HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գաղափարական խումհա՞ր, թե՞ կանխամտածված հայրենասիրություն

Ռազմիկ Մարկոսյան

«Անաստաս Միկոյանը հայտնի է Հայաստանում 1500-2000 հայերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպաների, մշակութային և քաղաքական գործիչների գնդակահարությունը կազմակերպելու նպատակով ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ Եժովի միջոցով Ստալինին ուղղված իր դիմում-խնդրանքով, ինչպես նաև ԱրցախըՆախիջևանն ու Գարդմանքը Խորհրդային Ադրբեջանի կազմում թողնելու, Հայկական հարցը միջազգային ասպարեզից հեռացնելու անխախտ դիրքորոշումով և պահանջով»։

Հայերենին տիրապետող ամեն ոք «Վիքիպեդիա» համացանցային հանրագիտարանում կարող է կարդալ այս տողերը Խորհրդային Միության հայազգի քաղաքական գործչի մասին, որի արձանը մեր մայրաքաղաքի կենտրոնական հատվածում տեղադրելու կապակցությամբ վերջերս որոշման նախագիծ է ընդունել Երևանի քաղաքապետարանի ավագանին:

Մեր երկրում որոշ բաներ սկսել են խորհրդային շրջանում գիտակցական տարիք ապրած մարդկանց մեջ քաղաքական դեժավյու առաջացնել: Այդ կապակցությամբ ոմանց մխիթարելով, ոմանց սթափեցնելով հիշենք, որ կյանքը հետընթաց չի կատարում, և անհնար է, որ պատմության ճանապարհին մի անգամ էլ տեսնենք կոմունիզմի ուրվականը: Բայց իմ` խորհրդային կարգերը մերժողիս, այսպես ասած, հանրային մտահոգությունը դրանով չի փարատվում: Չէ՞ որ իմ քաղաքական մեկուսացման, բանտի ու աքսորի տարիներին էլ կոմունիզմի ուրվականից խորշում էի ոչ թե նրա սև պատմուճանի ու արյունոտ բերանի, այլ իմ երկրի ու ժողովրդի կյանքում նրա ունեցած բացասական դերակատարության պատճառով: Եվ այսօր էլ, կոմունիզմի մահվան վկայականը ձեռքիս, ես մտահոգվում եմ իմ ժողովրդի համար, քանի որ մեզանում դեռևս կան մարդիկ և ուժեր, որոնք քաղաքական մեռելի հետ անկողին կիսելու ցանկություն ունեն. մի բան, որ մեզ համար հավասարազոր է էթնիկական էվթանազիայի:

Միկոյանի արձանի տեղադրման հետ կապված քննարկումներին հետևելիս ինձ ահաբեկում է ոչ այնքան այն հանգամանքը, որ իր ճանապարհին հազարավոր դիակներ թողած պետական գործչին կենդանացնել ցանկացողներ կան, այլ այն, որ այդ բանը ցանկացողների մեջ կան նաև նոր սերնդի մարդիկ: Մտածում եմ` մեզանում որտեղի՞ց այսքան երիտասարդ <<արալեզներ>>` տոգորված իրենց չտեսած ժամանակաշրջանը հետ բերելու, կումունիզմի սատրապի գլխին փառապսակ դնելու մոլուցքով:

Ստեղծված  իրավիճակը հետևանք է: Թվարկենք պատճառներից մի քանիսը:

Նախ` անկախ Հայաստանն իր գոյության հենց սկզբից պետք է իրականացներ   լուստրացիա: Հեղաշրջման միջոցով պետական կառավարման նոր ձևի անցած երկիրը պետք է որ գիտակցեր այդ քաղաքական քայլի կարևորությունը: Մեր ազգային շարժման ու պետական հեղաշրջման պատմական կարևորությունն ընդգծելու համար Հայաստանի նորաստեղծ հանրապետությունը տապալված խորհրդային կարգերը պետք է հայտարարեր որպես հանցագործ` հրապարակելով դրա հիմնավորումներն ու գլխավոր գործող անձանց անունները: Պետք էր երկրի ներուժի ներգրավմամբ լուծել արժեհամակարգային խնդիրները: Արժեհամակարգն է հենց, որ իրեն  համապատասխան` առաջ է քաշում անցյալի ու  ներկայի հերոսներին, որոնք էլ ձևավորում են նոր քաղաքացու կատարելատիպը, ստեղծում նոր հերոսներ: 

Այս ամենը չարվեց, ու պղտոր ջրից կորստով դուրս եկավ անգնահատելի կարևորության մի արժեք` մեր ժողովրդի քաղաքական ազատակամությունը: Մեր հեռու ու մոտ անցյալի իրական հերոսները, որոնց մեջ շատ կան արձան չունեցող, անհիշատակ երանելիներ, աստիճանաբար դարձան գրական կերպարի պես մի բան: Նրանք մնացին առանց քաղաքական պատվանդանի ու խունացան մեր ժողովրդի երեկվա հաղթանակների պես: Հայաստանում պետականորեն (կրթական համակարգի, մշակույթի միջոցով ևն) չներկայացվեց նոր քաղաքացու կատարելատիպը: Այդ կերպարն արտանետեց կյանքը` հաջողակ բիզնեսմենի, հեռուստատեսային հավաքական մուտացիայի տեսքով` նոր սերնդին ներկայացնելով կենսական առաջընթացի բնական պահանջը բավարարելու ցածրակարգ, անառողջ մեխանիզմ: Եվ ինչպես մի կողմից պատմական իրականության ու, ասենք, մեր համացանցային հանրագիտարանի, իսկ մյուս կողմից` պետական մարմնի ընդունած որոշման նախագծի միջև, այնպես էլ մեր պետության քաղաքական կառուցվածքի ու վարած քաղաքականության միջև ստեղծվեց պատմական իմաստով պարապուրդի մղող գաղափարական վակուում, ինչը շատ արագ այլասերում է: Բայց այլասերումն էլ իր հերոսներն ունի, և Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու-չտեղադրելու խնդիրը մեզանում չի կարող դիտվել «քաղաքում մի արձան ավել-մի արձան պակաս» թեմայով բանավեճի համատեքստում: Այդ արձանի տեղադրումը վատագույն իմաստով պատճառաբանված է: Եվ զավեշտ է, որ Միկոյանի քարե հերոսացումը մեզանում պաշտոնապես հիմնավորվում է ճիշտ այնպես, ինչպես որ հիմնավորվում են դեմ արտահայտված կարծիքները. արձանը կտեղադրվի ի հիշատակ կոմունիստական դարաշրջանի քաղաքական գործչի և ի պատգամ մատաղ սերնդի:

Մեր` վերևում նշած (և ոչ միայն) կարևոր պետական ձեռնարկումները զանց առնելու հետևանքն է, որ իր ժողովրդին բազում վտանգների ենթարկած ու բազում վնասներ պատճառած կոմունիստական նոմենկլատուրայի ամենաճկուն ու կենսունակ կերպարներից մեկին կոմունիստական կարգերը տապալած մեր անկախ հայրենիքում հերոսացնելու պետական մտադրություն ու հանրության մեջ այդ մտադրությունը պաշտպանողներ կան: Ահա թե ինչ է նշանակում ժամանակին գնահատականներ տալուց խուսափելը: Եվ ահա թե ինչն է գաղափարական այս խումհարի պատճառը, որից ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ:

Եթե Հայաստանն ունի քաղաքացիներ, որոնց համար Անաստաս Միկոյանը հերոս է, ուրեմն կարելի է համարել, որ Միկոյանի արձանի քաղաքական պատվանդանն արդեն դրված է: Այդպիսիք փորձում են նոր ժամանակները հոտոտելու իրենց ունակությունն ու ճկուն հարմարվողականությունը որակել որպես  հայրենասիրություն: Այդ ի՞նչ կանխամտածված հայրենասիրություն է: Այդ կռապաշտները պարզապես իրենց տեսակին հարմար մթնոլորտ ու ընդօրինակելի քաղաքական կուռք են փնտրում, որ հարմարավետ զգան ու միջավայրում` դոմինանտող: Դրա ապացույցն է, որ մեր երկրում պաշտոնապես գրանցված քաղաքական կուսակցության ղեկավարը` ոմն քաղաքական վրիպակ, եթերով անարգել հայտարարում է` «Մենք ազգովի գործ տվող ենք»: Աստված մի արասցե, որ նմաններն իրենց երազած նպաստավոր մանրէածին միջավայրն ունենան:

Արձանի տեղադրման քննարկումներին մասնակցում են պատմական իրադարձությունների վերլուծաբանությանը ոչ հասու (կամ ներկայիս իրավիճակը «յուրովի» վերլուծող) պատմաբաններ, որոնք Միկոյանի դրական գործերը հանրությանը ներկայացնելիս քիչ է մնում Անաստաս Իվանովիչից ներում խնդրեն, որ մինչև հիմա ապրել են առանց նրա քարե ներկայության: Բայց արդյո՞ք կարևոր է, թե ինչ լավ գործեր է արել մի մարդ, որի ձեռքերը հազարավոր անմեղների արյունով են շաղախված:

Պատի մեջ մարդկանց ողջ-ողջ շարողին չեն արդարացնում, թե նրա նման պատ շարող չի եղել: Նույն կերպ` Խորհրդային Միությունում էլ եղել են բարենպաստ ձեռնարկումներ, բայց դրանք այդ հասարակարգը երբեք չեն ազատում հանցագործի որակումից: Իր  քաղաքացիներին միլիոններով մորթած վարչակարգը ի՞նչ բարենորոգումով կարող է արդարանալ: Իսկ Միկոյանը, եթե լավ գործեր արել է, ապա միայն Խորհրդային Միության, նույնն է` վելիկոռուսական միապետության համար: Եթե Հայաստանի համար որևէ դրական գործ է կատարել, ապա Հայաստանը դիտարկել է որպես ԽՍՀՄ տասնհինգ հանրապետություններից մեկը, և ոչ ավելին: Այլապես չես կարող այդ դրական արարքները տեղավորել այն ազգադավ գործողությունների կողքին, որոնք Միկոյանի կենսագրության մասն են կազմում:

Բայց Միկոյանը սովորական ազգադավ չէր: Բերիայի այդ համախոհի հրեշավոր նախաձեռնությամբ ու մասնակցությամբ ԽՍՀՄ-ում ու անգամ նրա սահմաններից դուրս շատ հակամարդկային մտադրություններ են իրագործվել: Հիշենք լեհական սպայական կազմից 22 հազար անմեղ մարդկանց գնդակահարությունը (որի համար, ի դեպ, Պուտինը լեհերից պաշտոնապես ներողություն է խնդրել), որի ժամանակ հորդացած անմեղ արյունն այս մարդու խղճի վրա է: Բայց նման մարդիկ` ողջ, թե մեռած, խիղճ չունեն, և այդ արյունը կմնա դահճի հետ նույնանալ փորձող մեր երկրի խղճի վրա (այո, ոչ թե պետության, այլ երկրի): Մինչդեռ Լեհաստանը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, և մենք այդ երկրի հետ միշտ նորմալ դիվանագիտական հարաբերություններ ենք ունեցել: Իսկ այսօր փորձում ենք դառնալ նրա ազգային ողբերգության համահեղինակը՝ մի մարդու հետ, որի աստվածը մարդու արարման հետ ոչ մի կապ չուներ. այն սոսկ աստիճան էր դեպի վեր:

Միկոյանը փոքր մարդ չէր, և նրան չի կարելի որակել որպես ժամանակի զոհ: Ավելի ճիշտ` ժամանակն էր նրա նմանների զոհը: Ես չեմ ամաչում Միկոյանի ազգության համար, քանի որ ցավալի փորձ ունեմ այդ կապակցությամբ. կոմունիզմի զավակները ժառանգորդական կապ չունեն իրենց ժողովրդի հետ: Կոմունիզմի զավակները հենց կոմունիզմի զավակներն են:

Ինչպես տեսնում եք, ես գրեթե չանդրադարձա Միկոյանի արձանի տեղադրման պետական նախաձեռնությանն ու դրա նպատակներին: Անցյալի մեղքերից չձերբազատված երկիրը մի օր մտնելու էր գաղափարական փակուղի, քանի որ երկիրը չի կարող քաղաքական երկկենցաղ լինել (մի բան, որ ոչ մի կապ չունի դիվանագիտական ճկունության հետ):

Երկրի հերոսը չի կարող մասշտաբային հանցագործ լինել: Եվ ժողովուրդն է, որ չպիտի թույլ տա, որ իր երկրում փորձեն իրականացնել բռնապետական մշակույթի ու մի անգամ արդեն աշխարհի աչքի առաջ ձախողված կոմունիզմի վերականգնումը: Իսկ այն, որ մեր ժողովրդի քաղաքական ազատակամությունը վնասվածք է ստացել, այդ հանգամանքը չի փրկի մեզ աշխարհի առողջ ուժերի նախատինքից: Իսկ այդպիսի ուժեր աշխարհում կան, և նրանք շատ են նաև մեզանում:

Մեր ժողովրդի կենսունակության «բեռն» իրենց ուսերին կրել են մեր վառ անհատները, որոնց հարցում բոլոր ժամանակները շռայլ են եղել մեր հանդեպ, և մեզ համար հիշատակը հավերժացնելու արժանի անհատի ընտրությունն անսահման մեծ է: Ուրեմն ինչո՞ւ մեր ընտրությունը (եթե այն մերն է) կանգ առավ մի մարդու վրա, որին վեր հանելով ու հերոսացնելով` բարոյականության նույն սանդղակի վրա պիտի կանգնենք Ռամիլ Սաֆարովի, նրա ոճրագործությանը նույնացած ժողովրդի հետ: Ասում եմ` նույն սանդղակի վրա, բայց որդեսպանությունը մարդասպանությունից ավելի զազրելի արարք է: 

Աշխարհում շատ քաղաքական փաստաթղթեր, հռչակագրեր ու համաձայնագրեր կան, որոնք այս կամ այն երկրի կողմից ստորագրվում կամ չեն ստորագրվում: Ընդհանուր հաշվով` այդ ամենը մեծ բան չարժե. ժողովուրդն ու պետությունն իրենց բուն էությունը, հանկարծակի եկածի պես, ի հայտ են բերում հենց այսպիսի ձեռնարկումներով: Միկոյանի կերպարն, այնուամենայնիվ, եղել է մեր պատմության մեջ, և ծույլ աշակերտի պես դասագրքի էջը պատռելով չենք ազատվի դաս սովորելու հոգսից: Պատմության դասին անպատրաստ լինել չի կարելի: Անցյալը զանց առնել չի կարելի: Անցյալի արձաններն ավերել չի կարելի: Դրանք` լինի արձան, թե հիշողություն, պետք է իրենց համար նախատեսված տեղն ունենան այս երկրի երեսին շիտակ քայլող ժողովրդի կյանքում: Միկոյանի մասին իմանալ ու եկող սերունդներին այդ ժամանակաշրջանի դասերը փոխանցելն անհրաժեշտ է, բայց այսօր, երբ մենք շարունակում ենք կրել նրա նմանների կերտած չարաբաստիկ կայստրության տխուր հետևանքները, այսօ’ր նրա արձանը կանգնեցնել կնշանակի ընկղմել Հայաստանը գաղափարական ճահճի մեջ:

 

 

Մեկնաբանություններ (2)

Հրաչ
Ավելի պարզ և մատչելի բացատրել, թե ինչու չի կարելի տեղադրել արձանը, չեմ պատկերացնոմ; Թէ չէ, էլ առուներ է փորել տվել Երևանում,Էլ մեր համագյուղացին է: Է տարեք ձեր գեղի կլուբի դեմ էլ դրեք:
Օնիկ Միքայելյան
Սիրելի Ռազմիկ վաղուց էր պետք ընթացք տալ : Դիպուկ, ազդեցիկ և հիմնավոր է ասված. Պատի մեջ մարդկանց ողջ-ողջ շարողին չեն արդարացնում, թե նրա նման պատ շարող չի եղել: Երկրի հերոսը չի կարող մասշտաբային հանցագործ լինել: Մարդ, որի աստվածը մարդու արարման հետ ոչ մի կապ չուներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter