HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չարածի համար քաղաքացուն անգամ 1 օր ազատությունից զրկելը անօրինական է»

Վարդան Պետրոսյանի գործով մոտ մեկ տարի տևող դատավարությունը, ամենայն հավանականությամբ, կավարտվի հունվարի 26-ին: Դատավոր Վաղինակ Մկրտչյանն այդ օրը լսելու է կողմերի ռեպլիկները միմյանց ճառերի վերաբերյալ, այնուհետև հեռանալու է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:

Նիկոլայ Բաղդասարյան. «Օբյեկտիվ քննության դեպքում այս գործը կտևեր 1-2 ամիս»

Մինչ այդ, այսօր պաշտպանական ճառ արտասանելով՝ փաստաբան Բաղդասարյանը նկատեց, որ չի կատարվել օբյեկտիվ քննություն: «Օբյեկտիվ քննություն, փորձաքննություն անելու դեպքում այս գործը կտևեր 1-2 ամիս, իմ ճառն էլ կտևեր 2 րոպե»,- ասաց փաստաբան Բաղդասարյանը: Նրա ճառը տևեց մոտ 3 ժամ:

Այդ ընթացքում պաշտպանն առանձնացրեց նախաքննական փուլում տեղի ունեցած խախտումներն ու բացթողումները, որոնք, սակայն, ըստ դատախազի` էական խախտումներ չեն եղել: Դատախազը նաև նշել էր, որ նախաքննական մարմինը որևէ շահ չուներ այս գործում: Սակայն, պաշտպանական կողմը հակադարձում է. «Եթե նախաքննության մարմինը որևէ շահագրգռվածություն չուներ, ինչու էր քննիչը 2 անգամ դեպքի վայրի արձանագրություն կազմում՝ չարձանագրելով մեքենաների բոլոր հետքերը: Ինչու առաջին օրը արված լուսանկարում կողնակում չկան ապակիներ ու պլաստմասե բեկորներ, փոխարենը դրանք ճանապարհի երթևեկելի մասում են: Ինչի կապակցությամբ հրշեջ-փրկարար վկան նշեց, որ երկու մեքենաները տուգանային հրապարակ տանելուց հետո լվացվել է ճանապարհը, ու ճանապարհին թափված իրերը լցվել են կողնակ: Քննիչն էլ այդ իրերը կողնակում հաջորդ օրը հայտնաբերելով՝ նշել է բախման վայրը»,- նկատեց փաստաբանը եւ շարունակեց, որ բախման վայրը, ըստ մարզպետարանի տված գրության, բնակավայր չէ, ինչպես նշված է մեղադրանքում և մասնավոր ընկերության ինժեների կողմից:

Նիկոլայ Բաղդասարյանը վկայակոչեց այն հանգամանքը, որ դեպքից 3 օր անց հրահանգ էր տրվել Վարդան Պետրոսյանի համար ելքի բոլոր ճանապարհները փակել, այն դեպքում, երբ նա դեռ գտնվում էր վերակենդանացման բաժանմուքում:

Ինչ վերաբերում է դատախազի միջնորդած պատժին՝ 6 տարի 6 ամիս ազատազրկման միջնորդությանը, ապա պաշտպանն ասաց. «Չարածի համար քաղաքացուն անգամ 1 օր ազատությունից զրկելը անօրինական է»:

«Կալանքը պատժի տեսակ էր». Սամվել Ջաղինյան

Վարդան Պետրոսյանի մյուս պաշտպան Սամվել Ջաղինյանի խոսքով՝ կալանքը պատժի տեսակ էր, որպեսզի Վարդան Պետրոսյանին վատ վիճակի մեջ պահեին, որ այս ընթացքում ընդուներ իր մեղքը: «Ես ապշած ու զարմացած եմ, որ դատախազը քննիչի կոպիտ խախտումներն ընդամենը թերություն է անվանում: Չկա նման բան: Խախտումները եղել են դիտավորյալ՝ միտված կեղծիքների հիման վրա կեղծ ապացույցներ ձեռք բերելուն… ու եթե քննիչը հայտնվեր դատարանում  վկայի կարգավիճակով, բավականին տխուր իրավիճակ կստեղծվեր մեղադրանքի կողմի համար»,- ասաց Սամվել Ջաղինյանը:

Մարի Լոռ Դոզե. «Այն ամենը, ինչ կատարվում է այստեղ, ամեն ինչ է, բացի արդարադատությունից» 

«Ինչպե՞ս չմտածենք, որ այս դատավարությունն անօգուտ չէ, ամեն ինչ նախապես որոշված չէ: Այն ամենը, ինչ կատարվում է այստեղ, ամեն ինչ է, բացի արդարադատությունից»,- ասաց Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպանը, ով պատմեց, որ ուսումնասիրել է մեր քրեական իրավունքը, օրենսդրությունն ու պրակտիկան՝ նկատելով, որ հաճախ օրենքի առջև Հայաստանում բոլորը հավասար չեն. «Ինչո՞ւ մահվան ելքով որոշ պատահարների դեպքում մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվում, մյուսները՝ ոչ: Ինչո՞ւ, օրինակ, մեկ այլ հայ դերասան, որը մեկ տարի առաջ մահվան ելքով այդպիսի վթարի մեջ է հայտնվել, փախուստի էր դիմել, 1 տարի անց ձերբակալվել և գրավի դիմաց ազատ արձակվել: Նկատեք, նույն երկրի մասին է խոսքը»,-ասաց Մարի Լոռ Դոզեն: 

«Սկսեցի ուսումնասիրել ձեր օրենքները: Բայց տեքստը ոչինչ է, կարևորն այն է, թե ինչպես ես օգտագործում այդ օրենքը: Ֆրանսիայում դատարանում արգելված է բջջայիններով մտնել նիստի, միկրոֆոններով, տեսաձայնագրող սարքերով: Այստեղ այդ ամենը կա: Բայց  այստեղ տեսախցիկները, միկրոֆոնները ապահովում են թափանցիկություն: Երբ Ձեր հանրությունը վստահի դատական համակարգին, կարծում եմ այս տեսախցիկների կարիքը չի լինի: Քանի դեռ արդարադատությունը ներկայացման նման մի բան է դառնում, այն իր նպատակին չի ծառայում»,- ասաց պաշտպանը՝ պատմելով իրենց երկրում երդվյալների համակարգի մասին:

Անդրադառնալով դատախազի ճառին՝ Մարի Լոռ Դոզեն նշեց, որ տպավորություն է ստացել, թե Արթուր Սարգսյանը մեղադրում է ոչ թե Վարդան Պետրոսյանին, այլ նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին:

Դահլիճում հնչեցին ծափեր, ինչը լարման պատճառ դարձավ

Մարի Լոռ Դոզենի պաշտպանական ճառին հետևեցին դահլիճում ներկաների ծափերը, ինչը գրգռեց տուժողներից Արթուր Հակոբյանին:

- Ծափ տալու բա՞ն ես, էրկու երեխուս գլուխը կերել ես,-ասաց նա:

- Ախր, փաստաբանի պրոֆեսիոնալիզմի համար էին ծափերը,- հնչեց դահլիճից:

 Դատավորը սանկցիա կիրառեց Արթուր Հակոբյանի նկատմամբ ու հեռացրեց նրան դահլիճից: Հակոբյան ընտանիքը դուրս եկավ դահլիճից՝ վիրավորանքներ հնչեցնելով:

Վարդան Պետրոսյանը ճառը սկսեց առանց տուժողների ներկայության

Վարդան Պետրոսյանը նախ ցավակցեց Հակոբյան ընտանիքներին՝ դարձյալ նշելով, որ նրանց հետ հաշտեցման տանող քայլերը շատ է կարևորում, և ամեն քայլ իր ընտանիքը ձեռնարկել է, որ հաշտություն տեղի ունենա, սակայն հաշտություն այդպես էլ չի ստացվել: Հետո նիստն ընդմիջվեց Ռուբեն Բալոյանի խնդրանքով, ապա նա միջնորդեց, որ տուժող Արթուր Հակոբյանը ևս մասնակցի նիստին, քանի որ ունի ռեպլիկի կարգով արձագանքելու իրավունք: Դատարանը բավարարեց միջնորդությունը, թեպետ Վարդան Պետրոսյանը նշեց, որ եթե պետք է ամեն անգամ իր ցավակցությունները վերածվեն անպատվության, ինքը դեմ է:

- Եթե ինձ պետք է անպատվեն, ես դեմ եմ շարունակել իմ ճառն այդ պայմաններում;

Երբ տուժողները բոլորն էլ դահլիճում էին, Վարդան Պետրոսյանը մեկ անգամ ևս ցավակցական խոսքեր ասաց՝ խնդրելով նստած խոսել, քանի որ լավ չի զգում: Վարդան Պետրոսյանը պատմեց իր ձերբակալության մասին, պատմեց, թե ինչպես են իրեն նախ կանչել որպես վկա՝ հարցաքննության:

«Գիտեք, ստացվում է՝ էսօր մենք քեզ ձերբակալել ենք, իսկ վաղը կանչում ենք որպես վկա հարցաքննության: Ու սրանք փոքրիկ բաներ են: Դատախազը զարմանում է, թե ինչու պիտի քննիչը անօրինականություններ աներ, ես էլ եմ զարմանում՝ ինչո՞ւ»:

Վարդան Պետրոսյանը հիշատակեց նաև իր կալանքի օրը՝ նոյեմբերի 9-ը, երբ 10 ժամ տևած դատավարությունից իրեն պատգարակով տարան «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն դեռ դատավորը խորհրդակցական սենյակից դուրս չէր եկել, լրատվամիջոցներով արդեն հայտնել էին, որ Վարդան Պետրոսյանը կալանավորված է:

«Էս խաչը տանելու եմ ամբողջ կյանքով մեկ: Ուզում եք՝ նստեմ, նստում եմ, իմ տեղն էլ եմ նստում, քո տեղն էլ նստում (նկատի ունենալով Նիվայի վարորդ Արթուր Հակոբյանին), էլ ի՞նչ եք ուզում… Երբ ես ասում եմ՝ կյանքս կտամ Տաթևիկի համար, համացանցում գրում են՝  դերասան, թատրոն ա խաղում, Էլ բան ու գործ չունեմ… Եկեք ընդունենք, որ ես սերիական հանցագործ չեմ: Ես հիվանդանոցում մտածում էի՝ ոնց եմ շարունակելու իմ կյանքը: Փառք աստծո՝ ես ընկա կալանավայր, իմ կալանակից եղբայրների ձեռքը: Նրանք ինձ սովորեցրին, որ չպիտի փախչեմ դժբախտությունից: Սովորեցրին ապրել էդ ողբերգությունը: Երբ ես ասացի, որ երկու երեխաները իմն են, ոչ մի երկակի իմաստ մի գտեք: Նրանք հոգևոր իմաստով իմն են: Այդ տղաների շնորհիվ իմ խոսքը ձեռք կբերի մի ուրիշ հոգևոր որակ»,- Վարդան Պետրոսյանն ասաց ճառի ավարտին:

Եվս մեկ միջադեպ

Տուժողներից Նաիրա Կարապետյանը հանդես եկավ ռեպլիկի իրավունքով. «Մեղադրյալը խլեց երկու 16-ամյա լուսավոր տղաների կյանք, որոնք զոհ դարձան անպատասխանատու մարդ արարածի, որը զվարճացած, գինովցած նստեց ղեկին և դժբախտացրեց մայրեր, ընտանիքներ»: Հիշեցնենք, որ Ռուբեն Բալոյանն իր ռեպլիկում ևս մեկ անգամ պնդել էր, որ իրենց կարծիքով՝ Վարդան Պետրոսյանը դեպքի օրը ալկոհոլ է օգտագործել:

Նաիրա Կարապետյանը շարունակեց այսպես. «Հատուկ ցանկանում եմ նշել Վարդան Պետրոսյանի անբարոյական առաջարկի մասին, որ վնասը ամբողջությամբ կհատուցվի միայն մեկ դեպքում՝ եթե «Նիվայի» վարորդը ասի, որ մեքենան հետ է տվել, փակել Վարդանի դիմացը, նոր այդ պայմաններում Վարդանն անմեղ է»: Այս խոսքերը լսելով՝ ընդվզեց պաշտպանական կողմը՝ ասելով, որ նման բան չի եղել: Այդ ժամանակ Արթուր Հակոբյանը վիժվածք անվանեց Վարդան Պետրոսյանի պաշտպաններից Նիկոլայ Բաղդասարյանին: Փաստաբանը միջնորդեց դատավորին քրեական գործի հարուցման հարցով դիմել դատախազություն, քանի որ գրեթե ողջ դատավարության ընթացքում, մոտ մեկ տարի շարունակվել են իր հասցեին տուժողների կողմից հնչեցված վիրավորանքները:

Դատավորն այս խառնաշփոթ պայմաններում, նաև հաշվի առնելով, որ աշխատանքային օրն ավարտվել է, հետաձգեց նիստը մինչև հունվարի 26-ը:

Մեկնաբանություններ (3)

President
Մեկը, ով ուզենա շատ արագ կերպով ՀՀ կոչված տարածքում ծանոթանալ գործող իշխանությանը, օրենքի կիրառման կարգին, հասարակության բարքերին, իրականացնողների մասնագիտական ու մարդկային որակներին, պետք է նայի Վարդանի դատավարությունը: Սա ՀՀ-ի ամենավառ իրականությունն է` խտացված:
Հ.Շ.
12 միլիոն դրամը թող մուծի, վերջանանք այս պատմութիւնից: ---Արեւմտեան երկիրներում, նոյնանման արկածի մը պարագային, այդ գումարի տասից մինչեւ հարիւր, նոյնիսկ երբեմն հազա՛ր անգամն է վճարվում, ըստ օրէնքի կամ դատարանների: --- Իսկ այդ յարգելի տիկինն ալ եկեր, բաղդատականներ է անում ֆրանսայի հետ, յուզալից ծափահարութիւնների արժանանալով: --- Ի դէպ, որ խօսում ենք 1Ձ միլիոն հատուցման մասին, Վարդանը արդեօք, ցարդ, ո՞րքան ծախսեց արդէն փաստաբանների համար... --- Ամբողջ երկիրը մի խոշոր մանկապարտէզ լինի կարծես...
Anna
Երեւի այս ողբերգությունը, այս չարչարանքները նրա համար էին, որ Վարդանն ասեր այս խոսքը (http://barevhayer.com/video-news/armenian-today-events/40129-vardan-petrosyani-eluyt-23-01-2015) , իր ձեւով, իր կենդանի տառապանքով պատմեր թե ինչ ողբալի երկիր է սա, ուր արդարադատությունը թաղված է խորն ու ամոթալի կեղտի մեջ, որի մեջ ամեն օր անհամար ՀՀ քաղաքացիներ են մտնում, թաթախվում՝ կամ բանտ նստում, կամ զզվում երկրից հեռանում....Թե ինչ ցածր ու նվաստ, նեղ ու չարացած մտքով մարդիկ կան մեր շուրջը որոնք անհունորեն հեռու են մարդկությունից ու մարդկային խղճից, այն աստիճան որ ամոթ էլ է հիշել որ իբր քրիստոնեության հետ կապ ունեցող հասարակություն ենք: Ամոթ մեզ, որ այսպես կարողանում ենք հոշոտել մեզանից խելացիներին ու միաժամանակ հիշել թուրքերի կոտորածը, ամոթ մեզ, որ այսքան չարություն ունենալով եկեղեցիներ ենք կառուցում, ամոթ մեզ, որ մի նախագահ ունենք որ անմեղի դեմքով նման ճիվաղային սցենարներով պատիժներ ու դատավարություններ է կազմում ու արտոնում: Ամո՛թ: Սիրելի Վարդան, դիմացի՛ր, որքան էլ որ ծանր է այսքան երկար ու անմիջական կրել այս երկրի ցավի ու ամոթի ծանրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter