HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Սերժսարգսյանական մոնոլիտ իշխանության ձեւավորման զոհերը

Խորհրդարանական ընտրություններից 5 ամիս առաջ Սերժ Սարգսյանը սկսեց իր մոնոլիտ իշխանության ձեւավորման գործընթացը, որը չէր կարողանում իրականացնել անցած երեքուկես տարիների ընթացքում:

2008 թ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանում հաստատվել էր երկշերտ իշխանություն: Հրապարակային իշխանություն, որն, իհարկե, պատկանում էր Սերժ Սարգսյանին, եւ ստվերային, որի իրական կրողը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, ով իր այդ իշխանությունը մասնակիորեն իրացնում էր հենակետային դիրքեր զբաղեցնող մի քանի առանցքային ֆիգուրների` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ մի քանի այլ անձանց միջոցով: Կարելի է ասել` մինչեւ այսօր Սերժ Սարգսյանը ոչ թե «իշխում» էր հանրապետությունում, այլ կառավարում այն ժառանգությունը, որ ստացել էր Ռոբերտ Քոչարյանից: Իսկ ինչպես հայտնի է` սեփականատիրոջ իրավունքն է` ցանկացած պահի կամ պայմանագիրը լրանալուց հետո փոխել կառավարչին:

Երկակի այդ վիճակը Սերժ Սարգսյանին ստիպում էր կախվածության մեջ լինել իշխանության քոչարյանական թեւից: Դա պայմանավորված էր մարտիմեկյան չափազանց ծանր ժառանգությամբ, իր լեգիտիմության հետ կապված ներքին ու արտաքին ճգնաժամի առկայությամբ եւ երկրում գոյություն ունեցող ուժեղ եւ կազմակերպված արմատական ընդդիմության ակտիվ գործունեությամբ: Առանց այս ծանրագույն բեռից թոթափվելու սեփական իշխանությունը ձեւավորելու փորձերը կարող էին ուղղակի ներսից պայթեցնել իշխանությունը, եւ հեռատես, բազմաքայլ կոմբինացիաների սիրահար Սերժ Սարգսյանը, բնականաբար, երբեք այդ արկածախնդրությանը չէր գնա:

Անցած երեք տարիներին նա անխոնջ կերպով քայլեր էր ձեռնարկում` չեզոքացնելու «քոչարյանիզմից» իր կախվածությունն ապահովող վերոնշյալ այդ բոլոր գործոնները եւ, կարելի է ասել, մեծ հաշվով բոլոր ուղղություններով նա իր համար հասավ ցանկալի արդյունքների: ԵԽ-ն փաստացի փակեց մարտիմեկյան ողբերգության էջը` իշխանությանն ազատելով կատարված սպանությունների մեղավորներին եւ պատասխանատուներին բացահայտելու պարտավորությունից: Հիմա դրանք  բացառապես ֆորմալ բնույթ են ստացել:

Երկրորդ` հայ-թուրքական հաշտեցման եւ ԼՂ կարգավորման գործընթացներում զգալի զիջումների գնալու խոստումներ տալու միջոցով նա կարողացավ միջազգային հանրության օրակարգից հանել իր լեգիտիմության խնդիրը: Երրորդ` այս ձեռքբերումները ներքին ընդդիմությանը պարզապես զրկեցին արտաքին աջակցությունից:

Մյուս կողմից` Հայ ազգային կոնգրեսն իր անհետեւողականության, անխոհեմության ու շտապողական վարքագծի պատճառով զրկվեց հանրային լայն աջակցությունից, ինչն իշխանությանն ապահովագրեց ներհասարական ճնշումներից ու սոցիալ-քաղաքական ցնցումներից: Այսինքն` խորհրդարանական ընտրություրնների նախաշեմին ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանին այլեւս ոչինչ չէր խանգարում սեփական հայեցողությամբ վերաձեւելու քաղաքական դաշտը եւ իրականացնելու իր իշխանության ձեւավորման համար այնքան անհրաժեշտ կադրային վերադասավորությունները:

Դրա համար նա ուներ մեկ այլ լրացուցիչ խթան. Քոչարյանի վերադարձի հնարավորությունը, որն այդպես էլ թույլ չէր տալու Սերժ Սարգսյանին կայանալու որպես ինքնուրույն եւ ինքնաբավ պետական, քաղաքական գործիչ: Անցած տարի ԲՀԿ-ի հետ հարաբերությունների ճշգրտման փորձը ցույց տվեց, որ իշխանության քոչարյանական թեւն այնքան էլ վստահելի չէ: Ու չնայած այն ժամանակ նա հասավ կոալիցիոն հուշագրի վերաթարմացմանը եւ կոալիցիոն բոլոր երեք կուսակցությունների կողմից ստացավ գրավոր «պարտավորագիր»` նախագահական ընտրություններին իր թեկնածությունը պաշտպանելու, այսինքն` իր իշխանությունը ճանաչելու մասին, սակայն մասնավորապես ԲՀԿ-ի կենտրոնախույս պահվածքը նրան վերջնականապես համոզեց, որ հուշագիրը գրոշի արժեք չունի, եթե ամրագրված չէ քաղաքական առարկայական իրողություններով:

Միակ խոցելի կետը, որը կարող էր խանգարել Սարգսյանին ձերբազատվելու այդ բալաստից` ռուսական գործոնի ազդեցությունն ու հնարավոր միջամտությունը կարող էր լինել: Եվ անցած ամսվա վերջին Ռուսաստան կատարած պետական այցով Սերժ Սարգսյանը, թերեւս վերջնականապես, իր թիկունքն ապահովագրեց, իսկ Քոչարյանին ցատկահարթակից զրկեց նաեւ այս հարթությունից: Պատահական չէ, որ կադրային լրջագույն ու կարելի է ասել` արմատական ներկայիս փոփոխությունները նա սկսեց հենց այդ այցից անմիջապես հետո:

Նրա կատարած բոլոր կադրային լուծումները իշխանության եւ վարչական ռեսուրսների կենտրոնացման ակնհայտ նպատակներն ունեն: Նախ`  կիրառելով պետական-վարչական լճակները` նա վերստին հասավ նրան, որ Գագիկ Ծառուկյանը հրապարակավ եւ ամենայն հավանականությամբ վերջնականապես հայտարարեց կոալիցիոն հուշագրին, նույնն է թե` Սերժ Սարգսյանին հավատարիմ լինելու մասին: Այդպիսով քոչարյանական ստվերային իշխանությունը զրկվեց իր քաղաքական հենարանից: Հետո պաշտոնից ազատվեց Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով լավ մենեջեր լինելով` ոչ այնքան ընդգծված քաղաքական ֆիգուր էր, եւ վարչական լծակները քաղաքական նպատակներով եւ հատկապես իշխանության ընտրական կարիքների բավարարմանն ուղղելու փորձ չուներ:

Նրա փոխարեն քաղաքապետ կդառնա Տարոն Մարգարյանը, ով, իբրեւ հանրապետական եւ երիտասարդ, կարիերայի ձգտող գործիչ, առավել քան նվիրված է նախագահին եւ Ավանի թաղապետի պաշտոնում ունեցած փորձառությունը կարող է կիրառել նաեւ ողջ մայրաքաղաքի մասշտաբով: Մյուս կողմից` նա այն եզակի անհատականությունն է ՀՀԿ-ում, որ կամրջի դեր է կատարում նախկին ու նորեկ հանրապետականների միջեւ, հավասարապես ընկալելի է ներհանրապետական բոլոր խմբավորումների կողմից: Նրան քաղաքապետ նշանակելով` Սերժ Սարգսյանը նաեւ իր շուրջը ներկուսակցական կոնսոլիդացա ապահովելու եւ վստահության ճաքերը չեզոքացնելու խնդիր լուծեց:

Ալիկ Սարգսյանը ոստիկանապետի պաշտոնից ազատվեց, որովհետեւ որքան էլ նա վստահելի լիներ իշխանության համար, այդպես էլ օտար մնաց բուն ոստիկանական համակարգին: Վերջինիս հեղինակությունը աննկարագրելի ընկավ հենց Ալիկ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում, ինչը ներհամակարգային խորը հիասթափությունների տեղիք է տվել, եւ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ գերագույն իշխանությունը չէր կարող վստահ լինել, որ ներքին անվտանգության ուժերը ցանկացած պահի կարող էին եւ կցանկանային սպասարկել իշխանության շահերը:

Մինչդեռ Ալիկ Սարգսյանի փոխարեն ոստիկանապետ դարձած Վլադիմիր Գասպարյանը, ով իր կարիերան սկսել է հենց ոստիկանական համակարգից, ոչ միայն վայելում է նախագահի անվերապահ աջակցությունը, այլեւ, որ շատ կարեւոր է` պահպանում է ազդեցությունը ոստիկանական համակարգում, շատ լավ տիրապետում է ներքին խոհանոցին: Ակնհայտ է, որ նրա առաջնահերթ խնդիրը լինելու է ոստիկանության խաթարված հեղինակության վերականգնումը, իշխանություն-ոստիկանություն խզումը հնարավորինս չեզոքացնելը: Պատահական չէ, որ երբ Սերժ Սարգսյանը ոստիկանության կոլեկտիվին ներկայացնում էր նրանց նոր ղեկավարին, հատուկ ընդգծեց, որ իր համոզմամբ` ոստիկանությանը հենց Գասպարյանի նման ղեկավար է պետք:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը կադրային վերադասավորումների համատեքստում առանցքայինն էր  քաղաքական իմաստով, որն ուղղակի պարզում է Սերժ Սարգսյանի սկսած այս գործընթացի ուղղվածությունը: Աբրահամյանի հրաժարականի համար բերվում է ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու անհեթեթ պատճառաբանությունը: Նախկինում շտաբ ղեկավարելու համար որեւէ պետական պաշտոնյա, առավելեւս Աժ նախագահի մակարդակով, այդ գործառույթը ստանձնելիս հրաժարական չի տվել:

Ընդհակառակը, պետական իշխանության լծակներին տիրապետումը ցանկացած շտաբի պետի համար լրացուցիչ ազդեցության գործոն է: Ուղղակի անտրամաբանական է Հովիկ Աբրահամյանին, ում ընդունում են բացառապես իր ունեցած այդ ազդեցության համար, ընտրությունների հետ կապված նման պատասխանատու պոստում նշանակել «թեւերը կտրելուց հետո»: Իրականում, սակայն, տեղի է ունենում Հովիկ Աբրահամյանի վարչական եւ քաղաքական մեկուսացման գործընթաց: Նախագահն ընտրել է նրան աստիճանաբար մարգինալացնելու ճանապարհը` Աբրահամյանին վերահսկելիության դաշտից դուրս չթողնելու, հնարավոր քաղաքական ցնցումների տեղիք տալուց խուսափելու դրդապատճառով: Նախագահը ցանկանում է նաեւ ընտրություններում օգտագործել Աբրահամյանի ռեսուրսները, քամել դրանից հնարավորը, նոր միայն անհրաժեշտության դեպքում նրան ուղարկել պատվավոր հանգստի:

Հովիկ Աբրահամյանին քաղաքականապես չեզոքացնելով` Սերժ Սարգսյանը փաստացի գլխատեց իշխանության քոչարյանական թեւը` մնացածներին ուղղակի բլոկադայի ենթարկելով: Արմեն Գեւորգյանի, Աղվան Հովսեփյանի առջեւ հիմա շատ հստակ երկընտրանք է դրված. կամ ընդունել խաղի նոր կանոնները եւ դառնալ սերժսարգսյանական թիմի լիարժեք ու վստահելի անդամ, ինչը չափազանց դժվար լուծելի հարց է, կամ հեռանալ ինքնակամ: Առաջիկա զարգացումներից պարզ կլինի` այս տարբերակներից նրանք որը կընտրեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter