HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Բաղդասարյան. «ՕԵԿ-ը կամ ես ոչինչ չենք արել, որ մենք մեր գլուխը կախենք. արյան հետ, ոչ թալանի ոչ գողության հետ կապ չունենք»

«Քառյակի հետ մենք արդեն իսկ համագործակցում ենք ԱԺ-ում տարբեր ձևաչափերով, պարբերաբար նրանք դիմում են ՕԵԿ-ին` սկսած հաշվիչ հանձնաժողովի նիստից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու ոչ իշխանական չորս խմբակցությունների քառյակը հնգյակ չի դառնում: Արթուր Բաղդասարյանը հավաստիացրեց, որ ՕԵԿ-ը քառյակի հետ խորհրդարանի շրջանակներում ակտիվ համագործակցում է, ապա նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցել ցանկացածի հետ:

«Մենք հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք համագործակցելու բոլորի հետ` կոնկրետ հարցերի և խնդիրների շուրջ: Մենք կաշկանդված չենք, մեր համագործակցությունը տեսանելի է, կան ընդհանուր նպատակներ, կան հարցեր, որոնք բոլորիս մտահոգում են, մտահոգում է քառյակին, ՕԵԿ-ին, ուստի մենք պատրաստ ենք մեր ջանքերը համադրել այդ խնդիրները լուծելու համար: Քառյակը ինչ-որ չափով հնգյակ է: Բայց ոչ քառյակն է քննարկել հնգյակ դառնալու համար, ոչ էլ ՕԵԿ-ը: Քառյակը կամ հնգյակը ինստիտուցիոնալ միավոր չեն, քաղաքական  համագործկացության ձևաչափ են ու շատ հարցերով քառյակն արդեն իսկ հնգյակ դարձել է: Կրկնում եմ` նման հարց ՕԵԿ-ը չի քննարկել, նման հարցով ՕԵԿ-ին քառյակը չի դիմել»,- նշեց նա:

ՕԵԿ նախագահը նշեց, որ իրենց համար քառյակի 12-կետանոց ապահանջները ընդունելի են, բայց իրենք առաջարկում են նաև դրանք դարձնել ավելի կիրառական: Նրա խոսքով, երբ քառյակը բողոքում է էլեկտրաէնէրգիայի սականգնի բարձրացման դեմ, ՕԵԿ-ը դիմում է այդ հարցով վարչական դատարան, հրավիրում հանրահավաք, ինչը նշանակում է, որ իրենք համագործակցում են:

Պատասխանելով այն հարցին, թե 2018 թվականի նախագահական ընտրություններին պատրաստվում է արդյոք առաջադրվել նախագահի թեկնածու, Ա. Բաղդասարյանը չբացառեց` նշելով. «Ես նման հավանականությունը չեմ բացառում: Ժամանակը ցույց կտա` ես ունեմ փորձառություն, քաղաքական գործիչ եմ, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»:

Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ՕԵԿ-ը կոալիցիայի կառավարման տարիներին պատասխանատվություն է կրել ու ներողություն է խնդրում թույլ տված սխալների համար: Հետաքրքրվեցինք, թե արդյոք իշխանական կոալիցիայից դուրս գալու երեք ամիս ժամանակը բավարար է, որ ՕԵԿ-ին ներեն: «2008-ին ՕԵԿ-ը կայացրել է քաղաքական որոշում, մաս է կազմել կոալիցիային, որը բխել է մեր ազգի, հանրության շահերից: Դրա հետևանքները, եթե նկատի ունեք մարտի մեկը, ողջ ընթացքը ՕԵԿ որոշման հետ որևէ առնչություն չունի: Դա առնչություն ունի իշխանության վարքագծի հետ: ՕԵԿ-ը կամ ես ոչինչ չենք արել, որ մենք մեր գլուխը կախենք. արյան հետ կապ չունենք, ոչ թալանի ոչ գողության հետ կապ չունենք»,- պատասխանեց նա:

Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչի համար եք ներողություն խնդրում, ՕԵԿ նախագահը պատասխանեց. «Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր մեր վարքագիծը ճիշտ չեն հասկացել, այն մարդկանցից, ովքեր անձամբ ինձ ճիշտ չեն հասկացել, ու դրա մեջ վատ բան չկա»:

Ա. Բաղդասարյանը բացառեց նաև արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը: Նա ասաց, որ Հայաստանը պետք է կարողանա անցնել «համոզմունքի հեղափոխության»: Փոխարենը նա հավանական է համարում խորհրդարանական արտահերթ ընտրությունները` նշելով, որ ՀՀԿ-ն հինգ կուսակցության առջև մենակ է մնացել:

Դիտարկմանը, թե ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուրարդ Շարմազանովը հայտարարել էր, որ առաջիկա տասը տարիների ընթացքում հաղթանակը անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով, որտեղ գտնվում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, Բաղդասարյանը նշեց, որ դա գուցե Շարմազանովի բարի ցանկությունն է կամ ապտակ հասարակությանը: «Ավելի շուտ պարոն Շարմզանովը բարի ցանկություն է արտահայտել, երբ ասել է, որ առաջիկա տասը տարին կլինի իշխանության, գուցե նաև մեծահոգություն է հայտնել, որովհետև կարող էր ասել քսան-երեսուն տարի…»,- նշեց նա:

Նա խոսեց նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու ձգձգումից` նշելով, որ ամեն դեպքում ՀՀ-ն կանդամակցի ԵՏՄ-ին: Ա. Բաղդասարյանը միաժամանակ ասաց, որ ԵՏՄ-ին անդամակցելու բանակցությունները պետք է վարեն ուժեղ թիմի կողմից: Ըստ նրա` հետաձգումը պայմանավորված է օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով, Հայաստանում արժեքային փոփոխությունների` ներքաղաքական կյանքի վերադասավորման հետևանքով: «Այնտեղ բազմաթիվ խնդիրներ կան, և սա ասում է մի մարդ, որը քաջածանոթ է դրանց, ուստի այնտեղ պետք է ուժեղ թիմ` արագ որակով, ժամանակին անդամակցությունը ապահովելու, հետագա ընթացքը երաշխավորելու համար: Ոչ Մոսկվայում, ոչ Փարիզում, ոչ Վաշինգտոնում առավոտից իրիկուն նստած Հայաստանի դարդ ու ցավի մասին չեն մտածում, դրա համար մեզ պետք է նախաձեռնող թիմ, որ մեր շահերը դարձնենք օրակարգային»,- հավելեց նա` շեշտելով, որ գործընթացն իր տրամաբանական ավարտին կհասցվի, ու ՀՀ-ն ԵՏՄ անդամ կդառնա 2015 թվականի հունվարի 1-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter