HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Սիմոնյան

«Գազի զոնայում» մարդիկ հիվանդանում են տուբերկուլյոզով

Ալավերդու Սպանդարյան փողոցի, այսպես կոչված «Գազի զոնայի», բնակիչ Սեդա Թերզյանը տուբերկուլյոզով հիվանդ է արդեն 5 տարի։ Նա hամոզված է, որ իր, ինչպես նաեւ 21-ամյա որդու հիվանդության պատճառը Ալավերդու պղնձաձուլական գործարանն է։ Տղան հիվանդության պատճառով Ազգային բանակում չի ծառայել։

Ս. Թերզյանը համաձայն է, որ մինչեւ գործարանի վերագործարկումն արդեն սոցիալական պայմաններն արել էին իրենց սեւ գործը. վարակակիր էր, ու ցածր դիմադրողականության պայմաններում աղտոտված օդն ավելի է խորացրել նրա հիվանդությունը։

Ս. Թերզյանը ACP ընկերությունից վիրավորվելու եւս մի առիթ ունի։ Երկար տարիներ՝ մինչեւ 1990-ական թվականները, աշխատել է գործարանի լաբորատորիայում։

«Վերագործարկումից հետո հաշվի չառան իմ աշխատանքային երկարատեւ փորձն ու չընդունեցին աշխատանքի։ Դա իմ ընտանիքում է՛լ ավելի խորացրեց սոցիալական ճգնաժամը։ Հիմա հիվանդ են ընտանիքիս բոլոր անդամները»,-նշում է Ս. Թերզյանը։

Իմ այն հարցին, թե էլի կբողոքե՞ր օդի աղտոտվածությունից, եթե աշխատելիս լիներ գործարանում, նույն թաղամասի բնակչուհի Անժելա Մաթոսյանը պատասխանեց. «Աշխատողները վախենում են։ Եթե բողոքեն ինչ-որ հարցով, կազատեն աշխատանքից»։

Մեր զրույցին թաղամասի մի քանի բնակիչներ էլ միացան։ Նրանք նշեցին, որ օգոստոսի 5-ին թաղամասն իսկական գազի զոնա էր դարձել. «Եթե այստեղ լինեիք, կխեղդվեիք։ Մտել էինք տներն ու էս շոգին փակել բոլոր դուռ-լուսամուտները»,-ասաց բնակչուհի Ֆլորա Հովհաննիսյանը։

Հետո պատմեցին իրենց հիվանդ երեխայի, մեռնող հարեւանի ու վերջին տարիների մահվան դեպքերի մասին։ Մեկ մարդ մահացել է շնչուղիների ուռուցքից (52 տարեկան), մեկը` արգանդի ուռուցքից (65 տարեկան), մեկը՝ լեղապարկի ուռուցքից (50 տարեկան), մեկը՝ տուբերկուլյոզից (51 տարեկան):

Փողոցի 70 բնակչից 9-ը տուբերկուլյոզով հիվանդ են։ Չգիտեն, թե դեռ քանիսն են թաքցնում իրենց հիվանդությունը։ Տուբերկուլյոզով հիվանդներից մեկի դրությունը (37 տարեկան) այժմ խիստ ծանր է։

«Գազի զոնան» գործարանին կից թաղամաս է։ Արտանետումներն առաջինը նրանք են «ճաշակում»: Թաղամասում ութ բնակելի շենք կա։ Մեկը բնակիչներին անհայտ պայմաններում վաճառվել է ոմն Լեւոն Նասիբյանին, որին բնակիչները երբեւէ չեն տեսել՝ որպես շենքի սեփականատեր։ Նախկինում նա աշխատել է գործարանում՝ որպես գլխավոր էներգետիկ։ Այժմ ապրում է Երեւանում։ Շենքը նրան վաճառվել է գործարանի չաշխատելու տարիներին։

Մյուս յոթ շենքերի տեր ու տիրականն, ըստ փաստաթղթերի, «Մանես» ԲԲԸ-ն է, որի բաժնետոմսերի 47 տոկոսը պատկանում է ACP ընկերությանը։ ԲԲԸ-ի նախագահը ACP-ի արտադրության գծով տնօրենի տեղակալն է։ Մանեսի ենթակայության տակ են գտնվում պղնձաձուլական գործարանի նախկին օժանդակ տարածքները։

ACP-ն Մանեսից գնել է միայն եկամտաբեր օբյեկտները՝ ճոպանուղին, ռեստորանը։ Մանեսին պատկանող հանրակացարանային բնակելիներից ACP-ի գործադիր տնօրեն Վ. Մեջլումյանն առանձնապես շահույթներ չէր ակնկալում. 180 բնակիչներից ընդամենը 70-ն են ապրում իրենց խարխուլ կացարաններում ու վարձ չեն մուծում։

Շենքերը դեռ 1980-ական թվականներին գործարանը հանրակացարանային օգտագործման պայմանագրով տվել է իր աշխատակիցների ընտանիքներին։ Այնուհետեւ գործարանը պետք է նրանց համար բնակարան կառուցեր։ Ամեն տարի երկարացվել է նրանց գրանցման ժամկետը։

Սակայն գործարանի վերագործարկումից հետո սեփականատերը հարմար չի գտել երկարացնել «իր տարածքում» նրանց ապրելու ժամկետը։ Ալավերդու Սպանդարյան եւ Մարքս փողոցների խնդիրը խորացավ հատկապես 2000-ից հետո, երբ Վ. Մեջլումյանը գործարանի հարակից տարածքում զբոսաշրջության կենտրոն կառուցելու նպատակ ուներ։

Եթե քանդվեին «Գազի զոնայի» շենքերը, Վ. Մեջլումյանը կարուսելներ ու սրճարաններ կկառուցեր նորակառույց եկեղեցու տարածքում։ Սակայն «պարզվեց», որ այդ շենքերի բնակիչներն ապրելու այլ տարբերակ չունեն։ Անտուն են մնում։ ACP-ի սեփականատիրոջ գիտակցությանն անընդունելի էր, որ բնակիչները կարող են դուրս չգալ իր տարածքից ու դեռ բնակարան պահանջել նրանից։

Բայց սոցիալական լարվածությունից խուսափելու համար այլ տարբերակ ընտրեց։ Այլեւս չեն երկարացնում նրանց ժամանակավոր գրանցման ժամկետները։ Եթե նախկինում բնակվող բոլոր ընտանիքների գոնե մի անդամն աշխատում էր գործարանում, ապա այսօր ընկերությունում աշխատում է «Գազի զոնայի» ընդամենը 20 բնակիչ՝ ոչ բոլոր ընտանիքներից։

Թաղամասում աղբահանություն չի կատարվում։ Քաղաքապետարանն ասում է, թե իր տարածքը չէ ու պարտավորություն չի կրում, «Մանես» ԲԲԸ կենցաղային ծառայությունների տեղամասի պետ Ավետ Թամազյանը նշում է, որ իր տեղամասին կցված աշխատողներ չկան, ու ինքը լիազորված չէ կատարել այդ աշխատանքները, մանավանդ, որ բնակիչները վարձ չեն մուծում։

«Երբեմն բնակիչներին օգնում եմ սեփական միջոցներով ու նախաձեռնությամբ»,-ասում է Ա. Թամազյանը։ «ACP-ն էլ ասում է` դուք ապօրինի բնակիչներ եք, մենք որեւէ խնդիր չունենք ձեր նկատմամբ»,-նշում են թաղամասի բնակիչները։

Փաստորեն, Ալավերդու Սպանդարյան եւ Մարքս փողոցների ութ շենքերի բնակիչները ոչ միայն Ալավերդու, այլեւ Հայաստանի քաղաքացիներ չեն։ Նրանք որեւէ տեղ գրանցում չունեն։ Միայն ընտրությունների ժամանակ, առանց անձնագրերում ֆիքսելու, «ժամանակավոր երկարացնում են ընտրողների գրանցման ժամկետները»։ Ալավերդու քաղաքապետարանի ծրագրերի բաժնի վարիչ Գոռ Հովվյանը պատճառաբանում է, որ դրանով ապահովում են նրանց ընտրելու սահմանադրական իրավունքը։ Նշված շենքերի բնակիչները բազմիցս դիմել են ԱԺ-ին, ACP-ին ու Ալավերդու քաղաքապետարանին՝ ինչպես գրանցման հարցի, այնպես էլ իրենց թաղամասում ահագնացած էկոլոգիական խնդիրների մասին։ Վիճակը որեւէ ուղղությամբ չի փոխվել։

Բնակչուհի Ֆ. Հովհաննիսյանը նշում է, որ չի դադարելու բողոքել ու դիմումներ հղել պատկան մարմիններին այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում՝ իրենց օջախում, ապրում են ապօրինի բնակչի կարգավիճակով ու օդի աղտոտվածությունն անմիջականորեն վտանգ է սպառնում իրենց առողջությանը։

Խորհրդային տարիներին Ալավերդու «Գազի զոնայում» արտանետումները նույնչափ վտանգավոր էին: Բայց այն ժամանակ էլ իշխանություններն առիթ ունեին թաքցնելու այդ տվյալները, այսօր էլ։

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter