HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Հայ և ադրբեջանցի միգրանտների կյանքը Ստամբուլում. իտալացի հետազոտողի հայացք

«Հետքը» զրուցել է իտալացի սոցիոլոգ Ֆաբիո Սալոմոնիի հետ, ով 1990-ականների սկզբներից սկսել է հետաքրքրվել Թուրքիայով եւ անդրադարձել Թուրքիայում ապրող հայ և ադրբեջանցի միգրանտների խնդիրներին:

Կարս այցելելով` Սալոմոնին բազմաթիվ ադրբեջանցիներ է տեսել, որոնք եկել էին ժամանակավոր աշխատանք գտնելու, հետո ծանոթանալով Ղարաբաղյան հակամարտությանը` հանգել է այն եզրակացության, որ աշխարհը հետաքրքրված չէ, թե ինչ պատահեց այս տարածքում հակամարտությունների պատերազմական ավարտից հետո, մինչդեռ տեղի հիմնական խնդիրը միգրացիան է:

 «Միակ պատճառը, որ աշխարհը հետաքրքվում էր կովկասյան այս տարածքով, պատերազմն էր (նկատի ունի Ղարաբաղյան պատերազմ-հեղ.),- ասում է նա,- մինչդեռ Հայաստանից մոտ մեկ միլիոնի չափ միգրանտ գնաց այս տարիների ընթացքում, նույնքան էլ, հավանաբար, Ադրբեջանից»:

-Ինչպիսի առանձնահատկություններ ունեն Թուրքիայում ապրող ադրբեջանցի ու հայ միգրանտները:

-Տարբերություններից մեկն այն է, թերևս, որ հայաստանցիների գերակշռող մեծամասնությունը տեղակայված է Ստամբուլում, մինչդեռ ադրբեջանցիները ցրված են երկրով մեկ: Իհարկե, հայեր կան Անթալիայում, Իզմիրում կամ Անկարայում, բայց շատ քիչ են: Եվ, իհարկե, շատ ադրբեջանցիներ կան Ստամբուլում, բայց շատերն էլ Իզմիրում են, հատկապես` Իգդիրում ու Կարսում:

Դժվար է այս երկու համայնքները համեմատել, երբեմն շատ անսպասելի ձևով են արտահայտվում այդ տարբերությունները: Որովհետև, կարելի է ասել, որ այո՛` Թուրքիան և Հայաստանը միմյանց թշնամիներ են, և հայերը պետք է որ մեծ խնդիրներ ունենային, բայց երբեմն լինում է ճիշտ հակառակը:

Հայաստանցին որևէ թուրք գործատուի հետ խնդիր չունեցավ, նա ունի նույն խնդիրը, ինչ ցանկացած միգրանտ:

 Իսկ ադրբեջանցիները պետք է որ խնդիրներ չունենային, բայց եթե դուք միջին վիճակագրական թուրքի հարցնեք, թե ինչ է մտածում ադրբեջանցու մասին, միակ բանը, որ նրանք գիտեն, այն է, որ նրանք խոսում են տարօրինակ ու ծիծաղելի թուրքերենով, եւ որ նրանց շեշտադրությունը տարբեր է: Թուրքերը երբեմն նրանց ծաղրում են այդ շեշտադրության պատճառով, հետո կա այդ ենթատեքստը՝ սովետներ, կոմունիզմ, աթեիզմ, նրանք, այո՛, մահմեդական են, բայց ճիշտ մահմեդականներ չեն, որովհետև այդքան էլ չեն մտածում կրոնի մասին և այլն:

Երբեմն ես տպավորություն եմ ունենում, որ այն բանի պատճառով, որ Ստամբուլում կա հայկական համայնք, դպրոցներ, թերթեր, միջազգային կազմակերպություններ և այլն, հաճախ հայերն ավելի հեշտ կարող են օգնություն ստանալ այս օղակներից, քան ադրբեջանցիները, որոնք չունեն տեղական իրական ադրբեջանական համայնք, իսկ թուրքերը նրանց չեն ընկալում որպես «իսկական» թուրքեր: Նրանք ասում են, որ՝ այո, մենք ունենք նույն լեզուն, բայց նրանք օղի են խմում, տարօրինակ են և «իսկական» թուրք չեն:

Եվ, հետևաբար, հիմնական տարբերությունը ակնկալիքների դաշտում է: Երբ ադրբեջանցիները գալիս են Թուրքիա, նրանք մտածում են, որ գալիս են իրենց եղբայրների մոտ ու եղբայրական երկրում աշխատելու, բայց դա փաստացի չի գործում, որովհետև եթե անգամ նրանք ադրբեջանցիներ են, միեւնույն է` միգրանտներ են: Եվ ուրեմն, այդ առասպելը, թե եղբայրություն և այլն, հռետորաբանություն է եւ մնում է այդ մակարդակում:

-Ինչպիսի հարաբերություններ են ձևավորվում հայ և ադրբեջանցի միգրանտի միջև, և որտեղ են նրանք հանդիպում:

-Կան որոշակի տեղեր, որտեղ նրանք, ուզեն թե չուզեն, միմյանց հետ հանդիպում են: Օրինակ` ոստիկանության բաժանմունքը, որովհետև նրանց մեծ մասն անկանոն միգրանտ է, ու եթե բռնում են՝ տանում են բաժանմունք, որտեղ նրանք շատ ժամանակ նստում են նույն սենյակում: Նրանք իրար կողքի են փողոցային առևտրի ժամանակ, տրանսպորտում և այլն:

Թե ինչպես են նրանք իրար հետ հաղորդակցվում՝ մեծամասնաբար կախված է նրանց տարիքից: Տարեցները միմյանց հետ ապրելու հիշողություն ունեն, հետևաբար, նրանք ավելի բարեկամաբար են միմյանց հետ շփվում, իսկ երիտասարդները իրար չեն ճանաչում, չեն շփվել, միասին ապրելու փորձառություն չունեն և նրանց համար ավելի դժվար է միմյանց նայել դրական հայացքով: Թեպետ, նրանք էլ ժամանակ առ ժամանակ ստիպված են իրար հետ լեզու գտնել, որովհետև միասին աշխատում են, օրինակ, ֆաբրիկայում:

Բայց կա մեկ խնդիր, որ մի կողմ է դնում ազգայնական ենթատեքստը, և որի պատճառով նրանք մոռանում են թշնամանքը: Երկուսն էլ հասկանում են, որ այստեղ են հաց վաստակելու համար, ու երկուսն էլ հասկանում են, որ ճիշտ չէ այստեղ միմյանց հետ կռվելը:

Իհարկե, եթե որոշ ադրբեջանցիներ որոշակի կապեր ունեն թուրք ազգայնական խմբերի հետ, իհարկե, նրանք կարող են ավելի ագրեսիվ վերաբերմունք դրսևորել հայերի նկատմամբ, բայց, ընդհանուր առմամբ, դա այդպես չէ:

-Իսկ ինչպե՞ս են զգում այս երկու համայնքները:

Նախ ցանկանում եմ շեշտել, որ թեպետ հայաստանցի հայերը մեծամասնաբար կանայք են, բայց տարածված թյուրըմբռնում կա, թե այստեղ միայն կանայք են, դա այդպես չէ, բազմաթիվ երիտասարդ և թոշակառու տղամարդիկ, ինչպես նաև` երեխաներ կան:

Իսկ ադրբեջանցիների համայնքը  ավելի բալանսավորված է սեռային առումով, ինչպես նաև` երեխաներ ունեցող բազմաթիվ ընտանիքներ կան:

Նրանց հոգեբանությունը տարբեր է. ադրբեջանցիները շատ հիասթափված են, որովհետև նրանց մեծամասնությունը կուզենար այստեղ հիմնավորվել, որովհետև նրանք Թուրքիան դիտարկում են որպես հեշտ քաղաքացիություն ստանալու երկիր, բայց դա այդպես չէ, այդ թվում` հենց նրանց համար:

Իսկ հայերի մեծամասնությունը այստեղ չի պատրաստվում ամբողջ կյանքն ապրել, նրանք չեն կարողանում իրենց պատկերացնել որպես թուրք հասարակության մաս, թեպետ շատ մարդիկ կան, որ այստեղ են 10 և ավելի տարիներ: Իրականում հայերի համար որոշակի առումներով նաև շատ հեշտ է, որովհետև հայ միգրանտների մեծ մասը տնային մաքրության գործերով են զբաղված, որը Ստամբուլում լավ ու հեշտ աշխատանք է համարվում, այսինքն` դա ամենավատ գործը չէ, որ կարելի է գտնել, իսկ տղամարդիկ հիմնականում գործ են գտնում ֆաբրիկաներում, որտեղ ավելի քիչ են վարձատրվում և շատ են աշխատում:

Միգուցե առաջին հայերը, որ եկան այստեղ, ավելի վախեցած էին, բայց հետո նրանք հասկացան, որ թուրք գործատուների հետ ոչ մի խնդիր չեն ունենում, նրանք ունեն նույն խնդիրները, ինչ մյուս միգրանտները:

Շատ դեպքերում ադրբեջանցիների համար շատ ավելի վատ կարող է լինել, իհարկե՝ ոչ բոլորի համար, եթե նրանք կարողանում են լավ կապեր ստեղծել, հատկապես ազգայնականների շրջաններում:

Սակայն հայերը, այսպես կոչված, «պատանդի» կարգավիճակ ունեն, որոնց պետությունը ուզած ժամանակ կարող է երկրից արտաքսել: Իհարկե, ադրբեջանցիները նման խնդիր չունեն: Նրանց թիվն այստեղ մեծ է, բայց միևնույն ժամանակ՝ անտեսանելի: Սա կարևոր խնդիր է, որը կարող է միայն հայի հետ պատահել, բայց Թուրքիայում ապրող բոլոր միգրանտներն էլ ունեն համանման խնդիրներ:

Հայերի ու ադրբեջանցիների միջև նույնիսկ որոշակի մրցակցություն կա: Օրինակ, երբ Էրդողանը ինչ-որ հայտարարություն է անում հայաստանցիների մասին, դրանից հետո երկու շաբաթվա ընթացքում բոլոր թուրքական թերթերը գնում են Քումքափի՝ այդ հայերին տեսնելու և նրանց հետ հարցազրույցներ անելու համար, ու հանրության մեջ մարդիկ սկսում են հետաքրքվել հայերով. Քումքափըի, küçük Ermenistan (փոքրիկ Հայաստան) և այլն,  անդրադառնում են նրանց խնդիրներին, ու հետո ադրբեջանցիները նայում են թերթերն ու ասում, թե՝ տեսեք, բոլորը հայերի մասին հոգ են տանում, իսկ մեր մասին ոչ ոք չի մտածում: Նրանք նույնիսկ հայերի համար դպրոց են բացել, և ադրբեջանցիները մտածում են, թե պետությունն է այդ դպրոցը բացել հայերի համար, պետությունը հոգ է տանում հայերի, այլ ոչ թե ադրբեջանցիենրի մասին: Դու երբեք չես տեսնի որևէ թերթում կամ ԶԼՄ-ում որևէ անդրադարձ ադրբեջանցի միգրանտի մասին, որովհետև իրականում նրանք ինչ-որ առումով հասարակության մաս են: Ես աշխատում եմ նրանց բացատրել, որ դա այդպես չէ, որ պետությունը չէ նրանց օգնում, բայց նրանք մտածում են ճիշտ հակառակը, որ հայերն ամենուր են, և բոլորը նրանց օգնում են:

-Փորձել եք պարզել, թե քանի հայ կա Ստամբուլում:

 -Դա հնարավոր չէ պարզել, որովհետև Թուրքիայում միգրանտների վերաբերյալ վիճակագրություն չի վարվում: Սակայն, մի անգամ Ադրբեջանի դեսպանատնից ինձ ասացին, որ մոտավորապես 50 հազար ադրբեջանցի կա Թուրքիայում, իսկ նրանք մոտ հինգ անգամ ավելի շատ են հայերից:

- Ձեր կարծիքով, հայաստանցիների թիվն աճում է, թե նվազում:

- Ես տպավորություն ունեմ, որ հայ միգրանտների հոսքը վերջին երեք տարում նվազել է: Եթե Հայաստան, Ադրբեջան, Վրաստան տանող ավտոբուսների կայարանում մոտ 5 տարի առաջ, օրինակ, կտեսնեիր բազմաթիվ կազմակերպություններ ու ավտոբուսներ, որոնք ուղևորափոխադրում էին իրականացնում դեպի Հայաստան, մի փոքր ավելի քիչ՝ Ադրբեջան, և ավելի քիչ՝ Վրաստան, ապա այժմ հակառակ պատկերն է. Հայաստանն ու Վրաստանը տեղերով փոխվել են: Հայաստանցիների թիվը կրճատվում է, ու նաև կրճատվում է այն հայաստանցիների թիվը, որոնք Հայաստանից Թուրքիա որոշ բիզնես էին անում:

-Ձեր կարծիքով որն է պատճառը:

Հայերի մեծ հոսքը Ստամբուլ եկել է 1990-ականների վերջերին, ու թեպետ ՌԴ-ն այն ժամանալ էլ ամենագրավիչ երկիրն էր հայ միգրանտի համար, այդուհանդերձ, 90-ականներին Թուրքիան ավելի հետաքրքիր դարձավ միջին տարիքի կանանց համար, որոնք Հայաստանի անկախության առաջին տարիներին չկարողացան հաղթահարել տնտեսական իրավիճակից բխող խնդիրները, ու հացի խնդիր լուծելու համար ամենահրատապ լուծումը Թուրքիան էր, որովհետև այն էժան էր, հեշտ ու մոտիկ, ինչպես նաև կանանց համար աշխատաշուկա կար: Ադրբեջանցիներն այստեղ սկսել էին գալ հայերից մոտ տասը տարի շուտ՝ 1980-ականների  վերջերից:

Իմ տպավորությամբ` այդ մարդիկ (հայ միգրանտները-հեղ.) հասկացան, որ Թուրքիայում օրինական ապրելու ճանապարհը բավական դժվար է, լավ կլինի գնալ մեկ այլ տեղ, որտեղ այդ հարցերն ավելի հեշտ կլինի լուծել օրինական ձևով: Թուրքիայում կանոնավոր միգրանտ լինելը շատ դժվար է, եւ` ոչ միայն հայերի համար. դա ընդհանուր խնդիր է:

-Մոտ երկու տարի առաջ Թուրքիայում վիզայի և կացության իրավունքի վերաբերյալ նոր օրենք ընդունվեց:  Ձեր կարծիքով, ինչպես այն ազդեց հայ համայնքի վրա:

-Կարծում եմ, որ այն դժվարացրեց անլեգալ ճանապարհով մնացող մարդկանց կյանքը, որովհետև եթե նախկինում տուրիստական վիզայով մարդը կարող էր երեք ամիս մնալ, ապա հետ գնալ ու սահմանը հատելով հետ վերադառնալ՝ նոր երեքամսյա ժամկետով, ապա նոր օրենքի համաձայն` մարդը տարվա մեջ իրավունք ունի Թուրքիայում մնալ վեց ամիս, ու այս օրենքը սահմանափակել է մարդկանց շարժունակությունը՝ ստիպելով, որ նրանք դիմեն կացության իրավունք ձեռքբերելու համար` այսպիսով մտնելով օրինական դաշտ:

-Անկանոն միգրանտները ոչ մի իրավունք չունեն, երբ նրանց մի բան է պատահում, հարցերը լուծվում են ինչ-ինչ ձևերով: Սակայն, եթե այդ մարդիկ այստեղ են, հետևաբար նրանց կարիքը կա, պետք է հաշվի նստել նրանց գոյության հետ ու լուծումներ փնտրել նրանց համար: Ի՞նչ է անում Թուրքիան այս ուղղությամբ:

-Թուրքիան երկար տարիների ընթացքում աշխատուժ արտահանող երկիր էր, վերջին 10 տարիների ընթացքում սկսեց հետ ստանալ միգրանտներին ու վերածվեց վերջնակետ երկրի: Փաստորեն, մարդիկ գալիս են Թուրքիա աշխատելու. դա ինչ-որ նոր բան է Թուրքիայի համար ու ստիպում է, որ Թուրքիան փոխվի: Սա շատ մեծ մարտահրավեր է: Այդ օրենքը գործընթացի առաջին քայլն է:

Այսօր Ստամբուլում ամեն ամիս բազմաթիվ կոնֆերանսներ ու քննարկումներ կան միգրանտների մասին, որովհետև վերջին տարում թուրք քաղաքական գործիչները, կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը հասկացան, որ Թուրքիան փոխվել է, ու այլ խնդիրներ կան:

-Այսինքն, կարելի է ասել, որ Թուրքիան ստիպվա՞ծ է փոխվել:

-Միանշանակ: Նոր իրավիճակը նոր լուծում է պահանջում, ու հեշտ չէ փոխել օրենքը, հաշվի նստել նոր իրականության հետ, տրանսֆորմացնել հասարակությունը. այն պահանջում է ժամանակ և քաղաքական կամք:

Այժմ երկրում մոտ 2 մլն սիրիացի փախստական կա, որը հսկայական թիվ է, ու նրանք ստիպված պետք է հաշվի նստեն այն հանգամանքի հետ, որ հնարավոր է՝ այդ մարդկանց մեծամասնությունը մնան Թուրքիայում հետագայում:

-Գաղափար կա, որ ճիշտ կլիներ Քումքափիում կամ հայաշատ մեկ այլ վայրում ռեսուրս կենտրոն հիմնվեր հայերի համար, որտեղ հայերի խնդիրներին լուծումներ կտրվեին օրինականորեն: Ի՞նչ եք կարծում այդ մասին:

-Վերջին 3-5 տարում որոշ կազմակերպություններ սկսել են միգրացիայի հարցերով զբաղվել, օրինակ, երբ ես եկա՝ այստեղ ոչ ոք չէր հետաքրքրվում միգրանտներով ու նրանց խնդիրներով: Այդպիսի ռեսուրս կենտրոն պետք է լինի ոչ միայն հայերի, այլև բոլոր միգրանտների համար, որովհետև բոլորն ունեն նույն խնդիրը:

Օրինակ` կրթության հարցը մեծ խնդիր է, հայաստանցիները սեփական դպրոց բացելով ինչ-որ լուծում գտան, միգրանտների այլ խմբերի համար այդպիսի դպրոց չկա: Շատ ադրբեջանցիներ որոշ գումարով իրենց երեխաներին ուղարկում են տեղական թուրքական դպրոցներ, բայց դա բոլորի համար հասանելի չէ: Թուրքիան պետք է մտածի, թե ինչպես լուծել միգրանտների երեխաների կրթության հարցը. ուրեմն կրթական համակարգում պետք է փոփոխություններ անել, որպեսզի լուծում գտնվի բոլորի, այդ թվում` հայերի համար:

Սակայն, այսօր ոչ ոք չի մտածում, թե, օրինակ, որտեղ պետք է սովորեն միգրանտների երեխաները, կամ ինչպես պետք է լուծվեն առողջական հարցերը. երբեմն հայերը կարող են գնալ հայկական հիվանդանոցներ, իսկ ադրբեջանցիներն էլ իրենց ընկերների միջոցով են ինչ-ինչ հարցեր լուծում:

Ամբողջ խնդիրն այն է, որ թուրք հասարակության մի հսկայական զանգված՝ այդ թվում քաղաքական գործիչներ և կուսակցություններ, լավ տեղեկացված չեն այս խնդիրների մասին, ու հնարավոր չէ Թուրքիայի քաղաքական դիսկուրսում որևէ հղում տեսնել միգրանտների խնդիրներին, բացի սիրիացի փախստականներից: Հասարակությունն ունի այլ խնդիրներ և այլ առաջնահերթություններ. մարդիկ միշտ ունեն այլ առաջնահերթություններ, և միգրանտները դեռևս շատ քիչ են տեսանելի ու լսելի: Դա է հիմնական խնդիրը, թե ինչպես իրազեկվածությունը մեծացնել հասարակության շրջանում:

Եթե գնաս Եվրոպա, ապա կտեսնես, որ այնտեղ միգրացիան թիվ մեկ խնդիրն է բոլոր առումներով, բայց Թուրքիայում առայժմ որևէ քաղաքական լուծում չկա, ամեն ինչ թողնված է հասարակության հայեցողությանը. թող մարդիկ իրենք իրենցով տեսնեն այդ խնդիրներն ու լուծում գտնեն, որովհետև նրանք այստեղ ապրում են, հետևաբար կարողանում են ինչ-որ կերպ լուծել իրենց հարցերը: Դու մուտք չունես կրթական հաստատություն, ուրեմն կառուցում ես քո դպրոցը, ինչպես արեցին հայերը: Թե ինչքան կշարունակվի այսպես՝ պարզ չէ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter