HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինդատախազության մերժումը՝ Արթուր Մկրտչյանի գործով

5 համածառայակիցների սպանության մեղադրանքով 19 տարեկանում մահապատժի (2003-ից՝ ցմահ ազատազրկում) դատապարտված նախկին զինվոր Արթուր Մկրտչյանի գործը չի վերաբացվի: Նման որոշում է կայացրել ՀՀ զինդատախազությունը: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Արթուր Մկրտչյանի ներկայացուցիչ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռևազյանը, ով օրերս է զինվորական դատախազությունից ստացել նոր երևան եկած հանգամանքներով 19 տարվա վաղեմության քրեական գործը վերաբացելու մերժման որոշումը:

Հիշեցնենք, որ նախկին զինվոր, 1997 թ-ին մահապատժի դատապարված Արթուր Մկրտչյանի շահերի ներկայացուցիչն այս տարվա նոյեմբերին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նոր երևան եկած հանգամանքներով քրեական գործի վերանայման վարույթ հարուցելու խնդրանքով:

Իսկ դիմումի համար հիմք էր հանդիսացել «Հետքի» այս տարվա փետրվարի 6-ի «Մահվան դատավճիռ` «միգուցե»-ով» վերնագրով հարցազրույցը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ: «Հետքին» տված հարցազրույցում նախկին զինդատախազը որոշ օպերատիվ տվյալներ է հայտնել՝ հաստատելով Արթուր Մկրտչյանի ցուցմունքներն այն մասին, որ 5 զինվորների սպանության օրը՝ 1996թ. հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը Կոթիի զորամասի 18 պահակակետում զինվորներին սպանել են երեք անծանոթներ, ովքեր եկել էին դիրքեր զենքի առևտրի նպատակով: Սակայն Գերագույն դատարանի զինվորական գործերով կոլեգիայի կայացրած դատավճռում նշված է. «Դատական նիստում ամբաստանյալ Ա. Մկրտչյանի կողմից տրված նման ցուցմունքները դատական կոլեգիան հերքում է արժանահավատ չլինելու պատճառով: Այդ ցուցմունքները հակասական են, իսկ իր բացատրությունները նախաքննության ընթացքում տրված ինքնախոստովանական ցուցմունքների կապակցությամբ ձևական են, իրարամերժ և նույնպես հակասական»: Դատարանը որոշել է, որ Արթուրն այդ կերպ փորձում է խուսափել պատասխանատվությունից:

Սակայն զինդատախազության մերժման որոշման մեջ նշված է, որ Արթուր Մկրտչյանի ցուցմունքը դարձել է քննության նյութ, և դեպքից 19 տարի անց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը նույնի մասին, չի կարող դիտվել որպես նոր երևան եկած հանգամանք:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը մեզ հետ հարցազրույցում նշել է. «Իմ մասնակցությունն այդ գործին եղել է 1997-ին, երբ Արթուրն արդեն դատապարտված էր: Նոր Հաճնի բնակիչները՝ ստորագրություններով ու դատապարտված զինվորի հարազատները դիմել էին ինձ, որպեսզի նոր վարույթ սկսվի այդ գործով: Այո՛, 1997թ. հանդիպել եմ Արթուր Մկրտչյանի հետ: Նա լրիվ տեղյակ էր դեպքին և պատմում էր երեք զինվորների սպանության մասին: Չեմ ուզում Ձեզ օպերատիվ տեղեկատվություն հայտնել, բայց դիրք եկած մարդիկ, ըստ էության, եկել էին Արթուր Մկրտչյանից զենք գնելու համար: Չեմ բացառում, որ միգուցե երկուսին սպանել են ուրիշները: Բայց այն, որ Արթուրը մեղավոր է երեք զինվորների սպանության մեջ, ես դրանում ոչ մի վայրկյան չեմ կասկածում... Բարեբախտաբար, թե դժբախտաբար այդ դեպքի ժամանակ չեմ եղել զինվորական դատախազ, այդ դատավճռի հետ կապ չունեմ: Բայց վարույթ եմ հարուցել, օպերատիվ մարմիններին հանձնարարություններ տվել, գործի վերաբացման հիմքեր չենք գտել: Չեմ բացառում, որ հիմա կարող են դրանք ձեռքբերվել»:

Ցմահ բանտարկյալը 1996-ին նախաքննության ժամանակ խոշտանգումների հետևանքով նախ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, ապա դատավարությունից սկսած՝ պնդել, որ անմեղ է, որ չի սպանել 5 համածառայակիցներին, որ նրանց սպանել են Կոթիի զորամասի դիրք եկած 3 անծանոթներ, ովքեր եկել էին զենք գնելու նպատակով:

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը մեզ հետ զրույցում նշեց. «Օպերատիվ տվյալները չեն դարձել քննության նյութ 1996թ.-ին: Ավելին՝ դրանց մասին պաշտպանական կողմին հայտնի չի եղել: Չկան արձանագրություններ, որ ստուգվել է Արթուր Մկրտչյանի տված ցուցմունքի արժանահավատությունը: Մեկ անգամ ևս պնդում ենք, որ այո՛, զինդատախազի հայտնածը նոր երևան եկած հանգամանք է: Այն ապացուցում է Արթուր Մկրտչյանի անմեղությունը կամ առնվազն նրա կողմից կատարած հանցանքի նվազ ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է»,-նշեց փաստաբան Ռևազյանը՝ հայտնելով, որ մերժման որոշումը բողոքարկելու են վերադաս դատախազին, ապա վերանայման վարույթ չսկսելու դեպքում՝ նաև դատարան, ինչպես մեկ այլ ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի գործով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter