HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կա նա, ու չկա աշխարհը

Մանե Գրիգորյան

Պապ, ես մտածում եմ` կկարողանայի, արդյոք, էնպես սիրել, ինչպես Էմին (Amy Winehouse): Ես չգիտեմ՝ դու ինչպես ես սիրել, արդյոք սերդ կործանող է եղել, զգացել ես, որ մի քիչ էլ` ու կխելագարվես, կդառնաս մի ամբողջական սիրտ՝ կատարյալ սրտխփոց...և քանի տերև կընկնի այդ ժամանակ ծառերից, քանի փաթիլով կծածկվի բակիդ մակերեսը` չես նկատի, որովհետև աշխարհը կդառնա նա, իսկ դու մի տեղ կվերանաս, կփոքրանաս, կկծկվես ու կսպասես:

Գերմանիա գնալուց առաջ երազումս տեսնում եմ՝ իբր մոլորվել եմ Գերմանիայի թաղերից մեկում, բայց իրականում՝ Կոնդի թաղերն են: Պտտվում եմ, պտտվում եմ, բայց չեմ գտնում ինձ պետք եկած տունը: Իրար գլխի շարված տները կարծես ծանոթ մղձավանջ լինեին, տուն տան ետևից: Վերջապես գտնում եմ պետք եղած տունը, իսկ տանտիրուհին՝ շիկահեր մի կին, վրաս է բաց թողնում իր սիրելի կատվին՝ իմ բոյից մեծ: Ես էլ,գիտես, ատում եմ կատուներին, կատուն մարմնիս լայնքով լեզուն անցկացնում է վրայովս. ավելի վատ բան չէր կարող լինել: Ես պետք է իմանայի, որ մի բան էն չի լինելու, որ քեզնից շատ մեկ ուրիշին եմ սիրելու: Չնայած նրա մասին արդեն պոեմ եմ գրել, պատմվածքս՝ «Գնա ու ետ մի նայիր», և հիմա ծուլանում եմ, հոգնել եմ նորից ինքս ինձ փորել, ոնց որ հողը բահով մի կողմ գցեցին, հող հողի ետևից խորացան ցած, ներսում քեզ դրեցին, էնպես էլ բառը բառի ետևից, երբ ցած եմ իջնում, ներսում նա է, պա'պ: Ոչ մեկ ավելի թունդ չի լինում, որպեսզի հաղթահարեմ նրան, վառեմ բերանս, շուրթերիս ծայրերը ճղվեն, մռմռան ու ամեն անգամ զգամ՝ աղ է թափվում է բաց վերքիս: Սեփական բաց մաշկով սիրեմ ու փշաքաղվեմ նրա համար:

Հիմա, և թվում է՝ միշտ մեջս նա է:

Դու գնացիր ուրիշ ժամանակներում: Հիմա աշխարհը ավելի է արագացել, նայում ես ծառերին թափվող ձյանը, անհանգիստ ես, հազար գործ ունես անելու, չես իմանում՝ ոնց արագ որսաս պահը, վազքի մեջ միայն սրտիդ աշխատանքն է մնում, երբ շունչդ տեղն ես բերում, արդեն հոգնած ես ինչ-որ բան հիշելու համար: Տարեցտարի զգում եմ՝ ոնց է էս աշխարհի ռիթմը դժվարանում ինձ համար: Դպրոցում համակարգիչ չունեինք, մաման պեյջեռ ուներ, որին հաղորդագրություններ կարող էի ուղարկել, ընդ որում՝ ռուսերեն: Դասընկերուհուս հետ բարձրանում էինք մեր տուն, ասում՝ ուրեմն զանգում ենք, զգում էինք՝ ոնց է մեր չձևավորված կուրծքը բարձրանում վերև:

-Սպասի- ասում էր դասընկերուհիս, -ի՞նչ ենք ասելու:

-Դե կասենք՝սռոչնո պոզվոնի, յա դոմա:

-Իսկ հետո ի՞նչ ես ասելու՝ տվոյա դոչկա՞, թե՞ անունդ:

-Չէ, անունն են հարցնում, կասեմ` Մանե: Դու կզանգե՞ս:

Հիշում եմ` կոկա-կոլայի որոշակի թվով պիտակներ պետք է հանձնեինք, որպեսզի «Ռուկի վեռխ» խմբի համերգի տոմս ստանայինք: Ճանապարհին պեյջեռը մեր դասարանի Ռ.-ի ձեռքից Ա.-ի ձեռքն էր անցնում: Հետդարձին տղաները ծխում էին, իսկ Ռ.-ն, քանի որ անտարբեր չէր իմ հանդեպ, ասում էր Ն.-ին.

-Ախպեր, սիգարետդ իրանից էն կողմ պահի, ծուխը իրան պիտի չկպնի:

Ով կմտածեր՝ հետո ծխի քուլաների մեջ Նրա դեմքն եմ տեսնելու՝ թափանցիկ, ժպիտը նրա՝ աղավաղված երգ, նոտաների թրթիռը մեկ շուրթերին էր, մեկ՝ ցած էր սահում: Ես թուրքական թաղամասի եկեղեցու դիմաց նստել եմ, հետո հոգնեցի սպասելուց՝ պառկեցի նստարանին...լուսանկարում եմ ինձ, մտքումս ասում եմ՝ ֆիքսեմ մեր բաժանման օրը: Էդպես էլի, թուրքական թաղամասում, եկեղեցու առջև, թուրք տղաները նայում են ինձ`բա թե պետք ա` օգնենք:

Հետո նրա փոստարկղի մեջ նամակ եմ գցում, ասում՝ թե ես քեզ պետք չեմ, դու էլ ինձ պետք չես: Ստում էի, պապ: Դուռը մի վերջին զանգից հետո բացվում է:

Ինչո՞ւ եմ այս ամենը քեզ պատմում: Սթեյնբեքն է ասում՝ պատմեք ձեր պատմվածքները հարազատ մեկին: Դե իսկ Սթեյնբեքը ինչ-որ մեկին պատմել է մկների ու մարդկանց մասին, ու եթե անգամ պատմությունը մոռանաս, վերնագրի մեջ հուզիչ մի բան կա, սկսում ես քո սեփական պատմությունը հորինել: Դրա համար էլ հավատացի Սթեյնբեքին, մտածեցի՝ ո՞վ ունեմ հարազատ, հասկացա, որ ապրողների մեջ չկա մեկը, որին կուզեի պատմություններ պատմել, և դու էլ, եթե չգնայիր, քեզ բան չէի ասի. մեր միջև նորից կլինեին մեր տարբերությունները:

Եկա տուն՝ Հայաստան, թեպետ ի՞նչ տուն, տունը իմ մարմինն է, որի հետ էնքան ինտիմ է կապս, որ եթե անգամ փախչեմ, գիտեմ՝ չեմ կարողանալու առանց նրա: Ամեն դեպքում էդպիսի փորձառության բացակայությունը թույլ է տալիս մտածեմ, որ չէ, ոչ մի կերպ չեմ կարող: Մայրս ու քեռուս աղջիկը մի քանի ժամյա քնից հետո հենց բացեցի աչքերս, միանգամից գրոհեցին՝ բա նվեր տալի՞ս էր, քանի՞ անգամ էիք հանդիպում, եկա՞վ օդանավակայան՝ ճանապարհելու..վերջում էլ` թե բա ուրեմն ժամանակ է անցկացրել հետդ:

Ես էլ նեղացա, Հայաստանում մարդիկ հեշտությամբ իրենց իրավունք են վերապահում մտնել այնտեղ, որտեղ ներս չես հրավիրել: Չէ, սխալ է, նրանք բացում են երևակայական դուռը՝ կարծելով, թե այդ դուռը դեպի քեզ է տանում, չնայած ոչ մի ձև չես կարող պատկերացնել` ոնց կարող է այդ ամայությունը դեպի քեզ տանել:

Բայց հենց հանրայնացնում ես քեզ համար շատ կարևոր հարցերը, հանկարծ բոլորը նեղվում են` բա թե շնորք ունե՞ս, չէի՞ր կարողանում ուրիշ բառերով ասել ամեն ինչ. մի քիչ հորինեիր, մի քիչ այլաբանություն մտցնեիր մեջը, մի քիչ Գյուլնազ տատի հեքիաթները պատմեիր, ծառերից ու ծաղիկներից խոսեիր, ասեիր՝ արևը գնաց տեսադաշտից սար-ձորի ետևը, վաղը առաջին շողերի հետ նորից գալու ես, սեր իմ:

Չէ, չեմ կարողանում, էդպիսի գրքեր են տպվում`ընդհանուր՝ դեսից-դենից, աշխարհարարման մասին՝ կուսական բնության գովքի, հոգու անբիծ տոգորումների:

Հա, ուրեմն, պապ, Վիլմայի հետ գնում ենք ման գալու, իսկ ես Վիլմային հա նրա՝ միակիս անունով եմ դիմում: էլբայի ջրերի մոտ Վիլման հոտոտում է ծաղիկները, մեկ էլ հոպ` թռցնում գլխիկները... Գունավոր, հիմնականում դեղինն եմ հիշում:

Ես չգիտեմ՝ արդյոք իմ սերը կործանող էր, բայց երկու ամիս սենյակիս լույսը չեմ վառել, անհանգստությունից ամբողջ մարմինս զարկ էր դարձել, մեկ ոտքս էր զարկերակի պես կտկտում, մեկ՝ ձեռքս, մեկ՝ մեջքս, մեկ՝ որովայնս...Կարծես մարմնիս տարբեր հատվածներում սիրտ էին շաղ տվել:

Երկու օր հաց չուտելուց հետո քթիս է զարնում գնացքում դիմացս նստած գերմանուհու, թեպետ ֆրանսուհու էր նման, թարմ հացի հոտը: Հայացքս թեքում եմ, աչքերս` փակում, հոտը սրվում է:

Իսկ տանը ոչ մեկ ինձ չի սպասում...հենց ինձ՝ էնպիսին, ինչպիսին կամ: Ես էլ նյարդայնանում եմ, որ աշխարհը պտտեցնում եմ նրա շուրջը, իսկ նա ասում է՝ ո՞ւր պետք է կորչեմ, դու գործերիդ նայիր: Ես նստում եմ, մի քանի անգամ փորձում հանգիստ շնչել ու արտաշնչել ու ինձ հիշեցնել, որ աշխարհը ինչ-որ այլ կետից է սկսվում...մի սահմանիր այդ կետը, Ման, ապրիր, ուղղակի ապրիր, գրողը քեզ տանի:

Բայց անընդհանտ անհանգիստ եմ, այդքան դրսի աչքի համար ապրող հասարակությունում ապրելը նյարդայնացնում է, դրա համար էլ ուզում եմ գնալ:

«Կիսաբաց լուսամուտներ»-ով վերջերս արվամոլ մի տղայի էին նկարահանել, մասնակցել էր հաղորդմանը, որ ասեր՝ հասարակությունը անհանդուրժող է, գործ չեմ կարողանում գտնել կողմնորոշմանս պատճառով, մնացած ամեն ինչ լավ է, ես հաշտ եմ ինքս ինձ հետ, ուղղակի գործ չունեմ: Գլխին բոլորը քարոզողներ դարձան` բա ասա տղա ջան, ասա, որ քեզ օգնենք, ասա, որ էդ կյանքը դուրդ չի գալիս, ասա, ասա, որ ներենք քեզ...ասա, որ տեղ ունենաս մեր մեջ, թեկուզ մեջ էլ չէ՝ կողքին: Տղան նորից`բա չէ, ամեն ինչ լավ է, ուղղակի աշխատանք չունեմ: Ու էստեղ ատելություն, անհանդուրժողականություն, սպանելու սպառնալիքներ...

Ինչի՞ եմ սա պատմում, ուղղակի Էժեն Իոնեսկոյի «Ռնգեղջյուր» պիեսը հիշեցի, որում բոլոր մարդիկ ռնգեղջյուր են դառնում. մարդ մնալը դառնում է սարսափելի վախեցնող, որովհետև նորմալը մեծամասնությունն է, իսկ մեծամասնությունը ռնգեղջյուր է:

Տեսնես ինչո՞ւ է Սթայնբեքը ասել՝ պատմեք հարազատ մեկին, ինչու ոչ հենց ինքդ քեզ... ինքս ինձ կպատմեի հետքի պես վրաս դաջված կարոտի մասին, որ ոչ մի ձեռք, ոչ մի հայացք, ոչ մի ձայն մինչ օրս չի մաքրում: Երբ քրոջս 7 տարեկան աղջկան հարցնում եմ՝ ինչքա՞ն ես ինձ կարոտել, ասում է.

-Մեր տունը կա, չէ՞:

-Կա:

-Հայաստանը կա, չէ՞:

-Կա:

-Ռուսաստանը կա՞:

-Կա, Սոն:

-Ամերիկա՞ն էլ:

-Հա:

-Ֆրանսիա՞ն էլ կա...

-Հա կա:

-Գերմանիան էլ կա՞:

-Կա…

-Այ էդքան կարոտել եմ քեզ:

Ուրեմն կա Սոնայի լսած աշխարհը ու կամ ես, ու մենք հավասարազոր ենք, իսկ երբ Դիսնեյլենդում տեսնի շքերթը արքայազների ու արքայադստրերի, թռչող աղջիկների, ծովահենների ու ջրահարսերի, խոսող առյուծների ու մկների...գուցե Դիսնեյլենդը հաղթի ինձ՝ իր արհեստական, անբնական ուրախ մկներով, որ բոլորովին նման չեն Լենիի (Սթեյնբեքի «Մկների ու մարդկանց մասին» պատմվածքի հերոսը) շոյած մկներին: Ես չեմ հավատում, որ նրանց՝ այդ զվարթ մկների մասին ինչ-որ մեկն իսկապես պատմել է:

Ինչ վերաբերում է ինձ, ես գիտեմ՝ չկան մնացած բոլոր երկրները, ու Գերմանիայի գյուղանման փոքր քաղաքներից մեկում՝ Կապելնում, նեղուցի պես ձգվող արքայազների փողոցում էլ չեմ բարձրացնի հայացքս... թեկուզ հետաքրքրության համար, չնայած որ փողոցի անունը այնքան խոստումնալից է հնչում:

Ես գիտեմ, պապ, կա նա, ու չկա աշխարհը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter