HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Խաչատրյանի եղբորորդու նկատմամբ քրեական գործ չհարուցվեց

Այսօր ավարտվում էր օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը, ըստ որի նախաքննության մարմինը պիտի որոշում կայացեր` հարուցել քրեական գործ, թե ոչ մայիսի 25-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբորորդի Էյներ Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով: 

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հետքին» փոխանցեցին, որ քրեական գործ չի հարուցվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (արարքի մեջ հանցակազմ չկա): 

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի հաստատել էր մամուլի հրապարակումներն այն մասին, որ Գորիսի բնակիչ, 1987 թ. ծնված Էյներ Խ.-ն մայիսի 25-ին Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկի մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հ.-երին:

Մի քանի օր առաջ էլ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը դեպքի առնչությամբ ասել էր. «Լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները՝ ծեծի ենթարկելու, դանակահարության մասին, չեն համապատասխանում իրականությանը… Դեռ քրեական հանցակազմ պարունակող երևույթներ չկան»:

Սա միակ դեպքը չէ, երբ Սուրիկ Խաչատրյանն ու նրա բարեկամները օրենքից դուրս վիճակում են հայտնվում, նրանց նկատմամբ իրավապահները ցուցաբերում են վերին աստիճանի բարեհաճ վերաբերմունք:

Հիշեցնենք, որ մամուլում դեռ տարեսկզբին լուր տարածվեց, որ հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը Գորիս քաղաքում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանն՝ իր բարեկամ Յուրա Մանուչարյանի հետ լոմով հարվածներ են հասցրել իրենց համաքաղաքացի, բենզալցակայանի աշխատող Վիտալիկ Մեսրոպյանին: Այս անգամ ևս քրեական գործ չէր հարուցվել: Ոստիկանությունից «Հետքին» տեղեկացրել էին, որ քրեական գործ չի հարուցվել քրեական դատավարության 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ բացակայում է դիմողի բողոքը:

Սուրեն Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիսը 2004 թ-ին մեղադրվել է նաև իր համաքաղաքացի, 2 անչափահաս երեխաների հայր, 34-ամյա Հովհաննես Բադալյանի դիտավորյալ սպանության մեջ (դանակի 12 հարվածով), որը կատարել է իր մյուս հորեղբորորդի Էյներ Խաչատրյանի հետ: Մայիսը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, սակայն 7 տարի անց՝ 2011թ. պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, իսկ Էյները դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման: Սպանության մոտիվը եղել է այն, որ Հովհաննեսը, մթության մեջ չնկատելով շենքի մուտքի մոտ կանգնած Էյներ Խաչատրյանին, կպել է նրա ուսին, ինչից էլ վեճ է սկսվել, երիտասարդը գազանաբար սպանվել է դանակի 12 հարվածով 2004 թ-ի փետրվարի 29-ի գիշերը:

Եվս մեկ դեպք Էյներ Խաչատրյանի մասնակցությամբ, այս անգամ Գորիսի ռեստորաններից մեկում այս տարվա մարտին: Սակայն դարձյալ որևէ քրեական գործ չհարուցվեց:

Մեկնաբանություններ (4)

Հայ
Լիովին համաձայն եմ Verginia Vardanyan-ի հետ։ Այ եստեղ են ասում իսկապես NO COMMENT Վայ մեզ ու վայ մեր ազգին։
նենե
Ու՞ր են նայում երկրի այրերը;Սրանք ո՞վ եղան ՝այսքան այլանդակություններ են իրենց թույլ տալիս։Իսկ ու՞ր է օրենքը։վերջապես մեկից պիտի սկսե՞ն,որ ժողովուրդը սկսի վստահել;գոնե իրենց պաշտոնների մասին մտածեն ու քայլեր անեն;Հազար ամոթ։Չնայած դրանք ծանրագույն պատիժ են կրելու Աստծո կողմից։
hasmik
մարդասպաններն ու հանցագործները ազատության մեջ են, որպեսզի նորից մարդ սպանեն, սա է ապահով Հայաստանի օրենքը
նոնա
լիսկան մեղք չունի, նրա հովանավորներն են մեղավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter