HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

փշաքաղված բադ ճահճուտների

Մանե Գրիգորյան

(հատված պոեմից)

 

տեր, ինչ պատմել կնոջը,

ով չի սրբել ոտքերդ արցունքով

 

մազերը` հնձած խոտ,

մարմինը` բաց տուն

 

որ առակը պատմեմ, ասա

 

-հիմար,-գոռաց կինը,-

ո՞ւր է քո աստված,

ներսս հատու կտրած փայտ`

բիզ-բիզ տաշեղներ վրաս

 

ես` փշաքաղված բադ ճահճուտների,

ես` փսլինք հետնախորշերի

 

աստված առնանդամի վրա տրոփող ցավ,

լսում ես` աստված մենակություն

 

-առա՞կ,- հռհռաց հետնախորշերի կինը,-

առակդ ոչ տակ, ոչ էլ խուփ ունի,

քարերից ասա քանի՞սն են վրիպել

 

ասում եմ քեզ`

նետված  ոչ մի քար հաց չդարձավ ճանապարհին

 

ես միայն մի աստված գիտեմ.

դա մարմինն է իմ,

ես միայն մի տուն գիտեմ.

դա մարմինն է իմ,

իմ ջուրն ու հացն է մարմինս,

իմ առակն ու բառն է մարմինս

 

տեսնում ես,

մեռնելիս  ինչքան բան կտանեմ,

պահ, պահ, պահ…

չունենամ քեզ, աղչի,

բախտ բաժանելուց փեշդ

գելի երախ էր,

թե դանայան տակառ

 

տես, թե մարմինս վաղահաս թոշնի,

ու ծծերս ներծծվեն մաշկիս տակ

 

իմացիր, գիտեմ` աչքով ես տվել

 

էնպես որ աճապարիր,

արագ մաքրիր հայացքդ վրայիցս,

ու ի սեր այն Աստծո,

որ առակներ է պատմում,

չքվիր աչքիցս

 

գնում եմ

 

գնում եմ,

որ ամեն հանդիպած մարդու հետ

կորցնեմ,

ու ամեն չգտած աստծո հետ`

գտնեմ քեզ

 

քեզնից հետո աչքերս  հոսեցին,

ու շրթունքներս թափվեցին,

ու մարմնիս հոտը ցնդեց,

ու ոտքերս մթնեցին

 

ոտքերս` համր,

շերեփուկ

 

գնում եմ

 

-զգույշ,-հանկարծ գոռաց զատիկը,-

վերցրու թևերս պուտավոր թիկնոց,

դուրսդ գույնով ծածկիր,

թող երեխաները չտեսնեն` մեռած ես

 

դուրսս` պուտ, պուտավոր,

գլուխս` կոր, գլխիկոր

 

գնում եմ

 

գնում եմ

որ ամեն կաթիլ արյան հետ

խառնեմ քեզ,

ու ցողի պես իջնես վրաս,

ու կաթ-կաթ գնաս ինձանից

 

դու՝ վախ,

ես՝ ձախողում

ես՝ մեռել,

դու՝ հողածին…ճանապարհին

 

ասա, որ այս մամուռը  փաթիլ է եղել,

որ աշխարհը փոխել է իր ձևը,

չկան ետ ճանապարհներ,

նրբանցքներ,

ու արվարձաններ չկան, որ պատի տակ

հիշելու պես վառ մոռանամ քեզ

 

ամեն աստծո անիծված օր

 

բացիր բերանդ խեցու պես,

կաթա մեջդ,

զգա քեզ, անիծյալ,

զգա,

թե ինչ էի զգում ես,

երբ կարկուտի պես ներսումս էիր,

երբ թմբկահարում էիր ամեն բիծս

 

ես՝ խեղճ թմբուկ,

փքված քեզնով,

քո ամեն եզրով ու ճաքով

 

մեջս՝ դեզ,

հազարավոր կիլոմետր արևների տակ

գլորվող փոքրացող ձմերուկ,

որ ուզում է փսխի կտերը

 

ուրանա քեզ

ագռավների կռինչների,

աքաղաղների կանչերի,

ծղրիդների ճռվողյունի,

ճանճերի տզզոցի հետ

քեզ հետ միասին ջնջի աստծու հետքը իր ճակատագրից,

դիլիմ-դիլիմ ,

խազ խազ

սովորի ապրել  անտերությունն իր

 

-հողը վրադ քաշիր, անաստված,- գոռաց պետրոսը՝

-մտցրու գլուխդ գետնի ծոցը,

շան պես դուրս գցիր լեզուդ,

թող անձրևը լվա մեղքերդ,

քեզ Տիրոջն գալուստն էլ չի փրկի, անխիղճ

 

քաղաքի ստվերում կանգնած մերկ պետրոսը՝

ձեռքերը մարմնի մեջ խցկած.

անգրպան, ոտաբաց Պետրոսը,

ասում է՝ աստծուց դուրս ճանապարհներ չկան,

ու ճակատագիրը քո`նրա  աչքի մեջ լող տվող

շյուղն է,

պարզ, ինչպես ջուրը մանկության,

խորունկ, ինչպես ջրհորը հեքիաթների,

-էնպես որ, աստված սիրես,

ի սեր նրա ում անունով

բացառում ես Աստծուն,

գնա, գտիր քո այդ տունը

 

տերը մեծ է, -հառաչեց պետրոսը,-թե բռունցքդ բաց պահես

կկաթա ներս

 

բռունցքս փակ, քարկափ,

ներսս փակ, դռնփակ,

գնում եմ

լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter