HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Վտանգավոր անդորր

Վերջերս ուշադիր լսելով Մայլս Դևիսի հետևորդների կողմից նրա երաժշտական թեմաների մի քանի նոր մեկնաբանությունները` համոզվեցի, որ այդ երաժշտության ունկնդիրն ինքն ավելի շատ ունի ստեղծագործողի կարիքը, քան ստեղծագործողը` ունկնդրի:

Ես նկատել եմ, նույնպես վերջերս, որ հանրությանն ուղղված ցանկացած խոսք մեծամասամբ հղի է խրատաբանությամբ, մի բան, որն օրգանապես անտանելի է ինձ համար:

Ժամանակի հետ գուցե ինձ հաջողվի զերծ մնալ հրապարակային խոսք ասելու գայթակղությունից: Ենթադրում եմ, որ նմանակի հետ հաղորդակցումը պիտի կատարվի մտովի ու լուռ: Լուռ ու ինքնամփոփ աշխատելու սովորույթն, ըստ երևույթին, ազնվականական մտքի տեր անձանց մենաշնորհն է:

Ես հասկացա, որ Բրենֆորդ Մարսալիսի, կամ էլ Քենի Գարետի երաժշտական բալլադները լսելով` ես պատիվ չեմ անում նրանց: Այլ ընդհակառակը: Այդ երաժշտությունը լսելով` ես մարդանում եմ: Եթե այս վերջին միտքը դնենք ստեղծագործող-սպառող փոխհարաբերության հիմքում, ապա շատ կհեշտանա հաղորդակցվելու ճանապարհները նշող ալգորիթմի վերծանումը:

Հրապարակախոսությունն էլ այդ պարագայում մի գուցե հստակեցնի իր տեղը գրավոր խոսքի դաշտում: Այս հոդվածով եւս մի անգամ ուզում եմ ճշտել մի տարի առաջ կամավոր ինձ վրա վերցրած իմ հանրային պարտականությունների ցանկը: Կրկին սրվել է Ղարաբաղյան հարցի դրվածքը: Եվ այդ կապակցությամբ պիտի ասեմ, որ հայ քաղաքական էլիտան Ղարաբաղը կտա՞, թե՞ Ղարաբաղը կընդլայնի` դա, ըստ իս, համարյա ինձ հետ չառնչվող խնդիր է: Քանզի այդ մասին ինձ իրազեկել ոչ ոք չի էլ պատրաստվում: Մի գուցե ճի՞շտ չեմ ես: Գուցե ճիշտ չեմ հասկացել իմ դերակատարումը:  

Մի քանի առիթներով գրել եմ հավաքականության պատասխանատուների մասին: Հիմա կրկնում եմ: Պատասխանատուն իշխանական էլիտան է: Պատասխանատուն իշխանությունն է: Սահմանային վիճակում որոշում կայացնողը իշխանությունն է: Եթե քաղցր է իշխանությունը, ապա պիտի այդ քաղցրությունը վայելել մինչեւ վերջ: Սա` ի գիտություն: Սպասվում է լուրջ առճակատում: Եվ այդ առճակատումից առաջ ուզում եմ անել մի քանի շեշտադրում:

Ուզում եմ իմ կարծիքը հայտնել հայրենասիրության մասին: Փորձը ցույց է տալիս, որ ազգերը ռազմական հաջողություն ունեցել են միայն այն դեպքերում, երբ հավաքականության մեջ եղել է սոցիալական շատ թե քիչ արդարացի վիճակ: Երբ առաջնորդող էլիտան ապրել է մարդանման կյանքով, նրա հետ ու նրա ետեւից գնացել է ժողովուրդը: Մենք կանգնած ենք նոր պատերազմի ու նոր աղետների շեմին: Ես կարծում եմ, որ մենք հոգեբանորեն պատրաստ չենք պատերազմի: Հայ էլիտան շատ լավ գիտի իր արած-ապրածն ու հայ մարդու հոգեվիճակը: Դրա համար էլ գնալու է զիջումների: Գնալու է զիջումների մինչեւ վերջ:

Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, թե սահմանային վիճակում հայ մարդը կկանգնի ոտքի: Նա այստեղ սխալվում է: Հոգեբանական այլ իրավիճակ է հիմա: 1988 թվականին հայ մարդը գնում էր իր նման չունեւոր էլիտայի ետեւից: 1988 թվականին էլիտան վարկաբեկված չէր: Հայ էլիտան պատմական այս պահին ատելի է ու  օտար շարքային քաղաքացու համար: Հայրենասիրական բռնկումներ չեն լինելու: Այնպես, ինչպես չի ըմբոստանում այսօր շարքային մարդը, երբ օլիգարխներից մեկին պատառ- պատառ են անում այս պահին: Երբ վտանգը մեծանա ու դառնա կենսական սպառնալիք, միգուցե ոտքի կանգնի աղքատը, այն էլ` ինքնապաշտպանական բնազդով, ինչն, իմ կարծիքով, հայրենասիրությունը չի: Վերջին տարվա հեռուստաինկռուստացիաները նայելով` պարզվում է, որ հայրենասիրությունը զուտ իշխանական էլիտայի մենաշնորհն է:

Լեւոն Տեր-Պետրոսյանը մտածում է առաջնորդել նոր դժգոհությունը, որն, անշուշտ, կծագի Ղարաբաղյան հարցի պարտվողական վարկածում: Բայց պարզաբանում եմ նորից. հայ մարդը ոտքի չի կանգնելու Ղարաբաղի համար: Որովհետեւ ղարաբաղյան առաջնորդները այլեւս իր չունեւոր տեսակին չեն պատկանում:

Հայրենասիրությունը դատարկ արտահայտություն չի աղքատի համար: Հայրենասիրությունն աշխարհընկալում է: Իսկ հայրենասիրությունը որպես աշխարհայացք` աղքատի համար նրա գոյը պայմանավորող կենսակերպն է: Հարստահարված ու երթուղային տաքսիներում տարիներով կռացած երթեւեկող մարդու ինքնասիրությունը շատ դժվար է տեղից շարժվելու: Եթե նոր պայքարը ներառի ունեցվածքի վերաբաժանման հարց, այդ դեպքում հնարավոր է հայրենասիրական դրսեւորում աղքատի կողմից:

Ավարտելով իմ կողմից չսիրված հրապարակախոսական իմ այս ուղերձը` ուզում եմ տալ սպասվելիք շատ մոտակա շարժման բնորոշումը:

Նոր շարժումը լինելու է բռնի ու հեղափոխական:

Ոչ բռնի պայքարի միջոցները նախապատերազմական փուլում պիտանի լինել չեն կարող: Քանզի որպես պատմական օրինաչափություն ոչ բռնի միջոցները բռնի միջավայրում պարզապես չեն գործում: Լեւոն Տեր-Պետրոսյանը առավել, քան որեւէ մեկը դա գիտի գերազանց: Եվ դրան է միտված նրա կողմից հայտարարված այս դադարը:

Ըստ իս` Կոնգրեսի առաջնորդը 2008 թվականի հոկտեմբերի 17-ին ազդարարեց ոչ բռնի պայքարի փուլի ավարտի մասին ու կտրեց այն ճյուղը, որի վրա տեղավորվել ու թոզ էր փչում Հայաստանի երրորդ նախագահի ողջ շքախումբը: Թաքնված սուտը դուրս է գալու ջրի երես, ու դրան հետեւելու է քաղաքական ֆիասկոն: Շատ շուտով` բառացիորեն մոտ ժամանակներս, մենք ականատեսը կլինենք մեծ բախումների: Իսկ առայժմ, գուլագային մոտեցումներով առաջնորդվող հայկական արշիպելագում կարճ մի պահ կտիրի վտանգավոր անդորրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter