HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փամփուշտներ՝ մեր մեջ ու մեզնից դուրս

Մանե Գրիգորյան

Գրողը պատերազմող, փուլ եկող, ռմբակոծվող երկրի քաղաքացին է, զավակը, կինը, ամուսինը, հայրն ու մայրը, մյուս կողմից բառի՝ աներևակայելի ուժի, ու միաժամանակ երևակայության անսահմանության կրողը, և ստեղծված իրավիճակում հնարավոր է նաև իրեն տեղավորել չկարողացողը: Բայց ինչպես կարող է գրողը իրեն համընդհանուր վշտի մեջ չտեղավորել. ասել այսպես նշանակում է լինել հակամարդկային, իսկ նա՝ գրողը, որպես մարդկանց հոգու ուղերձները իր ներսում անցկացնող և թղթին հանձնող, պետք է որ ավելի քան մարդկային լինի, և պետք է մարդկային վշտին ամենից արագ արձագանքողը լինի:

Եթե գրողը խոսում է մի բանի մասին, որը տվյալ պահին իրեն չի հուզում, ապա նա արհեստականորեն դառնում է իր ներսից պոկվող իրական զգացողության,բառի հետ կռվողը, այն լռեցնողն ու անճանաչելիության աստիճան ձևափոխողը: Օրինակ երբ հարազատ մեկը մահանում է, օրինակ հայրդ, բնական է համարվում, երբ դու որոշ ժամանակ մարդկանց սգի վերաբերյալ ընկալումների համաձայն քեզ պահես, այսինքն եթե այդ ժամանակահատվածում քո միտքը, զգացողությունը այլ գործոնով պայմանավորված այլ ուղղության վրա է, ասենք դու զավեշատալի ես համարում ջահի շուրջ պտտվող երկու ճանճերի թռիչքը ու առանց տրամաբանական բացատրությունների ուղղակի ծիծաղում ես, դա դիտվում է որպես ընդհանուր ընդունված նորմերից շեղում: Դու խախտում ես վշտի ընկալումը, և դրսևորում հակասոցիալական վարքագիծ:

Դավիթ Հովհաննեսը գրում է՝ Ահա ե՛ս եմ, Հավերժական Հայը, կանգնած Եղեռնի ու Երկրաշարժի մեջտեղում, արնամած աչքերս հառած Մասիս սարին: Վարդան Հակոբյանը ասում է. հիշողությունը սերմ է, որ երբեք չի փտում,100 դար էլ թե փակի տակ մնա, մեկ է՝ մի օր ելնելու է ծիլ-ծիլ սրերով: Ըստ իս նման պարագայում գրողը դառնում է որոշակի պատկերացումների, և ճշմարտությունների զոհ. Այսինքն, եթե ես եղեռն և երկրաշարժ տեսած ազգի գրող եմ, իմ հայացքը պետք է անպայման գամվի Մասիսին, և քանի որ հիշողությունը չփտող սերմ է, ապա այն անընդհատ մագիլները պետք է դուրս հանի միջիցս:

Ես՝ գրողս, պետք է մնամ հասարակության համար արդիական խնդիրների կիզակետում, իմ անձնական դժբախտությունը, եթե հեռանում է ընդհանուրի դժբախտությունից, վերածում է ինձ եսասերի. փաստորեն, իմ սեփական վշտի կամ ուրախության առջև պետք է գլխիկոր լինեմ: Վերածվում եմ արդյոք ես եսասաերի ու արդյոք դա գրողին որակող հատկանիշ է: Մի բան հաստատ է՝ պատերազմող երկրում պատերազմի մասին գրողը, անկախ գրածի արժեքից, ավելի շահեկան դիրքում է, ավելի ընթերցվող է, քան նա, ով դա չի անում: Նորմալ է, համաձայն եմ: Իսկ ի՞նչ պետք է անի՝ ընդհանուր չափանիշներից դուրս՝ այդ նեղ պահին ճանճերի պարից անտրամաբանական անզուսպ ծիծաղով բռնկվածը: Ի՞նչ եղանակնով պետք է մշակի իր երևակայությունը թեմայի մեջ մնալու համար:

Բրեդբերին ասում է՝ գրականությունը օգնում է մեր ներսում պահել մարդասպանի ի ծնե մեզ տրված բնազդը, ասում է՝ քաղաքակրթության ամենակարևոր փաստերից մեկն այն է, որ մարդկանց մեծամասնությունը չեն սպանում իրար: Էնպես որ գրողը հայտնվում է և մեզ թույլ է տալիս վիրտուալ՝ մեկ ժամվա ընթացքում սպանել, որպեսզի հաջորդ օրը ստիպված չլինենք ինքներս դա անել: Այսինքն, ըստ Բրեդբերիի, գրականությունը կանխում է մարդկային աղետը: Երբ իմ իրական ոսոխին գրողը սպանում է պատմվածքում, ապա ես՝ ընթերցողս, նրան ոչնչացնելով վիրտուալ աշխարհում, հագուրտ եմ տալիս և բավարարում իմ ցանկությունը իրական աշխարհում: Ըստ Բերեդբերիի փաստորեն բավական է կարդալ Դոստոևսկու «Խաղամոլ»-ը, որպեսզի իրականում խաղատուն գնալու ցանկությունդ սանձվի, կամ մտովի գրողի հետ տարբեր երկրներում ճանապարհորդելով կարելի է ներսում լռեցնել քո՝ ճանապարհորդի ձայնը: Դրան հակառակ մտքիս եկավ հոդվածներից մեկում կարդացած հետևյալ միտքը, որ արջին ինչքան էլ պատմես նարնջի մասին, մեղրի կճուճից հեռու չի գնա:

Արդյո՞ք աղետի մասին գրելով` մենք մեղմացում ենք աղետը: Արդյո՞ք պատերազմի մասին գրելով` հետաքրքրություն ենք առաջացնում զենք վերցնելու, ոգեշնչում ենք կռվի դաշտ դուրս գալու, թե հնարավորություն ենք տալիս մտովի կռվել ու ոչնչացնել, և դրանով հանդերձ հաստատում ենք խաղաղություն:

Ի՞նչ հարաբերակցություն ունեն մարդկային աղետն ու գրողը:

Գորկին ասում է՝ տառապանքը աշխարհի խայտառակությունն է, և պետք է այն ատել, որպեսզի ոչնչացնել: Արդյոք կարելի է ասել՝սրանից ելնելով, որ գրականության նպատակն է ատելություն առաջացնել տառապող մարդու նկատմամբ: Եթե գրողի նպատակն է տառապող մարդու հանդեպ կարեկցանք ծնելը, մարդկային աղետի հանդեպ կարեկից լինելը, ապա գոնե ինձ համար էնպես է,որ ես իմ տառապանքի մեջ ուզում եմ հպարտ և մեկուսի մնալ, և կարեկցանքը կլինի գնահատական իմ զգացածին: Ու առհասարակ, եթե աղետի փաստը գրողին տրված է գենով, հասել է նրան պատմություններով ապուպապից, դրա շահարկումը համարում եմ շանտաժ ընթերցողի հանդեպ. Փակուղի, որի մեջ դնում ես ընթերցողիդ, մի բան, որ ինքդ չես ապրել,բայց ուզում ես փաթաթել ընթերցողիդ վզին: Տառապանքը մաստակի պես ձգելու և այն պաշտելու հակվածություն.ըստ իս՝ անառողջ մի բան: Ուրիշ բան է, եթե ասենք փլատակ դարձած քաղաքի բնակիչ ես եղել, և խոսում ես ոչ թե հայի մասին, որի ոտքերի տակից հողը հերթական անգամ պլստաց, այլ մարդու մասին, որ մի օր աչքերը բացեց և մահճակալը հողի մեջ չորս ոտքով ամուր մխրճված տեսավ,նման պարագայում աղետի կրողը ոչ թե ազգություն է, որի կորուստը հաճախ պետք է պատմական այլ փաստերով զուգորդվի, այլ մարդը, ով իր անձնական դժբախտությունն է ապրում: Հեմինգուեյն էլ իր հերթին, պատերազմի մասին իր ակնարկում գրում է, որ նա ով լավ և ճշմարտացի կգրի անխոս կարժանանա շնորհի, իսկ պատերազմական ժամանակներում ուզենք մենք դա թե ոչ դափնիներն ու պարգևները տեղափոխվում են ապագա. պատերազմի մասին գրելը շատ վտանգավոր է, և շատ վտանգավոր է հետամուտ լինել ճշմարտությանը:

Այսինքն գրողը, ով ասենք պատերազմական ժամանակ գրում է, իր գրողական եսը շոյող պարգևատրությունների մասին երազանքները պետք է մի կողմ դնի և պարզապես գրի: Իսկ ինչո՞ւ գրի: Գրի, որովհետև պատերազմի մասին պե՞տք է գրվի: Չեմ կարծում: Գրի, որովհետև գուցե՞ ժամանակը ընծաներ կտա, խոհեմ չէ.մարդը այդքան հեռու երբեք չի նայում: Ուրեմն ինչո՞ւ գրի: Ըստ իս ուրեմն գրի,որովհետև պատերազմական ժամանակում իր մարդ տեսակը չի կարող լռել, և պատերազմը մարդու անձնական դժբախտությունն է:

Ի՞նչ նկատի ունի Հեմինգուեյը, երբ ասում է, որ ճշմարտությանը հետամուտ լինելը վտանգավոր է: Ես հասկանում եմ էսպես, որ ներսիցդ դուրս թռչող ամեն բառ՝ պայմանավորված քո ազգությամբ, կրոնով, հայրենիքով, ընտանիքով, չի կարող վկայել ճշմարտության մասին: Ճշմարտությունը դա ավելի խորը փորելն է, այնքան մինչ կվերանան ազգությունները, կլղոզվեն տարբեր լեզուները, աչքիդ դիմաց հօդս կցնդի ընտանիքդ, հայրդ, մայրդ, երեխադ, գուցե Աստված, այս ամենից էլ խորը մի տեղում է ճշմարտությունը: Մի տեղ, որտեղ սկսվում է ուրիշի Աստված , ուրիշի հայրենիքը…և դրանից էլ խորը մի տեղ. գուցե ճշմարտությունը այն կետն է, որտեղից սկսվում է մարդը:

Եթե պատերազմի դաժանությունը տեսած մարդուն բնորոշ է ինքնաբուխ բնույթի խոսքը, ապա այդ աղետի ոչ անմիջկան մասնակցի սպոնտան խոսքը գոնե ինձ համար արժանահավատ չէ: Եղեռնը անմիջականորեն իր մաշկի վրա զգացած մարդու սպոնտանությունը բնական է,բայց այդ սպոնտանությունից՝ ասենք իր պապիկի խոսքից, ազդվող իքս մարդու՝ տվյալ դեպքում գրողի արձագանքը դրան պետք է պակաս սպոնտան լինի: Այսինքն, երբ աղետը կրողն է ասում՝ կանգնած եմ Եղեռնի ու Երկրաշարժի մեջտեղում, արնամած աչքերս հառած Մասիս սարին, դա ինձ համար ընկալելի է, բայց եթե ես իմ պապիկի մայրը չեմ, եթե երեխայիս շալակած չեմ փախել , գնդակը չի արձակել գլխաշորիս կապը, չեմ զգացել գլխիս վրայով անցնող մահվան թրթիռը, եթե գնդակը երեք տարեկան երեխայիս ծնկի միջով չի անցել, ապա գոնե կփորձեմ բացել արնամած բառը, որովհետև այդ բառի ուղղակի օգտագործումը իմ փորձառությամբ չեմ վաստակել: Իրականում գրողը, ըստ իս,նման դեպքում պետք է իր հետ գրականություն բերի իրավիճակ, և ոչ բառ, այսինքն իրավիճակից բխող բառ, և ոչ բառից բխող իրավիճակ: Ավելին,ինքս նկատել եմ, որ աղետների անմիջական կրողները ավելի զուսպ են իրենց խոսքի մեջ,իսկ դրանց չկրողները՝ պերճախոս:

Կոլումբիայի համալսարանի հոգեբան Ջորջ Բոնանոն նշում է` միայն պատերազմներ, հիվանդություններ, դժբախտ պատահարները վերապրածների 6-18 տոկոսի մոտ է զարգանում հետտրավմատիկ սթրեսային խանգարում: Տրավման հոգեբանները ուսումնասիրում են սովորաբար նրանց մոտ, ովքեր ամենից շատ են տառապում: «Մարդկանց մեծամասնությունը զարմանալիորեն լավ մենակ հաղթահարում է այդ աղետալի դեպքերը»,- այդպես է ասում խաղաղության երիտասարդ նոբելյան մրցանակիր Մալալա Յոզաֆցաին, ով կարող էր սպանվել ծայրահեղականներիի կողմից, այդ միջադեպը նրա մեջ ուժ, զորություն և քաջություն դաստիարակեց: Կամ օրինակ կանադացի ֆիզիկոս Ալան Բոյռեգարդը (Alain Beauregard) միզապարկի վերջնական փուլում զարգացող քաղցկեցը ընդունեց որպես ազդակ՝ իր կյանքը փոխելու: Այսօր նա քաղցկեղը համարում է իր կյանքի լավագույն նվերը: «Ցայթ օնլայն» գերմանական պարբերականում տեղ գտած «Տրավմայով պայմանավորված աճ» հոդվածում խոսվում է այն մասին, որ տրավմայից հետո մարդը գիտակցում է գոյության վաղանցիկության մասին. Ոմանց դա խանգարում է,մինչդեռ ուրիշներին օգնում է նոր առաջնահերթություններ սահմանել: Սա է աճի պարադոքսը. մենք ավելի խոցելի, բայց միաժամանակ ավելի ուժեղ ենք դառնում: Հոդվածում նշվում է, որ հետտրամվամտիկ աճը հակադիր չէ հետտրավմատիկ սթրեսային խանգարմանը: Ավելի շուտ, այդ ծանրաբեռնվածությունը որոշների համար հանդիսանում է վառելիք էմոցիոնալ աճի համար:

Եվ ինձ խփում են – տարերքը տակից, Աստված վերևից, թշնամին դեմից, բարեկամը մեջքից, Արևմուտքը աջից, Արևելքը ձախից, Բայց ես չեմ վերջանում, Ես տեսնում եմ արդեն Ահեղ Դատաստանի օրը,- արդյոք այս տողերի հեղինակ Դավիթ Հովհաննեսի մոտ կարելի է նկատել հետտրավմատիկ կամ տրավմատիկ սթրեսային խանգարում, և արդյոք այն, որ նա չի վերջանում և տեսնում է Ահեղ Դատաստանի օրը կարող է խոսել էմոիցիոնիալ աճի մասին:

Որո՞նք են այն նոր առաջնահերթությունները որոնք սահմանում է գրողը:

Չնայած հարվածներին Չվերջանա՞լը, և Ահեղ դատաստանի օրը տեսնե՞լը: Միգուցե:

Իկս հիշողությունը սերմ է, որ երբեք չի փտում,100 դար էլ թե փակի տակ մնա, մեկ է՝ մի օր ելնելու է ծիլ-ծիլ սրերով՝ որպես վերադարձն այն ամենի, ինչը երբեք չի կորսվում (Վ. Հակոբյան): Այս միտքն ինձ համար նշանակում է վերքը հավերժ թարմ պահելու հորդոր: Որպես գրող ավելի շատ հավատում եմ այն բառին, որը սպիացած վերքի մասին է խոսում:

Տոլստոյն իր «Դիմակահանդեսից հետո» պատմվածքում ասում է, որ իրականում մարդը լավն ու վատը կարող է հասկանալ կյանքում տեղի ունեցած ինչ-որ դրվագի, իրադարձության միջոցով...ինձ էլ թվում է մեզ հետ չպատահած դրվագները կարող են մեր մաշկին հպվող ու առաջ սլացող փամփուշտներ լինել, կարող են փշաղաքաղեցնել, ցնցել... բայց, միևնույն է, այդ փամփուշտները շարունակում են իրենց ընթացքը մեզնից դուրս: Եվ միայն այն, ինչը մեզ հետ է լինում, դա է մեր ողբերգությունը, ուրախությունը, կսկիծը, կարոտը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter