HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Երբ գալիս է սեպտեմբերը

«Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան»:   
Ակսել Բակունց


Պետեկամուտների կոմիտեի ղեկավար աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ երկրի նախագահը պրոանդրոպովյան էքստերյերի տակ փորձում էր թաքցնել մեռնող համակարգի ներքին փտածությունը:

Երկրի ղեկավարը փաստացիորեն բացահայտեց իշխող կոալիցիայի անզորությունը: Անտուրաժի դեր կատարող հարկահաններով ու մաքսավորներով լեփ-լեցուն դահլիճի առաջնամասում տեղավորված վարչապետը մտքի մեջ ամրագրում էր վաղվա անելիքը: Երեւի մտածում էր Ղեկավարի դիտողությունների լույսի ներքո մոտ ապագայում  գործի դնել պետական մամլիչը եւ հարկային տեռորի միջոցով լռեցնել քաղաքացուն: Համաժողովրդական շարժման սեպտեմբերյան նոր ալիքից վախեցած եւ տարածաշրջանային լարումները որպես շանտաժ օգտագործելով` այսօրվա իշխանությունները բռնել են սեփական քաղաքացիներին ահաբեկելու կուրս: Անհատ ձեռներեցը կատարելապես մերկ ու անպաշտպան կանգնած է մի նոր արհավիրքի առաջ: Շատ շուտով քաղաքացիների հարստահարումը կտա մի նոր գալար, քանզի Բարձր դռան թույլտվությամբ թիրախ ընտրվեց իր օրվա հացը քրտինքով վաստակող անհատ ձեռներեցը: 


Եւ հիմա դարս-դարս վեր հանելով փետրվարից այս կողմ անցած օրերի ընթացքում կատարվածը` ինձ համար էլ ուրվագծվեց իմ այս վերջին ասելիքի մոտիվը:

Ես ինձ հաճախ եմ տվել այն հարցը, թե ի՞նչ կլիներ, եթե չլիներ փետրվարյան հուժկու շարժումը ու դրա շարունակությունը հանդիսացող մեր ժողովրդի մի մասի ներկա աննկուն պայքարը:

Իշխանավորը «ոչ յուրային» անհատ ձեռներեցին, ժողովրդի լեզվով ասած, «հում-հում կուտեր»: Եվ հարցական երանգով մի ձայն էլ շատ մեղմ միշտ հնչել է իմ մեջ վերջին ամիսների ընթացքում: Որքանո՞վ է բարոյական թաքնվել կալանավորվածի, տուժածի թիկունքում ու անվտանգ ապրել անձնապաստան կաղապարի մեջ: Այդ հարցը հնչեցնում եմ հիմա բարձրաձայն: Որքա՞ն ժամանակ են համաժողովրդական շարժման վահանի ետեւում պատսպարված փոքր ու միջին գործարարները գլուխ պահելու ու յոլա գնալու իրենց հայրենակցի ազատութան հաշվին: Կրկնում եմ` ազատազրկվածները չլինեին` մեզ ուտելու էր այս իշխանությունը: Հիմա են ուտում, ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ կանեին, եթե պայքարող չլիներ… 

Որպեսզի ասելիքս մերկապարանոց չհնչի, բերեմ օգոստոսյան վերջին մի օրինակ: Մայրաքաղաքի Մաշտոցի շրջանի հարկային տեսչությունը, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, անհատ ձեռներեցներին բաժանել է երկու խմբի` «յուրայինների», որոնք հաշվիչ դրամարկղային մեքենաներ չունեն էլ, եւ «օտարների», որոնք հարկային մարմինների տեսադաշտի կիզակետում են և որոնց վրա սիստեմատիկ ակտեր են գրվում նույն ՀԴՄ-ի օգտագործման կարգը խախտելու համար: Աշխարհից կտրված «Աջափնյակ-մաշտոցյան թագավորությունում» այս պահին տեր-տնօրեն են ինքնահռչակ «պիրատները»: Ու երբ քաղաքացին մատնացույց է անում իր կողքի, օրենքից բարձր կանգնած «թավադին», հարկային տեսուչի բերանից հնչում է «Դու քո փոխարեն պատասխան տուր» քննության ոչ ենթակա ցինիկ փաստարկը: Ի՞նչ է մնում այս դեպքում անել իմ հայրենակից անհատ ձեռներեցին: Որպես երկրի նախագահի ակնարկի թափանցիկ արձագանք` պետությունը ներկայացնող շրջանային հարկային տեսուչն է նրան հուշում գնալ դեպի համաժողովրդական շարժում: Ի՞նչ մի այդպիսի բարդ բան էր ասում երկրի նախագահը հարկահանների ու մաքսավորների ակտիվի ժողովում, որ չէին հասկանում նրան ենթակաները: Պահանջում էր հարկային ճնշումները էլի՞ մեծացնել շարքային քաղաքացու նկատմամբ: Այդպես հասկացվեց, այդպես հասկացավ շրջանային ենթական: Էլի՞ սպասենք, մինչեւ անհասկացող ստորադասին «ճիշտ» տեղ հասնի ղեկավարի ակնարկը: Թե՞ հասկանանք, վերջապես, մենք էլ, որ «յուրաքանչյուրի նախագահը այնքան էլ յուրաքանչյուրինը չի»:

2008 թվականի սեպտեմբերյան համաժողովրդական նոր ալիքը գալիս է վերափոխելու իրականությունը: Սեպտեմբերյան օպտիմիզմին ինձ բերում է երկու հանգամանք: Այստեղ փոխկապակցվում է երկու պահ: Առաջինը կենսական անհրաժեշտություն դարձած ընդհանուր գործի պրոյեկտն է, եւ երկրորդը` այդ նախագծի նկատմամբ իշխանավորի անարդարությունից տուժած մարդկանց արձագանքը: Արմատական վերափոխումների խոստումներով գալով իշխանության` կոալիցիան բռնել է հակաքաղաքացիական կուրս:

Հայ ազգային կոնգրեսն իր առջեւ խնդիր է դրել երկիր կառուցել մարդու համար` «Պետությունն է մարդու համար ստեղծված, ոչ թե մարդը պետության» կարգախոսով:

Համաժողովրդական այդ նոր միավորումը սեպտեմբերին պահանջելու է նոր ընտրություններ: Ոչ բռնի պայքարի հումանիտար մեթոդներով հայ ժողովուրդը կմտնի արմատական ռեֆորմացիայի նոր փուլ:

«Սովորիր ընդդիմանալ բռնությանը, որը կա քո մեջ ու քեզանից դուրս»,- սովորեցնում է Սիլոն:

Քաղաքական բանավեճին գալիս է փոխարինելու շարժուն ու գործուն քայլերի ժամանակը: Միայն հզոր քաղաքացիական շարժումն է ի զորու կանխելու մոտ հեռանկարում ուրվագծվող նոր արյունահեղությունը: Փետրվարին Ազատության հրապարակի վրանային քաղաքի բրեզենտե տանիքի տակ ծնվեց նոր մարդը: Ամիսներ շարունակ օտարացված մարդը ելք էր փնտրում անելանելի իրավիճակից: Եվ այդ փնտրտուքը, այդ գերսահմանային լարումը ծնեց մարդու նոր տեսակ: Շարժումը ծնեց կոնգրեսմենին: Սա էր երկար ու ձիգ ամիսներ ձգվող շարժման արբունքի պտուղը:

Նոր մարդն անցավ ազատազրկման իր ուղին, նա ապրեց իր ստիպողական դադարի վիճակը, անցավ ու ռեաբիլիտացվեց, եթե ունեցել էլ էր մեղք, մաքրվեց:

Փետրվարից սեպտեմբեր ժամանակային անցումը ազատազրկվածի ժամանակն էր: Ազատազրկվածն ապրեց իր ազատազրկումը: Նա ազատագրվեց: Ազատագրվածի համար պայքարի նպատակ է արժանապատիվ, մարդավայել կյանքը: 

Եվ այդ ազատագրված մարդկանցից կազմված ժողովուրդն էլ, ահավասիկ, հավաքականորեն սկսել է ըմբռնել §մարդավայել կյանք¦ հասկացությունը որպես մարդու շարժման աստիճանների ընդգրկուն համախումբ:

Այս մաժորային նոտայի վրա ես ավարտում եմ երեք մասից կազմված իմ հոդվածաշարը: Դեպքերի այս նոր զարգացումների ֆոնին չստացվեց երկու էջի ծավալում ավարտել այս վերջին գրվածքը: Ձեռնոցը նետված է հանրությանը:

Մարդը իշխանավորի նշանառության տակ է: Որերորդ անգամ… 

«Մարդը որպես գենետիկ խոտան դուրս մղվելով իր բնօրինակից` լողում է դեպի մյուս ափ»: Այդպես կարծում է դասական վերլուծաբանը` Էրիխ Ֆրոմը:

Առանց հոգեվերլուծական լուրջ իմացականության էլ ակնհայտ է, որ իմ այս վերջին հոդվածաշարի գլխավոր հերոսը` բարձված կենդանուն բազմած իմ հայրենակից գյուղացին, շեղված էր իր բնօրինակից: Վերաիմաստավորելով անցյալը` ես մի քիչ ուշացումով հասկացա, որ նրան չէր էլ հրապուրում մյուս ափի հեռանկարը: Նա իր ափի մեջ էր: Շատ ինքնապարփակ ու ինքնաբավ էր պահի ամբողջականությունը: Կանգ էր առել նրա ժամանակը, ու ոչինչ չէր կարող բարդացնել դեզի ծայրին բազմած նրա անպարփակ ու կատարյալ վիճակը: Եվ հիմա, ծամծմելով անցած գնացած վերհուշը, ինձ համար էլ, ի վերջո, աղոտ ուրվագծվեց ասելիքս: Երեւի թե կարճ պատումնաշարի մեջ այդքան հաճախ հիշելով Լոռվա ձորում իմ տեսածը` փորձում էի ներկայացնել հայազգի տիրոջ բնավորությունը ժամանակի անընդհատության մեջ:
Եվ հիմա, ժամանակների այդ անընդհատությունը խորհրդանշող դեպի մեծ ավազաններ գլորվող Մարցաջրի բազմապլան բնապատկերի ֆոնին կատարվածի անջնջելի տպավորությունն ու մեր մեծ ու փոքր տերերի վարքը ստիպում է ինձ զգաստանալ և ընդսմին կործանանար վտանգ տեսնել դեզի ծայրին թառած տիրունական մարմաջով տառապող այդ մարդաբզեզների անհոգ պահվածքում:    

Ինձ համար այդպես էլ անըմբռնելի մնաց մեր նորանկախ երկրի հայ իշխանական էլիտայի պահվածքը: Որտեղի՞ց շարքային խորհրդային մարդու մեջ մեկին հեծնելու այդ ձգտումը: Փորձել ու չեմ կարողացել հայտնաբերել իր հանդեպ կատարված պատմական անիրավություններից բողոքող հայ մարդու մեջ նմանակի հանդեպ ունեցած այս աննախադեպ տմարդի վերաբերմունքի կենսաղբյուրը: Պատմությունը հայ մարդուն պիտի որ այլ որակների բերեր: Պիտի որ…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter