HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային ոստիկանության շինծու գաղտնիքները

Բագրատ Խաչատրյան 

Վերլուծենք Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի գործունեությանը  վերաբերվող մամուլում հրատարակված տվյալները և փորձենք հասկանալ, թե ինչու է նրանց  հավաստիությունը կասկածներ առաջացնում: Որպես սկզբնական տվյալներ համարենք հետևյալ տեղեկությունները` 

  • 2013-ին տեսախցիկների կիրառմամբ նշանակված տուգանքների չափը եղել է 8 մլրդ 950 մլն 165 հազար դրամ
  • Այսօր Երևանի տարբեր խաչմերուկներում կան խախտում արձանագրող 80 տեսախցիկ և 135 արագաչափ՝ ամբողջ Հայաստանում: Դրանց շնորհիվ միայն 2013-ին արձանագրվել է ճանապարհային կանոնների 854 000 խախտում

Բացի այդ`

  • Հաշվի առնենք, որ Երևանի տեսահսկվող խաչմերուկների կեսից ավել դեպքերում տեղադրված են մեկից ավելի խախտում արձանագրող տեսախցիկ: Միևնույն ժամանակ համարենք, որ գործող սարքավորումների մի մասը անսարք է, վերանորոգման ընթացքում է, շահագործվել են ոչ տարվա սկզբից և այլն, ուստի հաշվարկներում ընդհանուր թվաքանակը ընդունենք 200 հատ, և ոչ թե (80+40)+(108+30)=258 հատ:
  • Օրվա տևողությունը ընդունենք հավասար 14 ժամ, քանի որ գիշերային ժամերին երթևեկության ինտենսիվությունը կտրուկ նվազում է:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է թաքնված այս թվերի տակ`

  1. Հաշվարկենք հայտնաբերված խախտումների միջին քանակը օրեկան կտրվածքով ` 854 000 : 365 = 2340 հատ: Եթե համարենք, որ խախտումները կատարվում են միայն ցերեկվա ժամերին, ապա յուրաքանչյուր ժամ 170-ից էլ քիչ խախտում է արձանագրվում: Բաժանենք այս թիվը սարքերի քանակին, կստացվի, որ յուրաքանչյուր սարք խախտումները ֆիքսում է միջինը 70 րոպեն մեկ: Հավատո՞ւմ եք, որ շահագործման մեջ գտնվող արագաչափը կամ տեսախցիկը ժամում մեկից պակաս իրավախախտում է արձանագրում: Ես չեմ հավատում, և եթե քաղաքացու համար գրեթե անհնարին է որոշել տեսախցիկով արձանագրած խախտումների քանակը, ապա արագաչափի կողմից ֆիքսվող խախտումների քանակը հեշտությամբ հայտնի է դառնում արձակվող լուսային ֆլեշերի դիտարկման եղանակով: Ի՞նչ է ստացվում, որ իրականում արձանագրված խախտումների քանակը զգալիորեն ավելի շատ են, քան ներկայացնում է Ճանապարհային ոստիկանությո՞ւնը: Մեկ ժամվա ընթացքում հետևեք որևէ արագաչափի աշխատանքին, և ինքներդ կհամոզվեք, որ կասկածները անհիմն չեն:
  2. Երբ բաժանում ես նշանակված տուգանքների ընդհանուր գումարը տուգանքների ընդհանուր թվաքանակին, ապա ստացվում է, որ տուգանքի միջին չափը կազմում է 10480 դրամ (8 950 165 000 : 854 000=10 480): Ըստ հաշվարկի ստացվում է, որ 20 000 և ավելին դրամ տուգանքի չափ նախատեսող խախտումների քանակը համադրելի է 5 000 դրամ նախատեսող խախտումների քանակի հետ: Սակայն սա հեռու է տրամաբանությունից, քանի որ նվազ իրավախախտումները կատարվում են շատ ավելի հաճախ, քան ծանր: Ստացվում է, որ Ճանապարհային ոստիկանությունը այս դեպքո՞ւմ էլ է ինչ-որ մի բան թաքցնում:

Երկու պարզ հաշվարկների արդյունքում էլ ստացված տվյալները լուրջ կասկածների տեղիք են տալիս: Որտեղի՞ց են բխում այս կասկածները: Ներկայումս Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի գործնեությունը իրականում որևէ կերպ չի հսկվում, քանի որ նրանց տեսուչների կողմից կայացվող վարչական տույժ նշանակելու մասին որոշումները ներառում են  անհատական ծածկագիր (PIN CODE), և տեխնիկական միջոցի օգտագործմամբ ամրագրված արարքի հատկանիշներին կարող է տեղեկանալ միայն ենթադրվող իրավախախտումը կատարած տրանսպորտային միջոցի հասցեատերը:

Իսկ ինչո՞ւ ցանկացած քաղաքացի չի կարող մուտք գործել նման իրավախախտումների ընդհանուր էլեկտրոնային բազա և տեղեկանալ, թե վարչական տույժ նշանակվել է միայն իր նկատմամբ, թե միևնույն ժամանակ իրեն կողքից ավելի արագ ընթացող տրանսպորտային միջոցի հասցեատերն էլ է ենթարկվել պատասխանատվության: Նման նորամուծությունը կնպաստի նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դրույթների լիարժեք կիրառմանը: Այսինքն, քաղաքացիները կկարողանան հսկել, թե վարչական մարմինները էությամբ նման փաստական հանգամանքների նկատմամբ ցուցաբերում են  միատեսակ, թե անհատական մոտեցումներ:

Ինչո՞ւ է հանրությունը զրկված հնարավորությունից տեղեկանալ, թե յուրաքանչյուր օր, կամ ամիս, քանի իրավախախտում է ֆիքսել Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնը, ո՞ր իրավախախտումներն են կազմում գերակշռող մաս, որ սարքավորումն որքան իրավախախտում է ֆիքսում օրական, որքա՞ն է կազմում նշանակված տուգանքների ընդհանուր գումարը տվյալ ժամանակահատվածում և այլն:

Կարող են առարկել, թե իբր, նման մոտեցումով կոտնահարվեն «Անձի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությանը» վերաբերվող դրույթները: Սակայն, երբ այդ նույն իրավախտումն, նույն Ճանապարհային ոստիկանության նախաձեռնությամբ, անցնում է դատական քննարկման փուլ, ապա հրատարակվում են (օրինակ` http://datalex.am կայքում), թե՛ այդ կոնկրետ դեպքի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման առանձնահատկությունները, թե՛ վայրը և ժամանակաշրջանը, թե՛ տրանսպորտային միջոցի մակնիշը և պետական հաշվառման համարանիշը, թե՛ տրանսպորտային միջոցի տիրոջ հասցեն և նրա անձնագրի տվյալները: Չէ՞ որ, երկու դեպքում էլ խոսքը գնում է միևնույն իրավախախտման, միևնույն տրանսպորտային միջոցի և միևնույն անձի տվյալների մասին: Բացի այդ, ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է տեղեկատվությունների տրամադրման հետևյալ կարգ` Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ: Այսինքն, եթե անգամ «Ճանապարհային ոստիկանությունը», ի տարբերություն ՀՀ Վարչական դատարանի, համարում է տրանսպորտային միջոցի պետհամարանիշի և հասցեատիրոջ տվյալների համատեղ հրատարակումը տեղեկատվության գաղտնիության դրույթների խախտում, ապա ընդհանուր տեսանելիության նպատակով կարելի է տեղադրել միայն ենթադրվող իրավախախտման հատկանիշները և տրանսպորտային միջոցի պետական հաշվառման համարանիշը, իսկ անձին վերաբերվող նյութերը տրամադրել անհատական ծածկագիրը մուտքագրելուց հետո:

Հավելեմ ասածս վկայակոչելով police.am կայքում տրված պարզաբանումներից մեկում հնչեցրածը` «ոստիկանություն կողմից անձի նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը հրապարակային փաստաթուղթ է: Բացի այդ, իրավախախտում կատարած անձանց տվյալների հրապարակայնությունը թույլ է տալիս հենց նշված անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը դարձնել առավել կանխատեսելի, և լրացուցիչ երաշխիք հանդիսանալ կամայականությունների բացառման ու ոստիկանության գործողությունների օրինականության համար»: Այսինքն` նման մոտեցման կիրառումը նաև Ճանապարհային ոստիկանության ՏՄՀԽԱ կենտրոնի կողմից արձանագրած վարչական իրավախախտումների նկատմամբ, կդարձնի այդ ստորաբաժանման գործունեությունը թափանցիկ ողջ հանրության համար, կբացառի հնարավոր քանակական և որակական չարաշահումները, արմատախիլ կանի բոլոր կասկածները այդ կենտրոնին վերաբերվող հաշվետու տվյալների իսկության վերաբերյալ:

Ակնկալենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ 2014 թվականի ապրիլի 11-ին ստեղծված Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն ուսումնասիրող աշխատանքային խումբը հաշվի կառնի այս դիտարկումները: 

28.04.2014թ.

Մեկնաբանություններ (5)

Բագրատ Խաչատրյան (հեղինակ)
Հարգելի Պօղոս, շատ շնորհակալ եմ ներկայացրած տվյալների համար, միաժամանակ խնդրում եմ նշել սկզբնաղբյուրը: Հարկ եմ համարում ավելացնել, որ օրվա կտրվածքով 1700 ֆիքսված խախտումը, էլ ավելի անհավանական քանակ է կազմում: Չեմ հավատում, որ SECURITY DREAM ընկերությունը ընդունակ է գնել թանկարժեք սարքավորումն, տեղադրել այն և ապահովել լարանցումները ամսական մեկ, կամ տաս հատ խախտում ֆիքսելու համար: Ինչ վերաբերվում է ուրիշի փողերին, ապա ես ուրիշինը չեմ հաշվում, էտ փողերը նաև ինձանից են փորձում բռնագանձել, իմ երեխաների բերանից են փորձում կտրել:
Պողոս
Հանճարեղ թվաբանությունա, իսկ լոգիկաի համար պետքա նոբելյան մրցանակ տալ ՞եթե արկղը քառակուսիա ուրեմն մեչինը կլորա...՞ ԲՌԱՎՈ
Բագրատ Խաչատրյան (հեղինակ)
Հարգելի Pogos Pogosyan, ես չգիտեմ, թե ինչով եք ղեկավարվել իմ հոդվածների տակ նման մեկնաբանություններ գրելիս, բայց նկատեմ, որ իմ կողմից որևէ տրամաբանական (լոգիկա) հետևություններ չեն կատարվել: Իսկ թվաբանությունն էլ հանճարեղ չի, 3-րդ դասարանի երեխան էլ կհասկանա այն: Եվ օրեկան կտրվածքով 2340 հատ արձանագրությունը այսքան վրդովմունք միանշանակ չէր կարող առաջացնել:
Artak
Ճիշտ մոտեցումա, բայց միևնույն ժամանակ շատ նաիվ: Հո էտ տուգանքների համակարգը պատահական չի ստացվել այդպիսի անհսկելի, որ հիմա էլ հաշվի առնեն նման առաջարկները ու ինչ-որ բան փոխեն: Մի մոռացեք թե ովա Սեքյուրիթի Դրիմի ընկերության մեջքին կանգնած:
Պօղոս
2013- ին կայացվելա 620 000 արձանագրություն, գանձվելա 6 175 000 000, 1 արձանագրության արժեքը - 9500դր ... Դավիթ Բեկ արագաչափ - 2014-ի հունվարին ֆիկսելա 1 խաղտում, Պարույր Սևակ - 8, Զանգակատուն Մ-2 - 4 խաղտում, Նորաշեն Հ-21 - 7 ... Նորց ճշտեմ, որ սրանք ամբօղջ ամսվա ընթացքում! Ստեղից հետեվություն ուրիշի փողերը հաշվելը լավ զբաղմունք չի: Մանավանդ պետք չի լուրջ վերաբերվել Նիկոլի գրածներին - ինքը իրա քաքղաքական խաղերնա տանում!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter