HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիկնիկները խոստում են գեղեցիկի կամ մղձավանջայինի

Մանե Գրիգորյան 

Ծնունդով Լեհաստանից, բրիտանացի տիկնիկագործ Իլոնան`  հայտնի որպես Իլոնա Լայթփեյնթիդ Դոլ (Ilona Lightpainted Doll) իր մանկության խաղալիքների մասին խոսելիս նշում է, որ նախընտրությունը միշտ տվել է տիկնիկներին՝ համոզված լինելով, որ դրանք արտասովոր են՝ իսկական կախարդական էակներ, որոնք թույլ են տալիս նրան  ճանապարհորդել երևակայության անծայրածիր թագավորությունում: «Նրանք հավասարապես և՛ հիասքանչ էին, և՛ գերբնական»,-ասում է տիկնիկագործը:

Իլոնան նշում է, որ տիկնիկները կարող են  կենդանի թվալ, նրանք խոստում են գեղեցիկի կամ մղձավանջայինի, որոնց սցենարները կարող են փոխվել և զարգանալ: Հենց  դա էր գրավում ապագա տիկնիկագործին, որը դեռ մանկուց հին ամսագրերից և կատալոգներից թղթե տիկնիկներ էր կտրում, կարդում էր պատկերազարդ գրքեր, հատկապես սիրում Ալ. Պուշկինի հեքիաթները, ոգեշնչվում վերջիններիս նկարազարդված կանանցով ու աղջիկներով:

Երբ սեփական տիկնիկների ստեղծման առաջին փորձը արեց, հասկացավ՝ նրանց պակասում է շարժումը, այդ իսկ պատճառով սկսեց տիկնիկներ պատրաստել ճկվող մետաղալարից ու տարբեր գույների բրդից, որպեսզի նրանք կարողանային թեքել իրենց վերջույթներն ու իրանը: Խնդիրը տեխնիկապես կարծես թե լուծվեց, բայց  տիկնիկագործը խոստովանում է, որ էսթետիկ տեսանկյունից կատարելագործվելու դեռ շատ տեղ կար:

Կարելի է ասել, որ տիկնիկներ ստեղծելու խանդավառությունը Իլոնայի մոտ առաջացավ  որպես լուսանկարիչ իր աշխատանքների համար անթերի մոդելներ ունենալու գաղափարից:

«Սերը դեպի լուսանկարչությունը վաղ է արթնացել: Նույնիսկ երբ երեխա էի, ամենից շատ հենց տեսախցիկ էի ուզում ունենալ, որն էլ, վերջիվերջո, ստացա: Տարիների ընթացքում ավելի էի հմտանում իմ լուսանկարչական գործիքների, հարմարանքների, գաղափարների հարցումԱյն ժամանակերբ  Լոնդոնի Վեստմինստեր համալսարանում լուսանկարչություն էի սովորում, 2004-2005թթ. ինձ համար բացահայտեցի ասիական գնդիկավոր-հոդակապված  տիկնիկները: Դա իսկապես մեծ ձեռքբերում էր: Ես վերջապես ունեի իմ հիանալի տիկնիկները՝ լուսանկարչության համար անթերի մոդելներ, որոնք իրենց կեղծամներով և փոփոխության ենթակա աչքերով առաջարկում էին կարգաբերումների անվերջանալի հնարավորություններ»,-պատմում է նա:

Շուտով Իլոնան գնեց այդ տիկնիկների  դատարկ՝ ամբողջացնելու համար լրացումների ենթակա տարբերակը, նկարեց և հարմարեցրեց  դրանք իր ցանկություններին, կարեց իր գնդիկավոր-հոդակապված տիկնիկների համար հագուստ, աչքեր, կեղծամներ, այնուհետև զգաց, որ դա էլ բավական չէ. նա  ուզում էր ստեղծել իր սեփական աշխատանքները:

Պատմում է, որ իր համար ոգեշնչման առաջին աղբյուրը եղել են Մարինա Բիչկովայի դյութիչ տիկնիկները. «Երբ ինձ համար բացահայտեցի Մարինա Բիչկովայի տիկնիկները, շատ ոգևորված էի, և այլևս կանգ չառա մինչ այն պահը, երբ գտա իմ սեփական տիկնիկները ստեղծելու ճանապարհը»:

Քանի որ Իլոնան իգական սեռի տիկնիկներ է ստեղծում, հարցնում եմ՝ արդյո՞ք կնոջ գեղեցկության իդեալ ունի: Պատասխանում է, որ չունի: Շատ իգական մարմնաձևեր գեղեցիկ է համարում՝ պատկառելի տարիքից մինչեւ երիտասարդ, նիհար թե գեր:

««Գեղեցկությունը ականատեսի հայացքում է», ես, անկասկած, համամիտ եմ այս մտքի հետ: Անձամբ ես գեղեցկությունը տեսնում եմ շատ անակնկալ ձևերի մեջ, դա վերաբերում է նաև մարդկային մարմնին»,-ասում է նա:

«Այդ դեպքում ինչո՞ւ քո գրեթե բոլոր տիկնիկները ունեն ստանդարտ գեղեցկություն, նիհար են, երկարամազ…»,- հարցնում եմ ես:

«Իմ տիկնիկները «ընտրել են» շատ հեքիաթանման լինելու ճանապարհը: Նրանք նուրբ են, փխրուն, գրեթե թափանցիկ: Հենց այդ պատճառով էլ նիհար են, ավելին՝ բավականին սեքսուալ են և շատ կանացի: Այն տիկնիկները, որոնց վրա այժմ եմ աշխատում, ավելի իրատեսական մարմին ունեն, բայց դա կարող է աշխատանքային պրոցեսի ժամանակ փոխվել: Տիկնիկները սարքելիս հաճախ զգացողություն ունեմ, որ դրանք իրենց վրա են վերցնում բեռը նրա, ինչ դառնալու են»,- ասում է Իլոնան:

Քանի որ Իլոնայի տիկնիկները հիմնականում իգական սեռի են, ուզում եմ իմանալ՝արդյո՞ք կնոջ մարմինը նրան ավելի է ոգեշնչում, քան տղամարդունը:

-Այո, կարծում եմ՝ այդպես է: Այդպես եմ կարծում, քանի որ ինքս կին եմ և կնոջ մարմինը ավելի մոտ և ավելի բնական է ինձ համար: Ես նույնականացնում եմ ինձ ավելի շատ իգական, քան արական մարմնի հետ: Էնպես չէ, որ ես մեկը գերադասում եմ մյուսից, բայց ես հավատում եմ, որ բոլոր արվեստագետները արարում են ներսից և բնազդորեն ընտրում այն, ինչը հարազատ է նրանց:

Իլոնան ասում է, որ իրեն  միշտ ոգեշնչում են արվեստը, կինոն, գրականությունըՀակվածություն ունի մռայլ, գոթական արվեստի հանդեպ և կարծում է՝ դրանից շատ բան պետք է և իր արտահայտումը կգտնի իր տիկնիկներում, քանի որ դա է նրա իրական եսը:

Իլոնայի տիկնիկները տխուր են, վերին շրթունքի ծայրերը ցած են կախված, որը վերջիններիս  դեմքին տխուր արտահայտություն է փոխանցում: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Իլոնան ասում է, որ նախընտրում է տխուր տիկնիկներ՝ ավելի մտազբաղ հայացք դեպի տիկնիկային արվեստը: Կարծում է, որ այդպիսի տիկնիկներն ավելի ռեալ են. ոչ անպայմանորեն իրատեսական, այլ պարզապես իրական: «Ոչ ոք անընդմեջ ուրախ չի կարող լինել, և մեր մշակույթն արդեն իսկ լցված է հափշտակված ժպիտները դեմքներին «Բարբի» տիկնիկներով: Ինձ թվում է, որ տիկնիկները մտախոհ արտաքին տեսքով ավելի ուժեղ, անկեղծ արձագանք են գտնում ականատեսի կամ կոլեկցիոների հայացքում:Այդպիսի տիկնիկները կարող են դիպչել մարդու հոգուն. անձամբ ինձ համար դա այն է, ինչ ես փնտրում եմ: Տիկնիկը պետք է ոչ միայն էսթետիկական տեսանկյունից հաճելի լինի, այլև առաջացնի ուժեղ էմոցիոնալ արձագանք»,- իր տեսակետն է բացատրում Իլոնան:

Հարցնում եմ՝ տիկնիկներդ տխուր են, իսկ դու ուրա՞խ  ես...Ասում է, որ չի  կարծում, որ ինչ-որ մեկը բացառապես դժբախտ է կամ երջանիկ, ճիշտ այդպես չի հավատում, որ մարդիկ կամ լավն են կամ վատը, ծայրահեղ դեպքում՝ ոչ գլխավորապես:

«Ես հավատում եմ, որ տարիքի հետ ավելի գիտակից եմ դառնում, գուցե նաև` ավելի երջանիկ: Իրերին այժմ այլ տեսանկյունից եմ նայում, ի համեմատություն ավելի վաղ ժամանակների, երբ, ասենք, 20 տարեկան էի: Ես, իհարկե, նախընտրում եմ այս իմաստուն Իլոնային, բայց ես էլ, ինչպես մնացյալ բոլորը, շարունակում եմ սխալվել և պայքարել: Ես անխոս երջանիկ եմ, երբ ստեղծում եմ տիկնիկներ, ինչպես նաև իմ տղան է ինձ տալիս երջանկության այն զգացողությունը, որը ոչ մի բանի հետ չեմ կարող համեմատել»,- ասում է նա:

Հետաքրքրվում եմ՝ արդյո՞ք Իլոնան իր պոտենցիալը կարող է ամբողջովին իրացնել Անգլիայում, ասում է, որ թեպետ արվեստագետների համար Լոնդոնը ֆանտաստիկ քաղաք է՝ հնարավորությունների քաղաք, բայց տիկնիկագործության ու տիկնիկային արվեստի տեսանկյունից լավագույն վայրը Ռուսաստանն է, հատկապես՝ Սանկտ-Պետերբուրգը և Մոսկվան: Գուցե նաև՝ ԱՄՆ-ը: Իսկ Մեծ Բրիտանիան, ըստ Իլոնայի, չունի Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի նույն խանդավառությունը տիկնիկային գործի առումով: Նշում է, որ  տիկնիկային էնտուզիաստներ, իհարկե, կան նաև Անգլիայում, բայց դա նույնը չէ, ինչ այլ երկրներում: Կարծում է, որ հատկապես Ռուսաստանն ու նրա հարևան երկրները պատմականորեն և մշակութապես կապված են տիկնիկային արվեստի հետ: Աշխարհի լավագույն տիկնագործներից շատերը հենց այդտեղից են:

Պատմում է նաև Սանկտ-Պետերբուրգում սովորելու իր փորձառության մասին. «Ինձ բախտ է վիճակվել սովորել Լիդիա Սնուլի մոտ, որը գնդիկավոր-հոդակապված տիկնիկների վարպետ է: Որպեսզի ավելի շատ իմանամ տիկնիկների պատրաստման մասին, ուղևորվել եմ Սանկտ-Պետերբուրգ, Լիդիայի հետ մնացել մեկուկես ամիս, օրական աշխատել մինչև 16 ժամ, խոսել կոտրված ռուսերենով և իսկապես շատ բան սովորել: Իմ առաջին ճենապակե գնդիկավոր-հոդակապված տիկնիկները ես այնտեղ եմ ստեղծել: Դա մի քանի տարի առաջ էր, երբ  միայն սակավաթիվ մարդիկ էին ստեղծում այդ տեսակի տիկնիկներ. ես իսկապես առաջիններից մեկն էի, որը ստեղծեց ճենապակե գնդիկավոր-հոդակապված տիկնիկներ, բայց այս տարիների ընթացքում այնքան արվեստագետներ են հրաշալի տիկնիկներ ստեղծել, որ ես պարզապես պետք է այդ գործերից շատերը ավելացնեի իմ հավաքածուին: Բացի այդ, ռուսերեն եմ սովորում, որը շատ առումներով օգնում է ինձ: Պետք է խոստովանեմ, որ ռուսական արվեստը առհասարակ ինձ հիացնում է, ինչպես, օրինակ, ֆեդոսկինյան մանրանկարչությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter