HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթարից 4 օր հետո հանձնարարվել է սահմանափակել Վարդան Պետրոսյանի տեղաշարժը

«Բա ի՞նչը ցիտեմ, Աստվածաշո՞ւնչը»

 «Անընդհատ դատավարությունն եք ցիտում»,- ասաց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Վարդան Պետրոսյանի գործով նախագահող Վաղինակ Մկրտչյանը՝ դիմելով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին, երբ վերջինը ներկայացնում էր պաշտպանական կողմի կարծիքը վթարի վայրի զննության արձանագրության մասին (հետազոտվեց դատարանում): «Բա ի՞նչը ցիտեմ, Աստվածաշո՞ւնչը»,- ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ դատարանն անընդմեջ խոչընդոտում է իրեն ներկայացնելու, հիմնավորելու պաշտպանության կարծիքը: Պաշտպանի ու դատավորի բանավեճից հետո դատարանը հորդորեց դիմել դատարանին, ոչ թե լրատվամիջոցներին: «Դուք դատարանում կողմ եք, ոչ թե մամուլի ասուլիսի մասնակից»,- ասաց դատավոր Մկրտչյանը:

 Վաղինակ Մկրտչյան

 «Դեպքի վայրի զննության արձանագրության մեջ քննիչը նշել է մի կետ ու գրել «բախման տեղը»՝ կողնակում, սակայն թե ինչպես է նա պարզել այդ վայրը, մնում է անհայտ: Իրականում 2 մեքենաների բախումը կողնակում չի եղել, քանի որ մեքենայի հեղուկն ու ապակիները թափված են ճանապարհի բանուկ մասում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ քննիչը չի արձանագրել նաև BMW մեքենայի կողասահքի հետքեր: «Եթե դրանք արձանագրվեին, որևէ մեկը կասկածի տակ չէր դնի, որ իմ պաշտպանյալը վթարի պահին դուրս է եկել կողնակ: Իսկ եթե նա դուրս չի եկել կողնակ, ապա մեղավոր չէ»,-ասաց փաստաբանը: 

Դատախազ Արթուր Սարգսյանը հայտարարեց. «Մենք այստեղ հիմա ի՞նչ ենք անում՝ Բաղդասարյան Կոլյայի պատկերացումնե՞րն ենք լսում»: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ ասաց. «Չեմ հասկանում, հիմա Նիկոլայ Բաղասարյանը Վարդան Պետրոսյանի փոխարեն ցուցմո՞ւնք է տալիս»:

Ալկոհոլի թեման դեռ արծարծվում է

Թեպետ վարորդի սթափության մասին արձանագրությամբ ու Նաիրիի ԲԿ հատուկ պահպանության մատյանում գրանցված է, որ Վարդան Պետրոսյանը սթափ է եղել դեպքի պահին, բացի այդ, նախաքննական մարմինը նման մեղադրանք չի առաջադրել նրան, այնուամենայնիվ, դատարանում դեռ շարունակվում է արծարծվել ալկոհոլի թեման: Օրինակ՝ Վարդան Պետրոսյանի հիվանդության պատմագրում «Էրեբունի» ԲԿ ընդունարանի բժիշկը գրել էր, որ Վարդան Պետրոսյանը «գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ (հետո դրել էր երկու հարցական նշան)  ու գրել՝ վրայից ալկոհոլի հոտ էր գալիս»:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ փաստաբանական հարցման է ենթարկել «Էրեբունի» ԲԿ ընդունարանի աշխատակից Էդուարդ Ասատրյանին, ով ասել է, թե իրենց կողմից չի ստուգվել Վարդան Պետրոսյանի սթափությունը, և ինքը չի կարող հստակ ասել` գտնվել է Պետրոսյանը ալկոհոլի ազդեցության տակ, թե ոչ: Նա նշել է, որ երկու հարցականները դրվել են իր կողմից՝ նույն գրիչով, քանի որ սպիրտի հոտ է եկել և Պետրոսյանը հումորներ է արել: Էդուարդ Ասատրյան չի բացառել, որ սպիրտի հոտը միգուցե եկել է հիվանդի երակներն ու վերքերը մինչ այդ բժշկական սպիրտով մշակած լինելուց:

Դատախազը նշեց, որ կարիք չկար փաստաբանական հարցման, քանի որ այդ անձին քննիչը հարցաքննել է և նա մոտավորապես նույն բանն է ասել, ինչ փաստաբանին:

Տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ զարմանք հայտնեց, թե ինչու է փաստաբան Բաղդասարյանը հիշյալ հարցումը արել. «Ես որևէ բան չեմ ասել հարցականների մասին»: Բաղդասարյանն էլ հիշեցրեց, որ Բալոյանը դիմել է նախաքննությանը՝ կասկած հայտնելով, որ երկու հարցականներն այլ գրիչով են դրվել:  

Վարդան Պետրոսյանն էլ ասաց, որ դատարանը տպավորություններ հայտնելու վայր չէ, այլ փաստերով խոսելու. «Եթե տպավորություններով հայտնելով լինի, ես էլ իմ պատկերացումներն ունեմ դատախազի, տուժողի ներկայացուցչի նկատմամբ, բայց չեմ արտահայտում»:

 «Նիվա» մեքենան հնարավոր է հետընթաց կատարելիս է եղել

Հետազոտվեցին քրեական գործին կցված մի շարք ապացույցներ`դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացությունները, ավտոմեքենաների զննության արձանագրությունները:

Դատաավտոտեխնիկական փորձաքննության արդյունքների համաձայն, Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի,  գործով տուժող Արթուր Հակոբյանի վարած «Նիվա» ավտոմեքենաները հետազոտսելիս փորձագետները չեն հայտնաբերվել այնպիսի անսարքություններ, որոնք կարող էին առաջացնել ավտոմեքենայի ընթացքի կամ կառավարելիության կորուստ: «Նիվա» ավտոմեքենայի լույսերը վթարի պահին միացած են եղել: «Նիվա» մեքենայի փոխանցման տուփ ֆիքսված է եղել հետընթացի վրա: Հնարավոր է մեքենան հետընթաց կատարելիս է եղել. արձանագրված է դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությամբ:

Վթարից 4 օր հետո հանձնարարվել է սահմանափակել Վ.Պետրոսյանի տեղաշարժը

Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց դատարանում հրապարակել մեկ փաստաթուղթ ևս, նախաքննական մարմինը դեպքից 4 օր հետո դիմել է Ոստիկանություն` ձեռնարկելու միջոցներ, որպեսզի մինչև քրեական գործի ավարտը Վարդան Պետրոսյանը չկարողանա ՀՀ պետական սահմանը հատել:

Այսինքն՝ վթարից 4 օր հետո, երբ Վարդան Պետրոսյանը դեռևս ո՛չ կասկածյալի, ո՛չ էլ մեղադրյալի կարգավիճակ չուներ, նախաքննական մարմինն արդեն կանխակալ վերաբերմունքով խախտել է նրա` ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը:

 Փաստաթղթի լուսանկարում անձնական տվյալները սևով ջնջված են «Հետքի» կողմից

 

 

 Փաստաթղթի լուսանկարում անձնական տվյալները սևով ջնջված են «Հետքի» կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter