HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ես միշտ նստած եմ եղել իմ գերմանական և հայկական ընտանիքների մեջտեղում

Մանե Գրիգորյան

Գերմաներենի պարապմունքի ժամանակ բոլորս յուրացնում ենք լեզու,որը սահմաններ կբացի դեպի այլ երկիր…երկիր, որտեղ թվում է` մեր առջև բացվելու են այլ դռներ:

Մենք մտովի ճիգ էլ չենք գործադրել այդ դռները ջարդելու կամ որպես հոգիներ դրանց միջով սլանալու. ոչ, ամեն ինչ ավելի քան հեշտ է, դռները միայն մեր ներկայությունից բացվելու են: Մեզ սպասում են, մենք գեղեցիկ ենք, երիտասարդ, լի գաղափարներով… միայն մեր երկրում է, որ ժամը լավագույն դեպքում 2 եվրոյով վաճառում ենք մեր ժամանակը, էներգիան, սպառում մեր երևակայությունը... և նույնիսկ հումորն էլ չի փրկում մեզ:

Առաջին անգամ Աննային տեսա գերմաներենի պարապմունքի ժամանակ, մեր խմբից մեկի ընկերուհին է, Հայաստանում մեկ տարի կամավոր աշխատելու է հիվանդանոցում: Նրա մայրը գերմանուհի է, հայրը՝ հայ: Պարապմունքից հետո ասում է՝ ինչ բաց է Հայաստանը, ինչ անմիջական են մարդիկ, ինչքան հարիզմա կա այս երկրում: Մենք նայում ենք իրար. այն, ինչ նյարդայնացնում է մեզ, սառը Գերմանիայից հետո Աննայի համար տաք է և էկզոտիկ: Մեզ համար հայերի անմիջականությունը մարդու անձնական, ինտիմ տարածքը չհարգելու նշան է: Քո բարեկամը, որը քեզ օգնում է ինչ-որ պահի, դրանով վաստակում է իրավունք մեծ քայլով «մտնել» քո աշխարհ, թողնել իր մեկնաբանությունները, դառնալ քո դատավորն ու խրախուսողը, նորմեր սահմանողը:

Մենք չունենք մեր անձնական, շատ ինտիմ, շատ խորը աշխարհի բանալին, մեր դռները միշտ բաց են, մեր օրագրերը մեր բաց ապրված կյանքերն են՝ այդքան դիտելի ուրիշների համար: Ասում է՝ հե՞տ եք վերադառնալու, լռում ենք, ախր նա մեկն է, ով այդքան գրկաբաց պատրաստ է ընդունել Հայաստանը և գուցե դեռևս դրա մակերեսը գիտի, բայց հո չենք կարող վատաբանել, ասել՝ գերմանացին միայն իր կյանքի մասնակիցն է, դրա համա էլ սառն է ու անհասկանալի մեզ համար, մենք տարբեր կյանքերի ակտիվ մասնակիցներ ու որոշողներ ենք, դա մեզ խոսելու վստահություն է տալիս, դրա համար հարիզմատիկ ենք, բայց արդյոք դա է բացությունը:

Որոշեցի Աննայի հետ զրուցել, անքուն աշխատանքային օրվանից հետո 15 րոպե ուշացումով հասա Հրապարակ, տեսնեմ՝ Աննան չկա...ընթացքում մտածում էի հարցնել՝ դու ո՞վ ես, քո ներաշխարհով ավելի շատ հա՞յ, թե՞ գերմանացի... արդեն Հրապարակում որոշեցի՝ չէ, գերմանացի է, ժամանակի մասին մեր ընկալումներն ուրիշ են... ժամը 1 եվրո վաստակող մարդը չի արժևորում իր ժամանակը, դրա համար էլ մեր երկրում առավոտը ուշ է բացվում... հաստատ գերմանացի է... զանգում եմ խմբեցուս, ասում` Գոգ, գերմանացու ճշտապահությամբ եկել է, տեսել է չկամ, գնացել է... ասում է՝ չէ, Ման, ինքն էլ է հայ... զանգում եմ՝ պարզվում է տեղն ենք շփոթել, սպասում է ինձ: Ուրեմն հայ է: Ախ, ինչքան միանշանակ եմ ես հիմա խոսում... Աննայի հետ Հրապարակից դեպի Շրջանային ճանապարհը իր ընտանիքի մասին էր:

Եվրոպայում բոլոր դեռահասները 14-15 տարեկանից հնարավորություն ունեն մենակ անցկացնելու արձակուրդը, ինքը երբեք այդ հնարավորությունը չի ունեցել... սկզբում Հայաստան «Արի տուն» ծրագրով գալը ընդամենը մենակ արձակուրդ անցկացնելու տարբերակ էր, հետո դասարանցիների մոտ հնարավորություն կունենա ասելու՝ ես էլ Հայաստան էի արձակուրդ գնացել, լրիվ մենակ... ինչպես իսկական գերմանացի... Մտածում էր՝ ինչ երկիր պետք է լինի, տանը տատիկը, հայրիկը խոսում են այդ երկրի լեզվով, բայց դե ինչ երկիր, որ նույնիսկ ծով չունի, հետո կպարզվի նաև՝ բացի ծովի բացակայությունից ծառերը հատում են, տարածությունը փոքրացնում... և ամեն ինչ շատ փոքր է: Գոհարը՝ խմբեցիս, ռոմանտիկորեն ասել էր՝ գիտե՞ս, Հայաստանը կարելի է գրկել... հա, հասկանում եմ: Բայց այդքան քար մի գրկում ո՞նց տեղավորես, երբ Գերմանիայում ազատ տարածության մեջ խաղացող քամին կարող ես գրկել... երբ տարածությունը ինքնին ազատություն է:

Աննայի մոր՝ Մարիոնի կյանքը երկու մշակույթների միջև

Բարև, այսօր ազատ ժամանակ ունեմ և կփորձեմ ազնվորեն պատասխանել հարցերին:. Դա ինձ շատ հեշտ չի թվում, քանի որ հարցերը ինչ-որ առումով դժվար են և հիմնված են իմ ընտանիքի վրա. դա չի նշանակում, որ բոլոր հայերն այդպիսին են: Ես միայն կարող եմ ասել՝ ինչպես է մեր դեպքում: Իմ ամուսնու ընտանիքը եկել է Թուրքիայից, և ես կարծում եմ, որ Թուրքիայում ապրած տղամարդիկ զգալիորեն տարբերվում են երևանցիներից, թեպետ Երևանում ոչ մեկին չեմ ճանաչում: Ուստի, խնդրում եմ հաշվի առնել, որ սրանք իմ զգացողություններն են` կապված միայն իմ ընտանիքի հետ և ոչ հայ ժողովրդի: 

Ամուսնությունը հայ տղամարդու հետ դյուրին չէ: Գերմանիայում, երբ մարդիկ ամուսնանում են, ամեն ինչ վերաբերում է միայն երկուսին՝ ընտանիքի կնոջը և տղամարդուն: Հայկական տարբերակում, կարծես թե, դու ամուսնանում ես տղամարդու ամբողջ ընտանիքի հետ, երբեմն դա իսկապես շատ դժվար է և պահանջում է մեծ լարում: Երբ խնդիր է առաջանում, և վիճակը լարված է, շատ մարդ է միջամտում, մյուս կողմից` դա կարող է լավ լինել, քանի որ, ինչ-որ առումով, երբ ընտանիքոմ շատ մարդ կա, հարաբերություններն ավելի ամուր են:

Դժվար է զգալ հայկական ընտանիքներում մշտական դերաբաշխումը կնոջ և տղամարդու միջև. կինը իրավունք չունի ոչինչ ասելու և պետք է իր տեսակետը չունենա, ինձ համար դա իսկապես բարդ էր, քանի որ իմ ծնողները ինձ այնպես են դաստիարակել, որ միշտ օգտագործեմ խելքս՝ բարձրաձայնեմ տեսակետս: Իմ ամուսնու ընտանիքում մշտապես մարդիկ կան, որոնք ասում են` ինչն է ճիշտ և ինչը սխալ, անկախ նրանից` դա իսկապես ճի՞շտ է, թե՞ ոչ: Ես երկար պայքարում էի, մինչ ձայնս լսելի էր դառնում, սակայն այսօր այդ խնդիրը վերացել է՝ ամուսինս հաշվի է առնում նաև իմ կարծիքը, և ես փորձում եմ իմ երեխաների մեջ ներարկել ինքնուրույնություն, թեպետ դա հեշտ չէ: Մեկ այլ խնդիր էր, երբ ես ընտանեկան վեճ էի ունենում ամուսնուս կամ երեխաներիս հետ. բոլորը խառնվում էին, և խնդիրը դրանից ավելի մեծանում էր: Երեխաներս խնդիր ունեին, դիտվում էին որպես խառը ռասա, և բոլոր կողմերից նրանց այդպես էին դիտարկում: Գերմանացիների համար նրանք հայ էին, հայերի համար՝ գերմանացի: Այդ խնդիրը նրանք այսօր էլ ունեն, և նրանց համար կարևոր է իրենց ինքնությունը ճանաչել, ինչում ես իրենց միշտ փորձում եմ աջակցել:

Երեխաները մկրտվել են որպես առաքելական հայեր, թեպետ ես բողոքական եմ, ու Գերմանիայում երեխաները կարող են մոր կրոնի համաձայն մկրտվել: Ինձ համար, սակայն, կարևոր էր, որ նրանք մկրտվեն և մեծանան որպես քրիստոնյա: Ինչպես է ինձ իմ սկեսուրը ընդունում, ցավոք, չեմ կարող ասել: Սակայն, ինձ համար հեշտ չէր իմ ամուսնու ծնողների հետ ապրել, քանի որ ճնշումը նրա վրա շատ մեծ էր: Ես կամ երեխաները միշտ վախ ունեինք, որ գուցե մի բան սխալ անենք, և ես մտածում էի` գուցե ավելի հեշտ կլինի, եթե միասին չապրենք, և ճնշման տակ գուցե երեխաները մտածեին, որ ես վատ կին եմ: Իմ ամուսինը միշտ ասում էր՝ դու պետք է ավելի լավը լինես, քան հայ կինը, որպեսզի ոչ մեկ չկարողանա վատը խոսել, և այս ճնշումը իսկապես դուրեկան չէր:

Գերմանական և հայկական ընտանիքները առաջին տարբերող գիծը հայկական ընտանիքների միասնությունն ու ջերմությունն է: Գերմանացիները երբեմն շատ սառն են և զուրկ էմոցիաներից, վախենում են իրենց իրական զգացմունքներն ի ցույց դնել, շատ բարեխիղճ են, սակայն ապրում են միայն կարգուկանոնի և աշխատանքի համար: Ո́չ զվարճանք, ո́չ ջերմություն: Հայերի դեպքում այլ է: Շատ ջերմ են ու սրտաբաց: Երկու ազգերն էլ ունեն և́ լավ, և́ վատ կողմեր, մենք փորձում ենք երեխաների դաստիարակության մեջ ներառել միայն դրականը:

Աննայի կյանքը` երկու մշակույթների միջև

Եկավ պահ, երբ ուղղակի հրաժարվեց հայ լինել, ապրում էր թաղամասում, որտեղ շատ թուրքեր կային, որոնք գիտեին՝ Աննան ու իր քույրերը հայ երեխաներ են, վիրավորում էին նրանց, Աննայի համար դժվար էր... Տատիկը, ընտանիքը ասել էին՝ հեռու մնա թուրքերից, նրանք մեր լավը չեն ուզում: Ու Աննան մտածեց՝ էդ դեպքում ինչու՞ լինել հայ, երբ տատիկը հայերեն էր խոսում, ասում էր՝ ես քեզ չեմ հասկանում, ես գերմանացի եմ... «Ես մտածում էի, որ մենք՝ իմ ընտանիքը, մի քիչ գիժ ենք, մեր նման էլ մարդ չկա, բայց հետո եկա այստեղ և...»…

Աննայի հայրը վարսավիր է, մայրը եկել է մազերը սարքելու, և այդպես երկու տարբեր մշակույթներ բախվել են գուցե ինչ-որ չափով պատրաստ չլինելով դրան: Հայկական ընտանիք, գերմանուհի հարս, ով պետք է ապրեր ամուսնու ծնողների հետ, այն դեպքում, երբ գերմանուիները 18 տարեկանից մենակ ճախրող թռչուններ են ... և թողնում են իրենց բունը, այն, ինչ ի ծնե տրվել էր իրենց՝ ընտրելով սեփականը...

Հարցնում եմ՝ խնդիրներ լինո՞ւմ էին, պատասխանում է, որ այո, տատիկն ուզում էր գերմանուհուն հայ աղջիկ դարձնել, առաջանում էր մեծ հակասություն, խնդիրներ, վեճեր... իհարկե, ժամանակի հետ մայրը շատ հարցերում հարմարվում է, բայց միևնույն է՝ կար մենք ու նրանք հասկացությունը: Ասում է, որ իր գերմանական ընտանիքին լավ չի ճանաչում, որովհետև մոտ չեն, առանձին կղզիներ են, և իր մայրը, որ սովորել էր ապրել ընտանիքում, որտեղ չկար այդ հայկական ջերմությունը, ընդհանուր, մեկը մյուսի խնդիրները գիտենալը, օգնելը...չի կարողանում ադապատացվել ընտանիքի այս նոր մոդելին, որտեղ բոլորն իրար մասին գիտեն, խնդիրները քննարկվում են և բարձրաձայնվում... «Ընտանիքը քո ընկերն է»,- ասում է Աննան: Բացի այդ, ինչքան էլ ասեն` գերմանացիները հանդուրժող են, և իսկապես Գերմանիան բազմազգ երկրներից մեկն է, միևնույն է, պատերազմ տեսած մարդիկ նացիստ են... գոյություն ունի աուսլենդեռ... այլ երկրից հասկացությունը... և իր հայրը օտար է, որովհետև հայ է, մայրն էլ իր հերթին էր մտածում, որ օտար է հայկական ընտանիքի համար:

«Ես միշտ նստած եմ եղել իմ երկու ՝գերմանական և հայկական ընտանիքների մեջտեղում և չեմ իմացել՝ ո՞րն է ճիշտը...Փոքր ժամանակ մայրս ասում էր՝ ես դժբախտ եմ, և դրանում հայրդ է մեղավոր... ես հավատում էի իմ մորը: Հետո մեծացա և հասկացա՝ ախր նա մեղավոր չէ, և մեղավորներ առհասարակ չկան...»:

Երբ Հայաստանից վերադարձավ, մայրն ասաց՝ քեզ լրիվ հայի պես ես պահում, իբր մենք՝ գերմանացիներս, հիմար ենք...
Բայց այդպես չէր, ուղղակի հոգով, իր ներաշխարհով Աննան իրեն ավելի շատ հայ է համարում ու չի կարող ինքն իրեն խաբել:

Սեղանի մի կողմում հայ տատիկն է, մյուսում՝ գերմանացի

Գերմանացի տատիկի տանը ապրելու համար, երբ թոռնիկը ուզի քաղաքը փոխել սովորելու համար, պետք է վարձ վճարի, ինչպես անում է Աննայի քեռորդին, ով վճարում է տատիկի հետ մնալու, սենյակ զբաղեցնելու համար:
Հայ տատիկի դեպքում... դա կլինի վիրավորանք տատիկի հանդեպ...

Խոսելով գերմանական ընտանիքների կենցաղի մասին ...
Պատմում է, որ մի անգամ հյուր էր գնացել գերմանուհի ընկերուհու տուն, ճաշի ժամն էր եկել, Աննան ևս սոված էր: Ընտանիքի անդամները ճաշեցին՝ իրեն թողնելով ուրիշ սենյակում: Մտածում էր` ասի՞, թե՞ ոչ: Վերջապես ասաց, որ ինքն էլ է սոված, շատ անսպասելի էր ընտանիքի համար, մի տեսակ եղան, բայց համաձայնեցին թողնել իրենց կերակուրին մոտ... ընկերուհին բացեց սառնարանը, ասաց` վերցրու ինչ ուզում ես, Աննան նայեց, նայեց, վերցրեց պանիրը, ընկերուհին ասաց՝ դրանից չես կարող օգտվել, դա եղբորս պանիրն է:Եվ իսկապես, պանրի վրա գրված էր եղբոր անունը: Աննան ոչ մի կերպ չի հասկանում՝ ինչպե՞ս կարող է ընտանիքում կերակուրը անվանական լինել...
Աննայի մայրն ուզում էր, որ Աննան և իր քույրերը սեփական փորձառությունն ունենան, իրենց սխալների վրա սովորեն, քայլեն իրենց սեփական ճանապարհը... հայրը չի հասկանում՝ ինչպես կարող է իր աղջիկը, իր երեխան առանձին ապրել: 

Աննան ուզում է ուսումը Գերմանիայում ավարտելուց հետո Հայաստանում ապրել, հայի հետ ամուսնանալ... Հարցնում եմ՝ ի՞նչը չես սիրում Հայաստանում, ասում է ՝ հեծանիվների բացակայությունը... էհ, երանի մեր հոգում տեղ ունենայինք ռոմանտիզմի համար և բոլոր մեծ խնդիրները թողած՝ հեծանվային ճանապարհ գծեինք...Թեպետ հաճախ թվում է՝ Երևանը գեղեցկացնում են, տարբեր նորություններ մտցնում, ծաղիկներ տնկում, անկախ լրագրողի արձան, նստարաններ տեղադրում, որ քայլենք ու մոռանանք, թե քանի դրամով ենք վաճառում մեզ, թե քանի դրամի դիմաց ենք քամած կիտրոնի պես երեկոյան փռվում բազմոցին՝ անկարող լսել մեր երեխաների ծիծաղը, լացը... անտանելի հոգնած...

Անցնում ենք ճանապարհը, Աննան ասում է ՝ամեն մեկը այնպես է այստեղ մեքենա վարում, կարծես ամենակարող է:

Սա ամենակարողների ջերմ երկիրն է... Բարի գալուստ, Աննա:

Առաջին լուսանկարում՝ Աննա Օհանյանը:

Մեկնաբանություններ (3)

Armen_yan
To the critics above, the girl shared her observations and whether you like it or not that's what she experienced and noticed. A lot of it sounds true or can appear like that to her.
Serosh Andranian
I agree with Yenovk very much. I have been married to a wonderful German girl for over 50 years and we have three grown up kids who have been raised by my wife while I was working seven days a week for the longest time. Our boys are attorneys and my lovely daughter was a Wall street retail annalist and a very successful one. Although I was a good provider, but the most important job fell on my wife. We often travel to Germany to visit my wife's siblings who have always welcomed me with open arms, just like my side of the family welcome my wife evry time we get together. So, Anna please don,t generalize.
Այգուն Քացախեան
Համամիտ եմ: Բայց վստահաբար, յոդուածին հեղինակը ամեն ինչ եղածին պես չէ գրած: Ատիկա ալ պետք է նկատի ունենալ: Միւս կողմէն հանրութեան այսպիսի պատմութիւններու հէտ ծանօթանալը, ինքնութեան խնդիրներու կամ անհամաձայնութիւններու լուծման համար օգտակար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter