HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հիշենք, որ մեղադրականը ստորագրել է անձամբ Աղվան Գառնիկիչը»

Սկիզբը

9 տարի ձգվող 9 հատորանոց քրեական գործը (2005 թ-ին Ջրվեժի բնակիչ 19-ամյա Մեսրոպ Մաքոյանի սպանության վերաբերյալ) լի է վկաների, մեղադրյալների հանդեպ ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների, ճնշումների մասին բողոքներով: Այդ մասին վկայություններ կարելի է գտնել գործի նյութերի գրեթե ամեն հատորում: Որևէ վկա դատարանում չի պնդել, որ սպանությունը հենց այնպես է եղել, ինչպես որ գրված է հաստատված մեղադրանքում: Բոլորը եկել ու հետ են կանգնել իրենց նախաքննական ցուցմունքներից՝ պատմելով, որ դրանք կորզվել են ճնշումներով:

Օրինակ՝ վկա Աննա Մուրադյանը պնդել է, որ ինքը 10 օր շարունակ պահվել է Շենգավիթի ոստիկանությունում, իսկ մյուս վկա Մարինե Հակոբյանը նամակ է գրել՝ հայտնելով, որ 7 օր պահվել է ոստիկանությունում, որ իրեն ստիպել են մեղադրել անմեղ մարդկանց Մեսրոպի սպանության մեջ: Հետո պատմել է նաև, որ օպերների սենյակներում, ջարդված բազմոցների վրա է քնել-արթնացել. «ո՛չ թողում էին՝ գնամ լողանամ, ոչ տուն էին թողնում»: Սակայն հենց Մարինեի ցուցմունքներն են Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության քննչական խմբի համար դարձել առանցքային հիմք 5 երիտասարդներին սպանության կատարման ու օժանդակման մեղադրանք առաջադրելու, ապա դատական տարբեր ատյաններում մեղադրանքը պաշտպանելու համար: Գործում Մարինե Հակոբյանի կողմից տրված մոտ 20 տարբեր ցուցմունք կա, որտեղ նա տարբեր կերպ է նկարագրում դեպքը, իսկ հետո հրաժարվում նախկիում ասածներից՝ անգամ վկայելով, որ սպանության կատարման պահին եղել է Նոր Նորքի հիվանդանոցում, նույնը վկայել է նաև Շենգավիթի դատախազի օգնական, Մարինեի ծանոթ Տիգրան Մանուկյանը: Փաստաբան Էմիլ Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը մերժել է իր միջնորդությունը Տիգրան Մանուկյանին դատարան հրավիրելու ու լսելու մասին:    

«Հետքը» փորձեց այս պատմության հետքերով գնալ, սակայն, թերևս, ճնշումների մասին վկայություններն են պատճառը, որ «Հետքի» բոլոր փորձերը՝ զրուցել առանցքային վկա Մարինե Հակոբյանի, Մելքոն Վարդանյանի, այլ մարդկանց հետ, արդյունք չտվեցին: Գործում առկա բոլոր հեռախոսահամարները չէին գործում, իսկ հասցեներում նման մարդկանց չհայտնաբերեցինք: Ոմանք վաճառել էին բնակարանները, ոմանք՝ Հայաստանից առհասարակ հեռացել: Օրինակ՝ առանցքային վկաներից Մելքոն Վարդանյանը, ում հարցաքննել անգամ չի հաջողվել Վահե Խաչատրյանի գործով (5 մեղադրյալներից վերջինը, ով անցյալ տարի է դատապարտվել 8.5 տարվա ազատազրկման), դեռ այն ժամանակ ստացվել է տեղեկատվություն, որ նա հեռացել է Հայաստանից: Մելքոն Վարդանյանին Շենգավիթի ոստիկանության աշխատակիցը դատարանի դահլիճից փորձել է առևանգել, երբ վերջինը մոտեցել է ամբիոնին ցուցմունք տալու: Վկայի առևանգման փորձի փաստը տեղ է գտել նաև այս գործի առաջին դատավորներից Գագիկ Խանդանյանի որոշման մեջ: Ճնշումների մասին վկայել են նաև մեղադրյալների հարազատները:

Ճնշումներ են եղել ոչ միայն վկաների վրա, այլ, որ ամենակարևորն է՝ դատարանի: Այսպես՝ երբ դատավոր Գագիկ Խանդանյանը, մեղադրանքը չհիմնավորված համարելով, դեռ 2007 թ-ին որոշում է կայացրել գործը լրացուցիչ քննության ուղարկելու մասին, ճնշումներ են սկսվել Գլխավոր դատախազության կողմից: Աղվան Հովսեփյանն անձամբ է նամակ գրել երկրի նախագահ Քոչարյանին, ապա Վերաքննիչ բողոք տարել դատավորի որոշման դեմ: Փաստաբան Էմիլ Պետրոսյանը, ով դատարանում ներկայացրել է 5 տղաներից վերջինը դատապարտպած Վահե Խաչատրյանի շահերը, նշեց, որ այդ նամակի դատավարական նշանակությունն իրեն անհայտ է մնում. «Ես դատավորին հարցնում էի՝ ո՞րն է այդ նամակի դատավարական նշանակությունը: Գլխավոր դատախազի նամակը երկրի նախագահին ոչ այլ ինչ է, քան ճնշում դատարանի վրա: Ես այդպես եմ գնահատում, քանի որ նամակի ողջ բովանդակությունը դատավոր Խանդանյանի որաշման դեմ է, թե, կոպիտ ասած, ինչպես է դատավորը համարձակվել լրացուցիչ քննության որոշում կայացնել, այլ ոչ թե հաստատել դատախազության մեղադրանքը»:

Քրեական գործի նյութերում կցված այդ նամակում նշված է մի արտադատարանական միջոցառման մասին, թե ինչպես են դատական իշխանության ու դատախազության բարձրաստիճան ներկայացուցիչները հավաքվել ու քննարկել այդ գործը. «Եթե հավաքվել էիք, լավ կլիներ փաստաբաններին էլ կանչեիք: Այլապես ստացվում է, որ դատական իշխանությունն ու դատախազությունը միակողմանի քննարկել են այս հարցը: Այս ամենը կատարվել է Խանդանյանի որոշումից հետո: Սա դատարանի վրա ճնշման տիպիկ օրինակ է: Հիշենք, որ մեղադրականը ստորագրել է անձամբ Աղվան Գառնիկիչը»,-ընդգծում է փաստաբան Պետրոսյանը:  

Բոլոր 5 մեղադրյալներն էլ պնդել են, որ անմեղ են, իրենց մեղավոր չեն ճանաչել, ավելին՝ ներկայացրել են ալիբիներ, թե սպանության պահին գտնվել են այլ վայրերում: Սակայն շուրջ 4 հատոր նախաքննությունը նյութեր է հավաքել այդ ալիբիները չեղյալ հայտարարելու համար: Ինչ վերաբերում է Վահե Խաչատրյանին, ով 5 տղաներից վերջինն է դատապարտվել Մեսրոպի սպանությանը օժանդակելու համար, ապա նրա դատապարտման համար ևս հիմք է հանդիսացել Մարինե Հակոբյանի 20 ցուցմունքներից մեկը. «Մարինեն միայն 14-րդ ցուցմունքում է հիշատակում Վահեի անունը, արդեն 20-րդում հստակ ասելով անուն ազգանուն հայրանունով՝ Վահե Սերոբի Խաչատրյան: Այն էլ հստակ ասում է, որ Վահեն թիկունքում էր կանգնած: Ակնհայտ զգացվում է միջամտություն, քանի որ վկա Մարինեն Վահեին առհասարակ չի էլ ճանաչել: Եվ քննիչն էլ նրանց առերեսման է բերել առանց ճանաչման ներկայացնելու: Աբսուրդերից մեկն էլ այն է, որ Մարինեն Վահեին նկարագրել է քիչ գեր, թուխ մաշկով, սակայն Վահեն ընդհակառակը՝ նիհար է ու սպիտակավուն մաշկով: Իսկ դատավոր Ազարյանն առհասարակ չի լսել ո՛չ Մարինե Հակոբյանին, ո՛չ Մելքոն Վարդանյանին: Հիմք են ընդունել նրանց նախկին ցուցմունքները»,-շեշտեց փաստաբան Պետրոսյանը:

Փաստաբան Արթուր Գրիգորյանը, ով այս գործում ներգրավվել է Վերաքննիչ բողոքի փուլում, աշխատում է գործը ՄԻԵԴ տանելու ուղղությամբ: Դիմումը, որի հիմքում ընկած է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը՝ արդար դատաքննության խախտում, պատրաստ է. «Կա նաև դատավոր Ալեքսանդր Ազարյանի անաչառության հարցը, քանի որ դատարանը որևէ միջոց չի ձեռնարկել, որ վկաները գան դատարան: Ուրեմն դա պիտի դիտվեր չփարատված կասկած ի օգուտ մեղադրյալի, ինչը կնշանակեր Վահեի արդարացում: Իսկ վկաների՝ նախկինում տված ցուցմունքները դրվել են դատավճռի հիմքում: Մեկ հիմքն էլ այն է, որ նույն Ալեքսանդր Ազարյանը 4 տղաների մեղադրանքն է հաստատել: Փաստորեն ինքն արդեն կայացրել էր դատավճիռը»,-նշեց փաստաբան Արթուր Գրիգորյանը:

Մեկնաբանություններ (2)

Զարուհի
Հարգելի NY, հետաքրքիր են հարց եք բարձրացնում, կփորձենք աշխատել նաև այդ հանգամանքները պարզելու ուղղությամբ: Շնորհակալություն
NY
Пожалуйста

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter