HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Վերջին արարից առաջ

Պատմականորեն քաղաքակիրթ ազգերի մոտ էլ եղել է նմանակի ճնշում, եղել են անարդարություններ, իշխանավորներն էլ փորձել են համոզել բոլորին, որ դա արվում է հանուն մեծամասնության բարօրության:

Մարդուն կարելի է հարստահարել, կարելի է ճնշել` դաժանորեն, կարելի է ազատազրկել` անիրավացիորեն, կարելի է սպանել… նույնիսկ, բայց հանուն տուժածի դա պիտի արվի մարդկայնորեն: Սա է ազնվական ազգերի կրեդոն: Հայաստանաբնակ մարդն ուզում է, որ այն, ինչ անում է այսօր ամենացածր աստիճանին կանգնած իրավապահը, անի ազնվորեն, ընդսմին, նրանից վերև նստածներն էլ համոզեն սեփական քաղաքացուն, որ դա արվում է հանուն մեծամասնության բարօրության: Մի ժամանակ իշխանավորն ասում էր` «դիմացեք քսան տարի»: Քսան տարի անց եղավ նոր կռիվ ու վեճ, ներկվեց դաշտն անմեղի արյունով ու …տիրեց լռություն: 


«Քսան տարի» ասողը տվեց մի կարճ դադար, հանեց զսպաշապիկը ոստիկանական վարք ու բարքով ապրող երկրի պատասխանատուների վրայից, և անասելի արագությամբ ասֆալտից բխեց համազգեստավորված կլորաթուշ արևախանձ այտերով ասպատակողը:   

Երևի վերոշարադրյալի նման են եղել պայմաններն Արևմտյան Հայաստանում 1915 թվականին, երբ որոշ դեպքերում հայ մարդը, զզված իր անելանելի վիճակից, ծափահարությամբ է դիմավորել թուրք հեղափոխական ազատագրական բանակի զինվորի մուտքը հայաբնակ շեներ: Անհավանական է: Պարզվում է` սեփական հարստահարողը եղել է ավելի ատելի, քան թուրք ենիչերը: Պարզվում է` վերջին արարը 1915 թվին չի արարվել: Վերջին` շատ ավելի վատ արար է սպասվում մեզ: Վարչապետի բարոյականության հորդորները տեղական ֆեոդին տեղ չհասան, նմանապես ճանապարհային ոստիկանի վարքը չփոխվեց անհասցե այդ խրատից հետո: Հայ ֆեոդը կարծում է, թե վտանգի պահին կառնի աղքատի «խաթրը» մի քանի կոպեկ անտոկոս վարկով ու նրա ընտանիքին կուղարկի կռիվ:

Համենայնդեպս, այդպես է պատկերում ունևոր-աղքատ հարաբերությունը հայ հանճարը դարասկզբի ճակատագրական իրադարձությունների մասին պատմող իր «Երկիր Նաիրի» երկում: Այս անգամ այդ հնարքը չի գործելու: Այն ժամանակ էլ չի գործել: Շատ լավ զինված կայազորներ են հանձնվել առանց մարտի: Չխորանանք, չփորփրենք անտանելիորեն չարչրկված այդ ոչ հեռավոր անցյալը: Գիտենք, թե ինչպիսի ավարտ ունեցավ առաջին հանրապետության կարճ կյանքը: Հայկական վիլայեթներում գործող երեսունյոթ խոշոր բանկերից երեսուներեքի սեփականատերերը եղել են ազգությամբ հայեր: Ու՞ր են հիմա այդ բանկիրները: Լավ կլիներ, որ հայ մեծահարուստը կարդար եղեռնի զոհ դարձած մյուս հայ հանճարի գրվածքները: Անգիտակցական մի զգացմամբ հաղթահարելով պարբերաբար իր վզին փաթաթվող առասպելաբանական ավանտյուրան` միայն իրեն հայտնի գոյապահպան արահետներով հայ մարդը մի կերպ հասել է այս օրվան: Եվ առ այսօր էլ շարքային քաղաքացու համար հերոսապատումները մնում են ունևոր հեգեմոնի կողմից հնարված դասագրքային ասելիք, գրական նյութ ընդամենը:  

Մոսկովյան կաբինետային ինտրիգների արդյունքում մոգոնված հռչակագրի տեքստի հրապարակումից հետո ամեն ինչ արագ ընկավ իր տեղը: Գործի դրվեց նորից տասնամյակներով ստուգված հարստահարման մեխանիզմը: Իշխանությունների մեջ արմատական ռեֆորմների ցանկությունը մեռավ, ու իրերի դրությունը փոխելու անհրաժեշտությունը վերացավ: Շատ հեշտ, կասկածելի հեշտ ստացվեց այդ ամենը: Ու կարծես թե եկավ նոր խրախճանքի ժամանակը: Առատության նոր ակունքներ տեսավ ունևորը ստորին շերտերում: Գործի դրվեց նորից շոգեբաղնիքում գործող «ես` քեզ, դու` ինձ» կարգախոսը: Ավելի թափով սկսեցին բարձրանալ նորահարուստների երկնաքեր պալատները: Հանգստացավ հայ ունևորը: Ինձ իմ բնազդն ասում է այլ բան: Իմ ներքին ձայնն ասում է, որ կռիվը դեռ չի ավարտվել: Նոր բախումներ լինելու են, եթե վերջնականորեն չենք հրաժարվել ինքնուրույն մեր բախտը տնօրինելու մտքից:

Եվ ի հավելումն 1915 թվականի դեպքերի հիշատակումների` ուզում եմ հայ էլիտային ուղղված մի ակնարկ էլ անել Մեծ Բրիտանիայի պատմական անցյալից: Թալանով ու հարստահարմամբ չի կառուցվել Մալբորոների դղյակը: Ուինսթոն Չերչիլի հեռավոր նախնու տունը ազգը կառուցել է այն ժամանակ, երբ նա եվրոպական բանակներն էր առաջնորդում: Այդպիսին է լինում էլիտան: Այդպիսի էլիտա մենք չունենք ու չենք ունեցել պատմականորեն: Մասնավոր օրինակներ էլ եթե կան, ապա դրանք հավաքական որակ չեն կազմում: Հայ հարուստի կողմից շռայլորեն վարձատրվող պատմագիրները իրենք իրենց հարց չեն տալիս, թե ինչ եղան այն պալատները, որոնք կառուցել են հայ թագավորները: Այդ ինչպես եղավ, որ մնացին եկեղեցիները, իսկ պալատները չկան:

Ես այս հոդվածի մեջ համարձակորեն պատրաստվում եմ տալ հենց այդ պարադոքսալ հարցի պատասխանը: Ես դրան էի բերում իմ կարճ ասելիքը մինչև հիմա: Սերնդեսերունդ հայ չունևորն իր տեղն է դրել եկեղեցու պատից ընկած քարը: Իսկ հայ հարուստները սերնդեսերունդ կողոպտել, փախել են կամ էլ պատսպարվել են անառիկ մի բերդում: Հայ էլիտան եղել է պարտվող ու փախչող: Այս էլիտան էլ է փախչող: Հայ մեծահարուստը եղել ու մնում է բարձր պարիսպների ետևում պատսպարվող: Եվ ի լրումն վերջին մտքի` ուզում եմ արձանագրել, որ ժամանակի խոշոր հաշվով հայ նորահարուստներից, ժողովրդին, ի վերջո, որպես դժվար ապրած օրերի խորհրդանիշ, նորից մնալու են լքված պալատների մամռոտ պարիսպներն ու կիսաքանդ պատերի ներսում կրկին հայ մշակի շնորհիվ պահպանված եկեղեցիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter