HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Love Theme From Spartacus

Ուկրաինական դեպքերի շուրջ լրատվական աղմուկի ձայնը հեռու արձագանքի պես հասել է նաև մեզ, մեր վաղուց մեռած ու չթաղված մեդիային: Ու տարբեր եթերներից երեր, նվաղ ձայնով հարց են տալիս հիմա բոլորը բոլորին, թե, արդյոք, պե՞տք է Հայաստանին հեղափոխություն: Թեթևացնելու համար հարցադրողի խնդիրն ասեմ, որ Հայաստանին ոչ թե հեղափոխություն, այլ ոչինչ պետք չէ, ըստ իս: Հայաստան ասելով` ես նկատի ունեմ մեր երկրի միջին թվաբանական բնակչին, Հայաստան տարածքը բնակեցնող կոնտինգենտին: Օրահացի հոգսով մտահոգ հայ մարդուն ներքաշել բարձրէլիտար ավազակային ռազբորկաների մեջ չունի իմաստ և չի էլ ստացվի: Պետք է գոնե գիտակցեն իֆորմացիոն կռվի մասնակիցները, որ երբ մերկացնում են ուկրաինական էլիտայի կողոպտիչներին, ապա  լսողները, բնականաբար, ընդհանրացումներ են անում: Բումերանգը պտտվեց ու կատարեց իր հետհարվածը: Հետխորհրդային նորանկախ երկրների տարածքում բուծված հանցագործ վերնախավերը սկսել են խփել իրենց բուծող տերերին: Տերերի նպատակների մասին չենք խոսում, այդ մասին ամենապարզունակ դատողությունների ցանկացած համախումբ այս դեպքում կարելի է ընդունելի համարել: Մետրոպոլիաներին ծայրագավառներում ինտելեկտուալներ պետք չէին: Առավել ևս պետք չէին ինտելեկտուալ կապիտալատերեր: Եվ այդ էլիտաները շատ լավ իմանալով իրենց դրածոների վարք ու բարքը, փոխհամաձայնեցված առաջ են տանում տրոհման ու գաղութացման գործընթացը, ժամանակ առ ժամանակ դժգոհ սոցիումներին իրենց բազմարատ տերերի դեմ ոտքի հանելով, որի արդյունքում բախտը բերած չզոհված ու կենդանի մնացած ստրուկը տակավին մնում է նույն ստրուկը: Փոփոխվում են կապիտալիզմի միայն ցուցանակները, ստրկությունը այդ համակարգում որպես կենսակերպ մնում է իր հաստատունության մեջ: Մեր նախագահը Պրահայում ասաց. «Եվրոպան չի առաջնորդվում շահով, նա առաջնորդվում է արժեքներով»:

Եվրոպական արդի մտքի նախակարապետը` Նիցշեն, երկուհարյուրամյա դեկադանսի խորության սարսափից խելագարվեց: Գերմարդու կերպարը մարմնավորող այդ նույն Եվրոպան է մարդկությանը ներքաշել երկու համաշխարհային սպանդի մեջ: Եվրոպական մտքի հիմքում ընկած է ցինիզմը , որի սկիզբը դրվեց հունական կինիկներից ու իր ավարտուն ձևակերպումն ստացավ «աստված մեռած է» արտահայտության մեջ: Եթե Հայդեգերն ու Յասպերսը չխելագարվեցին, ապա զուտ այն պատճառով, որ կարողանան հասկանալ ու մեկնաբանել ուսուցչի ասած երկու բառը: Հիմա կա երկու միտք, երկու աշխարհընկալում: Մեկը պրագմատիկ` ռացիոնալ, մյուսը` իռացիոնալ: Նույն եվրոպական ընտանիքին պատկանող մի ազգի ստրատեգիկ մտքի հիմքում  ռացիոնալիզմն է, մյուսի մոտ` իռացիոնալիզմը: Մի ազգը ընդունում է, որ  ստեղծագործական մտածողությունը վնասակար է հավաքականության համար, մյուսը, տրված ստեղծագործ բնազդների տարերքին, պատմություն է վերաձևավորում:

Նույնիսկ գերմանական իռացիոնալիզմը տարբերվում է ֆրանսիականից: Հրեական մտածողությունն էլ ինքն իր իռացիոնալիազմն է ձևակերպում` ըստ տեղի ու պայմանի: Բուբերը հրեայի համար գրում ու մտածում է մի կերպ, գերմանացու համար մի այլ կերպ: Եվ ես չեմ հասկացել առ այսօր, թե այդ ում կոնսպեկտով են ձևակերպում իրենց միտքը մեր հայ այրերը` Հայդեգերի՞,Կամյուի՞, թե՞ Բուբերի:

Իսկ եթե հիմքում ունեն պրագմատիզմը, ապա պրագմատիզմը պրագմատիզմ է ամենուր: Եվ ցանկացած պրագմատիզմ տանում է մոնիզմի, որն ինձ համար համազոր է անհավատությանը: Հավատն ակնկալում է կողմ: Ինչ կարգի դիստանցիոնիզմի էլ բերի հակասականությունը, միևնույն է, փոխըմբռնման միակ ուղին դա է: Ռուսները արևմուտքին են մեղադրում, արևմուտքը` ռուսներին, կրկնակի ստանդարտներով ուղղորդվելու մեջ: Չի կարող չլինել կրկնակի ստանդարտ, եթե առկա է տրամագծորեն իրար հակասող երկու ընկալում նույնիսկ նույն անձի մեջ: Նույն երաժշտական պիեսն Ահմադ Ջամալը մեկնաբանում է մի կերպ, Յուսեֆ Լաթիֆը մի այլ կերպ: Իսկ համատեղ կատարվող պիեսի մեկնաբանության մեջ անհաշտ պատերազմ է գնում երկուսի մեջ: Ինտելեկտուալ կոնֆլիկտի մեջ է ծնվում ազատության տանող ուղին: Ուզում եմ, որ զանգվածային լրատվամիջոցներով սուտ փչող էլիտաները մեկընդմիշտ հասկանան, որ կատարվող պրոցեսները պրոյեկցվում են զանգվածից մի փոքր կողք կանգնած անհատների մեջ ու նոր գտնում իրենց ճշմարիտ ձևակերպումը: Եվ որ իր անձը հարգող յուրաքանչյուր անհատ ուղղորդվում է բացառապես հենց այդ ծնունդի ճշմարտություններով: Ու եթե «պետք է Հայաստանին հեղափոխություն» հարցը տեղափոխենք ընդհանուրից դեպի այդ անձ-անհատը, այսինքն` այս դեպքում ինձ, ապա ես կողմնակից եմ հեղափոխությանը ու նրանց հետ եմ, ովքեր հասկանում են, որ ոչինչ չարժե այն հեղափոխությունը, որ մարդուն չի տանում ազատագրման, այսինքն` իր բնօրինակին:

. . .

Յուսեֆ Լաթիֆի «Love Theme From Spartacus» կատարումը իր բնօրինակը կորցրած մարդու վերհուշն է, վերհուշը ազատ ու երջանիկ ժամանակների: Ու որքան կոշտ է անազատության մատնող ստրուկի դրվածքը Լաթիֆ մարդու մեջ, այդքան դրան հակառակ մեղմ համոզվածությամբ է դրանից ազատագրվում Լաթիֆ երաժիշտը: Եթե թվում է ինչ որ մեկին, որ հեղափոխականության հիմքում դրված է բռնությունն ու դաժանությունը, ապա այդ մեկին անպայմանորեն սպասում է պարտության հիասթափությունը: Հաղթանակող սովորաբար լինում է սերը: Հաղթանակող սեր կա առաջին հերթին լաթիֆյան ֆլեյտայի ըմբոստության մեջ:

Յուսեֆ Լաթիֆի «Love Theme From Spartacus» պիեսի կատարման մեջ շատ ավելի հեղափոխականություն կա, քան կրկնվող ու տտիպ ֆորմացիաներ ծնող բոլոր հեղափոխությունների մեջ միասին վերցրած:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter