HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագած Ախոյանի նախազգուշացումը. «Բոլոր գետերը առաջանում են փոքրիկ աղբյուրներից»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արագած Ախոյանը նախազգուշացնում է, որ եթե  իշխանությունները շարունակեն սրացնել ստեղծված սոցիալական լարվածությունը, ապա դրանք կունենան լուրջ հետևանքներ հենց իշխանության համար:

«Հետք»-ի հետ զրույցում, անդրադառնալով  էլեկտրաէներգիայի թանկացմանը, որի դեմ երեկ տեղի ունեցավ բողոքի ակցիա, բերման ենթարկվեցին 20-ից ավելի ակտիվիստներ, Արագած Ախոյանը նշեց. «Սրանից վիճակը սրանա-չսրանա... Ախր, բոլոր գետերը առաջանում են փոքրիկ աղբյուրներից, թող իշխանությունները մտածեն՝ դրա հետևանքների մասին»:

Պատգամավորն ասաց, որ ինքը դեմ է ցանկացած թանկացման:

«Դեմ եմ, ոչ միայն էլեկտրոէնէրգիայի, այլև՝ ամեն ինչի թանկացմանը: Մեր աչքի առջև կամաց-կամաց կյանքը թանկանում է, չենք հասկանում՝ սրա վերջը ի՞նչ է լինելու»,- նշեց Ախոյանը:

Մեր հարցին, թե արդյոք երեկվա բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության ցուցադրած անհամաչափ գործողությունները նպատակ ունեին ցրել սրացման նախանշանները, Արագած Ախոյանը պատասխանեց, թե ուշադիր չի հետևել երեկվա միջադեպերին, ուստի հստակ գնահատական տալ չի կարող:

«Ուշադիր չեմ նայել, բայց ես դեմ եմ ցանկացած բռնությանը, որովհետև ժողովուրդն այսօր լավ վիճակից չէ, որ գնում է բողոքի ցույցերի, ակցիաների: Չեմ կարող ասել՝ ինչից հետո են միջամտել ոստիկանները, ինչ են արել, արդյոք հասարակական կարգ խախտվել է, թե ոչ, որ ոստիկանները միջամտել են, գործողությունների ընթացքին ծանոթ չեմ, ուստի չեմ կարող ասել»,- հավելեց նա:

Լուս.՝ armlur.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter