HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գագիկ Եղիազարյանի կալանքը երկարացվեց երկու ամսով

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարեց ՀՔԾ քննիչ Լեռնիկ Ստեփանյանի՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը։ Եղիազարյանի կալանքը երկրացվեց ևս երկու ամսով, և դատարանը մերժեց գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Եղիազարյանի գործով փաստաբան Տիգրան Եգորյանը դատարան ներկայացված կալանքը երկարացնելու 15 թերթ միջնորդությունը գնահատում է քննչական մարմնի պատշաճ ջանադրություն այդ հանգամանքը հիմնավորելու համար։ Սակայն փաստաբանը ներկայացված թղթերում որևէ փաստական հիմնավորում և ապացույց չի տեսել, որոնք ուղղված էին միջնորդությունը բավարարելուն։

Փաստաբանի պնդմամբ՝ քննիչը դատարան պետք է ներկայացներ նյութեր, որոնք կփաստեին, որ առկա է ռիսկն առ այն, որ Գագիկ Եղիազարյանը, ազատության մեջ մնալով, կթաքնվի նախաքննական մարմնից, պատշած ծանուցումներին չի արձագանքի և չի ներկայանա վարույթ իրականացնող մարմնի կանչերով, քննության գործի շրջանակներում անօրինական ազդեցություն կգործի որևէ մեկի վրա։

Եգորյանի հավաստում է՝ նշված հանգամանքները հիմնավորելու, ռիսկերի առկայությունը ապացուցելու համար քննիչը փաստական հիմքեր չի ներկայացրել։

«Այդ պայմաններում, բնականաբար, կալանքի ժամկետը երկարաձգվել չէր կարող։ Իմ համոզմամբ, եթե քննիչը առանց հիմնավորման միջնորդություն էլ ներկայացներ, կալանքի ժամկետը կերկարաձգվեր»,- «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Տիգրան Եգորյանը։

Մեր այն հարցին՝ արդյոք փաստաբանը կարծում է, որ գործը քննվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթությունում, Եգորյանը պատասխանեց, որ կալանքի ժամկետները երկարաձգելու միջնորդությունների բավարարումը լրացուցիչ անգամ փաստեց այդ հանգամանքը։

Հիշեցնենք, որ Գագիկ Եղիազարյանը մեղադրվում է Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Հիշեցնենք, որ երեկ երկամսյա ժամկետով երկարացվել են նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի և Պավլիկ Մանուկյանի կալանքի ժամկետները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter