HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներդրումային փուչիկ, արդյունքում` լլկված հայրենիք

Երկար լռությունից հետո Հրազդանի երկաթահանքի շահագործման իրավունքի մասը  գնած ընկերությունը խոսեց` տարբեր լրատվամիջոցներով տարածելով միանամից երկու հաղորդագրություն (հավանաբար մեկը մյուսի խմբագրված տարբերակն է), ինչից պարզ դարձավ, որ.

ՀՀ կառավարության հայտարարած չինական ընկերությունն այնքան էլ չինական չէ, ինչի մասին մենք ահազանգել ենք ամիսներ առաջ` վկայակոչելով Չինաստանի դեսպանի պաշտոնական հայտարարությունը:

Հաղորդագրությունում ասվում է` այժմ երկրաբանահետազոտական ուսումնասիրություններն  իրականացնում են միջազգային բարձր հեղինակություն ունեցող երեք (անգլիական, ավստրալական և չինական) կազմակերպություններ:

Հանքատեղի մեր բազմաթիվ այցելությունների ընթացքում մենք այնտեղ հանդիպել ենք ընդամենը մի ռուս կնոջ, որը մեզ տեսնելիս, չգիտես ինչու, գլխապատառ ճողոպրում էր, մի քանի չսափրված  բանվոր-հորատողների (իրենց վկայությամբ Բասարգեչարից), վաթսունական թվականների խորհրդային արտադրության մի քանի հնամաշ մեխանիզմ-սարքավորումներ և արդեն խաթարված բնական միջավայր (տես նկարները):

Ասված է`  ընկերությունը  խոստանում  է ներգրավել առնվազն 500 աշխատողներ Հրազդան, Աբովյան հանքերի արդյունաբերական  շահագործման աշխատանքներում, մի այլ տեղ նշված է` 200 աշխատատեղ Հրազդանում, իսկ վերջին հաղորդագրության մեջ նշված է անորոշ` հազարավոր աշխատատեղեր:

Փաստը միայն առաջին հայացքից է գրավիչ թվում, քանի որ Հրազդանի հանքի և ձուլարանի շահագործման հենց առաջին տարում միայն Ծաղկաձորի և Հանքավանի զբոսաշրջային սպասարկման ոլորտում կկրճատվեն հարյուրավոր աշխատատեղեր: Բացի այդ` բերենք առօրյա իրականությունից ընդամենը մեկ օրինակ. այժմ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շինարարական աշխատանքներում ընդգրկված մի չինական ընկերություն ամենատարրական բանվորական աշխատատեղերն անգամ  համալրում է չինացի, վերարտադրության տարիքային խմբի աշխատակիցներով, որոնք չեն զլանում գիշերները ծեծել խոպաններում աշխատանք որոնող հրազդանցիների կանանց դռները:

Մեր հասարակության մտահոգությունները հանքի շահագործումից սպասվող վտանգների առնչությամբ հիմնավորված են Հայաստանում  հայտնի բոլորիս հավաքական խիղճն ու արդար անհանդուրժողականությունը մարմնավորող բնապահպանների, (տես` 19  նոյեմբերի «Հետքը»)  մասնագետների և բնապահպանական խնդիրներով մտահոգ կազմակերպությունների (օրինակ ամերիկյան համալսարանի Ակոպյան կենտրոնի) ուսումնասիրություններով ու եզրակացություններով, և առանց  լուրջ հիմնավորման դրանք  անհեթեթություն անվանելը, առնվազն, անպարկեշտություն է: Նման վերաբերմունքն առ իրենց ապագայի համար մտահոգ տեղաբնակներս ընդամենը բնութագրում է սույն օվշորային ընկերությանը:

Հաղորդագրություն տարածողների  ինքնաբավ հոխորտանքը, թե հանքը շահագործելու  համար ունեն բոլոր անհրաժեշտ,  օրենքով սահմանված փաստաթղթերը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում: Հանքի շահագործման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական փորձագիտական  եզրակացությունը բնապահպանության նախարարությունը տվել է 13.10.2008թ., ՓԲ -118,  որն,  ըստ ՀՀ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի  11-րդ հոդվածի 4-րդ  կետի, կորցրել է իրավական ուժը, և անհրաժեշտ կլինի ներկայացնել նոր նախագիծ:      

Խնդիրներ կան նաև հողհատկացման հետ կապված, քանի որ մենք ունենք Հրազդանի քաղաքապետի գրավոր վկայությունն այն մասին, որ ցայսօր  հանքի շահագործման,  բերվածքային ապարների  տեղադրման, ձուլարանի կառուցման համար անհրաժեշտ հարյուր հա-ից ավելի հողատարածքներից հանք շահագործողներին հողահատկացումներ չեն կատարվել:

Հավակնել նոր փորձագիտական եզրակացության, որը, մեզանում օրեցօր  կայացող ու հզորացող քաղաքացիական հասարակության պայմաններում, կարծում ենք,  նույնքան հեշտ չի լինի, որքան նախկինում:

Հասարակությունն արդեն հստակ գիտակցում է, որ միլիոնավոր ներդրումների փուչիկը մի քանի տարուց կպայթի, իսկ մեր հարմարվողականության ու անտարբերության հետևանքով մեր երեխաները կունենան թունավորված խմելու ու ոռոգման ջուր, աղտոտված օդ  ու խաթարված բնական միջավայր, այսինքն` սերունդներին կթողնենք լլկված հայրենիք:

Որպես վերջաբան հավելենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս կատարած ուշագրավ հայտարարությունը, թէ պետբյուջե տեղեկատվական տեխնոլոգիաներից մուտքերը հավասարվել են հանքարադյունաբերությունից հավաքագրված մուտքերին, նաև բնապահպանների ահազանգերը, որ հանքաարդյունաբերության ոլորտից բնապահպանական-բնօգտագործման վճարները  չնչին են, և պոչամբարների ու բերվածքային ապարների լցակույտերի տարածքներն արդեն սպառնացող չափերի են հասել` հավերժական վտանգ ներկայացնելով տարածքով փոքր մեր երկրի համար:

Այս ամենը հրամայելով հուշում է մեզ` պետք է կանգ առնել:

Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (2)

Մարիամ
Վաղը`հինգշաբթի օրը, ժամը 12:00-ին Հրազդանի Օրհուս կենտրոնում` վարչական շենքի 2-րդ հարկում կկայանա Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ հանդիպում, մանրամասն կծանոթանանք խնդրին: Հետաքրքրվողները կարող են միանալ: Շարժվում ենք Ռայկոմից` Հրազդան գնացող ավտոբուսների կետից ժամը 11:00-ին:
Վարդուհի
Մեր երկրում գործող ցանկացած հիմնարկության գործերի մեջ կարելի է ապօրինության բաժին հայտնաբերել, շատ, թե քիչ՝ այլ խնդիր է. հետամնացություն, հասարակական ու պետական կառույցների անտարբերություն, ոչ քաղաքացիական հասարակություն... այս պայմաններում ուրիշների հաշվին հարստանալու գայթակղությունը մեծ է: Պետք է միայն հասարակական կամք դրսևորել ու կանգնել մեզ մեր երկրից քշող բոլոր՝ տեղական ու եկվոր երևույթների ճանապարհին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter