HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւր է կորել քննիչի առգրաված ալիբին

Ո՞վ է պատասխան տալու իմ չծնված թոռների համար 

«Հետքի» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարին իր մեկնաբանություններով արձագանքեց Սերոբ Խաչատրյանը՝ պատրաստակամություն հայտնելով պատմել որդու՝ Վահե Խաչատրյանի ճակատագրի մասին: «Տղաս 2 տարի է՝ ազատազրկված է, սովորել է Ճարտարագիտական համալսարանում, նշանված էր, մի քանի օրից պետք է ամուսնանար: Հիմա արդեն թոռներ կունենայի: Ուզում էի բաց նամակ գրել երկրի նախագահին, հարց տայի՝ ո՞վ է պատասխան տալու իմ չծնված թոռների համար»:  

Այս պատմությունը 9 տարվա վաղեմություն ունի: Սկսվել է 2005թ. օգոստոսի 11-ին, երբ Երևանի Երրորդ մաս թաղամասում հայտնաբերվել է Ջրվեժ գյուղի բնակիչ, 19-ամյա Մեսրոպ Մաքոյանի դին՝ դանակի 7 հարվածներով: Սպանության մոտիվը, ըստ հաստատված մեղադրանքի, թաղի հինգ տղաների միջև ծագած վիճաբանությունն է եղել՝ աղջկա (գլխավոր վկա Մարինե Հակոբյանի, ում Մեսրոպը տուն ճանապարհելիս է եղել), իրար ասված «արա» բառին հետևած կռվի պատճառով: 
Այս սպանությանը «Հետքն» անդրադարձել է դեռևս 2008թ., երբ դեռ ընթանում էր չորսի գործով դատավարությունը՝ բարձրաձայնելով նախաքննության ու դատավարության ժամանակ կատարված խախտումների մասին. վկաների ցուցմունքների պարբերաբար փոփոխում, հրաժարում նախկին ցուցմունքներից, վկայություններ սպառնալիքների, ճնշումների մասին, վկա Մելքոն Վարդանյանի առևանգման փորձը հենց դատական նիստերի դահլիճից, նրա փախուստը Հայաստանից և այլն: Սկզբում գործը վարել է Շենգավիթի դատախազությունը, այնուհետև 4 ամբաստանյալների բողոքների հիման վրա այն տեղափոխվել է Գլխավոր դատախազության Հատուկ կարևորության գործերով վարչություն:
 
Այս գործով դատապարտվել է 4 երիտասարդ՝ 4 տարի տևած գործի քննությամբ: Մեկ անգամ դատավոր Խանդանյանը գործը ետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության: Դատարանը միաժամանակ հանձնարարել է քննության առարկա դարձնել նաև այլ անձանց կողմից սպանության իրականացման վարկածը:
Ի վերջո, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ալեքսանդր Ազարյան) 2009թ. նշանակել է հետևյալ պատիժները՝ Մեսրոպի հետ վիճաբանած Հրաչ  Սահակյանին ու Զավեն  Մկրտչյանին դատապարտել է 15-ական տարվա  ազատազրկման, Վլադիմիր Մկրտչյանին՝ 11 և Սերոբ Տեր-Մելիքսեթյանին 9  տարվա ազատազրկման: Առաջին երկուսին սպանություն կատարելու, իսկ վերջին երկուսին՝ սպանությանը օժանդակելու համար: 
Ըստ վկաներից մեկի՝ տեղանքում շուրջօրյա առևտրով զբաղվող Դեզդեմոնայի ցուցմունքների դեպքի վայրում եղել է 5 հոգի: Սակայն Վահեին չհայտնաբերելու պատճառով գործը նրա մասով կասեցվել է, հայտարարվել հետախուզում: «Իմ տղան փախած չի եղել, նա եղել է Երևանում, սովորել է, գնացել աշխատանքի»,- նշեց Վահեի հայրը: Բայց ահա երկու տարի առաջ՝ 2012-ին, ձերբակալվել է վկայության մեջ նշված 5-րդ մասնակիցը՝ Վահե Խաչատրյանը: Սակայն պաշտպանական կողմը դատարանում պնդել է, որ Վահեն չէր կարող այդ օրը լինել դեպքի վայրում, քանի որ ունեցել է ալիբի՝ դեպքի գիշերը հերթափոխով աշխատելիս է եղել: 

Այնպես է ստացվել, որ մյուս 4 տղաների գործով մեղադրական դատավճիռ կայացրած նույն դատավոր Ալեքսանդր Ազարյանը տարիներ անց քննել է նաև Վահե Խաչատրյանի գործը՝ դարձյալ կայացնելով մեղադրական  դատավճիռ՝ հաստատված համարելով, որ Վահեն օժանդակել է Մեսրոպ Մաքոյանի սպանությանը: Վահեն դատապարտվել է 8.5 տարվա ազատազրկման: Սա այն դեպքում, երբ դատարանում տարբեր վկաներ փաստել են, որ սպանության օրը՝ 2005թ. օգոստոսի 11-ին, Վահեն եղել է աշխատավայրում՝ «Նաիրիտում»: 
«Քննիչի կողմից առգրավված «Նաիրիտ» գործարանի աշխատանքային մատյանները, որոնք վկայում են, որ Վահեն դեպքի օրը աշխատանքի է եղել ու ստորագրել իր անվան դիմաց, անհետացել են: Ոչ միայն այդ մատյանները չկան, այլև սպանության գործիք դանակը: Դուք կարո՞ղ եք պատկերացել նման բան, որ մարդու անմեղությունն ապացուցող ալիբին անհետանա: Բայց քննիչը պարտավոր էր պահպանել դա»,- «Հետքի» հետ զրույցում զարմանքով ասաց Սերոբ Խաչատրյանը:

Ինչո՞ւ հանկարծ հենց այդ մատյաններն անհետացան

«Հետքը» զրուցեց նաև Վահեի փաստաբան Էմիլ Պետրոսյանի հետ, ով ասաց, որ քննիչ Լյովա Երզնկյանը, ով այսօր չի աշխատում համակարգում և, իր տեղեկություններով, Ռուսաստանում է, առգրավել է այդ մատյանները: «Դրանք մի քանի վկաներ տեսել են, դատարանում ցույց տվել Վահե Խաչատրյանի ստորագրությունը նրա անվան դիմաց, վկայել, որ դա հենց նրա ձեռագիրն է, ապա այդ մատյաններն անհետացել են: Ստիպված ենք հետևություն անել, որ մատյանները դիտավորությամբ թաքցվել կամ ոչնչացվել են, որպեսզի Վահե Խաչատրյանը հնարավորություն չունենա օրենքով չարգելված բոլոր միջոցներով փաստացի պաշտպանվել առաջադրված մեղադրանքից»,- նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ ալիբիի անհետանալու հարցով դիմել է Հատուկ քննչական ծառայություն, սակայն քրական գործի հարուցումը մերժվել է:
«Մատյանների առկայությունն էական չէ, եթե դրանք արժեքավոր նշանակություն ունենային, դեռևս այն ժամանակ Վահեին մեղադրանք չէր առաջադրվի, նրա նկատմամբ հետախուզում չէր հայտարարվի»,- ժամանակին նշել էր մեղադրանքը պաշտպանող դատախազ Արթուր Դավթյանը՝ նշելով, որ Վահեի հայրը՝ Սերոբը, նույն գործարանում նույն արտադրության պետն է եղել, և լսելով հետախուզման մասին՝ միգուցե հետագայում հետին թվով ավելացրել են նրա անունը, իսկ Վահեն էլ ստորագրել է իր անվան դիմաց: 
Պաշտպան Էմիլ Պետրոսյանը հակադարձում է. «Եթե նման կասկածներ կային, թող բացահայտեին, կեղծողներին պատժեին, այնինչ այդ մատյանները նույնիսկ չեն էլ զննել, ոչ մի գործողություն դրանց հետ կապված չեն արել: 9 հատորանոց գործից ինչո՞ւ հանկարծ հենց այդ մատյաններն անհետացան»: 

Գործը Եվրադատարանի ճանապարհին է

Այսօր Վահե Խաչատրյանի քրեական գործն անցել է եռաստիճան դատական ատյաններով: Բոլոր ատյաններում հաստատված է համարվել Վահեի մեղքը՝ սպանությանն օժանդակելու հարցում: Սակայն պաշտպանական կողմը կարծում է, որ դատապարտվել է ակնհայտ անմեղ մարդ: «Մյուս շաբաթ գործը կգնա ՄԻ եվրոպական դատարան՝ արդար դատաքննության խախտման հիմքով, քանի որ Վահեի անմեղությունն ապացուցող ապացույցներն առավելքան համոզիչ են»,- ասաց փաստաբան Էմիլ Պետրոսյանը:  
Վահե Խաչատրյանի մեղքը չհիմնավորող նյութերին կանդրադառնանք հաջորդիվ: 
Շարունակելի

Մեկնաբանություններ (2)

Հայկո
Էրեվանցիք իրանց թաղերում ոհմակով հարձակվում են մենակ մարդու վրա, ոտնատակ անում, դա շատ է պատահել... Իսկ ընկերներն ինչ են ասում?
Զարուհի
Մյուս մասերում անպայման կանդրադառնամ նաև մյուս տղաների ցուցմունքներին և ոչ միայն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter