HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Հայ միգրանտները Ֆրանսիայում. նոր կյա՞նք՝ օտար ափերում

Փարիզի արվարձանային քաղաքներից մեկում եմ: Ավտոբուս եմ բարձրանում:

Կեսօրվա այս ժամին ավտոբուսը կիսադատարկ է, ուղեւորներն էլ՝ թաքնված իրենց գրքերի կամ հեռախոսների հետեւում: Մարդկային հայացք դժվար է որսալ:

Յուրաքանչյուրն՝ իր հոգսով, իր անկյունում: Ու հանկարծ մի հեռախոս զանգում է: «Ալո՞, ... ես հիմա ավտոբուսում եմ ...»: «Ավտոբուսակիցս» հայ է: Ամեն օր չի պատահում՝ երկու հայ նույն ավտոբուսում փարիզյան արվարձաններից մեկում: Ակամա լսում եմ խոսակցությունը: «Էդ թիբեթցի աղջիկը շատ փնթի ա, էլ չեմ դիմանում: Իր հետեւից չի մաքրում: Ասում եմ, ինձ բանի տեղ չի դնում, արհամարում ա: Չգիտեմ՝ ոնց անեմ ...» Զրույցի ողջ ընթացքում հայ կինը զրուցակցին պատմում է կեցության իր վատ պայմանների մասին, դժգոհում իրեն պարտադրված հարեւանուհուց:

Անհրաժեշտ քանակով կացարանների բացակայության պատճառով Ֆրանսիայում ապաստան խնդրողները հաճախ են տարբեր ազգերի ու սովորույթների մարդկանց հետ կիսում միեւնույն սենյակը: 

2013թ. ԵՄ-ում ապաստան խնդրողների թիվն ավելացել է 100.000-ով 

Աշխարհի տարբեր ծայրերում տիրող սրված ճգնաժամերի հետևանքով 2013թ. էլ ավելի է աճել միգրանտների թիվը: Եվրամիության անդամ երկրներում ապաստան խնդրողների թիվը 2012-ի համեմատությամբ աճել է 100.000-ով՝ հասնելով 435.000-ի: Ցուցակի առաջին հորիզոնականներում սիրիացիներն ու ռուսներն են:

Նախորդ տարի ԵՄ-ում ապաստան խնդրած հայերի թիվը նվազել է 7%-ով՝ կազմելով 5.210 դիմում: Համեմատության կարգով նշենք, որ 2013-ին Վրաստանի քաղաքացիները ներկայացրել են 9.095 հայտ: Հայաստանցիների դիմումների նվազումն, իհարկե, դեռ չի խոսում դեպի եվրոպական երկրներ արտագաղթի նվազման մասին:

Ֆրանսիան՝ հայերի նախընտրած ուղղություն 

Ապաստան խնդրող հայերի նախընտրած հիմնական ուղղություններն են  Ֆրանսիան (39%), Գերմանիան (25%), Բելգիան (8%), Շվեդիան (6%), Ավստրիան (5%):

Չնայած հայերի դիմումների քննման խստացմանը՝ Ֆրանսիան մնում է վերջիններիս նախընտրելի ուղղությունը: 2013-ին նրանց թիվը կազմել է 2.055: Առաջին դիմումների հաշվարկով հայերի հայտերը նվազել են 19%-ով: Նվազման այս միտումը կապված է 2011թ.. դեկտեմբերին Հայաստանը «ապահով երկրների ցուցակում» ընդգրկելուն:

Ապաստանի հայտերի քննությունը հաճախ ամիսներ է տեւում, եւ այդ ընթացքում Ֆրանսիան ապահովում է դիմում ներկայացրածների կեցության ու սննդի, անվճար բուժօգնության նվազագույն պայմանները, ինչը բավականին մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում: Դիմումների քննությունն արագացնելու եւ հեշտացնելու նպատակով էլ կիրառվում է «ապահով երկրների ցուցակը»: Եթե որեւէ երկիր գտնվում է այդ ցուցակում, ապա նրա քաղաքացիների դիմումները շատ ավելի արագ են քննվում, նրանց ներկայացրած պատճառաբանությունները հիմնականում անհիմն են համարվում, եւ դիմումների մեծ մասն էլ՝ մերժվում:

Հարկ է նշել, որ հայաստանցիների դիմումների նվազման հետ ավելացել են Ռուսաստանից եկող, այնտեղ ազգային խտրականությունների ենթարկված հայերի դիմումները, որոնք, ըստ Փախստականների եւ Ապատրիդների(քաղաքացիություն չունեցող անձինք) Պաշտպանության Ֆրանսիական Գրասենյակի, հաճախ չունեն որեւէ փաստաթուղթ:

Ինչ վերաբերում է հայաստանցիների ներկայացրած հիմնավորումներին, դրանք գրեթե չեն փոխվել. խտրականություններ իրենց ազգերի ծագման համար կամ հետապնդումներ քաղաքական պատկանելության՝ ՀԱԿ-ին անդամակցելու պատճառով: Քիչ թվով դիմումներ են ստացվում նաեւ եզդիներից, Եհովայի վկաներից, ավետարանչականներից, կլանային հաշվեհարդարներից տուժածներից:

Իրականության մասին պատկերացումները հաճախ այլ են 

Գոհարը Ֆրանսիա է եկել 2013թ. մարտին ազգականուհու եւ նրա որդու հետ՝ վերջինիս բուժման նպատակով: Պայմաններին չդիմանալով՝ ազգականուհին որդու հետ Հայաստան է վերադաձել, ինքը մնացել է Ֆրանսիայում:

«Էդքան չարչարվեցինք, աշխատեցինք, 4000 եվրո տվեցինք, անիմաստ տեղը եկանք: Մեկ ա, ես ըստեղ մնացողը չեմ: Գոնե մի «սեւով» աշխատանք լինի, աշխատեմ, ձեռս փող լինի, նոր հետ գնամ»:

Ով եւ ինչպես է գործերը դասավորել, չգիտի կամ չի ուզում ասել: Պատմում է, որ իրեն մինչեւ Ֆրանսիա ուղեկցող է եղել, բայց նրան չի ճանաչում: Ֆրանսիա հասել է Իտալիայով, մանրամասները չի հիշում: Տեղ հասնելուն պես «գործը դասավորողի» խորհրդով զանգահարել է 115՝ անօթեւանների թեժ գիծը: «Գրել-տվել էին ձեռքներս, թե ինչ պիտի ասենք, հայերեն տառերով ֆրանսերեն տեքստը: Էդ 115-ում էլ բացատրել են՝ ինչ պիտի անենք»:

115 հեռախոսային հարթակի նպատակը առաջին շտապ սոցիալական օգնության՝ այդ թվում ժամանակավոր օթեւանի տրամադրումն է: Սա գլխին տանիք ունենալու ժամանակավոր լուծում է, եւ օթեւանի համար հաճախ հարկավոր է նույն համարով զանգահարել ամեն շաբաթ:

«Ոնց եկել էինք, առաջին 7-8 ամիսը 115-ի տակ էինք, անընդհատ փոխում էին: Հետո ֆուայեում (հատուկ կացարան) տեղ տվեցին: [...] Ուտելիք են տալիս, քնելու տեղ: Ըտենց ապրում եմ»:

Տիգրանը Ֆրանսիայում է նոյեմբեր ամսից: Եկել է «հանձնվելու» Հայաստանում իր քաղաքական հայացքների համար իրեն հետապնդելու պատճառով: Գործերը հանձնել է եւ առայժմ պատասխանի է սպասում:

Տիգրանին առաջին անգամ հանդիպեցի ապրիլ ամսին: Վատառողջ էր: Պատմեց, որ իրեն կացարանից դուրս էին հանել «ձմռան սեզոնի փակման պատճառով», 115-ի միջոցով այլ օթեւան չէր գտել: Շաբաթից ավել դրսում էր գիշերել ու հիվանդացել էր: «Մի շաբաթից ավել էր հիվանդանոցում էի: Հիմա մի ուրիշ տեղ են տվել, բայց էդտեղ մենակ կարամ քնեմ: Առավոտը 8-ին  պետք ա դուրս գամ, իրիկունը 10-ին նոր գնամ: Վեշերս ծանոթների մոտ եմ թողնում»: Հարցնում եմ, թե չի զղջում Ֆրանսիա գալու համար, ասում է՝ ոչ ու շարունակում. «Բայց ես էս Ֆրանսիան ըսենց չէի պատկերացնում ...»: 

Ֆրանսիայում ապաստան խնդրելու, առաջարկվող պայմանների, փախստականի կարգավիճակի ստացման մասին պատկերացումները հաճախ իրականությանը չեն համապատասխանում: 

«Ասում էին՝ ամիսը 300 եվրո փող են տալիս: Ես էսքան ժամանակ էստեղ եմ, բան չեմ ստացել»,- պատմում է Գոհարը: «Սաղին օգնություն են տալիս, մենակ հայերին չեն տալիս: Մեր նախագահն էկել-ասել ա՝ հայերին մի ընդունեք: Հիմա էլ սաղ ռուսի տակ են հանձնվում»:

Հայաստանը ապահով երկրների ցանկում ընդգրկելը Սերժ Սարգսյանի հետ բնականաբար կապ չունի եւ տարբեր ուսումնասիրությունների արդյունք է: Այդ ցանկում է նաեւ Վրաստանը, Մոլդովան եւ մի շարք այլ երկրներ: 

Փախստականների եւ Ապատրիդների պաշտպանության ֆրանսիական գրասենյակը եւ Ապաստանի իրավունքի հարցերով Ազգային դատարանը մերժել են Գոհարի դիմումը:  Գոհարը բողոքարկել է դատարանի որոշումը եւ սպասում է պատասխանի: Հաջորդ մերժումից հետո պատրավորված է լինելու վերադառնալ Հայաստան: 

Մերժվել է նաեւ թոշակառու Արմինեի դիմումը, ով Ֆրանսիա է ժամանել Ռուսաստանից եկած աղջկա ընտանիքի հետ հանձնվելու: Մի քանի ամիս մոտ 300 եվրո նպաստ է ստացել, ինչը մերժումից հետո դադարեցվել է: Ինչպես ինքն է ասում՝ «յոլա է գնում» տարբեր բարեգործական կազմակերպությունների բաժանած սննդամթերքով, մտածում է ետ գնալու մասին. «Ախր տունս գրավ եմ դրել, որ աղջկաս ընտանիքին փրկեմ, Ռուսաստանից ըստեղ բերեմ, հիմա գնամ՝ ո՞նց անեմ»: 

Վերադառնա՞լ, թե՞ ոչ 

2013թ. Եվրամիության տարբեր երկրներում ապաստան խնդրած ՀՀ քաղաքացիներից միայն 465-ն է դրական պատասխան ստացել: 5035 քաղաքացու դիմում մերժվել է: Ֆրանսիայում քննված 2186 դիմումներից դրական պատասխան է տրվել միայն 346-ին: 

Ներգաղթի եւ Ինտեգրման Ֆրանսիական Գրասենյակը դրամական օգնություն է տրամադրում ՀՀ կամավոր վերադարձողներին: Ծրագիրը իրականացվում է Հայկական սոցիալական օգնության միության (AAAS) հետ: Գրասենյակի տվյալներով՝ նախորդ տարի Հայաստան կամավոր վերադարձել է 226 մարդ, եւ 32 սոցիալ-տնտեսական ուղեկցման ծրագրեր են ֆինանսավորվել: 

Մերժվածների մի մասն էլ երկիր է վերադառնում ստիպողաբար, բայց հիմնական մասը նախընտրում է մնալ ոչ լեգալ կարգավիճակում եւ Հայաստան չվերադառնալ: 

Այսօր դժվար է ստույգ տեղեկություններ ունենալ Ֆրանսիայում հայերի թվի մասին: Ոմանք ոչ լեգալ կարգավիճակում են մնում տարիներ շարունակ, սակայն պրեֆեկտուրայի համապատասխան որոշմամբ, ձերբակալվելու դեպքում կարող են բռնի վտարվել երկիր: 

Նախորդ հոկտեմբերին հարյուրավոր լիցեականներ փողոց դուրս եկան՝ բողոքելու 19-ամյա Խաչիկին Հայաստան վտարելու դեմ: Խաչիկի պատմությանն անդրադարձան առաջատար լրատվամիջոցները: 

Ցավոք, տեղական մամուլում հաճախակի են հոդվածներն այս կամ այն հայ ընտանիքի՝ Ֆրանսիայից նրանց վտարման վտանգի մասին։

Հուլիսի 23-ի իր հրապարակումներից մեկում Կրթություն առանց սահմանների ցանցը պատմում է Հայաստան վտարված Անդրանիկի մասին: Վերջինս կնոջ եւ 2 երեխաների հետ Ֆրանսիա է եկել 2013թ. մայիսին: Ֆրանսիան մերժել է Անդրանիկի ընտանիքի ապաստանի խնդրանքը: Ֆրանսիայում ծնվել է ընտանիքի երրորդ երեխան, որն այսօր 4 ամսական է: Չնայած ընտանեկան դրությանը՝ հուլիսի 7-ին Իլ-է-Վիլենի պրեֆեկտուրայի որոշմամբ Անդրանիկը վտարվել է Հայաստան՝ Ֆրանսիայում թողնելով կնոջն ու երեխաներին: «Անդրանիկն անհետացել է բռնի Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ վտանգում է կյանքը: Ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել նրան: Սեն-Պիեռ-դե-Պլեսգենում կինն ու երեք երեխաներն իրենք իրենց հարց են տալիս, թե արդյոք մի օր կտեսնեն իրենց ամուսնուն եւ հորը ...»,- եզրափակում է հաղորդումը: «Անդրանիկը Ֆրանսիայում ապաստան է խնդրել, քանի որ կյանքն իր երկրում վտանգի տակ է: Իր իրավունքն է»,- մեզ հետ զրույցում նշեց կազմակերպության անդամներից մեկը:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքել հայրենիքը, փնտրել կյանքի ավելի լավ պայմաններ, մանավանդ, եթե կյանքը վտանգված է համարում իր երկրում: Սակայն որքանո՞վ է օտար ափերում գտած կյանքը համապատասխանում սպասելիքներին, քանիսի՞ն է հաջողվում համակերպվել ու հաստատվել: 

Հ.Գ. Բոլոր անունները փոխված են։

Աղբյուրներ՝ Eurostat, Փախստականների եւ Ապատրիդների պաշտպանության ֆրանսիական գրասենյակի 2013 թ-ի զեկույց, Ներգաղթի եւ ինտեգրման ֆրանսիական գրասենյակի 2013 թ-ի զեկույց 

Տես նաեւ՝ Հայերը շարունակում են ապաստան խնդրել Ֆրանսիայից
Միգրանտներ. հայերը Պեր Լաշեզ են գնում սննդամթերք ստանալու համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter