HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ադրբեջանի խուճապի և հայկական կողմի անելանելիության արանքում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ Հայաստանին ուղղված սպառնալից հայտարարություն է տարածել` զգուշացնելով, որ եթե «թշնամական կողմը հերթական անգամ համարձակվի որեւէ ռազմական գործողություն ձեռնարկել, Ադրբեջանի զինված ուժերի անմիջապես հասցրած հարվածը կլինի գործուն եւ կործանարար, ինչը կդառնա մեծ կորուստների եւ ավերածությունների պատճառ»:

Պետք է ենթադրել, որ այսպիսով Բաքուն փորձում է պատասխանել Հայաստանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների այն հայտարարություններին, թե ուսումնավարժական թռիչքի դուրս եկած հայկական ուղղաթիռը ոչնչացնելու Ադրբեջանի սադրանքին պատասխանը լինելու է հուժկու և անհամաչափ:

Այդ պատասխանը չի տրվում արդեն 6 օր շարունակ և վեց օր շարունակ ադրբեջանական զինուժը հնարավորություն չի տալիս մոտենալ կործանված ուղղաթիռին, այդ գոտուց դուրս բերել հայ օդաչուներին կամ թերևս արդեն ավելի ճիշտ կլինի ասել` նրանց մարմինները: Եվ որքան հայկական կողմի խոստացած հակահարված-պատասխանը ուշանում է, այնքան Ադրբեջանի ԶՈւ-ի մոտ նյարդայնությունը մեծանում է, որովհետև թերևս մտավախություն ունեն, թե այդ ուշացումը պայմանավորված է ոչ թե հայկական կողմի անհամարձակությամբ, այլ անակնկալ ինչ-որ օպերացիայի կազմակերպմամբ: Կարճ ասած` Բաքուն նման հայտարարություն տարածելով, փաստորեն, մատնում է իր խուճապայնությունը: Ադրբեջանցիների տառապանքը, ինչպես ասում են, փորձ ունի: Այս տարվա ամռանը իրենց սանձազերծած դիվերսիոն հարձակումներին ի պատասխան հայկական զինուժի մատուցած «անակնկալ» ապտակներն այնքան տպավորիչ ու ցավոտ էին, որ դրանց հետևանքներից դեռ երկար ժամանակ ուշքի չեն գալիս: Եվ ահա այսպիսի հոխորտանքներով Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է կանխել հայկական կողմի հնարավոր անակնկալ հարվածը: Դրա ողջ իմաստն այն է, որ եթե հայերը հանկարծ որոշեն դիմել «արկածախնդրության», ապա դա վերաճելու է լայնամասշտաբ պատերազմի: Ասել է, թե` Բաքուն հենց սկզբից հայկական կողմին փորձում է զսպել պատերազմի վերսկսման հեռանկարով:

Բաքվի այս սպառնալիքներին հայկական կողմը պատասխանել է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն  Հովհաննիսյանի միջոցով: Վերջինս, սակայն, ոչ թե անմիջականորեն պատասխանեց հնչած սպառնալիքներին, այլ արձագանքեց հայ օդաչուների շուրջ ստեղծված իրավիճակում Ադրբեջանի պատասխանատվությանը` հղում կատարելով միջազգային մարդասիրական իրավունքին: Մանկամտություն կլիներ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության նման սպառնալիքներին արձագանքել նույն տոնայնությամբ: Բայց պատասխանի ենթատեքստն այն էր, որ ամեն ինչ կախված է Բաքվի հետագա քայլերից. եթե նրանք չառաջնորդվեն միջազգային կոնվենցիաներով` օդաչուների կամ նրանց մարմինների պահպանության առումով, ապա ոչինչ բացառել չի կարելի:

Ի սկզբանե պարզ էր, որ ուղղաթիռին հարվածելուց անմիջապես հետո հուժկու, սպանիչ հակահարված տալու մասին արված հուզական հայտարարությունները, պետք է դրդեին հակառակորդին մոբիլիզացնելու ռեսուրսները և նախապատրաստվելու պաշտպանության: Ավելին. հենց այդ հայտարարությունների հետևանքը պետք է համարել ուղղաթիռի անկման վայրը կրակահերթի տակ պահելու և հայկական կողմին այնտեղ չթողնելու ընտրված ներկայիս մարտավարությունը: Որովհետև ադրբեջանցիներն այնքան միամիտ չեն հասկանալու համար, որ եթե հայկական ուժերը ուղղաթիռի ոչնչացումից անմիջապես հետո չեն դիմել պատժիչ գործողությունների, ապա դա չեն անելու այնքան ժամանակ, մինչև չվերադարձնեն օդաչուներին կամ նրանց դիերը: Իսկ մինչ այդ իրենք լիարժեք հնարավորություն կունենան նախապատրաստվելու ոչ միայն շփման գծի այդ հատվածում, այլև սահմանագծի ողջ երկայնքով:

Ի դեպ այդ ժամանակահատվածը, որն արդեն ձգվում է 6 օր շարունակ, ադրբեջանական կողմին անհրաժեշտ էր միջազգային հանրության սլաքները Երևանի և Ստեփանակերտի դեմ ուղղելու համար: Քանի որ միայն այդ դեպքում է միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ-ն և Մինսկի խումբը իրավիճակը չսրելու պահանջ ներկայացնելու հայկական կողմին և դրանով իսկ վերջինիս դարձնելու միակ պատասխանատուն իրավիճակի հետագա հնարավոր լարման համար:

Այս իմաստով ՀՀ ՊՆ-ի արձագանքը շատ ավելի դիվանագիտական քայլի է նման, քանի որ նախ շեշտում է օդաչուների վերադարձման խնդիրը քաղաքական հարթությունում, փոխպայմանավորվածության հենքի վրա հարթելու հայկական կողմի պատրաստակամությունը և երկրորդ` դրանով իսկ շեղում հակառակորդի ուշադրությունը ուղղաթիռի ոչնչացմանը համարժեք կամ անհամարժեք պատասխանելու տրամադրվածությունից:

Փաստ է սակայն, որ որքան երկար է հայկական կողմը տուրք տալիս նման դիվանագիտական մանևրներին, այնքան սահմանափակում է հակահարված տալու իր հնարավորությունները կամ հիմնավորումները: Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Ասկերանի ուղղությամբ հերթական մշտադիտարկումն է անում: Նա խոստացել է լինել ուղղաթիռի անկման վայրում, հստակեցնել օդաչուների հետ կապված անորոշությունը և գուցե նաև միջնորդի դեր ստանձնել նրանց վերադարձման խնդիրը լուծելու հարցում:

Բայց այդ «ծառայությունը» գին ունի և չի բացառվում, որ այդ գինը լինի պատժիչ գործողությունների դիմելուց ձեռնպահ մնալու երաշխիքներ ստանալը: Եթե Ստեփանակերտը և Երևանը նման երաշխիքներ տան, հետագայում որևէ գործողության դիմելու պարագայում միջազգային հանրության համար վերածվելու են իրավիճակի սրման կամ պատերազմի վերսկսման պատասխանատուն: Մինչդեռ մյուս կողմից պատժիչ գործողություններից խուսափելը էլ ավելի է լկտիացնելու Ադրբեջանին, որն ընկնելու է անպատժելիության բացարձակ էյֆորիայի մեջ` դրանից բխող բոլոր հետևանքներով: Ահա թե ինչ ընտրության առջև է կանգնած ներկայումս հայկական կողմը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter