HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Արշիլ Գորկին որպես հոգեւոր էթնոհամակարգ

Ես խելագար չեմ, իմ դժբախտությունը կայանում է նրանում, որ ոգիս մարմնիցս անջատ ապրում է իմ Հայրենիքում…»           
Արշիլ Գորկի

Միանգամից պետք է ընդունել այն ռեալությունը, որ իմ այս կցկտուր ու կարճ մի քանի երկէջանոց հոդվածներով հնարավոր չէ սինթեզել համազգային կառույցի  բաղադրիչների համախումբը:

Գալով հակառակից առավել եւս միամտություն կլիներ կարծել, թե նման կարճ մի քանի պարագրաֆով հնարավոր է կատարել հավաքականության հոգեւոր ամբողջականության բաղդատումը: 

Վերոնշյալ ենթադրությանը ինձ բերել է այն փաստը, որ հոգեւոր ասíածը մեկը պատկերացնում է որպես վերացական, մարդուց կտրված, նոոսֆերայում ծվարած մետաֆիզիկ ինստիտուցիոնալ հիերարխիկ մի կառույց, մյուսի համար հոգեւորը իր մոլբերտը կամ էլ նոտագրության տետրն է, երրորդի ու չորրոդի համար` մոմախանձ եկեղեցու պատն է ու խաղողի վազով նախշազարդված իր նախնու գերեզմանքարը: Անշուշտ, մարդն էլ կա այդ հոգեւորում, իր առօրյա հոգս ու ցավով, ոչ որպես կրող, կամ էլ իր ստեղծած մշակույթով որպես ժամանակները կապող միջնորդ, այլ որպես ժամանակն ամբողջացնող` միս ու արյունից կազմված համակարգ:

Բնաբան հեղինակը հայ ստեղծագործողն է` «Գութանի երգը» կտավի հեղինակը: Գութանով վար անողը վարը չի անում հանուն գութանավարության: Նպատակը ցանքսն է: Մարդը գութանի երգ չի նկարում գեղանկար ստեղծելու համար:

«Գութանի երգը» կտավը նկարիչ-մարդու, ստեղծագործ-անհատի ապրումի գեղարվեստական դրսեւորումն է:

Այս հոդվածաշարի ավարտին ես շարադրելու եմ հավաքական հեռանկարի մասին ունեցած իմ պատկերացումները: Առաջ ընկնելով ու հաղթահարելով գրագողության գայթակղությունս գերմանացի մտածողի «Միջգյուղյա ճանապարհին արված զրույցից» մի մեջբերումով պիտի փորձեմ համեմել հավաքականության հոգեւորի ու նրա հեռանկարի մասին ասելիքս: Հայդեգերը ենթադրում է, որ «…հորիզոնը էլի մի բան է, բացի այն, որ նա հորիզոն է»: Արշիլ Գորկու «Գութանի երգը» կտավը էլի մի բան է, բացի այն, որ գեղանկար է:

Սեպտեմբերյան բախումներից առաջ դեռ պետք է խոսել ազգային նախագծի մասին: Հիմա մենք տնտղում ենք այդ նախագծի հիմքում ընկած մարդու հոգեւորը ձեւավորող ատրիբուտիկան: Կատարվելիք քայլից առաջ մենք պիտի փորձենք ըմբռնել մեր պատրաստվածության չափը` մարդկայինի մեր պարունողականությունը: Ես ուզում եմ անհատ-հասարակություն, իշխանություն-քաղաքացի դիապազոնում ավելի ուսուցանող ու մեր բնատիպին հատուկ մի օրինակ բերել:

Հայ գյուղացի մի մարդ Մարցաջրով գետանցում էր կատարում էշին նստած:

Հպարտ, ժամանակի հեռվի մեջ թափանցող հայացքով ճոճվում էր նա մինչեւ վերջ էշին բարձված դեզի ծայրին բազմած: Կենդանին գետաքարերի մեջ երերալով ոտատեղ էր փնտրում մյուս քայլն անելու համար: Էշը լարված ու համառորեն մաքառում էր գետանցման պահին` ձգված պիրկ, որպես լար պողպատե: Ես այս դեպքը հիշեցի, քանի որ այդ լարումն ու ձգվածքը տարել եմ ինձ հետ տարիների միջով: Ականատեսի իմ ապրումը ես կմեկնաբանեմ ասելիքիս ամենավերջում, գուցե նույնիսկ մյուս հոդվածում: Անլեզու հայվանը անբառ իր գործն էր անում, տիրոջն ու տիրոջ բեռն էր կրում իր վրա: Մենք էլ մեր ժամանակն ենք կրում: Մարդը, էշը, էշատերը: Բոլորս միասին…

Թվում է, թե ես շեղվեցի գութանի մասին իմ պատումից ու հավաքականության հոգեւորի մասին իմ նախնական նպատակից: Թվում է, թե շեղվեցի: Իրավիճակն եմ փորձում ներսից տեսնել ու տալ…:

Լավ օրից չի օտարության մեջ ապրող մարդը «Գութանի երգ» նկարել: Օտարության մեջ մարդը երազում է սուր ու խորը: Թափ է առնում նիրհող միտքը փորը վառող գետաքարից ու, բոկոտն մանկության թեւին նստած, սավառնում է անծանոթ բնապատկերի վրա: Անկաշկանդ, տաք ու անհոգ: Հոգսը, կոկորդը քերող հուշը տուն է վերադարձնում նրան, թանձր լեղաբաժին է դնում, կարճ ակնթարթ հանգրվանած երջանկության լեզվատակին:

Նման ապրումի ավանդույթով է ձեւավորվել հայÁ հոգեւոր տեւականության մեջ:
Հեռու ապրածում լայնանում ու ձգվում է Հայրենիքի սահմանը՝ գութանի երգով, գութանի երգում…:
Մայր, կին, երեխա, ընկեր, տուն, գետ, ձոր…

Ու որքան տեղ կա, որքան տեղավորվում է մարդու չափը, այդքան բացում, տեղավորում է այդ ամենն իր մեջ: Կարոտն է չափանիշը՝ հարթ ու դեղին: Ֆիզիկականի սահմանն անընդհատ ընդլայնող կարոտի մասին եմ խոսում ես հիմա: Հայ հոգեւորն ամենուր է: Հայ հոգեւորը հայի հետ է՝ ամեն տեղ՝ աշխարհասփյուռ:

Այս ու այն կողմ հազարավոր կիլոմետրերի ձգվածք ունի կարոտի երկարությունը, ինքնաթիռով, երկաթգծով, մեքենայով…ոտքով, միեւնույն է՝ ուղղագիծ, խեղդող տտիպ: Թռչում է միտքը, պտտվում ու գալիս է նույն ելակետին:

Սեղմում է բնածին, ինքնածին ներուժով: Հեշտ է մտքի գործը: Կգնա, կպտտվի, ետ կգա: Նրա տարածն ու բերածը մերսելն է դժվար: Այդ կերպ է հղկվում, թրծվում ու մարդանում մարդը:

Թափառող մտք փակուղներում, ելք որոնման փնտրտուք մե սրտը նեղվում է, հետո՝ լայնանում: Մարդկային սրտի այդ բաբախման մեջ եմ տեսնում ես հայերին միավորող հոգեւորը:

Հայազգի ստեղծագործողների այլ անուններ չեմ տալու: Նույն «Գութանի երգի» ռեգիստրի մեջ ենք բոլորս, նույն սրտխփոցի ամպլիտուդում ենք արարվում մենք: Այդ խփոցի ռեզոնանսով է ինձ ներկայանում մեր հավաքական հոգեւորը: ՀայրենիքÁ սկսում է հայրենակցի սրտի խփոցից ու ավարտվում է մի այլ հայի սրտի մեջ: Նմանակի նկատմամբ վերաբերմունքը ի նկատի ունեմ այս պարագայում: Չբարձող ու չբարձվող իմ տեսակն ի նկատի ունեմ ես հիմա:

Եվ իմ ասելիք խնդիր ու նպատակ ունի իջեցնել էշից էշատիրոջը` անխիղճ, անդաստիարակ տիրոջը: Ամերիկահայ նկարիչը հայազգի հավաքականության մի մասնիկն է: Նույն մեծ ջրավազանի մի կաթիլը: Սեպտեմբերին մենք բոլորս գալու ու լցվելու ենք մեր ավազանի մեջ:

«Հետքի» համար գրված «Հանրաքվե հանրաքվեից հետո» հոդվածում գրել եմ հետեւյալը. «Ազգը չի լինում պատրաստի, նա կամ անընդհատ ստեղծվում է, կամ էլ քայքայվում: Նա կամ կողմնակիցներ է ձեռք բերում հանձինս իր քաղաքացիների, կամ էլ կորցնում է նրանց: Կամ մտնում է վաղվա օր, կամ էլ մնում է անցյալում: Ամենօրյա հանրաքվեով հավաքականությունը հաստատում է իր ապրելու ժամանակը: Տրոհված ժամանակի ամբողջականությունը այն լցվածությունն է, այն հագեցվածությունն է, որում և որով հավաքականությունն իրացնում է իր կամքը: Այդ կամքի արտահայտման մեխանիզմը համաժողովրդական հանրաքվեն է, եւ ամենօրյա հանրաքվեով պիտի հաստատվի այդ կամքը»: Եվ մի պահ կտրվելով մարդու մասին մեր խորհից գանք մեր իրականությանը: Գանք այսօրվան ու գալիք վաղվա մեր օրվան: Գանք նմանակի հանդեպ ունենալիք մեր պարտք ու պատասխանատվությանը: Գանք նրան, ինչի վրա պիտի հենվի ապագայի մեր կառույցը: Եվ հուսանք, որ մարդկային անտակ կարոտի մասին պատմող «Գութանի երգը» թափանցիկ կտավի միջով այս անգամ միասին կկտրենք…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter