Դեսպանը «բարեխոսել է». լեհական ընկերության ներկայացուցիչները կժամանեն Երեւան հունիսի 24-ին
Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հունիսի 15-ին այցելել էր Հայաստանի ոստիկանության պատվերով կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր տպագրող «PWPW S.A.» լեհական ընկերություն եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ ընկերության ներկայացուցիչները հունիսի 24-ին ժամանեն Երեւան: Այս մասին տեղեկանում ենք «PWPW S.A.»-ի կայքից: Էդգար Ղազարյանը ծանոթացել է հայկական անձնագրերի տպագրության գործընթացին:
Երեւանում «PWPW S.A.»-ի ներկայացուցիչները կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի նոր խմբաքանակի վերաբերյալ կբանակցեն Հայաստանի ոստիկանության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ Անձնագրային եւ վիզաների վարչությունը քաղաքացիներին կենսաչափական անձնագրեր չի տրամադրում, քանի որ դրանց քանակը Հայաստանում սպառվել է։
Հայաստանը կենսաչափական անձնագրեր է պատվիրում լեհական «PW PW» ընկերությանը։ 2011 թվականին կողմերի միջեւ կնքվել է պայմանագիր, որով լեհական ընկերությունը պարտավորվել էր 304 հազար հատ կենսաչափական անձնագիր մատակարարել ՀՀ ոստիկանությանը։
Հիմա նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտություն է առաջացել։ Զբոսաշրջային սեզոնով պայմանավորված՝ ոստիկանությունը կենսաչափական անձնագրի փոխարեն տրամադրում է ՀՀ սովորական անձնագիր՝ 1000 դրամ պետտուրքի դիմաց, որը նույնպես համարվում է ճամփորդական փաստաթուղթ եւ վավեր է օտարերկրյա պետություններում։
Լուսանկարը՝ pwpw.pl-ից
Մեկնաբանել