HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Ի՞նչ արժե դրամի կայունությունը

Դրամը մարտին դոլարի նկատմամբ թուլացել է ընդամենը 0.23 %-ով, իսկ վերջին 1 շաբաթում նկատվում է նույնիսկ դրամի աննշան ամրապնդում: Մարտի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը դոլարի պաշտոնական փոխարժեքը սահմանել է 413,6 դրամ, մարտի 10-ին՝ 414,80 դրամ, իսկ մարտի 14-ին՝ 414,56 դրամ:

Սակայն դրամի հարաբերական կայունության ետևում ՀՀ կենտրոնական բանկի լայնամասշտաբ դոլարային ինտերվենցիաներն են: Բացի այն, որ ՀՀ ԿԲ-ն փետրվարին արժութային շուկայում վաճառել է մոտ 60 մլն դոլար, մարտի առաջին շաբաթներին դրան ավելացվել է ևս մոտ 51 մլն դոլար: Տարվա սկզբից ՀՀ ԿԲ-ն շուկայում վաճառել է մոտ 120 մլն դոլար՝ ռեկորդային մակարդակ վերջին 5 տարում: Ընդ որում՝ որոշիչ է եղել մարտի 3-9 ժամանակահատվածը, երբ շուկա է նետվել միանգամից 35 մլն դոլար: Միանշանակ՝ դրամի ներկայիս հարաբերական կայունությունը բավական թանկ է նստում մեր միջազգային պահուստների վրա: Հնարավոր է՝ ՀՀ ԿԲ-ին վստահություն է ներշնչում ան հանգամանքը, որ Արժույթի միջազգային հիմնադրամը մարտի 7-ին հաստատել է Հայաստանին 128 մլն դոլար վարկ հատկացնելու որոշումը:

Անցած շաբաթվա ընթացքում ՀՀ ԿԲ-ն որոշ չափով կրճատել է դոլարային ինտերվենցիաների ծավալը (ընդամենը՝ 16.4 մլն դոլար): Սա որոշ հույսեր է ներշնչում, որ դրամի փոխարժեքի վրա ճնշումը թուլացել է, և առաջիկայում կհաջողվի խուսափել ֆինանսական ցնցումներից: Սա շատ կարևոր է, քանի որ Հայաստանի ռեզերվները մեծ չեն, ու ԿԲ-ն նույնիսկ ԱՄՀ օգնությամբ հազիվ թե կարողանա երկարաժամկետ արհեստական փոխարժեք պահպանել: Բացի այդ՝ դրա անհաժեշտությունը չկա էլ, արտաքին առևտրում ունենք մոտ 3 մլրդ դոլարի բացասական մնացորդ, որը կարելի է չեզոքացնել միայն դրամի թուլացման միջոցով: Սակայն դրամի կտրուկ արժեզրկումը կարող է խնդիրներ առաջացնել ֆինանսական կայունության տեսանկյունից, ինչը ԿԲ-ին ստիպում է միջոցների առաջ կանգ չառնել՝ փոխարժեքի հետագա անկումը թույլ չտալու համար: Պարզորոշ զգացվում է, որ ԿԲ-ն չի շտապում «հետևել ռուբլուն», ու չնայած Մաքսային միության շրջանակներում արժութային քաղաքականության կոորդինացման անհրաժեշտությանըч առայժմ ավելի ինքնուրույն քաղաքականություն է վարում:

Մարտից աստիճանաբար կվերականգնվեն Հայաստան մուտք լինող տրանսֆերտները, ինչն էլ «կաշխատի» դրամի օգտին: Սակայն այս գործոնի դերը առայժմ չպետք է գերագնահատել: Ռուսաստանում դոլարի դեֆիցիտի խնդիր է ի հայտ եկել, ուստի արտագնա աշխատանքի մեկնողները ռուբլին դոլարի հետ փոխանակելու դժվարություններ ունեն: Այսինքն՝ Հայաստան հոսելու է մեծ քանակությամբ ռուբլի, ոչ թե դոլար:

Չի բացառվում, որ լայնածավալ դոլարային ինտերվենցիաների միջոցով ԿԲ-ին ժամանակավորապես հաջողվի չեզոքացնել շուկայում խուճապային տրամադրությունները, ինչը ևս դրամի օգտին է: Ներկա դրությամբ սա առաավելագույնն է, որին կարելի է հասնել՝ վերացնել բոլոր բացասական սպասումները, որպեսզի փոխարժեքը ենթարկվի առավելապես տնտեսական գործոնների ազդեցությանը: Թե որքանո՞վ սա կհաջողվի, պարզ կլինի առաջիկա շաբաթների ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter