HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

600 դրամներով հիմնած ընկերությունը. «բարեգործության» բիզնես

Կիմա Խաչատրյան
Մարինե Մադաթյան

«Ընկերությունը բարեգործական ակցիա է կազմակերպել, օգնում ենք հնգամյա հաշմանդամ Մարիամին, որը չի խոսում, չի քայլում և գամված է սայլակին: Մանկական ալբոմ ենք ձեզ ներկայացնում` «Փոքրիկ գիտունիկ», 36 էջից բաղկացած A4 ֆորմատի, 600 դրամ, առաքումը` անվճար, եթե հնարավոր է, մեկ անգամ կօգնե՞ք, հաշմանդամ երեխա է»,- խմբագրություն էին զանգել «Դիլ մասթեր» ընկերությունից: Հեռախոսավարուհին անգիր արած տեքստն ավարտեց ու սպասեց իր հարցի պատասխանին: Խնդրեցինք փոխանցել որևէ հեռախոսահամար կամ հաշվեհամար, որով կկարողանայինք օգնել անմիջապես այդ ընտանիքին: Ասաց, որ չի կարող, քանի որ այդ տեղեկությունը հարապարակում է միայն ակցիայի ավարտից հետո` ամսագրի հերթական համարի վերջին էջում:

«Դիլ Մասթերը» մինչ այժմ իրականացրել է յոթ բարեգործական ակցիա՝ յուրաքանչյուրը 150 հազար դրամ արժողությամբ: Դա գրված է նրանց ամսագրերի վերջին էջում: Հրապարակված են նաև այն երեխաների անունները, որոնց իրենք օգնել են: Այդ ակցիաների ժամանակ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց ընկերության փոխտնօրեն Աշոտ Երիցյանը, իրացվում է երեք հրատարակություն՝ «Գիտունիկ» և «Համեղ խոհանոց» ամսագրերը, և մեկ հեքիաթի գիրք, յուրաքանչյուրը՝ նվազագույնը 1000 օրինակով: Ամսագրերը վաճառվում են 600 դրամով, այսինքն՝ մեկ ակցիայից ընկերությունն աշխատում է մոտ 1 միլիոն 800 հազար դրամ: Նրանք այդ հասույթն ունենում են՝ որևէ երեխայի  առողջական և սոցիալական վիճակը «շրջանառության» մեջ դնելով, բայց աշխատած գումարից, որպես ֆինանսական օգնություն, տվյալ ընտանիքին տրամադրում են առավելագույնը 150 հազար դրամ: Ընկերությունը չի կարող իր ամսագրերն իրացնել առանց այդ օգնության, և միայն այսքանով են նրանք «բարեգործ»:

«Դիլ մասթերը» երեխաների հասցեները, հեռախոսահամարները հրապարակել է  նաև իր ֆեյսբուքյան էջում և նշել, որ բոլորին օգնել է 150 հազար դրամ գումարով: Ընկերության փոխտնօրենը՝ Աշոտ Երիցյանը, ավելացրեց, թե երբեմն 100 հազար դրամով են օգնում, իսկ 50 հազար դրամին էլ նվերներ են տանում ընտանիքներին:

Օգնութուն ստացած երեխաներից մեկի մայրը՝ Սուսաննա Գյուրջյանը, շնորհակալություն հայտնելով ընկերությանը, նշեց, որ իրենց տրամդրվել է 100 հազար դրամ գումար և նվերներ, որոնց արժեքն, իր խոսքով, չէր կարող 50 հազար դրամ կազմել:

 Երեխաներից մեկ ուրիշի տատն էլ, ում անունը իր ցանկությամբ չենք հրապարակում, ասաց, որ իրեն ավելի քիչ են տվել՝  90 հազար դրամական օգնություն և նվերներ՝ 10 հազար դրամը չգերազանցող արժեքով: Հետո երբ իմացել է, որ իր երեխայի տվյալները հրապարկվել են «Գիտունիկ»-ի վերջին էջում` օգնություն ստացած ընտանիքների ցանկում, զանգահարել է  «Դիլ մասթեր» և հարցրել, թե ինչու են գրել իրականությանը չհամապատասխանող օգնություն` 150 հազար: Նրան պատասխանել են, թե այդ պակասը կլրացնեն, երբ որ միջոցներ ունենան:

«Ասեցին` մենք աշխատողներ ունենք, իրենց էլ ենք փող հատկացնում, էլ բողոքելու պահ չունեի, ես շնորհակալ եմ նորից, բան չունեմ ասելու, ուղղակի, եթե երեխային հասնում էր էդքանը…Դե, չգիտեմ, իրենք ասել են, որ կբերենք»,- ասաց երեխայի տատը: Նա իր յոթամյա թոռան հետ ապրում է հանրակացարանում: Ավելացրեց նաև, որ նախապես չի իմացել ըկերության՝ իր երեխայի անունով կազմակերպած բարեգործական ակցիայի մասին: «Ինչքան կարողանում եմ, ես 64 հազարովս ապրում եմ, մի հատ ինձ հարցնեիք` արդյոք ես Երևանով մեկ հրատարակվելու նպատակ ունեի իմ էրեխու հետ»,- ասաց նա:

«Դիլ մասթերն» իսկապես մեծ աշխատակազմ ունի, և «բարեգործական նպատականերով» հավաքված 600 դրամները հազիվ էլ բավականացնեն ընկերության ծախսերը հոգալուն: Նրանց աշխատակազմն աստիճանաբար ընդլանյվում է, հաճախ նոր աշխատողի կարիք ունեն և այժմ էլ հայտարարություն են հրապարակել: «Հետքի» աշխատակիցներից մեկը ևս, այդ հայտարարության հետքերով, ընդունվեց աշխատանքի և մեկ օր անցկացարեց այնտեղ: Ընկերության հեռախոսավարուհիները եռանդուն աշխատում էին. թեև նրանք ստանում են ֆիքսված աշխատավարձ, սակայն, ամսագիրն իրացնելու հմտություններից կախված, այդ աշխատավարձը կարող է բարձրանալ ու իջնել:  Ընկերությունում աշխատում էին երիտասարդ հեռախոսավարուհիներ` 10-13 հոգի (նրանցից մի քանիսը փորձաշրջան էր անցնում), նաև 40 անց կանայք ՝ 8-10 հոգի:  Նրանց հատկացված էր առանձին  սենյակ: Երիտասարդ հեռախոսավարուհիներից մեկի խոսքով, նրանք ավելի երկար ժամանակ է, ինչ աշխատում են ընկերությունում և ավելի մեծ փորձ ունեին: Կանայք զանգահարում էին և խնդրում, գնել 600 դրամ արժողությամբ ամսագրերից որևէ մեկը: Մյուս սենյակում աշխատում էին սկսնակ հեռախոսավարուհիները և փորձաշրջանի մեջ գտնվողները:

Աշխատանքային առաջին օրը ընկերության մենեջերը նոր ընդունված  աշխատողներին հրավիրեց առանձին սենյակ՝ տեքստը փորձելու և որոշ «նրբություններ» բացատրելու: Այստեղ հաջողված աշխատող լինելու հիմնական պահանջը  «լավ լեզու» ունենալն է: «Դասերը» սերտելուց հետո ստանում ես օրվա  հեռախոսահամարների ցուցակը: Թաղամասը, ուր այդ օրը պետք է զանգեինք, Խաղաղ Դոնն էր:

«Բարև ձեզ, ձեզ անհանգստացնում են «Դիլ մասթեր» ընկերությունից, փորձում ենք օգնել 4 տարեկան Աննային, որը ծնողազուրկ է, ծնողները մահացել են ավտովթարից, ինքն էլ ունի վիրահատության կարիք, ձեզ առաջարկում ենք 36 էջից բաղկացած մանկական գիտաճանաչողական գիրք…»,- սկսում է զանգել ու վարժ համոզել կողքիս նստած հեռախոսավարուհին: Հավանաբար հեռախոսից այն կողմ մերժում են նրան, բայց նա առանց հուսահատվելու շարունակում է. «Իսկ չէի՞ք ցանկանա նվիրել… 600 դրամով էլ բարեգործություն կանեիք»:

Ժամը 11:00-ից մինչ 20:30 նրանք զանգում են տարբեր համարներով ու համոզում օգնել որևէ երեխայի, իրենք էլ երբեմն չգիտեն, թե ով է այդ երեխան,  բայց համոզում են՝ հանուն աշխատավարձի: Նրանց աշխատավարձը, համոզելու կարողություններից կախված, տատանվում է 70 հազար դրամից մինչև 100 հազար դրամ:

Ընկերության փոխտնօրենը՝ Աշոտ Երիցյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մեկ բարեգործական ակցիան տևում է 1-1,5 ամիս: «Դիլ մասթերն» արդեն երրորդ տարին է գործում, ստացվում է՝ նրանք առնվազն 15-18 երեխայի արդեն իսկ պետք է օգնած լինեին, սակայն մինչ այժմ օգնել են 7 հոգու: Անցել է մոտ 1,5 ամիս, ինչ մեկ օր աշխատեցինք «Դիլ մասթերում», սակայն 4 տարեկան Աննան, ում համար պետք է զանգեինք տարբեր բնակարաններ և օգնություն խնդրեինք, դեռևս օգնություն չի ստացել: Ամսագրի նոր համարում հրապարակված երեխաների թվում նա չկա: Աշխատանքային մեկ օրվա ընթացքում մենք նույնպես այդ երեխայի համար երկու ամսագիր ենք իրացրել՝ «հավատալով» եռամյա բիզնեսի բարեգործական նպատակներին:

Մեկնաբանություններ (2)

Ամալյա
Նման զանգեր հաճախ են լինում: Տպավորություն է ստեղծվում, որ ուղղակի նույն հեռախոս համարների ցանկն է սեղանին: Սովորաբար զանգողներն աղջիկներ են, որոնք, կներեք, ծվծվան ձայներով խղճմտանք առաջացնող մի քանի սերտած նախադասություն են ասում, անունը դնելով բարեգործություն: Հետաքրքիրն այն է, որ երբեմն զանգում են UCOM-ի հեռախոսահամարներից, դա էլ վճարովի ծառայություն է, բնականաբար այդ աղջիկներն էլ են փող ստանում: Էլ ինչ է մնում այդ 600 դրամից, որ գնա հասնի հիվանդ ու կարիքավոր երեխաներին: Ասածս ինչ է, դա բարեգործություն չէ, դրանով բարեգործության բուն գաղափարը վարկաբեկվում է:
Վարդ
Մեկ օրում զանգում են 3հոգի, հրահանգ ստացած մարզիկի նման;Ամեն անգամ խնդրում եմ չզանգել և բացատրում եմ, որ բարեգործությունր դա չէ; Ես իրենց նմանեցնում եմ եհովայի վկաներին, նրանց ասում եմ Քրիստոնյա եմ,բայց մեկա, իրենք շարունակում են քարոզ անել;Պրծում չկա...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter