HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Սահմանադրական դատարանի հակասահմանադրական որոշումը

ՀՀ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումը ու դրանից հետո ստեղծված խառնաշփոթը միանգամից վեր հանեց Հայաստանում սահմանադրական ինստիտուտի բոլոր խոցելի կողմերը: ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին»  օրենքի մի շարք դրույթներ՝ կապված հիմնականում սեփականության իրավունքի հետ, սակայն իր իսկ որոշման մեջ «խցկեց» նաև հակասահմանադրական նորմեր: Մի կողմ թողնելով ՍԴ որոշման իրավական ու քաղաքական շարժառիթները, ներկայացնենք ՍԴ որոշման վիճարկելի կողմերը:

Հակասահմանադրականությունը

Եթե օրենքը հակասում է Սահմանադրությանը՝ պետք է անմիջապես դրանք ճանաչել ուժը կորցրած: Իրավական նոնսենս է, երբ հակասահմանադրական ճանաչված նորմին ևս 5 ամսվա կյանք է տրվում: Պատահական չէ, որ ՍԴ անդամներն իրենք չեն կարողանում մարդկանց պատշաճ բացատրել, թե հակասահմանադրական ճանաչված նորմերը մինչ սեպտեմբերի 30-ը ինչպես պետք է գործեն: Միջազգային պրակտիկայում սա աննախադեմ երևույթ է, երբ իրավական նորմը ճանաչվում է Սահմանադրությանը հակասող, բայց ուժը չի կորցնում: ՍԴ-ն ակնհայտորեն վերազանցել է իր լիազորությունները՝ Սահմանադրությանը հակասող նորմին ևս 5 ամսվա  «կյանք շնորհելով»:

Սա հակասում է ՀՀ Սահմանադրության միանգամից մի քանի հոդվածների, բայց հիմնականն այստեղ Սահմանադրության 6-րդ հոդվածն է. «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն։ Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը։ Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին»:

Ստացվում է, որ ՍԴ-ն իրեն լիազորություն է շնորհել՝ թույլ տալ գործելու այն օրենքներին, որոնք սահմանադրությանը չեն համապատասխանում:

ՍԴ ապրիլի 2-ի որոշման հաջորդ հակասահմանադրական դրույթը կապված է օրենքները վերանայելու պահանջի հետ: ՍԴ որոշման 7-րդ կետում նշվել է, որ պարտադիր կուտակային համակարգի հետ կապված 50-ից ավելի օրենքների շատ դրույթներ ենթակա են վերանայման; Հարց է առաջանում՝ այդ ո՞ր իրավունքով է ՍԴ-ն որոշել, որ այդ օրենքները պետք է վերանայվեն: Իսկ գուցե կառավարությունն ընդհանրապես է հրաժարվում պարտադիր կուտակային համակարգից, կամ որոշում է հետաձգել այն:

ՍԴ որոշումը պարզապես հրահանգում է կառավարությանը՝ չհրաժարվել պարտադիր կուտակային համակարգից, այլ վերանայել այն: Այսինքն՝ ՍԴ-ն իրեն գործադիր իշխանության լիազորություն է վերապահել, կառավարությանը հուշում է, թե ինչպիսի սոցիալական քաղաքականություն իրականացնել:

Այսպիսով՝ ՍԴ-ն պետք է միայն մատնացույց աներ օրենքի սահմանադրականությունը կամ հակասահմանադրականությունը ու դրանով սահմանափակեր իր գործառույթը: Իրականում ՍԴ-ն այնպիսի որոշում է ընդունել, որով կառավարությանը ցուցել է շարունակել պարտադիր կուտակային համակարգը, սակայն մի քանի վերանայումով; Նման  ցուցումները, ու ընդհանրապես՝ նման շարժառիթով որոշում ընդունելն ակնհայտ հակասահմանադրական է:

Սահմանադրական իրավունքի մեկնաբանումը

ՍԴ որոշումից հետո իրարամերժ հայտարարությունները վեր հանեցին ՀՀ-ում սահմանադրական իրավունքի մի կարևոր բաց՝ ո՞վ և ի՞նչ դեպքերում պետք է մեկնաբանի ՍԴ որոշումները: Ոչ ՀՀ սահմանադրությունը, ոչ «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» օրենքն այդ հարցը չեն կարգավորում: Ստացվում է՝ ՍԴ որոշումներն ընդհանրապես ենթակա չեն մեկնաբանման, այդ թվում՝ ՍԴ անդամների կողմից:

Այլ երկրներում այս հարցը հստակ կարգավորվում է: Ի վերջո՝ ցանկացած իրավական ակտ ունի շարադրանքի ու իրավական տեխնիկայի յուրահատկություններ, հետևաբար՝ մեկնաբանման կարիք: Միջազգային փորձը հետևյալն է՝ մեծամասամբ ՍԴ որոշումները մեկնաբանելու իրաավունք ունի հենց ՍԴ-ն, սակայն որոշակի սահմանափակումներով: Սահմանափակումների բնույթը հետևյալն է՝ ՍԴ որոշումը մեկնաբանելու համար որևէ մեկը պաշտոնապես պետք է դիմի ՍԴ-ին: Դա կարող է լինել նախագահը, կառավարությունը, խորհրդարանը, դատարանը և այլն: Ամենալոյալ օրենսդրությունը գործում է Բուլղարիայում՝ ով իրավունք ունի դիմելու ՍԴ-ին, նա էլ իրավունք ունելու մեկնաբանություն ստանալու: Որոշ երկրներում դատական բարձրագույն մարմինները ևս փորձ ունեն ՍԴ որոշումները մեկնաբանելու:

Կարծում ենք՝ այս բացը Հայաստանում ևս պետք է լրացնել, թեկուզ այն պատճառով, որ մենք հիմքեր չունենք ՍԴ-ն դիտարկելու որպես վերին ատյանի ճշմարտություն:

Մեկնաբանություններ (6)

Վեհարի Առաքելյան
Այսքան խախտումներից հետո մենք հիմքեր չունենք ոչ միայն ՍԴ-ն դիտարկելու որպես վերին ատյանի ճշմարտություն այլև փաստ է,` ՀՀ իշխանության ներկայացուցիչները, այդ թվում նաև ՀՀ այսօրվա Նախագահը Գազի սակագների հանրահայտ պատմությունից հետո պաշտոնապես դարձան ստախոսներ: Ընտրակաշառքը համատարած է բաժանվում և նման ընտրություններով ընտրվածները որպես հայրենիքի դավաճան չեն դիտվում, և ընդհանրապես, եթե օրենքները կամ իշխանությունների գործողությունները հակասում են Սահմանադրությանը՝ ապա դրանք անմիջապես ուժը կորցրած են: Մի խոսքով մեր երկրում պաշտոնապես իշխողը անարխիան է:
ընթերցող
Եթե պաշտոնյան, չինովնիկն ու ղեկավարը գործեն հասարակությանն օգտակար լինելու, մարդկանց խնդիրները լուծելու ու թեթեւացնելու իրական ձգտումով ու տրամաբանությամբ, որը ենթադրվում է ի սկզբանե, ապա ամենաթերի օրենքների շրջանակներում անգամ անլուծելի հարցեր դժվար են ծագում: Իսկ եթե մարդկանց իրական գործնեությունը հենց նշված հիմնարար սկզբունքների շրջանցմանն ու նենգափոխմանն է միտված, ապա ցանկացած կատարյալ օրենք կարող է վերածվել անհեթեթ գրոտեսկի: Ժողովրդական լեզվով ասած՝ ՖՌՌԱՑՆԵԼՈւ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՊԱՇՏՈՆՅԱԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇ:
Էռնեստ
ՍԴ որոշումն ակնհայտ քաղաքական էր
Նոստրադամուս
կուտակայինը չի վերանում, 5%-ը հարկ են սարքելու, քցեն գործատուի վրա ու պըրծ, էս էլ ձեզ կուտակային
Գեղամ
եթե հարկա դառնալու, ինչ տաարբերություն, մեր պայքարը հո նրա համար չի, որ հարկ դարձնեն: Քցինն գործատուի վրա՝ ինքն էլ աշխատավարձից ա հաշվելու, էլի մենք կվնասվենք, ես Դեմ եմ ....
Կողմ եմ
քանի որ բոլորը հպարտանում են դեմով, ես էլ ասեմ, որ կողմ եմ; Որովհետև՝ արդեն 15 տարիօա՝ թոշակառուն ամենաբողոքավոր մասան է, ու 50 տարի էլ տենց ա լինելու: Էնմ որ ասում են՝ մեզ բան պետք չի, սուտ ա, տակու, ու իրդառնալու եք թոշակառտու, ու սկսեք լացել: Իսկ եթե ոմանք հիմա մի քիչ ավելի են վաստակում ու իրանց լավ են զգում, թող հիշեն, որ նաև այս երկրի քաղաքացի են: Ընդամենը 500 հոգի դեմա, բոլորի անունից խոսում ա, ով ա ձեզ նման իրավունք տվել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter