HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Սիմոնյան

ACP ընկերության ճակատագիրը խիստ անորոշ է

«Լոռու մարզում օդը, ջուրն ու շրջակա միջավայրն աղտոտող 3 հիմնական աղբյուր կա»,- մեզ տված հարցազրույցում նշեց ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը (2003թ. ապրիլ): Ըստ Վ. Այվազյանի` դրանք Ալավերդու ACP (պղնձաձուլական գործարան), Ախթալայի «Մեթըլ Փրինս» (լեռնահարստացման կոմբինատ) եւ Վանաձորի «ՔիմՊրոմ» ընկերություններն են (վերջինս այժմ չի աշխատում)։ Ախթալայի եւ Վանաձորի գործարանները գետն աղտոտելու եւ Դեբեդի ձկների թունավորումների պատճառ հանդիսանալու համար տուգանվել են համապատասխան տեսչությունների կողմից։ Նախարարը չի ժխտում, որ այդ դեպքերի անմիջական մասնակից է նաեւ ACP-ն։ «Ընկերությունը պատրաստ է կրելու պատիժը։ Պարզապես նրա հետ կապված քննարկումները շարունակում ենք»,-ասում է Վ. Այվազյանը։ Նախարարը կարծում է, որ չպետք է ընկերության նկատմամբ տուգանքներ կիրառել այնքան ժամանակ, քանի դեռ այն գտնվում է վերակառուցումների ընթացքում եւ Ալավերդու համար հանդիսանում է աշխատատեղի եզակի հնարավորություններից մեկը։ Ի դեպ, սա առիթ է, որ խոսենք գործարանի վերակառուցումների ընթացքի մասին։

Գործարանի 8-ամյա ընդմիջումից հետո արտադրանքի առաջին թողարկումը եղել է 1997թ-ին։ Ալավերդցիների համար դա իսկական տոն էր։ Վերջապես գործարանի 100 մետրանոց ծխնելույզից ծխացին առաջին արտանետումները։ Դատարկվող Ալավերդին չմեռնելու հույս կարող էր ունենալ։ Նախարարներ եկան-գնացին։ Հանդիսավոր ճառեր հնչեցին։ Աշխատանքի անցան առաջին 418 հոգին։ Ալավերդի քաղաքում ոչ ոքի մտքով չէր էլ անցնում, որ կարելի է ծանրութեթեւ անել արտանետումների թույլատրելի-անթույլատրելի մակարդակը։ Քաղաքի 2 թաղամասերում տեղակայված շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնները շարունակեցին իրենց անգործությունը։

2000 թվականին գործարանի աշխատողների թիվը հասավ 521-ի։ Եւս 45-ը աշխատում էին ընկերության Երեւանյան գրասենյակում: Ընկերությունը նշեց իր արտադրանքի 5000-երորդ տոննայի թողարկումն ու Ալավերդիում գործարանի հիմնադրման 230-ամյակը։ Նույն շրջանում, առաջիկա վերակառուցումների խոստումներին զուգընթաց, սեփականատեր Վ Մեջլումյանը տեղադրեց նոր եկեղեցու առաջին հիմնաքարը։ Նրա մտքով անցել էր եկեղեցու հարակից տարածքը զբոսաշրջության կենտրոն դարձնել ու այդտեղ գտնվող շենքերից ազատվել։ «Սրանք խանգարում են ինձ»,-պարզապես ասաց, մի շենք քանդեց, մյուսների դեպքում, սակայն, ընդդիմացողներ եղան։ Ուզում էր քանդել քաղաքի մշակույթի կենտրոնի շենքը։ Ուտքի կանգնեցին քաղաքապետարանը, կուսակցություններն ու հասարակությունը։ Սա լավագույն առիթն էր հասարակական քննարկումների համար։ Առաջին անգամ Վ. Մեջլումյանը հարկադրված էր գիտակցել, որ պարատավոր է հաշվետու լինել այն հասարակությանը, որտեղ գործունեություն է ծավալում ու դրանով վտանգում նրա առողջությունը։ Հասարակության համառ պայքարի արդյունքում չքանդվեց մշակույթի գործող օջախը։ 2001թ. մարտի 19-ին ալավերդցիների հետ հանդիպման ժամանակ մարդիկ ընկերության ղեկավարությունից առաջիկա ծրագրերի հստակ ժամանակացույց պահանջեցին. «Ե՞րբ եք խոստանում ալավերդցիներին չաղտոտված մթնոլորտ, որքա՞ն նոր աշխատատեղ կունենանք եւ ի՞նչ նոր տեխնոլոգիաների մասին է խոսք գնում»։ Դեռ սրանից 3 տարի առաջ մարդիկ կասկած էին հայտնում, որ Վ. Մեջլումյանը մտադիր է կարճ ժամանակ անց վաճառել գործարանն ու հեռանալ Հայաստանից։ «Ասում են, որ դուք մտադիր չեք ներդրումներ անել։ Ուղղակի սուտ խոստումներ եք տալիս»,- ասում էր հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Փարեմուզյանը։ Սա Վ. Մեջլումյանի վրա ծիծաղելի տպավորություն թողեց (գոնե այդպես էր ցույց տալիս), եւ նա նշեց, թե դրանք ստահոդ լուրեր են, ու արդեն 2003 թվականին լուրջ տնտեսական փոփոխությունները զգալի կլինեն քաղաքում։ «4-5 տարի հետո կունենանք 3,5 հազար աշխատող, որից 3 հազարը նոր աշխատատեղ կլինի՝ 200 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով»,- ասում էր Վ. Մեջլումյանը։

Նաեւ հարց բարձրացվեց, որ քաղաքում ավելացել է տուբերկուլյոզով հիվանդների թիվը, եւ ընկերությունը պարտավոր է փոխհատուցում տալ նրանց։ «Դուք պետք է ստիպեք ինձ պղնձով զբաղվել, ոչ թե այլ հարցերով»,- սա էր ընկերության ղեկավարի պատասխանը։ Խորհրդային տարիներին այս ձեռնարկությունը տարեկան արտադրում էր 40-90 հազար տոննա պղինձ։ Այժմ աշխատում է նախկին հզորության 1/10-ի չափով։

Ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը նշում է, որ արտանետումների ցուցանիշները, սակայն, 10 անգամ չեն նվազել, քանի որ այժմ ձեռնարկությունը պղինձ արտադրում է 20-րդ դարասկզբի տեխնոլոգիայով։ Պղնձարտադրության այսօրվա հնարավորություններով գործարանն աշխատել է մինչեւ 1935թ.-ը։ Հիշեցնենք նաեւ, որ խորհրդային տարիներին մարդիկ ավելի առույգ էին, սնունդն ու մարդկանց դիմադրողականությունը նորմալ էին։ Հիվանդներին տարին մեկ անգամ ուղարկում էին թթվածնով հարուստ հանգստավայրեր ու առողջարաններ։ Իսկ այսօր հիվանդանալու համար «մեծ ջանքեր» պետք չեն։ Ըստ Ալավերդու պոլիկլինիկայի տուբ.դիսպանսերի գլխավոր բժիշկ Մարտուհի Մելիքյանի «ցածր է հիվանդների բուժման էֆեկտիվությունը»: Դրա համար մի քանի գործոններ կան. սոցիալական իրավիճակը, դիսպանսերի աշխատանքային սակավ հնարավորություններն ու աղտոտված օդը:

Ընկերության ղեկավարության տված խոստումներից անցել է 3,5 տարի։ Ընկերության ղեկավարությունն արձանագրում է, որ «գործունեության անցած տարիներին ընկերությունը ոչ մի դրական արդյունք չի ունեցել» (Գ. Արզումանյան, հուլիս 2003թ.)։ Հեռանկարային ծրագրերի իրականացման ժամկետները ձգձգվել են։ Ընկերությունը նոր տեխնոլոգիաներով արտադրանք թողարկելու ժամկետների մասին խոսում է ոչ շուտ, քան 2007-08թթ. կտրվածքով։ Գ. Արզումանյանն ասում է, որ մինչ այժմ գործել են զուտ սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով, «սակայն մասնավոր ընկերությունն այսպես երկարատեւ գործել չի կարող»,-նշում է Գ. Արզումանյանը։

Հետագա գործունեության ուղիները հետեւյալն են. «Պետք է հայթայթենք երաշխավորված հումքի ձեռքբերման աղբյուրներ, որպեսզի կարողանանք մտածել ձեռնարկության վերակառուցման մասին։ Հակառակ դեպքում, մեր տեսադաշտում չկան լուծումներ, որոնք գործող հզորության պայմաններում թույլ կտան ապահովել բնապահպանական լիարժեք անվտանգություն»,- ասում է գործադիր տնօրենը։

Ընկերության գործադիր տնօրենն ասում է, որ իրենց հումքի մատակարար գործընկերը՝ «Քաջարանի լեռնահարստացուցիչ կոմբինատ» պետական ձեռնարկությունը, հուսալի չէ: Բայց նաեւ նշում է, թե այս տարիներին առանց շահույթի գործունեությունը շարունակել են` անընդհատ հույս ունենալով, որ «վաղը» իրավիճակը փոխվելու է:

Գ. Արզումանյանը ձեռնարկության հետագա ճակատագիրը «խիստ անորոշ» է բնորոշում։ Նույն կերպ, անորոշ վիճակում են նաեւ ընկերության 800 աշխատողն ու Ալավերդու 15000-անոց բնակչությունը։ Նրանք ուզում են ունենալ գործարան, աշխատատեղեր, աշխուժություն քաղաքում, բայց թերեւս 6 տարին քիչ ժամանակ չէր գոնե փոքր ծավալներով աճ արձանագրելու համար: Արդյո՞ք վիճակը չի շարունակվի նաեւ հաջորդ տարիներին: Արժե՞ր հանդուրժել այս անցած 6 տարիներին ինչ-որ բանի հասնելու հույսով, արժե՞ ըմբոստանալ ու պահանջել ինչ-որ բանի հասնելու համար, արժե՞ դեռ սպասել ինչ-որ բանի։ Մինչեւ ե՞րբ։ Գոնե սրա պատասխանն ընկերությունն առայժմ չունի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter