HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Հանրապետականի պարտությունը Իջեւանում

Նոյեմբերի 13-ին Իջեւանում կայացան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Թեկնածուները երկուսն էին` գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ ԲՀԿ անդամ, ավագանու անդամ Վարդան Ղալումյանը: Այս տարվա գարնանը ՀՀԿ-ին անդամագրված, 1999 թվականից Իջեւանը ղեկավարող Վարուժան Ներսիսյանի համար դա հինգերորդ փորձն էր քաղաքապետ ընտրվելու:

Քաղաքապետի այս ընտրություններում Վարդան Ղալումյանը ստացավ 5044, Վարուժան Ներսիսյանը՝ 3406 քվե: Բոլոր ընտրական 7 տեղամասերում Վարդան Ղալումյանն ուներ ձայների առավելություն: Չնայած երկու թեկնածուներն էլ հանդես էին եկել ինքնաառաջադրմամբ, սակայն թեկնածուներին պաշտպանում էին իշխող կոալիցիայի երկու թեւեւրը:

Ընտրություններից մի քանի օր առաջ կայացել էր ՀՀԿ Իջեւանի տարածքային կազմակերպության ժողով, որտեղ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը պաշտպանել էր Վարուժան Ներսիսյանի թեկնածությունը: Այդ «գովազդային». տեսահոլովակը ցուցադրվել էր Վարուժան Ներսիսյանի փաստացի սեփականությունը հանդիսացող «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության, ինչպես նաեւ Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերության եթերում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ավելի լուրջ էր վերաբերել այս ընտրություններին: Ընտրություններից մի քանի օր առաջ փոխվեցին քաղաքի բոլոր՝ 7 տեղամասային ընտրական հանձնաժողովներում այդ կուսակցության ներկայացուցիչները, դրանցում ներգրավվեցին ընտրությունների փորձ ունեցող անձիք:

Ընտրությունների օրը Իջեւանում էին գտնվում այդ կուսակցության պատգամավորներ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, խորհրդարանում ԲՀԿ խմբակցության ղեկավար Արամ Սաֆարյանը, խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ուրիշներ:

Նաիրա Զոհրաբյանը, որպես Վարդան Ղալումյանի վստահված անձ էր հանդես գալիս Իջեւան քաղաքի մշակույթի տանը գործող թիվ 4 ընտրական տեղամասում եւ այնտեղ մնաց մինչեւ քվեների հաշվարկը:

Ընտրությունները խաղաղ, առանց խախտումների անցան, սակայն զգացվում էր ներքին լարվածությունը: Դեռեւս մինչ ընտրությունները, նոյեմբերի 12-ին Վարդան Ղալումյանը գրավոր բողոք էր ներկայացրել թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որ նոյեմբերի 12-ին,ժամը 10-ին «Արմենիա» հեռուստաընկերության »Ժամը» լրատվական ծրագրով եթեր է հեռարձակվել հարցազրույց Վարուժան Ներսսիսյանի հետ եւ դրանով ընտրությունների նախօրյակին քարոզչություն է կատարվել, ինչով խախտվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածը:

Թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանը Վարդան Ղալումյանին գրավոր պատասխանել էր, որ դիմումը պետք է ներկայացնի խախտման հիմնավորումներ եւ խնդրել՝ բոլոր ապացույցները ներկայացնել դիմումին կից: Ինչպես տեղեկացանք թիվ 41 ԸԸՀ-ից, ընտրությունների նախաօրյակին «Ժամը» լրատվական ծրագիրը կրկնել էր նախորդ օրվա ծրագիրը, որտեղ էլ տեղ էր գտել այդ հարցազրույցը:

Ընտրությունների օրը քաղաքապետի թեկնածուներից եւ նրանց վստահված անձանցից բողոքներ չեն ստացվել; Ընտրական օրենսգրքի խախտումներ չեն արձանագրել նաեւ բոլոր՝ 7 ընտրական տեղամասերի հանձնաժողովները:

Սակայն ժամանակ առ ժամանակ Վարուժան Ներսիսյանի կողմնակիցներից թիվ 41 ԸԸՀ հեռախոսազանգեր էին ստացվում, որ ընտրությունները դիտարկող դիտորդական մի քանի կազմակերպությունների անդամներ կանգնում են հանձնաժողովների անդամների թիկունքում, կատարում գրառումներ ընտրության մասնակիցների իրենց մոտ եղած ցուցակներում, որ դրանով նրանք խանգարում են տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքին:

Սակայն տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատակիցները, դրանց ղեկավարները հայտարարում էին, որ իրենց աշխատանքին դիտորդները չեն խանգարում: Թիվ 41 ԸԸՀ անդամները, նաեւ Երեւանից ժամանած կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ղեկավարությամբ, պարբերաբար այցելում էին տեղամասեր եւ համոզվում,որ դիտորդները չեն խանգարում հանձնաժողովների աշխատանքին:

Դիտորդների վերաբերյալ թիվ 41 ԸԸՀ հեռախոսազանգով դժգոհել էր Վարուժան Ներսիսյանի լիազոր ներկայացուցիչ, նրա եղբայր Հրաչ Ներսիսյանը: Ժամը 19-ի դրությամբ թիվ 41 ԸԸՀ զանգահարեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ հանձնաժողովի նախագահին ասաց՝ իրեն ահազանգել են, թե դիտորդները խանգարում են հանձնաժողովների աշխատանքին: Թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանը նորից զանգահարեց բոլոր տեղամասերի նախագահներին եւ հավաստիացավ, որ դիտորդները չեն խանգարում ընտրությունների բնականոն ընթացքին:Այս կապակցությամբ թիվ 41 ԸԸՀ անդամ Սարգիս Մուրադյանը կատակով ասաց.«Կարգին ընտրություններ են, որ խախտումներ կատարողները միայն դիտորդներն են»:

Օրվա ընթացքում տեղեկություններ ստացվեցին որ Վարդան Ղալումյանի մի քանի կողմնակից ակտիվիստներ տարվել են ոստիկանություն: Կարելի էր ենթադրել, որ դա ամենեւին էլ տեղական ոստիկանության նախաձեռնությունը չէր, այլ՝ «վերեւներից» ստացված հրաման:

Հետո նրանք ազատ էին արձակվել, բացառությամբ ավագանու նախկին անդամ Սուրեն Մանուկյանի հոր՝Սերժիկ Մանուկյանի: Ժամը 18-ի դրությամբ «Ազատության» թղթակիցը զանգահարեց ոստիկանության լրատվական ծառայություն: Ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը հայտնեց, որ Սերժիկ Մանուկյանը տարվելէ ոստիկանություն այն ահազանգի կապակցությամբ, որ ընտրակաշառք՝ փող է բաժանել:

Ոստիկանությունում պարզվել է, որ նման բան չկա եւ նա ազատ է արձակվել: Սակայն Սերժիկ Մանուկյանն ազատ արձակվեց դրանից մեկուկես ժամ անց՝ ժամը 19.30-ին: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ոստիկանությունում իրեն ոչ մի բան չեն հարցրել, իր հետ ոչ մի գործողություն չի կատարվել: Մեր տեղեկություններով՝ իր ավտոմեքենայով ոստիկանություն է տարվել նաեւ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը:

Ինչեւիցե, 12 տարի պաշտոնավարող Վարուժան Ներսիսյանի պարտությունը կանխատեսելի էր: 12 տարում քաղաքապետը չէր լուծել քաղաքի հիմնական խնդիրները: Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀԿ Իջեւանի քաղաքային կառույցի ղեկավար, արդեն 10 տարի ՀՀԿ անդամ, Իջեւանի ճանապարհաշինական ընկերության ղեկավար Արծրունի Ղալումյանի փոխարեն գերադասելով 2011թ. գարնանը ՀՀԿ-ին անդամագրված Վարուժան Ներսիսյանին, քաղաքական սխալ կատարեց: Հիշեցնեմ, որ քաղաքապետի թեկնածու գրանցվելուց հետո Արծրունի Ղալումյանը հանեց իր թեկնածությունը: Մեր տվյալներով, նոյեմբերի 13-ի ընտրություններից հետո Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետարանում ժողով է արել:

Իջեւանում խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀԿ այս պարտությունից հետո Հայաստանի «ամենաերկարակյաց» մարզպետ, Հայաստանի հանրապետական կուսակցության Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Արմեն Ղուլարյանին կազատեն մարզպետի պաշտոնից:

Լուսանկարի կենտրոնում Վարդան Ղալումյանն է հաղթանակից հետո

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter