HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վերաքննիչ քրեական դատարանը առանց Արարատ Խանդոյանի եւ նրա պաշտպանների քննել է վերաքննիչ բողոքը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Կարագյոզյանը «Հետք»-ին փոխանցեց, որ առանց իրեն եւ իր պաշտպանյալի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Չիչոյանը քննել է իրենց՝ առաջին ատյանի կալանքի ժամկետը երկարացնելու դեմ բողոքի քննությունը։

Դատարանը դատական նիստը նշանակել էր հոկտեմբերի 12-ին, սակայն փաստաբանը ծանուցագիրը ստացել է  հոկտեմբերի 13-ին՝ ժամ 17.00։ Դատական նիստին նաեւ ներկա չի գտնվել Արարատ Խանդոյանը, ով հոկտեմբերի 11-ին փաստաբանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ այցի ժամանակ դիմում էր գրել՝ ցանկություն հայտնելով ներկա գտնվել դատական նիստին։

«Սպասում էի, որ դատական նիստ տեղի ունենար եւ այսօր զանգահարում եմ դատավորի օգնականին, ասում է՝ մենք արդեն անցկացրել ենք նիստը, դուք չեք ներկայացել։ Արարատ Խանդոյանի նկատմամբ սա հերթական եւ բացահայտ ճնշումն  է, որով դատավորները ցույց են տալիս, որ ինչ ուզեն, կարող անել։ Բնականաբար սա քաղաքական պատվեր  է»,-նշում է փաստաբանը։

Փաստաբանը տեղյակ չէ դատարանի որոշումից, սակայն ենթադրում է, որ մերժվել է իրենց ներկայացրած բողոքը։

Կարագյոզյան պատրաստվում է վճռաբեկ դատարան դիմել ինչպես կալանավորման, այնպես էլ ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության խախտման հիմքով։ Նաեւ դիմելու է դատարանների խորհուրդ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Սակայն համոզված է, որ այն չի կատարվի։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: Որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter