HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուֆիստները Ալլահին տեսնում էին Բաղդադի շուկայում քայլելիս, թոնդրակեցիները` աղոթում մարդուն

Մանե Գրիգորյան

Աղանդները բոլոր ժամանակներում քարկոծվել են, ժխտվել եկեղեցու կողմից, բայց կան այնպիսիք, որոնք հետք են թողել պատմության մեջ՝ իրենց հետ բերելով նոր փիլիսոփայական ընկալումներ, Աստծու նոր և համարձակ մեկնաբանություններ, քարոզել են պարզ կենցաղավարություն, արտահայտել սոցիալական բողոք, գրականության, պարարվեստի մեջ բացել նոր երակ, եղել հեղաշրջումային, այդ ուղղությունների հետևորդները կեղեքվել են, որովհետև փորձել են նորովի գտնել Աստծուն: Ուզում եմ ստորև խոսել իսլամական և քրիստոնեական աշխարհում հետք թողած երկու ուղղություների՝ սուֆիզմի և թոնդրակյան շարժման մասին՝ անդրադառնալով դրանց գաղափարախոսության ընդհանրական հատկանիշներին:

Թոնդրակյան շարժման և սուֆիզմի (հայտնի է «ճանաչել Ալլահին» կարգախոսով) միջև կան որոշակի գաղափարախոսական ընդհանրություններ: Ինչպես սուֆիզմը, այնպես էլ թոնդրակյան շարժումը ոչ միայն ավանդական կրոնական պատկերացումների հակասում և ժխտում են, այլև իշխող կարգերի դեմ պայքարի դրսևորում: Սուֆիստները հնարավոր էին համարում Աստծո ճանաչումը խորությամբ, նրանցից ոմանք ասում էին, որ իրենց տեսիլքներում միաձուլվել են Ալլահի հետ: Նրանցից մեկը հաղորդում է, որ նա տեսել է կենդանի Ալլահին Բաղդադի շուկայում քայլելիս: Ժամանակակից սուֆիստներից ոմանք, կարևորելով Աստծուն որպես տիեզերաստեղծ, նույնչափ կարևորում են մարդուն, որը նրա ստեղծածն է և հետևաբար նույնչափ կարևոր է:

Իրենց հերթին թոնդրակեցիները աղոթում էին մարդուն և ոչ Աստծուն: Նրանք չէին հավատում վերացական Աստծուն և փաստորեն Աստված նրանց համար երկրի վրա գոյություն ունեցող, ապրող մարդն էր՝ իրենց ավագ ընկերը, ում հետ նրանք ընկերական հարաբերություններ ունեին և որին կարող էին փոխարինել մեկ ուրիշով, եթե վերջինս հակառակվեր ընկերության ընդհանուր օրենքներին: Մ.Մաշտո­ցի անվան մատենադարանի №8075 ձեռագրում գրված է. «Նրանք աղոթում են այնտեղ, ուր որ իրենց համար հարմար են հա­մարում, իսկ ավելի վատն այն է, որ նրանք ծառայում են ոչ թե աստծուն, այլ նրա կերպարի նման ստեղծված մարդուն, քանի որ աղոթքի համար հավաքվում են գյուղերի ավագների մոտ ոչ թե աստծուն, այլ նրանց (ավագներին) աղոթելու, նրանց աստծուց սեր դասելու համար և արհամարհելով աստվածային տները, նախնտ­րում են աղոթել նրանց տներում»։ Այս տողերից կարելի է հասկանալ, որ թոնդրակեցիները մերժում էին քրիստոնեական վերացական աստծու գաղափարը՝ գտնելով, որ եթե անգամ նա գոյություն ունի, բայց չի կարող կամ չի ցանկանում միջամտել մարդկանց գործերին, ապա նրան աղոթելու անհրաժեշտություն չկա: Սա աստվածության էպիկուրյան ըմբռնման մի ձև է: Ըստ էպիկուրի` աստվածներն ապրում են միջտիեզերական տարածություններում ու չեն խառնվում ոչ բնության և ո՛չ էլ մարդկանց գործերին: Փաստորեն թոնդրակեցիները աղոթում էին մադուն, և ոչ աստծուն: Սա նմանություն ունի էպիկուրյան ըմբռնմանը, բայց նույնը չէ, այսինքն եթե նրանք աղոթում էին, ապա աթեիստ չէին: Բացի այդ թոնդրակեցիների աստվածը կապված է մարդու հետ, նա մի տեսակ «սեր է, և զսիրով միավորիլն կամի և ոչ զպսակ», իսկ էպիկուրի աստվածները նման են «Գիրկանյան ծովում եղած ձկներին, որոնցից մենք ո՛չ վնաս ենք սպասում, և ո՛չ էլ օգուտ»։ Թոնդրակեցիների աստծու ըմբռնումը որոշ իմաստով մոտ է նաև պյութագորասականները՝ մարդու աստվածացման գաղափարին։ Ըստ Պյութագորասի, կա մարդ-աստված, որը կապում է մարդուն աստծու հետ։ Նարե­կացին ասում է՝Զարեհավանցին մեր օրերի Պյութագորասն է։ Նման համեմատություն է անում նաև Մագիստրոսը։ Սակայն պյութագորասականները կարիք ունեին տիրոջ և մարդ-աստծուն ընդունում էին որպես Տեր, մինչդեռ թոնդրակեցիների ավագը, որին նրանք աղո­թում էին, իրենց ընկերն էր, իրենց մասին հոգ տանողը, որը կա­րող էր փոխարինվել մեկ ուրիշով, եթե հակառակվեր ընկերության կանոններին:Թոնդրակյան շարժման հոգևոր առաջնորդները հոգևորական կոչումներ չունեին: Ու քանի որ թոնդրակեցիները չէին հավատում Աստծուն, ապա բնական է, որ որպես տրամաբանական շարունակություն չէին հավատում նաև հոգու անմահությանը: Փոխարենը սուֆիզմի առաջին հետևորդներից Ռաբիյա ալ-Ադավիյան, Աստծո հետ մերձեցման և Աստծուն սիրելու այլ եղանակ էր առաջարկում: Նա մի ձեռքում ջրով սափոր, մյուսում՝ կրակ, ուզում էր այրել դրախտը, և հանգցնել դժոխքի կրակը, որպեսզի մարդիկ առանց հույսի և վախի զգացման սիրեն Տիրոջը: Սրանից հետևություն, որ սուֆիստները ճանապարհ էին փնտրում Աստծո և մարդու միջև հեռավորությունը կրճատելու համար: Դեպքեր են եղել, երբ Աստծուն մոտենալու ճանապարհին սուֆիստները հենց իրենք իրենց են աստվածացրել՝ տեսնելով իրենց Աստծո մեջ կամ Աստծուն իրենց մեջ: Աբու Յազիդը մշակեց մի ոճական առանձնահատկությունը, որտեղ դերանունը երկրորդ դեմքից անցնում էր առաջին դեմքի: Նա իր ունկնդիրներին դիմում էր այնպես, կարծես ինքն էր Աստվածը՝ օգտվելով դերերի խորհրդավոր փոփոխությունից: Հայտնի բարեպաշտներից ոմանք վարկաբեկվեցին այնպիսի արտահայտությունների (շաթիյաներ) պատճառով, ինչպիսիք են «Փառք ինձ», «Որքան մեծ է իմ իշխանությունը»:

«Եվ ես ճշմարտության աչքով նայեցի նրան ու ասեցի. «Ով եք»: Նա պատասխանեց. «Ոչ ես եմ, ոչ էլ ուրիշ որևէ մեկը: Ինձնից բացի աստված չկա»: Հետո նա փոխեց իր ինքնությունը իր եսով, ինձ ցույց տալով իր բացառիկ ես-ը, ու ես նայեցի նրան իր եսով… Հետո ես նրան նայեցի իր լույսով, և ճանաչեցի նրան իր գիտելիքով ու Ձերդ պայծառափայլության լեզվով հաղորդվեցի նրա հետ. «Ինչպես եք ձեզ զգում ինձ հետ»: Նա ասաց. «Ես քոնն եմ քեզնով, քեզնից բացի ուրիշ աստված չկա»»:

Ֆանայի կամ Աստծո հետ միության ձգտող նման հայտարարությունները ընդունելի չէին բարեպաշտ ուլամաների կողմից: Ջունայդի շարադրած «Միության» կամ թավիդ ուսմունքի համաձայն ամեն ինչ, այդ թվում նաև մարդկային եսը ի սկզբանե գոյություն է ունեցել Աստծո մեջ և նրան էլ պետք է վերադառնա: Սուֆիզմի ճանապարհը ընդունելով` մարդը մահանում էր ինքն իր մեջ, որպեսզի ապրեր Աստծո մեջ:

«Հեռանալով եսից, խորհրդապաշտը չի դադարում գոյություն ունենալ որպես անհատ՝ գոյության առումով, նրա անհատականությունը, ինչն Աստծո անօտարելի պարգևն է, կատարելագործվում է, փոխակերպվում և հավերժանում է Աստծո շնորհիվ և Աստծո մեջ»:

Ջունայդը ընդունում էր գոյության այս ձևը, որի համաձայն մարդը միևնույն ժամանակ կարող է ապրել և Աստծո հետ միության մեջ և երկրի վրա:

Թոնդրակեցիները ժխտում էին հոգևորականության անհրաժեշտությունը: Նրանք չէին ընդունում ձեռնադրությունը, հաղորդությունը, ծնուն­դը, ծնրադրությունը, աղոթքը, մկրտության ավազանը, այլ կերպ ասած` եկեղեցու հիմնական ծիսակարգը: Մագիստրոսի վկայությամբ թոնդրակեցիներն ասում էին՝ մենք նյութապաշտ չենք, ուստի «և խաչը, և եկեղեցին, և քահանայական զգեստը, և պատարագագործությունը (մենք) ոչինչ ենք համարում»:

Բասրայում սուֆիզմ ընդունած հռետոր ալ-Հալլաջը Մեքքա կատարած առաջին ուխտագնացության ժամանակ մի տարի անշարժ մնաց Հարամի բակում՝անվերջ ծոմ պահելով և լռություն պահպանելով: Պարսկաստան վերադառնալուց հետո նա հրաժարվեց սուֆիզմի ձևական հավատարմությունից` կոչ անելով իր հետևորդներին որոնել «Աստծուն իրենց մեջ»՝ ծիսակարգերին նշանակություն տալով ներսից: Նա ասաց «Ձեր սրտի Քաբայի շուրջ յոթ անգամ պտտվեք»: Իր երկար միսիոներական ճանապարհորդություններից հետո նա հաստատվեց Բաղդադում, որտեղ էլ ստեղծեց «վկայի միություն» ուսմունքը, որի համաձայն «Աստծո հետ միությունը չպետք է հասկանալ որպես «համատեղ գոյություն» այլ՝սիրո և հավատի արդյունք»: Հայտարարելով, որ Աստված վկայում է իր մասին «վանականի սրտում»՝ ալ-Հալլաջը կասկածի ենթարկեց ահլ ալ-զահիրը (մատչելի օրենսգետներին): «Ճշմարտությունը» լինելու (ալ- հաք) նրա պնդումը թշնամիները օգտագործեցին որպես Աստծո հետ նույնանալու փորձ:Ալ- Հալլաջը կանխագուշակեց և ընդունեց իր նահատակությունը: Նա բանտարկվեց, դատվեց և կախաղան բարձրացվեց: Ձեռքերը, ոտքերը կտրված, կախված Ալ-Հալլաջի վերջին բառերն են՝ այն սքանչելի բանը, որ ուզում եմ, Միակի հետ մենակ լինելն է:Ալ-Հալլաջի բուն հանցանքը իշխանությունների կարծիքով այն էր, որ հրապարակավ էր հայտարարել այն, ինչը «խելամիտ սուֆիները» թաքցնում էին: Հայտարարություններից մի քանիսն ունեին շիիթական երանգավորում, ինչպես օրինակ, ծիսական արարողությունների «ներքին իմաստի» ըմբռնումը: Ինչպես սուֆիստական գաղափարախոսության առաջնորդ ալ-Հալլաջին, այնպես էլ թոնդրակյան շարժման առաջնորդ Հակոբ Հարքացին, ով Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Հարք գավառի եպիսկոպոսն էր, Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցու կողմից կարգալուծվել, աղվեսադրոշմվել (Հանցագործների և աղանդավորների ճակատին դրվող դրոշմ՝ խարան աղվեսի կերպարանքով (որպես պատիժ)) և բանտարկվել է: Հակոբ Հարքացին մեղադրվել է Աստծու և հավատացյալի միջև եկեղեցու և հոգևորականության միջնորդության անհրաժեշտոթյունը ժխտելու և պարզ կենցաղավարություն քարոզելու համար: Այսիպսով և սուֆիստներիը, և թոնդրակեցիները նշանակություն չէին տալիս և չէին կարևորում ծիսական արարողությունները՝ մի դեպքում բացառելով դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը, մյուս դեպքում՝ կարևորություն տալով այդ արարողությունների ներքին իմաստին, և ոչ արտաքին դրսևորմանը: Եվ թոնդրակեցիները և սուֆիստները քարոզում էին ասկետիզմը:Մագիստրոսի ասելով՝ թոնդրակյան շարժման առաջնորդ Զարեհավանցին պահանջում էր վերջ տալ ամեն տեսակի քահանայական գործողություններին, հրաժարվել եպիսկոպոսների, քահանաների և առհասարակ հոգևորականների ձեռնադրումից, ինչպես նաև յուղերի օծումից, պատճառաբանելով, թե այդ ամենը ժողովրդին խաբելու միջոցներ են։ Եվ սուֆիստական և թոնդրակյան շարժման գաղափարախոսությունը գրավիչ էին և երկու դեպքում էլ իշխանությունները վախենում էին , որ այն մեծ ազդեցություն կթողնի ժողովրդի վրա: Սուֆիզմի դեպքում իշխանությունները վախենում էին, որ այդ գաղափարախոսությանը ենթարկվելով մարդիկ կասկածի տակ կառնեն խալիֆաների պաշտոնական կրոնը և զահիրիի ուլաման, իսկ թոնդրակյան շարժումը իշխանություններին վտանգավոր էր թվում, քանի որ վերջինս մարդուն հեռացնում էր եկեղեցուց, և Աստծո ավանդական պատկերացումներն ու ընկալումները ի չիք էր դարձնում: Եվ սուֆիզմի և թոնդրակյան շարժման հիմնական, առանցքային միտքը Աստծո և մարդկանց միջև միջնորդի մերժումն է: Սուֆիները, ի տարբերություն մահմեդական այլ աղանդների, սկզբում չունեին հատուկ եկեղեցու նման հավաքատեղի: Նրանք հիմնականում հավաքվում էին փոքր խրճիթներում` քաղաքների արվարձաններում, որոնք Մաղրիբում կոչվում էին ռիբաթ-ամրոց: Սակայն ի տարբերություն հայ միջնադարյան աղանդների ներկայացուցիչների, սուֆիները նույն հաջողությամբ գնում էին մզկիթ և աղոթում մյուսների հետ: Այնուամենայնիվ, դժգոհություն նրանց գործունեության հանդեպ միևնույն է կար, Իբն Խազմը բողոքում է. «Սուֆիներից շատերը, որոնք, ըստ իրենց հասել են սրբազնության բարձր աստիճանին, իրենց ազատ են համարում ալլահի պատգամներից, աղոթքից, պասից, ողորմությունից (իսլամի սյուներ): Իսկ այն ամենը, ինչ առաջ հարամ էր` գինի խմելը, շնանալը, այսօր հալալ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter