնն է` ստրկություն, կամ էլ փախուստ դեպի դուրս` անէություն:

Այս պահին, վերոնշյալ երկընտրանքի մեջ, ես եւ իմ տեսակն առայժմ ենթարկվում ենք բարոյական ու հարկային հետապնդումների: Ես գրել եմ ամենօրյա հանրաքվեի մասին: Ես ասել եմ, որ ազգը պիտի արթնանա ու լինի հաղորդակցման մեջ ամեն օր: Ամենօրյա հոգսի տակ ծռված մարդը պիտի լինի ամենօրյա հանրաքվեի նյութը: Պետք չի հեռու գնալ, սահմանադրական դատարաններ պետք չեն մեզ: Ամենօրյա անարդարությունները, պարզ կենցաղային իշխանական սուտը պիտի դնենք հեգեմոնի առավոտյան սեղանին: Իշխանավորը ընչազուրկի, հարստահարվածի, ճնշվածի հետ պիտի նստի ու վեր կենա իր նախաճաշին: Հայ էլիտան կամ պիտի մաքրվի ու ազնվանա կամ էլ ամենուրեք պիտի ապրի անհարգի ու օտարացված: Սա պիտի լինի հայ հավաքականության ամենօրյա խնդիրը: Այս միտքը բխում է մեր ներկա վիճակից, մեր` որոգայթում հայտնված լինելու վիճակից: 

Որոգայթում ուրիշն ուրիշ է, որոգայթում բոլորս ուրիշ ենք: Փակուղում միայնակությունն ու օտարացումն օնթոլոգիկ է: Փակուղում հայտնված միայնակ անհատների համար այնկողմնային ու անթշնամի է պայքարը Փակուղում, այո, ամեն մեկն իր պատասխանատուն է: Մայր Հայրենիքում ամեն մեկն իր գլխի ճարն է տեսնում այս պահին: Փակուղում ապրող մարդը մտածում է, որ գոյատեւի, որոգայթում մարդը չի ապրում, որ մտածի, որոգայթում մարդը լարված ու անքուն մտածում է, որ մի կերպ գոյատեւի: Միաբան ու միասին այսօր պետական մամլիչի պտուտակները ձեռքներին մարդիկ են միայն: Նրանք էլ ի դեպ մտածում են գոյատեւման համար: Հեգեմոնի կյանքն էլ հեշտ չի հիմա: Հեգեմոնը արտաքին մարտահրավերների ու հավաքական ճակատագրի պատասխանատուն է: Պետության կենսունակության ու գոյատևման խնդիրների պատասխանատուն պետական իշխանավորի դերն ստանձնած հեգեմոնն է: Այս մասին ես շատ մանրամասն եմ խոսել իմ նախորդ հոդվածներում: Բազմիցս եմ ասել, որ միայն եկամուտ հաշվելը չի հայ մեծահարուստի դերը: Եվ հիմա էլ մի կարճ պարբերությամբ ուզում եմ տալ մեր իրականության պրոյեկցիան, որը վերաբերում է վերից վար` բացառապես բոլորիս:

Առարկայի տեսանելի` առաջին պլանում զոհն է, ետևի չերեւացող պլանում վտանգն է, իսկ հեռվում` հորիզոնի բաժանարար գծից այն կողմ, փրկությունն ու ազատությունն է:

Սա է հեռանկարն ու հորիզոնը: Սա է մեր ներկա իրականության ճշմարտանման պատկերը: Տեսանկյունն այդպիսին է փակ տարածքում: Այս է մեզ շրջապատող աշխարհը: Իրականության գնահատականը կարեւորում եմ մեր հետագա զրույցի տրամաբանության ընկալումների առումով: Մի անգամ էլ եմ ուզում կրկնել, որ ասելիքս ամենալսելի ձևով ուղղում եմ հեգեմոնին:

Այսուհետեւ շատ երկար է մնալու այս հոգեվիճակը, այս ռեալականությունը: Այն ճանաչելով` փորձենք լսել ու հաղորդակցվել: Այս վերջին մի քանի պարբերությունը ես ուղղեցի առավելապես հասարակական կյանքի վրա ռեալ լծակներ ունեցող շերտերին` սփյուռքի մեր հայրենակիցներին, մեր ունեւոր դասին, ռեալ իշխանություն ունեցող անձանց` մտածելով, որ նրանք, շարքային քաղաքացու հոգսին անմասն, իրենց կոչերով ու բարոյախոսությամբ ավելի չեն բարդացնի փակուղում ապրողի վիճակը: Ինչպես կուզեք ընդունեք իմ այս հղումը:

Սե՞ր... Միգուցե, երեւի թե սիրո, հուսահատության, հույսի նման մի զգացում էլ կա իմ հղման մեջ: Օտարացված վիճակում ապրող մարդու զգացումն ու ապրումն էլ է տարափոխվում, ավաղ: Բոլոր դեպքերում, փորձենք սիրելու ուժ էլ գտնել մեր մեջ: Ճիշտը որ ասեմ, ատելություն չկա իշխանավորի ու հարուստի մեջ իր քաղաքացու նկատմամբ: Կա անտարբեր դաժանություն, կա արհամարհանք, կա ծայրահեղ ինքնավստահ վերաբերմունք, ցինիզմ կա նաեւ: Ցինիզմը երկու կենսաղբյուր ունի: Այն բխում է շատ իմացությունից կամ էլ անիմացությունից: Անկախ իր ծագումից` երկու դեպքում էլ այն ժպտադեմ է: Սառն ու անտարբեր ժպիտով գործի է դրված պետական մսաղացը: Իրերի մակերեսային իմ այս վերլուծականով ուզում եմ մատչելի դարձնել իմ տեսակին մեր հավաքական խնդիրները: Ասելիքս մի բառով երևի թե բերի նրան, որ յուրաքանչյուրս մեր արթնացման հետ պիտի ապրենք նաև մյուսի հոգսով:

Մարդը մարդուն` օգուտ

Ես կառաջարկեի այս կարգախոսը մեր օրերի համար: Հանրային կյանքի կառույցի նախագծի հիմքում պիտի դրվի որոգայթում հայտնված մարդը: Հետագայում ես էլի գաղափարներ կշարադրեմ, որոնք ծնվում են անկյուն մղված բանական կենդանու ուղեղում: Այսօր մենք ունենք հացադուլ սկսած անձինք: Ես գրելու եմ հացադուլի մասին: Ասեմ, որ հացադուլը շատ պատասխանատու քայլ է, ինչ-որ իմաստով նաև ոչ անձնական: Հացադուլի մասին իմ վերլուծականը մի գուցե օգնի նրանց: Առայժմ կոչ կանեմ իմ հայրենակիցներին դադարեցնել քաղց պահելը: Իսկ այս հոդվածն ուզում եմ ավարտել պատմական մի էքսկուրսով: Մի նկարի պատմությամբ ցանկանում եմ լուսաբանել այս հոդվածի վերնագրի ծագման պատմական աղբյուրը:

Պատմություն

Նկարում պատմական այն պահն է, երբ Անգլիայի թագավոր Հովհաննես Անհողը ստորագրում է մի փաստաթուղթ, որը տարբեր խմբագրումներով, ի վերջո, կոչվել է «Ազատությունների մեծ խարտիա», եւ ինչը հետագայում հիմք է հանդիսացել Մեծ Բրիտանիայի սահմանադրության դրույթների համար:

Ազատությունների մեծ խարտիան պայքարի արդյունք է: Այն հանդիսանում է թագավորի նկատմամբ բարոնների, ասպետների ու քաղաքացիների ապստամբության հաղթանակի արգասիք:

Քաղաքացիների պայքարը ծանր հարկերի ու չինովնիկական կամայականությունների նկատմամբ ավարտվեց թագավորի կապիտուլյացիայով: Այդ փաստաթղթով թագավորը պայմանագիր է կապում ընդդիմության հետ:

Եվ դա կատարվել է հեռավոր 1215 թվականին… մոտ ութ հարյուր տարի առաջ…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter