HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Դրախտից արտաքսվածները

Ռուսազգի բարձրաստիճան հոգևորականին հարց տվեց հաղորդավարը մեղքի ու դրա թողության հետ կապված: Եվ ինչ: Ինքնավստահ, համոզված մեղքն ու մեղսագործությունը խրախուսող պատասխանը լսեք.

-Եթե մտածում ես մեղավոր արարքի մասին, ոչինչ, դա դեռ մեղքը չէ: Մեղքն այն է, երբ կատարում ես արարքը: Եվ այդ արարքն էլ ներելի է, եթե ներկայանում ես մեղայականով հոգևորականին:

Այսինքն` ըստ արդի հոգևորականության չկա չներվող մեղք: Սպանիր, թալանիր, հետո դիմիր տերտերին ու համապատասխան վճարով ստացիր թողությունդ: Քրիստոսի խոսքից են ելնում, ըստ երևույթին, երբ նա պաշտպանում էր Մագդաղենացուն նրան քարկոծողներից: Ինչ ասեմ, որ այդ հետևությունն է արել քրիստոնյա հոգևորականը Հիսուսի խոսքից, ուրեմն նրա խոսքատակին տեսել է մի բան ավելի, ավելին` քան հասու է մեզ, շարքային մեղսագործներիս:

Այդ մի բան ավելին տեսնելու երկնատուր կարողությունը տրված է մեր առաջնորդներին նաև ի լրումն ամենայնի, ովքեր հրապարակային իրենց խոսքի վերջում որպես կանոն կոչ են անում ապավինել Աստծուն ու նրա զորությանը:

Ռուս հոգևորականի նման , մեր տերտերներին ու առաջնորդներին էլ է թվում, թե իրենք են թողություն տվողը և մեղքի մասին շատ ավելին գիտեն, քան Աստծո որդին, կամ էլ ասենք արվեստի մարդը:

. . .

Ռոդենի  «Արտաքսում դրախտից» քանդակը հենց իր` ստեղծագործողի մեղքի ապրումն է, մեղքի մասին նրա ընկալումների էքստերիորիզացիան: Դրախտի դռներից արդեն այս կողմ հայտնված  տղամարդն ու կինը խռովված են: Բացի այն, որ կորցրել են կացարանը, նրանք ունեցել են կենսական կարևոր էլի կորուստներ, ինչն արտահայտված է տղամարդու մոտ կորստի դառնությամբ,  կնոջ մոտ` վիրավորված ափսոսանքով: Տրամագծորեն տարբեր են նրանց ընկալումները Վռնդողի որոշման հետ կապված: Եվ պարզ է արդեն, որ ինչպես հախուռն են ընկալումները, այդպես հախուռն էլ լինելու է նրանց համատեղ կյանքի շարունակությունը: Այնտեղ եղել է միասնություն, իսկ այստեղ քարաժայռից այս կողմ միայնակությունն է, այնտեղ պատասխանատուն Ուրիշն էր, այստեղ պատասխանատվությունն անձնական է, ինդիվիդուալ, այնտեղ հագեցվածությունն էր, այստեղ դատարկությունը, այնտեղ բնօրրանն  էր, այստեղ շպրտվածությունը: Ու սյուժեի նախաբանը ենթադրում է , որ որքան հեռանա Ադամը քարաժայռից, այնքան նրանում խորանալու է կորստի դառնությունն ու դատարկության զգացումը, իսկ կնոջը` Եվային սպասում է սիստեմատիկ անբավարարություն ամենուր ու ամեն ինչում, հանգամանք, որը դառնալու է հետագա բոլոր մեղսագործությունների դրդապատճառ:

. . .

Մեղքի գնահատման նախնյաց չափորոշիչները ժառանգվել ու շարունակվում են առ այսօր, հատկապես հայազգի հոգևոր ու առաջնորդական դասին պատկան ներկայացուցիչների մոտ: Եվ տխուրն այն է, որ այդ չափորոշիչները զտվելով, անցնելով ժամանակի քիմ մաքրման պրոցես, դարձել են զուտ խորհրդանշային. այսինքն, մոտավոր ասած, մնացել է մարդու ֆուտլյարը, մարդու մեջ մեռել է մարդը: Խորհրդանշային չեն, գոնե ինձ համար, որպես քանդակի դիտորդ, Ռոդենի Ադամն ու Եվան: Մարդ են նրանք իրենց ցավով, կորցրածի դառն զգացմամբ: Իսկ եթե սիմվոլիկ են նրանք, եթե սիմվոլիկ է նրանց ապրումի մասին մեր պատկերացումը, ապա այդպես սիմվոլիկ էլ դառնում է մեր կողքի մարդը: Չկա, նշանակում է, ցավակցում: Սառն ենք վերաբերվում, որպես օրինակ ասենք, տարեցին,  թոշակառուին ու սև օրվա համար կուտակած նրա կոպեկին: Սպասում ենք երբ է մեռնելու, որ ազատվենք նրա դեռ խորհրդային տարիներից կուտակած ավանդը վերադարձնելու հոգսից:

Ռուս հոգևորականի նման ու կերպ մտածող անմեղսունակ մեր վերնախավը այդպես անհոգ էլ ապրում է, որովհետև խորհրդանշային  է նրա համար իր հայրենակից ունեզուրկ թոշակառու մարդը: Միս ու արյուն չէ, այլ մաշված խնայգրքույկ, մի քանի դրամ արժողությամբ  ընտրաձայն, և համոզված է, ընդսմին,  որ անկախ իր վարք ու բարքից ինչ փաթեթավորմամբ էլ հանդես գա, մեկ է ներվելու ու ընդունվելու է վրիժառության ատամները կորցրած թոշակառուի կողմից, հեռուստաալիքով գովազդվող այն տարեց կանանց կողմից, ովքեր հիմարաբար, խելքը թռցրած, համբուրում են  բարերարի բարերար ձեռքը: Այդպիսին ենք մենք, այդպիսին է հայ տարեց մայրը` ներող, ներողամիտ, իրեն գրոշ շպրտող ձեռքից` երախտապարտ: Հեռու գնալ պետք չէ, հենց վերջին մի քանի ընտրություններից պարզ դարձավ, որ մեր էլիտայի ցանկացած ստորություն որոշակի վճարով հեշտությամբ փոխանակվում է համաժողովրդական ինդուլգենցիայով: Չկա, պարզվում է, մահացու մեղք հայ ազգի համար: Երեկվա թալանչին կամ մարդասպանը կարող է վճարել ու առաջնորդահարթակից բարոյականություն քարոզել ազգին, երբ ուզենա: Ու մենք էլ կարող ենք լսել, հետո ձեռք համբուրել խիղճներս կորցրած:

Խիղճ ասվածը երկոտանու ինտերիերի կարևորագույն բաղադրիչ է: Այնտեղ, այն կողմում դա քնած էր մարդու մեջ: Երբ նա վռնդվեց բնօրրանից, այդ ժամանակ էլ արթնացավ: Վռնդվելուց հետո մարդու մոտ շատ բան արթնացավ: Սերը, բարությունը, հավատն ու ազատությունն արթնացան նաև, որպես  երկրային կյանքի արգասիք ու չափորոշիչ: Կարևոր պարամետրեր են սրանք: Առանց այդ ամենի  մարդու ներքինն անշուք է ու դատարկ: Եվ այդ դատարկությունն է, որ զրնգում է հարթակներից: Մենք դժվար ենք մարդանում: Մենք չենք մարդանում: Կմարդանանք, երբ հասկանանք, որ դրախտ ասվածը, որտեղից արտաքսվել ենք, վայր կամ տեղանուն չէ: Դրախտը դա մարդն է վերոթվարկյալ պարամետրերի համախմբով, դա այն  հագեցվածությունն է, որ ամբողջականացնում է արարը որպես մտահղացում, երբ ներ - կայանում են Արարողն ու արարվածը որպես մի ընդհանրություն: Վատ են հասկացել վռնդման խորհուրդը հարթակից կոչ անողները, նրանք ոչ մի կերպ չեն ուզում համակերպվել, այն մտքի հետ, որ իրենք էլ վռնդվածներից են, որ իրենք վռնդվել են ու ենթակա են վռնդման ցանկացած պահի, մեկընդմիշտ հնչեցված  «Մեղավոր ես» վերդիկտով:  Արարողն էլ մարդ է նաև, իր ցավով, նմանակի հանդեպ ունեցած իր ցավով եզակի: Ավելի պարզեցված, որ ասեմ, Արարողը հենց այն թոշակառուն է, որի մեռնելուն սպասում ենք մենք, մատնելով նրան ծայր աղքատության: Ու մեղավորությունն էլ հենց նրանում է, որ ծայրահեղ կարիքի մեջ մղված, մեզ արարող Թոշակառուի հետ կապի խզման ցավը չենք ապրում: Հայրենիք են ասում դրա պատասխանատուները, անգետ, անիմաց: Եվ չեն էլ հասկանում, որ Հայրենիք ասվածը դա մարդն է, մարդուն հատուկ պարամետրերի իր համախմբով, մարդուն հատուկ սեր ու բարությամբ, խղճով, որը կորցնում, որից զրկվում ենք ամեն ժամ:

 . . .

Հիմա էլի նորից հիշեցին զրկվածին ու գոռում են կոնսոլիդացիա: Ում հետ կոնսոլիդացում` մեզ կողոպտողների՞, մեզ ստորացնողների՞, նրա՞նց հետ, ովքեր առիթ - անառիթ վազում են դեպի առաջնորդական հարթա°կ, անկախ իրենց մարդկային որակներից: Կարծում եմ, որ  յուրաքանչյուր մարդ նախքան առաջնորդական հարթակ բարձրանալը, պետք է խիղճ ունենա, մի պահ լռի ու մտածի`արդյո՞ք ինքն է այն մարդը, որ պիտի ուղղորդի ազգին: Առավել ևս, հարթակից կոչեր անելու ժամանակ յուրաքանչյուրը պետք է մտածի, որ կարող է ներքևում կանգնածների մեջ դեռ կան անատամնաթափ ու  խիղճը չկորցրած մարդիկ: Ինչ ասեմ, չես էլ կարող մեղադրել: Քանի դեռ մարդը չունի  ամոթ, չունի մեղավորության զգացում, մնում է կենդանականի մակարդակի, մնում է կենդանական աշխարհի կենսաշղթայի օղակ, ընդամենը:  Եվ կենդանու իր բնազդները  փորձում է համընդհանրացնել, դարձնել ու պահպանել որպես կենսօրենք: Վռնդյալ մեր ադամներն ու եվաները չեն փայլում ամոթխածությամբ ու կարծես թե այնքան էլ չեն տանջվում մեղավորության զգացումից: Ներեցինք հինգ հազար դրամով ու նորից ենք դնում գլխներիս նույն մարդկանց: Եվ էլի եմ ասում, մենք ենք անամոթը, մենք ենք մեղավորը: Իսկ մեղք, իսկապես միայնակ ու մեղք, մնում է այն մարդը, որը ոչ տվել,  ոչ էլ առել է ընտրաառևտրում: Այդ մարդիկ քիչ չեն, ամոթի զգացումը չկորցրածները, ովքեր ոչ կոչ են անում, ոչ էլ կոչվում: Ովքեր ոչ մեկին պետք չեն, ոչ առաջնորդին, ոչ ազգին, ոչ էլ հանրություն կոչված զանգվածին, որոնք այդպես էլ կմնան ներսի ու դրսի սահմանի վրա օտարացված, օտար ինչպես Ռոդենի քանդակից դեպի մեզ եկող այն երկուսը, քարաժայռի այն կողմից այս կյանք շպրտված Ադամն ու Եվան`մեր հեռավոր նախնինները, ` «Դրախտից արտաքսվածները»:

Մեկնաբանություններ (1)

Անձ մը
Հենց ամենասկզբում հեղինակը, ում չեմ ճանաչում, մեթոդաբանական սխալ է անում. մեկ ռուս հոգևորականի ասածը տարածում է բոլոր ռուս հոգևորականների վրա, հետո էլ՝ բոլոր հայ ների: Արդեն վանող է. չէ որ եթե նա ուզում էր սասատկացնել պնդումը, կարելի էր անել՝ առանց տարածելու բոլորի վրա...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter