HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեն մերժել է ընտրակեղծիքների առիթով քրեական գործի հարուցումը

Մարինե Մարտիրոսյան
Հրանտ Գալստյան

Հանրաքվեից 10 օր անց «Հետք»-ը ՀՀ քննչական կոմիտեից գրություն է ստացել, որ դեկտեմբերի 6-ին մեր հրապարկման հիման վրա հարուցված քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ «ՀԱԿ ներկայացուցիչն ասում է, որ իրեն փորձել են կաշառքի միջոցով հեռու պահել հանրաքվեից» հրապարակման մեջ Կոտայքի մարզի Քասախի 26/27 ընտրատեղամասի հանձնաժողովի ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Բոյախչյանը պատմում էր իրեն կաշառելու փորձի, իր տեսած ընտրախախտումների մասին:

Քննչական կոմիտեում նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն է տվել Ս. Բոյախչյանը՝ ասելով, թե ինքը տեղյակ չի եղել, «որ հարցազրույց է տալիս»: Նշենք, որ հարցազրույցը միայն ձայնագրության պայմանով է տեղի ունեցել, զրուցակցի համաձայնությամբ: Նրան նախապես հայտնել ենք, թե որ պահից ենք սկսում ձայնագրությունը: Մեկ անգամ ձայնագրությունն ընդհատվել է նրա  ցանկությամբ, երբ խնդրեց, որ «եթեր չտանք»: Ձայնագրությունից դուրս նա պատմեց, թե իրեն ով է փորձել կաշառել, որքան գումարով, ինչ առաջարկներ էին եղել քվեարկության օրը ՀՀԿ-ի հետ ընդհանուր հայտարարի գալու համար: Բոյախչյանը խնդրում էր չգրել այդ մասին, քանի որ մտածում է իր ընտանիքի անվտանգության մասին:

Քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննչական կոմիտեի որոշման տեքստի որոշ հատվածներ հակասում են հանրաքվեի օրը Ս.Բոյախչյանի ասած խոսքերին: Այդ պատճառով ներկայացնում ենք նաև հատված վերջինիս հետ զրույցի ձայնագրությունից:

Հատված որոշման տեքստից. «… մինչև ժամը 16:00-ի սահմանները [Բոյախչյանը] ընտրատեղամասում որևէ խախտում չի նկատել, սակայն այդ ժամանակ նկատել է մի անձի (ընդգծումները՝ «Հետք»-ի), ով 2-րդ անգամ է ներկայացել քվեարկման, որի մասին հայտնել է հանձնաժողովի նախագահին, իսկ վերջինս հայտնել է, որ ընտրողը ունի եղբայր, ովքեր միմյանց նման են: Դրանից հետո 16:30-ի սահմաններում իրեն թվացել է, որ ծրարներ կնիքող հանձնաժողովի անդամը երկու ծրար է կնիքել, ցանկացել է բռնել ընտրողի ձեռքը, սակայն չի հասցրել և նա ծրարները գցել է քվեատուփի մեջ: Այդ պահին քաղաքացուն հարցրել է քանի ծրար է գցել քվեատուփի մեջ, քաղաքացին պատասխանել է մեկ ծրար: Այդ ամենը իր մոտ կասկած է հարուցել, որի մասին առանց իմանալու, որ հարցազրույց է տալիս, հայտնել է լրագրողին»:

Հատված ձայնագրությունից.

Հանրաքվեի օրը «Հետք»-ին տված հարցազրույցում Ս.Բոյախչյանը ասել էր, որ ինքը նկատել է կրկնաքվեարկության երեք և լցոնման 5-6 դեպք: Քննչական կոմիտեն նկարագրում է մեկական դեպքեր, որոնցից առաջինը, ըստ որոշման, եղել է ոչ թե կրկնաքվեարկություն, այլ քվեարկություն եղբայրների կողմից, իսկ երկրորդ դեպքում քաղաքացին վստահեցրել է, որ մեկ ծրար է գցել քվեատուփը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter